Աբդերահման Սիսակոն առաջին աֆրիկացին է, որ հյուրընկալվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին։ Նա մավրիտանացի է։ Կինոռեժիսորական կրթություն ստացել է Մոսկվայում, ինչի շնորհիվ էլ ռուսերեն գիտի, թեև հանդիպումների ժամանակ ինքն իրենից դժգոհում է, որ այդպես էլ չկարողացավ բավարար չափով լավացնել ռուսերենն էլ, անգլերենն էլ։
Սիսակոն ավելի քան 20 մրցանակ է ստացել կինոյում։ Սովորելով ռեժիսուրա, հետագայում ինքն էլ ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի հանձնաժողովը։ Հեղինակավոր կինոփառատոները նրան հաճախ են հրավիրում՝ որպես ժյուրիի անդամ։ Եղել է Բեռլինի և Կաննի կինոփառատոնների ժյուրիում։ 2015 թվականին «Տիմբուկտու» ֆիլմը նրան միանգամից երեք «Սեզար» բերեց՝ լավագույն օրիգինալ սցենարի, լավագույն ռեժիսորի և լավագույն ֆիլմի համար։Աբդերահման Սիսակոն «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն էր։
Առաջին հայացքից Սիսակոյի՝ կինո մուտք գործելու պատմությունը արտառոց չի թվում, բայց երբ այն պատկերացնում ես որպես էկրանավորված սցենար, թվում է հետաքրքիր։ Աֆրիկյան Մավրիտանիա ու… Մոսկվա։
Իսկ պատմությունն այսպես է եղել.
Ես ուզում էի մորս համար դառնալ Շերիֆ
-Մայրս առաջին ամուսնությունից մի որդի ուներ արդեն, երբ ամուսնացավ հորս հետ։ Իր տղայի հետ նա չի ապրել։ Նրան մեծացրել է հայրը։ Բայց ես էլ, քույրս էլ, եղբայրս էլ մեր ամբողջ մանկության ընթացքում մեր տանն անընդհատ լսել ենք Շերիֆի՝ մեր ավագ եղբոր մասին։
Տարիներ անց մայրս Դաքարում տրանզիտային չվերթ ուներ, մի օր գնում է դեսպանատուն, որտեղ մի տղա եկել ու փորձում էր գտնել իր մորը։ Այդպես, մայր ու որդի պատահաբար գտնում են միմյանց։ Մայրս տունվերադառնալուց հետո անընդհատ Շերիֆի մասին էր պատմում, որ նա Մոսկվայում կինոռեժիսոր է։ Նրա պատմածը շրջադարձային եղավ ինձ համար. այդ պահին որոշեցի, որ կինոռեժիսոր եմ դառնալու, գուցե որպեսի ես մորս համար Շերի՞ֆ դառնամ, դառնամ այն որդին, որի հետ նա երբեք չէր ապրել։
Սեղանի թենիսի ակումբը՝ գրքերի աշխարհ
-Չեմ կարող ասել, թե իմ մանկության տարիներին տարված եմ եղել կինոյով, ո՛չ, ընդամենը մի քանի ֆիլմ էի դիտել։ Մայրս լքեց հորս ու վերադարձավ Պուրիտանիա: Եթե դուք դիտել եք «Սպասելով երջանկությանը» ֆիլմը, այն մորս և իմ մասին է։
Ինձ Պուրիտանիայում ոչ ոք չէր ճանաչում։ Ես սեղանի թենիս էի պարապում։ Ասեմ, որ իմ նոր բնակավայրում շատ էին տրված սովետական մշակույթով։ Սեղանի թենիսի ակումբի ղեկավարը մի օր հարցրեց ինձ՝ լավ գրադարան ունենք, ուզո՞ւմ ես գիրք վերցնել։
