1925 թվականիհունիսի 26-ին Միացյալ Նահանգներում առաջին անգամ ցուցադրվեց Չարլի Չապլինի «Ոսկու տենդը», որը համարվում է ռեժիսորի լավագույն ստեղծագործություններից և կինոյի պատմության ամենահայտնի համր ֆիլմերից մեկը: 100 տարի անց այն վերադառնում է համաշխարհային մեծ էկրաններ, այդ թվում՝ Հայաստանում: Հունիսի 26-ին ցուցադրություններ են նախատեսված Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Քաջարանում: «100-ամյա կտավը» կներկայացվի վերականգնված 4K տարբերակով:
1898 թվական. Ալյասկա. երջանիկ կյանքի և հարստանալու մոլուցքով՝միայնակ թափառական Չարլին որոշում է զբաղվել ոսկեհանությամբ: Երազանքին հասնելու համար նա անցնում է ժայռերով ու դաշտերով, փոթորկից թաքնվում մոռացված խրճիթում… Ու անցնում մի շարք այլ փորձություններով:
Հարթ չեն եղել նաև նկարահանումները: Մինչև վերջնական տեսքին բերելը Չապլինը 27 անգամ վերամոնտաժել է ֆիլմը։Բացման տեսարանը նկարահանվել է Սիեռա Նևադա լեռներում։ Չնայած սաստիկ ցուրտ եղանակին՝ Չապլինը ցանկանում էր կատարյալ տեսարաններ ստանալ, երբեմն դուբլերի թիվը հասնում էր 25-ի: Սակայն ինչ-որ պահից որոշում կայացվեց նկարահանումները տեղափոխել Չապլինի ստուդիա: Չապլին դերասան-սցենարիստ-ռեժիսոր-պրոդյուսերի ջանքերն իզուր չէին, թեև ֆիլմի ճանաչումը մի փոքր ուշացավ…
«Ոսկու տենդը» «Օսկարի» է առաջադրվել միայն 1943 թվականին, քանի որ ֆիլմի պրեմիերայի պահին մրցանակաբաշխությունը դեռ չէր հիմնադրվել (առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1929 թվականին): 1942 թվականին Չապլինը թողարկեց ֆիլմի թարմացված տարբերակը՝ արդեն ձայնային և երաժշտական նվագակցությամբ, որն էլ հենց առաջադրվեց «Օսկարի»՝ “Best Sound” և “Best Music” անվանակարգերում:
«Ոսկու տենդը»ոչ մի արձանիկ չստացավ, սակայն պրեմիերայից գրեթե երկու տասնամյակ անց «Օսկարի» նոմինացվելը կինոյի պատմության մեջ արդեն իսկ հազվադեպ երևույթ է։
Փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ է «Ոսկու տենդը» Չապլինի թերևս ամենահայտնի և սիրված գործերից մեկը:
Իրական վտանգ
Երբ դասական կատակերգություններում դեպքերը ծավալվում են պատմական լուրջ և ողբերգական իրադարձությունների ֆոնին (պատերազմ, Մեծ ճգնաժամ և այլն), սցենարիստները սովորաբար նախընտրում են մեղմել վտանգի զգացումը՝ հանդիսատեսի «տրամադրությունն ավելի չփչացնելու» համար։ Որպես կանոն, կատակերգություն դիտելիս չես մտածում, որ հերոսներին մահացու վտանգ է սպառնում։ Իրականում, մարդիկ երբեմն զայրանում են, երբ իրականությունը ներխուժում է «ծիծաղի անվտանգ աշխարհ»։
