Ես դեռ իմ ֆիլմի երեխան եմ, իմ հերոսները Ամիրներ են. Ամիր Նադերի
Իրանական կինոյի համաշխարհային վարպետ Ամիր Նադերին «Ոսկե ծիրան» երևանյան 22-րդ կինոփառատոնի բացման արարողությանը որպես պատվավոր հյուր՝ ստացավ «Փարաջանովյան թալեր»։ Նադերին նաև Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է։ Այս մրցանակն առհասարակ տրվում է համաշխարհային կինոյում մեծ ավանդ ունեցող կինոգործիչներին։ Նադերին, անկասկած, այդ հսկաներից է։
Երևանյան բեմը դարձավ իրանական կինոյի համաշխարհային երկու մեծ ռեժիսորների՝ Ամիր Նադերիի ու Ջաֆար Փանահիի հանդիպման վայրը։ Նրանք միմյանց չէին տեսել մի քանի տասնամյակ։ Իր արգելված կինոխոսքի ու կինոմտածողության պատճառով Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի, Վենետիկի կինոփառատոների մրցանակակիր Ջաֆար Փանահին Իրանում 14 տարի անազատության մեջ է եղել, իսկ Ամիր Նադերին 1990-ականներից դուրս է եկել Իրանից ու այլևս չի վերադարձել։ Եվ ահա նրանք հանդիպում են Երևանում. Փանահին խոնարհվում է իր ավագ սերնդակից Վարպետի առաջ, որից այնքա՜ն բան է սովորել, իսկ Նադերին խոնարհվում է Փանահիի առաջ, որովհետև նա այն նոր սերնդի ռեժիսորն է, որը գնահատեց հայրենիքում՝ Իրանում, մերժված, արհամարհված իր ֆիլմերը։
Իսկ մեկ օր անց ցուցադրվեց Նադերիի «Վազորդը» ֆիլմը (1985թ.,Իրան)։ Եվ նորից թարմացան հույզերը, նորից դահլիճի մթության մեջ իրանցի պատանի Ամիրոյի վրա կենտրոնացան բազմաթիվ զույգ աչքեր՝ հետևելու նրա անվերջանալի վազքին, նրա հևքին ու արագ շնչառությանը, նրա աննապատակ թվացող նպատակներին ու աննպատակ թվացող հաղթանակներին։
Իսկ հաջորդ օրը կինոմանները, լրագրողները հնարավորություն ունեցան լսելու Ամիր Նադերիի պատմությունները հենց իր մասին՝ համոզվելու, որ, փաստորեն, նրա բոլոր ֆիլմերի հերոսները հենց ինքն է։
ՀԲԸՄ-ում՝ հանդիպումից առաջ, էկրանին ցուցադրվեցին Նադերիի՝ տարբեր ժամանակներում նկարահանած ֆիլմերից հատվածներ։ Մի անկյունում կանգնած՝ կինոռեժիսորը զարմանքով նայում էր իր ֆիլմերի պատառիկներին Նադերին զգացմունքների հորձանուտում էր։ Քիչ հետո խոստովանեց, որ իր ֆիլմերը վաղուց չի նայել։ Երևի այն պատճառով, որ նա չի սիրում հետ նայել։ Ինչ եղել՝ եղել է։ Միայն առաջ…Միշտ առաջ…
Իմ ամեն ֆիլմը մի մարտահրավեր է՝ լինի բաց երկնքի տակ, թե տաղավարում
-Իրանում իմ վերջին 4 ֆիլմերը նկարել եմ բաց երկնքի տակ, գլխավերևումս առաստաղ չեմ ունեցել։ Ես կոլաժներ եմ հավաքել ու ֆիլմ ստացել։ Բաց երկնքի տակ էի, բնության գրկում, բայց օդ չկար շնչելու, խեղդվում էի։ Իսկ երբ գնացի Նյու Յորք, այդ բաց տարածքը չկար, ես պետք է նկարելու համար տաղավարներ ստեղծեի։ Բայց ես Ամերիկայում էլ նույնն էի, ինչ Իրանում։ Ինձ դարձյալ իմ զգացմունքներն էին առաջնորդում։