Նա ինձ ծանոթացրեց ռուսական գրականությանը։ Ու ես շաբաթական մեկ գիրք էի կարդում-վերադարձնում գրադարանին։ Հետո, երբ գնացի Մոսկվա, ծանոթացա Դոստոևսկու գրականությանը, բայց նրա «Կարամազով եղբայրները» մինչև վերջ չկարողացա կարդալ, իսկ «Ոճիր և պատիժը» շատ գրավեց ինձ։
Մի օր թենիսի ակումբի ղեկավարը հարցրեց՝ ի՞նչ ես ուզում դառնալ։ Պատասխանեցի՝ կինոռեժիոր։ Մեկ ամիս անց եկավ-ասաց, որ Մոսկվայում սովորելու հնարավորություն կա։ Մորս ասացի, նա տարակուսանքի մեջ էր՝ որտե՞ղ եմ մնալու, ի՞նչ է ինձ սպասվում… Միայն ասաց՝ ուր էլ գնաս, աշխատիր մարդկանց օգնել։ ես զարմացա՝ ախր ես ինքս օգնության կարիք ունեմ։ Ասեմ, որ հայրս ու մայրս շատ հետաքրքիր մարդիկ էին, նրանք են ինձ կրթել ու լավ դաստիարակություն տվել։ Մորս այդ պատգամին միշտ հետևում եմ։
Գնում էի անծանոթ մի աշխարհ՝ ռուսական միջավայր՝ մորս պատգամը սրտումս
Ես միշտ ունեցել եմ սոցիալական պատասխանատվության զգացում, արդարության զգացում. Դրանք մայրս է ներարկել իմ մեջ։ Հետո շատ եմ մտածել՝ ինչ է մշակութային գաղափարախոսությւնը, գուցե դա այն է, որ դու պետք է իմանաս Վան Գոգի, Պիկասոյի մասին։ Դրանք եվրոպական արժեքներ են, իսկ ես շատ երիտասարդ էի և ուղղակի ուզում էի սովորել: Ես ուզում էի լավ կինոռեժիսոր դառնալ, իսկ դրա նախադրյալներն ունեի, որովհետև մեծացել էի դասական երաժշտության, կերպարվեստի, գրականության վրա։ Մինչև հիմա հիշում եմ այդ պատկերը՝ մայրս լվացք էր փռում։ Պարանին գունավոր հագուստներ էր շարում։ Ինձ համար դա կինոպատկեր էր։ Այդպիսի կինոպատկերներ մանկությունից, հեռուներից շատ ունեմ։
ՎԳԻԿ. Ակադեմիական կրթություն, որին պատրաստ չէի
1983-89 թթ. սովորեցի Մոսկվայի ՎԳԻկ-ում։ Հանձնարարություն ստացանք, որ պետք է էտյուդ անենք։ Ես գաղափար չունեի՝ ի՞նչ էտյուդ։ Իսկ իմ համակուրսեցիները արագ պատրաստեցին, ասես կարտոֆիլ ուտեին՝ հոպ, ու վերջացավ, իսկ ես չգիտեի անգամ՝ ինչպես աշխատել դերասանների հետ։
Եկա իմ սենյակ ու որոշեցի՝ կամ ես անում եմ էտյուդը, կամ թողնում եմ ուսումս, սա իմը չէ։ 5-7 րոպեում սցենարը գրեցի, որը հետևյալն էր.ես Աֆրիկայից գալիս եմ Մոսկվա՝ Ռոստովով։ Հասա այն սենյակ, որտեղ ապրելու էի, մի ռուս մտնում է իմ սենյակ ու խոսում ռուսերեն, իսկ ես ոչ մի բառ չեմ հասկանում։ Նա տեսնում է, որ ես ոչինչ չեմ հասկանում։ Նստում է սնյակի երկու մահճակալներից մեկին։ Մյուսին ես եմ նստում, ու մենք այդպես անձայն երկար նայում ենք իրար։
