Հոլիվուդի բոլոր նշանավոր անձինք (և ոչ միայն) անցնում են հայկական ազգային պատկանելության տեստ և գուցե միայն շեղ աչքերը մեզ ոչ բնորոշ այլ դիմագծերի հետ կարող են հիասթափության հոգոց հարուցել: Բայց և դա էլ ամենևին պատճառ չէ թուլանալու, ձեռքերը ծալելու և համարելու, որ ամեն ինչ կորած է: Այն պարզ պատճառով, որ ով փնտրում է, նա միշտ գտնում է: Գրեգորի Պեկի դեպքում, մեծագույն դերասաններից մեկը Հոլիվուդի ողջ պատմության ընթացքում, առանձնապես փնտրելու բան էլ չկար:

Գրեգորի Պեկի դեպքում ամեն ինչ պարզ է. հայրը իռլանդական և հայկական արյուն ունեցող կաթոլիկ դեղագործ էր, և դա վերացնում է բոլոր հարցերը: Հետո, հայրը վճռել է, որ իր որդին պետք է իմանա հայերեն և տղան սկսել է լեզուն սովորել ամենավաղ տարիքից: տեղեկություններ, որ հաստատեին իր հաջողությունները լեզվի իմացության գործում, մենք չունենք, բայց եթե գիտենք, որ Պեկը լավ էր սովորում դպրոցում, միշտ օգնել է հորը և տատիկին տանը, ինչպես նաև աչքի է ընկել գերազանց կարգապահությամբ և ջանասիրությամբ ամեն ինչում, ապա ինչո՞ւ չենթադրել, որ նա նույնպիսի եռանդով սովորել է իր նախնիների լեզուն:

Լինելով արդեն քիչ թե շատ հայտնի դերասան, բայց դեռևս ոչ առաջին մեծության աստղ, Գրեգորի Պեկը նկարահանվեց «Փառքի օրեր» ֆիլմում, որտեղ խաղում էր ռուս պարտիզանի դեր: Սակայն դա չէ կարևորը:  «Փառքի օրերը» ֆիլմում Պեկի խաղընկերը եղել է թատրոնի և բալետի աստղ  Թամարա Թումանովան : Ինչ էլ մտածես, ոնց էլ շուռ տաս, հայկական թեմատիկայի հետ կապը նկատելի է: Իսկ դա միշտ ջերմացնում է հոգիդ:

Թամարա Թումանովա, Գրեգորի Պեկ

Ճիշտ է, հետո Ամերիկայով մեկ սկսեցին լուրեր շրջել, թե իբր Պեկը ազգությամբ ռուս է, բայց հայերից ո՞վ կհավատար դրան: Այլ բան է, որ լրագրողներին դրա առնչությամբ բացատրություններ տալիս, դերասանը ստիպված էր բազմաթիվ հարցազրույցներ ունենալ, և դա նպաստեց նրա ճանաչելիության բարձրացմանը:

1953թ.-ին` նախքան Իտալիա մեկնելը («Հռոմեական արձակուրդներ» ֆիլմի նկարահանումներից առաջ), հանրահայտ դերասանը ծանոթացավ լրագրողուհի Վերոնիկ Պասանիի՝ իր երկրորդ կնոջ հետ:

Նախքան իր սիրելի դերասանի հետ հարցազրույց վարելը, Վերոնիկը մանրամասն ուսումնասիրել էր նրա կյանքը և պարզել, որ դերասանն ունի հայկական արմատներ: Ամուսնությունից հետո Վերոնիկ Պասանին է՛լ ավելի մեծ  հետաքրքրություն ցուցաբերեց դեպի Պեկի անցյալը՝ պարզելով, որ ամուսինը հայ է հորական կողմից: Ֆրանսիացի այս կնոջ ջանքերով պարզվեց, որ Գրեգորի Պեկի իսկական ազգանունը Փեքմեջյան է և հենց այդտեղից է հետագայում առաջացել Փեք, իսկ այնուհետև` Պեկ ազգանունը:

Մինչդեռ, դերասանի ուղին դեպի հաջողություն այնքան էլ հեշտ չէր: Ինչպես, օրինակ, աշխատանքը մի թատրոնում, որի անվանումն էր «Բարտեր», որտեղ բեմ բարձրանալու համար վճարում էին երշիկով, հավկիթներով և այլ մթերքներով, իսկ ամբողջ այդ ուտելիքի իրացումից հետո միայն դերասաններին աշխատավարձ էին տալիս:

…Ի՞նչ եղավ հետո: Հիսուն տարվա աշխատանք կինոյում և ավելի քան հիսուն ֆիլմեր: Ամենանշանավորներն են՝ «Վախի հրվանդան» (Ռոբերտ դե Նիրոյի հետ), «Կարմիրը և սևը», «Մակկենայի ոսկին», «Հռոմեական արձակուրդ» (Օդրի Հեպբյորնի հետ), «Սպանել ծաղրասարյակին», որտեղ փաստաբան Ատտիկուս Ֆինչի դերը «Օսկար» ստացավ:

1987 թվականին նա եկավ Ռուսաստան, որտեղ նրբաճաշակ ու երախտագետ հանրությունը ջերմորեն ընդունեց նրան:

Նկարահանման հրապարակը նա լքեց 1998 թվականին: Գրեգորի Պեկը վախճանվեց ութսունյոթ տարեկան հասակում Լոս Անջելեսում: Անտեղ էլ թաղված է: 

Պատրաստեց Ռ.Բագրատունյանը