Կինո միանգամից չեմ մտել։ Սկզբում օգնական եմ աշխատել, խմբագիր, հնչյունային ռեժիսոր։ Հիմա էլ իմ ֆիլմերի խմբագիրը, հնչյունային ռեժիսորը ես եմ։ Ինձ համար կարևորը բնապատկերն է։ Տեսա այս լեռը. հիմա պիտի որոշեմ՝ դրա ստվերը կտրեմ-հանե՞մ, թե ոչինչ չանեմ, թողնեմ-գնամ։ Բայց միշտ առաջինն եմ անում՝ չեմ հեռանում։ Ես միշտ ինձ նետում են նոր տարածքի մեջ, նոր մարտահրավերների առաջ, իմ առաջ անելանելի, անհնարին խնդիրներ եմ դնում։ Այո՛, երբ Ամերիկայից գնացի Ճապոնիա, ոչ ճապոներեն էի հասկանում, ոչ էլ այդ մշակույթը գիտեի, հետո՝ Իտալիա, որտեղ էլի ամեն ինչ անծանոթ էր ինձ։ Բայց արեցի, այդ անծանոթ միջավայրերում ֆիլմեր նկարեցի, հիմա էլ Ավստրալիա եմ գնալու։ Այնտեղ էլ եմ ֆիլմ նկարելու՝ դարձյալ երեխաների մասին։
Երեխաները…իմ տարերքն են. նրանք չեն թողնում, որ ես մեծանամ
-Ես առաջինն եմ եղել Իրանում, որ երեխաների եմ նկարել։ Ինձանից հետո, իհարկե, մյուս ռեժիսորները նկարել են ֆիլմեր՝ երեխաների մասին։ Ու շատ լավ ֆիլմեր են ստացվել։
7 տարեկան մի տղայի տեսա, որոշեցի՝ նկարելու եմ նրան։ 4 տարի սպասել եմ, որ հասնի այն տարիքին, որն ինձ պետք է։ Ծնողների հետ խոսեցի, ասացի, որ ուզում եմ իրենց տղային դերասան դարձնեմ։ Հարցրին՝ գումար տալո՞ւ եք, Ասացի՝ ինչքան ուզեք։ Բայց պայման դրեցի՝ 3 ամիս նա ոչ մեկի հետ չի շփվելու։ Ես պիտի նրան պատրաստեմ իմ կերպարի համար։ Այդպես՝ հենց պատրաստ եղավ, նկարահանումն սկսեցի։ Ու ամբողջ ընթացքում չմիջամտեցի նրան։ Նկարեցի նրան՝ բնական վիճակում։
«Վազորդը» իրական պատմության վրա է հիմնված։ Ես Սթենլի Կուբրիկ էի նայել, ազդվել նրանից։ Այդ ազդեցության տակ էլ որոշեցի նկարել ֆիլմը։ Այդպես է՝ տպավորվում եմ, հետո մի քանի ամիս ինքս ինձ հետ մենակ մնում, թեման մտքումս նկարում։ Հետո ձեռքս դնում եմ սրտիս։ Սիրտս ուժեղ բաբախում է ու ասում՝ ժամանակն է, սկսիր։
«Վազորդի» համար հերոսիս շատ ման չեմ եկել, քասթինգ չեմ արել, ընդհանրապես քասթինգ չեմ անում։ Ես պատահաբար եմ գտնում իմ կերպարներին։ Այդպես մի անգամ փողոցում քայլելրիս մի սուլոց լսեցի։ Տեսնեմ՝ մի պատանի սուլելով գնում է։ Ասացի՝ ինքն է։ Պիտի նկարեմ այս տղային։ Դժվար էր աշխատել տղայի հետ։ Մանավանդ իմ դեպքում՝ ակադեմիական սցենար չկա, նկարահանում չկա։ Երկու օր նկարեցինք, շատ շոգ էր։ Ընդմիջում արեցի։ Տեսնեմ այս տղան շոգից ինչ-որ շարժումներ է անում, ջղայնացած պարում է։ Օպերատորին ասացի՝ նկարի, ինչ անում է, նկարի։
Երեխաների հետ շատ եմ սիրում աշխատել։ Չափազանց դժվար է, բայց հենց այդ դժվարությունն է ինձ գրավում՝ կարո՞ղ եմ այն հաղթահարել, ու ամեն անգամ, երբ հաղթահարում եմ, իմ հերոսների պես ուրախանում եմ՝ այն տղայի, որ ուղղակի սառույցի կտորը գլխավերևում պահած՝ ցատկոտում է։
Սկզբում սիրտս պիտի հավատա, որ պատրաստ եմ նկարել
-Ես շատ եմ տպավորվում, ոգեշնչվում, երբ լավ ֆիլմեր եմ նայում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ջահել ժամանակ գնացի Լոնդոն հենց միայն նրա համար, որ ֆիլմեր նայեմ ու վերադառնամ Իրան։ Միայն ընկերներս գիտեին, որ կինո նայելու համար եմ Լոնդոն գնացել։