Ռուս տղան օգնեց, որ ես այդ էտյուդը բեմադրեմ։ Հետո եկավ վարպետս՝ մյուս դասախոսների հետ, բոլորը սկսեցին քննարկել ուսանողների ներկայացրած էտյուդները, բացի իմից։ Վարպետս ասաց՝ քոնը վատը չէր, բայց գործողություն չկար։ Ես ասացի՝ բայց ես չէի ուզում գործողություն ցույց տալ։ Մենք իրար չէինք հասկանում, նրանք խոսում էին ռուսերեն։ Հարցրին՝ որտեղի՞ց եմ ծագումով։ Պատասխանեցի։ Հետագայում վարպետս շատ աշխատեց ինձ հետ ու ճիշտ ուղու վրա դրեց ինձ։
ՎԳԻԿ-ում դրված էր իմ հեռացման հարցը
Տարիներն անցնում էին ՎԳԻԿ-ում, իսկ ես կրթական ծրագրով նախատեսված կարճամետրաժ ֆիլմերս չէի ավարտել։ Միտք էլ չունեի ավարտելու, որովհետև այն, ինչ ինձ պետք էր կինո նկարելու համար, արդեն սովորել էի։ Ինստիտուտում հարցրի՝ իսկ ի՞նչ կլինի, եթե առանց կուրսայինի ֆիլմերս նկարելու, միանգամից դիպլոմայինիս վրա աշխատեմ։ Այդ ժամանակ ես արդեն «Խաղ» վերնագրով սցենար էի գրել։ Ինձ կանչեցին ու ասացին՝ հեռացվում ես ՎԳԻԿ-ից։ Զարմացա. ի՞նչ եմ արել, ո՞րն է սխալս։ Ես ինձ շատ լավ էի զգում ընկերներիս միջավայրում, հանրակացարանում, որտեղ ապրում էի։
Առավոտյան լոգանք ընդունեցի, անձնագիրս վերցրի ու գնացի ինստիտուտ։ Միջանցքում սպասեցի։ Ներսում պրոֆեսորներ էին հավաքվել։ Գերասիմովի կինն էլ էր այնտեղ՝ տիկին Թամարան։ Ամբիոնից ներկայացրին, որ ուսանող Սիսակոն կարճամետրաժ ֆիլմերը չի ավարտել, ուրեմն դիպլոմայինն էլ չի կարող ավարտել։ Սկսեցին որոշել՝ ինձ հեռացնե՞ն ՎԳԻԿ-ից, թե ոչ։ Ես ասացի՝ եթե որոշեք, որ ես ուսումս չեմ շարունակելու, իմացեք, որ ինձ համար խնդիր չի լինի։ Ես այլ մարդ էի, երբ եկա Մոսկվա, հիմա, երբ ՎԳԻԿ-ը չավարտած էլ գնամ իմ երկիր, բոլորովին այլ մարդ եմ արդեն։ Եթե այստեղ չավարտեմ, Իտալիայում եմ շարունակելու ուսումս։ Ես այստեղ եմ եկել, որ սովորեմ, ոչ թե ձեզ ինչ-որ բան ապացուցեմ, օրինակ՝ ապացուցեմ, որ լավ կինոարտադրող եմ դառնալու։
Ես մնացի ՎԳԻԿ-ում ու նկարեցի իմ «Խաղ» ֆիլմը։
***
Աբդերահման Սիսակոյին առաջին մեծ հաջողությունը կինոյում բերել է հենց «Խաղ» ֆիլմը։Իսկ նրա մոր ու իր մասին պատմող «Երջանկության սպասելիս» (2002 թ.) ֆիլմի նկարահանման վերջին օրը մայրը մահացավ՝ այդպես էլ չտեսնելով որդու՝ իրեն նվիրված աշխատանքը։
Սիսակոն 2023 թվականին աշխարհահռչակ 50 արվեստագետների հետ բաց նամակ է հղել Liberation-ում՝ դադարեցնելու Իսրայելի կողմից Գազայում խաղաղ բնակիչների սպանությունն ու բռնությունները, վերջ տալու պատերազմին և ապահովելու մարդասիրական միջանցք։

