Այս տարի «Ոսկե ծիրան-22»-ը հյուրընկալելու է հայտնի կինոգործիչների և հեղինակավոր միջազգային փառատոներին արդեն մասնակցած ֆիլմեր: Տարվա հատուկ հյուրերի շարքում կլինեն նաև Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը։ Շոն Բեյքերի օսկարակիր «Անորա» ֆիլմը ևս կցուցադրվի Երևանում:  Երևանյան  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 13-20-ը: Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը հայտնել է, որ առանձնակի ակտիվ աշխատանքներ են տարվում «Ոսկե ծիրանը» Համաշխարհային փառատոների ասոցիացիայի ցանկում ընդգրկելու ուղղությամբ:

Թե ինչի՞ վրա է այս տարի շեշտը դնում «Ոսկե ծիրանը»՝ kinoashkharh.am-ը փորձել է հասկանալ փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ զրույցում:

–Փառատոնի դասական կարմիր գորգն անցած տարվանից չեղարկվել է: Դրա փոխարեն տեսանք Դավիթ Քոչունցի կարպետները: Ինչո՞ւ որոշեցիք հրաժարվել փառատոնային այդ կարևոր ատրիբուտից: Ի՞նչ սպասենք այս տարի:

Կ.Ա. – Մենք խոստացել էինք հրաժարվել կարմիր գորգից ու ամեն տարի նոր գաղափարով ներկայանալ: Անցած տարի Դավիթ Քոչունցի գորգերով բացեցինք փառատոնը, այս տարի Քոչունցն արեց պաստառները, իսկ ֆրանսիացի գործընկեր-դիզայներներն արել են գորգը:

Դա ավելի շատ գաղափարական որոշում էր, որովհետև ամեն կերպ փորձում ենք ձերբազատվել էլիտայի, գլամուրի կամ փառատոնային հոբելյանների քողից: Որովհետև, ցավոք, մարդկանց ճնշող մեծամասնության մոտ փառատոնն ասոցացվում է աստղերի, կարմիր գորգի, լուսանկարչական ֆլեշների հետ: Մենք չենք ցանկանում, որ մարդկանց մոտ միայն այդ մակերեսայինի ակնկալիքը լինի կամ «Ոսկե ծիրանը» գնահատվի աստղային հյուրերով: Սա սխալ տեղ է տանում ու ոչ մի հավելյալ արժեք չունի:

-Տարածաշրջանը որքանո՞վ է ներկայացված:

Կ.Ա. – Հիմնականում պահպանում և շարունակում ենք տարիներ առաջ «Ոսկե ծիրանի» սահմանած հիմնական ուղղություններից մեկը՝ տարածաշրջանային ֆիլմերի ներկայացումն ու տարածումը, հատկապես, որ այն  հեռանկարային ռազմավարական վեկտոր է, և հիմա էլ այնպես է ստացվում, որ տարածաշրջանն էլ իր հերթին է կենտրոնական դառնում աշխարհում՝ ելնելով աշխարհաքաղաքական տարբեր ոչ հաճելի և ողբերգական իրադարձություններից: Իհարկե, ուրախանալու առիթ չկա, սակայն փառատոնն ավելի մոտ է դառնում իրականությանը:

Տարածաշրջան ասելով շատ լայն սպեկտր է պետք պատկերացնել, որն իր մեջ ներառում է Մերձավոր Արևելքը, Հարավային Կովկասը,Արևմտյան Ասիան: Վերջինը, մեր կարծիքով, թերագնահատված է համաշխարհային փառատոների կողմից: Մինչդեռ արևմտաասիական կինոն էլ շատ նյարդային է, իրադարձություններով լի:

Այս տարի Իրանի վրա կենտրոնացումն է շատ՝ պայմանավորված վերջին իրողություններով: Ունենք Վրաստանից, Թուրքիայից էլ միշտ շատ հայտեր են լինում, բայց այս տարի չկա թուրքական ֆիլմ, բայց ունենում ենք հայտեր հակաէրդողանական ֆիլմերի, արվեստագետներից, որոնք ճնշումների են ենթարկվում Ստամբուլում, մեծամասնությունը հիմա կամ բանտերում են, կամ արտերկրում: Թուրքիա ասելով պետք է լայն իմաստով ընկալենք և փորձենք մտավորական Թուրքիայի հետ հարաբերությունները պահել:

–Փառատոնում ցուցադրվելու են Նադավ Լապիդի “Yes”, Լոզնիցայի «Երկու դատախազ» ֆիլմերը, բացումը կտա Ջաֆար Փանահիի՝ «Պարզ զուգադիպությունը»: Այսինքն ինչ-որ հստակ թեմատիկա է երևում՝ պաղեստինյան, ռուս-ուկրաինական հակամարտություններ: Իսկ ցուցադրվելիք հայկական կինոները ինչի՞ մասին են հիմնականում, արդյո՞ք խոսում են աշխարհի լեզվով, թե մեր հեղինակներին այլ խնդիրներ են հետաքրքրում:

Կ.Ա. – Մեզ մոտ հետպատերազմական շրջանը կշարունակի կինոյում ինչ-որ ժամանակ արտահայտվել: Հիմա տարածաշրջանային մրցույթում ֆիլմ ունենք՝ Քրիստինե Հարությունյանի «Երազելուց հետո»-ն, որի պրեմիերան Բեռլինում կայացավ: Նա էլ է անդրադարձել պատերազմին, բայց ուրիշ պայմանական մոգական ռեալիզմի ոճով: Հայկական լիամետրաժ ֆիլմերն իրականում քիչ են:

Ոսկե ծիրան-22, Կարեն Ավետիսյան

–Քի՞չ են դիմել, թե քիչ եք ընտրել:

Կ.Ա. –Թե՛ քիչ են դիմել, թե՛ քիչ են ընդհանրապես: Կա Լիլիթ Մովսիսյանի վավերագրական լիամետրաժֆիլմը, որը նահապետականության, շնամարտի թեմայով է, ցուցադրվել է Քոթբուսում և Արտդոկֆեստում: Կա ավանգարդիստ ռեժիսորներ Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի «Դոն Կիխոտին սպասելիս» ֆիլմը, որն անդրադառնում է Արցախի տեղահանմանը:

Իրանական underground կինոն ինձ միշտ է հիացրել. այդքան փակ հասարակարգում այնպիսի գլուխգործոցներ են ծնվում ու շատ բարդ ճանապարհ անցնելով հասնում աշխարհին: Միևնույն ժամանակ, Հայաստանում հնարավոր է նկարել ամեն ինչի մասին՝ առանց գրաքննության, բայց շատերի մոտ տպավորություն է, թե շատ ակնառու գործեր, կարծես, չկան…

Կ.Ա. – Նայած ինչի հետ համեմատենք: Եթե մեր պատմության հետ համեմատենք, հիմա իրոք ակտիվությունը մեծ է: Ամեն տարի մենք մի քանի փառատոնային մասնակցություն ենք ունենում, 2000-ականների համեմատ՝ դինամիկան ավելի շատ է: Օրինակ՝Ռոտերդամում, Բեռլինում, Անսիում կան հայկական ֆիլմեր ու նախագծեր և այլն: Սրանք մեծ ու փոքր քարեր են, որ նոր հայկական կինոյի հիմքերն են ձևավորում:

-Այսինքն հայկական ժամանակակից ֆիլմերն ուղղակի հանդիսատեսին են շատ քիչ հասնում:

Կ.Ա. – Դա էլ կա: Որովհետև նախ հեղինակային կինոն քիչ հանդիսատես ունի Հայաստանում, մեծ հաշվով՝ աշխարհում էլ: Այդ ֆիլմերը հաճախ չեն մտնում վարձույթ, որովհետև չկա մեծ հանդիսատեսի պոտենցիալ:Շատ չեն հանրայնացվում Հայաստանում, մեդիայի հետաքրքրությունը մեծ չէ փառատոնային ֆիլմերի նկատմամբ. կամ անհատներն են խոսում, կամ որոշ ԶԼՄ-ներ՝ հպանցիկ, կամ եզակի շատ նեղ մասնագիտական հարթակներ, ինչպիսին «Կինոաշխարհն» է:

Ոսկե ծիրան-22,

-Բյուջետային խնդիրներ, որքան ես գիտեմ, ամեն տարի էլ լինում են: Այս տարի՞ ինչպես եք լուծել այդ խնդիրը: Ու միջոցների սղության պատճառով ի՞նչ չի հաջողվում անել, որ կցանկանայիք անել:

Կ.Ա. – Օրինակ բացօթյա կինոդիտումներ չենք անում, մարդկանց թվում է՝ հեշտ գործընթաց է, բայց միջազգային ֆորմատին հասցնելը բավականին ծախսատար է: Մի քանի տարի է՝ ուզում ենք առանձին տաղավար և VR սեկցիա լինի՝ նվիրված վիրտուալ իրականությանը, արհեստական բանականությանը:Ցանկություն կա կինոդպրոց հիմնել, «Ոսկե ծիրանի» 20 տարվա կապերի և հյուրերի բազան կարող է լավ հիմք հանդիսանալ դրա համար և այսպես շարունակ: Բայց առաջիկայում, օրինակ, FIAP հավատարմագրում ենք ստանալու:

–Որքանո՞վ ու ինչպե՞ս է նպաստում «Ոսկե ծիրանը» Հայաստանում կինոինդուստրիայի, կինոքննադատության զարգացմանը: Որովհետև այսպիսի կարծիքներ եմ լսել՝ «փառատոնը ավելի շատ շեշտը դնում է հայտնի մի քանի ֆիլմ, անվանի հյուրերի բերելու, մեկշաբաթյա իրադարձության վրա ու այլևս ոչինչ չի անում»:

Կ.Ա. -Վերադառնալով նախկին հարցին՝ մեր GAIFF Pro արտադրական հարթակը շատ ավելի լուրջ մասշտաբների կհասնի մեծ ներդրումների դեպքում: Հենց այդ հարթակն է, որ ուղիղ ազդեցություն է ունենում, դրա միջոցով ֆինանսավորում ես նախագծեր, ֆինանսի տեսքով մրցանակներ ես տալիս նախագծերի, որոնք պոտենցիալ ունեն: Մեր ազդեցությունն ավելի անուղղակի է, մեր կազմակերպած աշխատարանները, վարպետության դասերը, հանդիպումները, մթնոլորտը, կինոյի մասին տեղեկատվությունը… Այս ամենն իրականում հաշվելի չէ, աբստրակտ է: Փաստ է, որ այսքան տարվա ընթացքում դիվիդենտները ստացվում են, պտուղներն էլ քաղողներ կան:

-Կան մարդիկ, որոնք մտածում են բոյկոտել փառատոնը՝ մասնավորապես անցած տարի Քևին Սփեյսիին հյուրընկալելու պատճառով: Սփեյսիի ներկայությունը փառատոնին ի՞նչ հետևանքներ ու արդյունքներ ունեցավ:

Կ.Ա.-Մենք Սփեյսիին վերաբերվում էինք ոչ թե որպես աստղի, այլ ավելի որպես փառահեղ դերասանի, արվեստագետի, վարպետության դաս ունեցանք նրա հետ: Իսկ բոյկոտողներն ամեն տարի կան. մի տարի թուրքական երկխոսության համար էին բոյկոտում, մի տարի՝ ԼԳԲՏ թեմատիկայի… Բոյկոտն ընդհանուր առմամբ փառատոնի մի մասն է, բայց դա իհարկե ինքնանպատակ չէ, մենք մտածված չենք սադրում: Բոլոր փառատոններն էլ բախվում են դրան:Սփեյսիի դեպքում նաև մեզ համար կարևոր էր իրավական կողմը. երկու բարձր ատյանի դատարան նրան արդարացրել է: Նաև մենք գնահատում ենք արվեստագետին, ոչ թե նրա մարդ տեսակը, մենք նրա հետ ընկերություն կամ բարեկամություն չենք անում: Օրինակ այս տարի, դեռևս պաշտոնապես չէ, բայց Կաննի կինոփառատոնում առանձին միջոցառում արվեց, որին Սփեյսին մասնակցեց: Այսինքն, նրա արդարացման միտումը շարունակվում է աշխարհում: Միշտ էլ կարող են լինել հյուրեր, որոնք և՛ ցանկալի են որպես մասնագետ, և՛ ոչ հաճախ են դուրեկան կամ առաքինի:

–Ինչո՞ւ են մեզ այսօր անհրաժեշտ արվեստը, կինոն, փառատոների անցկացումը՝ հատկապես աշխարհաքաղաքական անկայունության, վախի և անորոշության պայմաններում։ Այս ամենն իրականությունից կտրված չի՞ թվում։

Կ.Ա.-Եթե խոսում ենք լավ փառատոնի մասին, որի գլխավոր նպատակը բովանդակությունն է, ապա այդ բովանդակությունը միշտ պայմանավորված է իրականությամբ: Իհարկե, ինչ-որ առումով կա նաև իրականությունից փախչելու փորձ, որովհետև կինոն իր էությամբ ու պատմությամբ միշտ երկու ճանապարհ է ունեցել. մեկը՝ փախուստ իրականությունից, մյուսը՝ լինել իրականության մեջ՝ դառնալ հայելի ու թույլ չտալ կտրվել կյանքից:

Զրույցը՝ Դիանա Գասպարյանի


Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ

Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են...

, |5 Հոկտեմբեր 2026,21:12