«Ոսկու տենդը», սակայն, այլ ճանապարհ է ընտրել: Չապլինի հերոսը հայտնվում է դաժան պայմաններում, դրանք երբեմն չափազանցված են՝ հանուն կատակերգական էֆեկտի, բայց, միևնույն է, անհանգստություն են պատճառում։ Էկրանին տեսնում ենք աղքատ, պատառոտված հագուստով մարդու, որը փորձում է փրկվել սովից, և այս կերպարը նկարագրում է մի ամբողջ սերնդի: Չապլինը թափանցում է պատմության ու տվյալ ժամանակաշրջանի շատ մութ անկյուններ: Նա սարսափեցնում է հանդիսատեսին, օրինակ, մարդասպանության տեսարաններով, իսկ հաջորդ րոպեին ստիպում քրքջալ մաշիկների պարից: «Ոսկու տենդը» շատ խոր ստեղծագործություն է՝ զգացմունքների ու զգացողությունների հարուստ ներկապնակով։
Տեխնիկական արժանիքներ
Չապլինի ֆիլմերը երբեք «էժան չեն նստել հեղինակների վրա»: Նա երբեք գումար չէր խնայում լավագույն տաղանդներինիր նախագծերին ներգրավելու համար և միշտ ձգտում էր նույն տեսարանը նորից ու նորից նկարել: Սակայն Չապլինն այդ հարցում նման չէր Էրիխ ֆոն Շտրոհայմին կամ Դեյվիդ Ուորկ Գրիֆիթին. չէր վերստեղծում Բաբելոնը, ավելորդ գումարներ չէր ծախսում երրորդական դերերի դերակատարների համար մետաքսե ներքնազգեստ գնելու համար: Այո, Չապլինի ֆիլմերում ամեն մանրուք մտածված էր, բայց նա պրագմատիկ հեղինակ էր և գիտեր, որ հարցում գնալ փոխզիջման:
Նկարահանման ընթացքում կիրառվել են հատուկ էֆեկտներ՝ ավելի կենդանի և վտանգավոր դարձնելով տեսարանները: Նաև դրանց շնորհիվ է, որ տաղավարներում նկարահանված տեսարաններն այդքան էպիկ և մասշտաբային են թվում:Կեղծ ձյան, դերասանական հիասքանչ խաղի և օպերատորական խելացի աշխատանքի շնորհիվ ֆիլմը դիտողների մոտ տպավորություն է ստեղծվում, թե մեկ ու կես ժամում հատել են ամբողջ Ալյասկան:
Ինչ-որ պահից Չարլի Չապլինը ստիպված էր «դավաճանել» համր կինոյին: Շուրջ 20 տարի անց նա վերաթողարկեց «Ոսկու տենդը»՝ հասկանալով, որ 1925 թվականի տարբերակն այլևս չի գրավում «ձայնը նախընտրող» նոր հանդիսատեսին: Ուստի ենթագրերը փոխարինվեցին ձայնային տեքստով, բովանդակային և մոնտաժային որոշ փոփոխություններ կատարվեցին։ Վերաթողարկման համար ևս ֆինանսական զգալի միջոցներ պահանջվեցին: Չապլինն անձամբ գրեց ֆիլմի երաժշտությունը, այն նվագեցին Հոլիվուդի լավագույն երաժիշտները: Արդյունքում բոլորը հիացած էին։
Այնուհանդերձ, որոշ քննադատներ կարծում են, որ «Ոսկու տենդի» առաջին տարբերակն անգերազանցելի է, ավելի իրատեսական է, ժամանակաշրջանի մռայլ սարսափը փոխլրացնում է կատակերգություններին հատուկ թեթևությունը և անհոգ մթնոլորտը: Վերաթողարկված տարբերակում հեղինակն ասես փորձում է մեղմել սասպենսը և վստահեցնել մեզ, որ ամեն ինչ լավ է լինելու: Նաև նոր տարբերակում ձևափոխվել է պատմության սիրային գիծը՝ դառնալով ավելի երկիմաստ և մակերեսային, ինչ-որ չափով զրկելով Ջորջիային՝ Չարլիի սիրած աղջկան, անհատականությունից:
Այնուհանդերձ, որ տարբերակն էլ ընտրեք, դժգոհ չեք մնան, առավել ևս երբ հնարավորություն կա դիտելու այս համաշխարհային շեդևրը մեծ էկրանին:
Պատրաստեց Դիանա Գասպարյանը