Ի՞նչ էի ասում… հա… շատ եմ տպավորվում։ Օրինակ՝ Բրեսոնից, Կուբրիկից։ Փորձում եմ մտքումս իմ պատկերները ստանալ։ Ոչինչ չեմ վերցնում ո՛չ Կուբրիկից, ո՛չ Բրեսոնից, անգամ ոչ էլ Գոդարից։ Բայց ես հո լավ գիտեմ, որ տվյալ ֆիլմս երբ նկարել եմ, մտքումս Բրեսոնն է եղել, Կուբրիկը կամ Գոդարը։ Կամ նույնիսկ Բախը, Բեթհովենը։ Իսկ Վագները, օ՜, նրա հետ ավելի հաճախ եմ լինում։ Նաև Վագների սիմֆոնիաներից եմ օգտագործել իմ ֆիլմում։
Սկզբում սիրտս պիտի հավատա, որ կարող եմ մտքումս եղած պատկերները նկարել։ Մինչև սիրտս չասի՝ այո, ոչինչ չեմ անի։ Դրա համար էլ իմ բոլոր ֆիլմերը իմ միջով անցած պատմություններ, կերպարներ, ապրումներ են։
Երբ սկսում եմ նկարել, ուղղակի հետևում եմ ընթացքին։
Ես Իրանից քաղաքական կամ կրոնական պատճառներով չեմ հեռացել
-1990-ականներին լքեցի Իրանը։ Ես քաղաքական անձ չեմ, Իրանից հեռանալու պատճառն էլ քաղաքական չէ։ Ես ձյուն էի ուզում տեսնել ու նկարել, ուզում էի մշակութային տեսադաշտս ընդլայնել։ Սկզբում գնացի Թեհրան, փորձեցի ֆիլմեր անել այնտեղ։ Հետո հասկացա, որ էլ չեմ ուզում շարունակել. հերիք է։ Ես ինքս ինձ չէի հավատում, իսկ մինչև ինձ չհավատամ, կինոխցիկին չեմ մոտանա։ Ուզում էի իմ խենթությունը, իմ ոճը, իմ գույնը, իմ եսը այլ տեղ ցույց տալ։ Իսկ իմ գույնը, պարզվեց, սև-սպիտակն է։ Թող լինի սև-սպիտակ, ի՞նչ կա որ, բայց ես ուզում էի հենց այդ սև-սպիտակը ցույց տալ։ Հետաքրքիր է,որ Իրանում նկարած բոլոր ֆիլմերս գունավոր էին, իսկ Իրանից դուրս սև-սպիտակ դարձան։ Բայց դա էր իմ գույնը, իմ ազատությունը։
Ես ինչ-որ բանի պատճառով չեմ լքել Իրանը, օրինակ՝ իսլամի։ Ո՛չ, Ես անծանոթ վայր էի ուզում, որ ինձ նետեմ այնտեղ։ Ինձ պետք էր մեկ տոմս ու մեկ տեսախցիկ… վերջ։ Ինչո՞ւ չեմ վերադառնում Իրան, որովհետև իմ սկզբունքն է՝ երբեք հետ չգնալ ու հետ չնայել։ Ինչ որ թողել ես, արդեն թողել ես, անցիր առաջ։
Ես լռության ձայնն եմ սիրում ու նույնքան էլ սիրում եմ աղմուկը
Շատ ժամանակ ինքս եմ իմ օպերատորը։ Տեսախցիկիցս այնքան բաներ եմ պահանջում։ Դուք գիտեք, որ ես բնական բաներ եմ սիրում։ Ինչ եղավ, դա էլ նկարում եմ, ճիշտ է, ընթացքը վերահսկողությանս տակ եմ պահում, բայց չեմ միջամտում։ Իմ ֆիլմերում շատ բառեր, երկխոսություններ չկան։ Որովհետև երկխոսությունը պիտի նախօրոք գրես։ Բայց ի՞նչ իմանաս՝ գուցե գրածդ բառերը նկարահանելիս իսկի պետք էլ չեն, ուրիշ բան է պետք, օրինակ՝ լռություն։ Ես շատ եմ սիրում լռության ձայները։ Հաճախ եմ ձայնագրում լռության ձայները, նաև՝ գնացքի, հեծանիվի, մետրոյի, մեքենաների ձայները։ Աղմուկ էլ եմ սիրում։
Ես Ամերիկայում շատ դժվարությունների եմ հանդիպել։ Երբ եկա Նյու Յորք, փող չունեի, բաց երկնքի տակ, մետրոյի հարակից տարածքում էի ապրում։ Մետրոյի գնացքի ձայները սովորական էին դարձել։ Հենց գնացքի ձայնն էլ ֆիլմերումս օգտագործեցի։ Դրա համար եմ ասում՝ իմ բոլոր ֆիլմերն ինքնակենսագրական են, իմ ապրածն է,իմ միջով անցածը։
