Երևանյան 22-րդ «Ոսկե ծիրանը» հայ հանդիսատեսին ևս մեկ առիթ ընձեռեց հանդիպելու փառատոնի հյուրեր «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած «Անորա» ֆիլմի հայազգի երկու դերասանների հետ՝ Վաչե Թովմասյանին եւ Կարեն Կարագուլյանին։ Ֆիլմի ցուցադրությանն հաջորդած քննարկմանը նրանք կիսվեցին իրենց տպավորություններով, խոսեցին նոր հնարավորությունների և առաջիկա անելիքների մասին։

Մինչ ռեժիսոր Շոն Բեյքերը տեսակապով կմիանար հանդիպմանը, Կարեն Կարագուլյանը կատակով պատմեց, որ առաջին անգամ Հայաստան գալու ժամանակ Շոնը ցանկացել է տեղափոխվել այստեղ։

Հարցին, թե ինչի՞  մասին է «Անորան»,Կարենը նշեց՝ սիրո, իսկ Վաչեն հավելեց՝ դե, մի քիչ ուրիշ սիրո․․․

«Անորայի» դերը Կարագուլյանի և Թովմասյանի կյանքում

Շոնք Բեյքեր

Կ.Կ.-Այն ինձ տվեց կարևոր հարթակ և հնարավորություն, որ շատ առաջարկների ես հիմա կարող եմ ասել ոչ, արդեն մի քանի անգամ ոչ ասել եմ և ընտրում եմ իմ ուզած դերերը։ 2018-ին ես որոշել էի թողնել դերասանական արվեստը, բայց «Անորայի դեպքում ես նոր շանսի մասին չէի մտածում,  այլ՝ կերպարս ճիշտ կերտելու։ Այս ֆիլմը ծնվեց նրանից, որ ես և Շոնը 2009-2013 թվականներին միասին ֆիլմ էինք գրում, որը Բրուքլինի հայերի, ռուսների և այլ ազգերի մասին պետք է լիներ, բայց ավելի շատ տղաների մասին։ Ժամանակ անցավ, ես դրա մասին մոռացա, բայց, փառք Աստծո, նա չէր մոռացել։

Վ.Թ.-Սա իմ առաջին գեղարվեստական ֆիլն էր, երկրորդ տարին էր, ինչ ես տեղափոխվել էի ԱՄՆ, իրականում լարված էի։ Եթե ես իմանայի, որ ֆիլմն այսպիսի հաջողություն է ունենալու շատ ավելի կլարվեի նկարահանումների ժամանակ։Ամբողջ ֆիլմարտադրական խումբը ամերիկացիներ էին, Կարենն էր միակ հայը, ում հետ ես պետք է կապ ունենայի, բայց մինչ այդ ծանոթ չէինք մենք։ Որքան Կարենն էր պատասխանատվություն զգում ինձ խորհուրդ տալու համար, նույնքան էլ ես անհանգստանում էի, թե ոնց կստացվի մեր համագործակցությունը։ Առաջին հանդիպումները մեր շատ պաշտոնական էին, հետո հասկացա՝ Կարենն իսկական երևանցի տղա է։ Մենք կադրից դուրս էլ ընկերացանք, քանի որ ազատ ժամանակ դուրս էինք գալիս Մանհեթենով քայլում, խոսում, և այդ մտերմությունը զգացվեց արդեն կադրերում։

Կարեն Կարագուլյան և Վաչե Թովմասյան

Կինոն որպես տարբեր լեզուների և ազգություների շփման հնարավորություն

Կ.Կ.-Ինձ համար շատ կարևոր էր, որ ֆիլմում հայերենը հնչի այնպես, ինչպես ես գիտեմ, ինչպես ես եմ խոսում։ Հնարավոր է, որ ոմանց դուր չգա, բայց ինձ այդպես է դուր գալիս։ Վաչեի հետ շատ ենք  խորհրդակցել հայոց լեզվի հետ կապված տարբեր մանրուքների շուրջ, որ ճիշտ հնչի։ Ես 90-ականներին, երբ եկա ԱՄՆ, գնացի Բրայթոն Բիչ, ես տպավորվել էի այդ թաղամասով, իսկ տարիներ հետո դա պատմեցի Շոնին, ով ևս հրապուրվեց թաղամասի բազմազգ կոլորիտով։ Մենք ուզում էինք հենց այդ թաղամասի մասին անել ֆիլմը, ուրախ եմ, որ ստացվեց համատեղել տարբեր լեզուների համատեքստում։

Վ.Թ.-Ռեժիսորն ազատության լավ մթնոլորտ էր ստեղծել, բայց նաև շատ բծախնդիր էր ու պահանջկոտ։ Ամեն հայերեն կամ ռուսերեն ասված բառը մի քանի անգամ ճշտում էր մեզնից, թե ինչի մասին է։ Այնտեղ հնչում է հայերեն հայհոյանքներ, ինչը նորմալ է, քանի որ եթե ռուսերենով և անգլերենով կա, ապա հայերենը բացառություն չպետք է լիներ։ Մի պահ հասկանանք՝ երկու հայ տղամարդ հայտնվել են վատ իրավիճակում, ինչպե՞ս կարող էին իրար հետ շփվել միայն գրական հայերենով։

Մարտահրավերներ և անելիքներ

Վ.Թ.-Հիմա ես շատ ավելի ինքնավստահ քայլերով եմ գնում առաջ, Կարենն ինձ թև ու թիկունք է տալիս, արդեն մտածում եմ ամերիկյան արտադրական խմբերի հետ աշխատել։ Որոշ նախագծերի վրա եմ աշխատում, որոնցից մեկը ֆիլմ է, մյուսը՝ նախագիծ, որը դեռ պետք է գրենք։ Հիմա իմ վրա ավելի շատ եմ աշխատում, կարդում եմ մասնագիտական գրքեր:

Հիշեցնենք, որ Կարեն Կարագուլյանը վերջերս հրավիրվել է Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիա՝ անդամակցելու այն կազմակերպությանը, որը շնորհում է «Օսկար» մրցանակը։  Սա կարելի է համարել նոր հնարավորություն՝ Հոլիվուդում հայերի գործունեության համար։

Պատրաստեց Արմինե Բրսոյանը


Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ

Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են...

, |5 Հոկտեմբեր 2026,21:12