«Ջուր, քամի փոշի» ֆիլմս նույնպես այդ աղմուկի, ձայների մասին է։ Ի դեպ, այն նկարել եմ՝ ականջներումս ունենալով Վագների երաժշտությունը։ Շուբերտ էլ եմ սիրում, բայց ֆիլմ նկարելիս Շուբերտը երբեք իմ ականջներում չի լինում։
Երախտապարտ եմ իրանական նոր սերնդին, նա փրկեց իմ ֆիլմերը
-Իրանում իմ ֆիլմերը չեն սիրում, գրողը տանի, նրանք ատում են իմ ֆիլմերը։ Երբեք էլ չեն հասկացել։ Երբ Իրանում ֆիլմեր էի նկարում, բոլորը զարմանում էին՝ իբր ի՞նչ, ի՞նչ ես նկարել։ Բայց լավ է, հետո նոր սերունդ եկավ, իր հետ նոր մշակույթ բերեց։ Նոր սերունդը փրկեց իմ ֆիլմերը։
«Վազորդը» ոչ ոք չհասկացավ ու չընդունեց։ Իրանական շրջանի բոլոր ֆիլմերս նույն վիճակում էին։ Մինչև որ եկան նորերը՝ նոր մտածողությամբ, նոր ընկալմամբ։
Ֆիլմ նկարելիս երբեք չեմ մտածում՝ հաջող է լինելու, թե ոչ։ Դա նման է հաշվիչով փող հաշվելուն՝ շահո՞ւմ ես, թե տակ ես տալիս։ Երբեք չեմ արել, չեմ անի նման բան։
Չեմ էլմտածում՝ ով է խաղալու, ինչ երաժշտություն եմ օգտագործելու, հաճախ ինքս եմ գրում երաժշտություն, հաճախ օգտագործում եմ իմ ձայնագրած ձայները, աղմուկը։ Մի անգամ Բերտոլուչին ասաց՝ քո ֆիլմի համար երաժշտություն կգրեմ, գրեց՝ անվճար։ Այդպես էլ հերոսներս են՝ մինչև նկարահանումը, նրանց հետ մի քանի ամիս ապրում եմ, ինչ ուզում են, անում են, բնական վիճակների մեջ են լինում։ Հետո տեսնում եմ, որ պատրաստ են՝ նկարվելու։ Նրանց չեմ ասում՝ այս արա, այն արա։ Նրանց դնում եմ իրավիճակների մեջ ու տեսախցիկով հետևում՝ ինչ են անելու, նրանց սիրտն ու միտքն ինչպես են արձագանքելու այդ իրավիճակին։ Դրա համար էլ ասում եմ՝ իմ բոլոր հերոսները Ամիրներ են։ «Վազորդը» հենց Ամիրն է։
Սրտին լսեք, հետ մի նայեք. միայն առաջ
-Ես ու Աբբաս Քիառոսթամին միասին էինք ապրում։ Այնքա՜ն բան եմ սովորել նրանից։ «Հարմոնիկա» ֆիլմը նկարեցի, բայց երեխաների հատվածը կտրեցին-գցեցին։ Այնքա՜ն եմ լաց եղել դրա համար։ Մեկ ես էի երեխաներին նկարում, հետո Քիառոսթամին էր կարճամետրաժ նկարում, մինչև որ նրան ասացի՝ ժամանակն է, որ լիամետրաժ խաղարկային նկարես։ Սկսիր։ Իմ նկարած երեխաները ես եմ։ Ես դեռ իմ ֆիլմի երեխան եմ։
Մի բան էլ ասեմ՝ ովքեր ուզում են ֆիլմ նկարել, բայց չգիտեն՝ ինչից սկսել, խորհուրդ կտամ՝ ամեն տեղ սերը սեր է, ատելությունը՝ ատելություն, միտքը՝ միտք, սիրտը՝ սիրտ։ Բայց մենք այդ բոլորը տարբեր կերպ ենք ընկալում ու մեկնաբանում։ Հիմա եթե դուք ձեր վերնահագուստը փոխեք, դրանից ձեր սիրտը կփոխվի՞։ Չի՛ փոխվի։
Ուրեմն ձեզ առաջ նետեք, ձեզ գցեք ինչ-որ տարածության մեջ ու գործեք, հետ մի նայեք։ Բայց սրտին լսեք, ասո՞ւմ է՝ պատրաստ ես, նկարիր, ուրեմն, լսիր նրան։ Նա երբեք չի սխալվում։
Պատրաստեց Նաիրա Փայտյանը


