Kinoashkarh.am-ի զրուցակիցը Միխայիլ Չեխովի դերասանական մեթոդի որակավորված դասախոս, տարածաշրջանում մեծ ճանաչում ունեցող ռեժիսոր Վլադիմիր Բայչերն է։ Վերջինս Միխայիլ Չեխովի կենտրոնի ղեկավարն է, ինչպես նաև Մ․ Չեխովի միջազգային արվեստանոցի (Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Լատվիա) համահիմնադիրը։

Դերասանի և տեսախցիկի միջև կապը

-Ձեր կարծիքով, ինչպե՞ս է ձևավորվում դերասանի ու տեսախցիկի միջև այդ անտեսանելի ու տեսանելի հարաբերությունը։ Ինչպե՞ս է դերասանը սովորում «զգալ» տեսախցիկը։

-Դերասանը նկարահանման հրապարակում երբեք չի մոռանում տեսախցիկի մասին: «Մոռացի՛ր տեսախցիկի մասին» դերասանին տրվող խորհուրդն անիմաստ և անկատարելի է: Տեսախցիկը դերասանի համար անփոփոխ գործընկեր է նրա աշխատանքում: Սակայն հաճախ դերասանները չեն կարողանում տիրապետել կադրի տարածությանը, չեն զգում ռակուրսի փոփոխությունը, միզանսցենը, շարժումը կադրում: Այս ամենին պետք է սովորել: Փորձառու դերասանը ճշգրիտ գիտի, թե ինչ մասշտաբով է իրականացվում նկարահանումը, ինչպես օգտագործել լույսը, ինչ է կինեմատոգրաֆիկ գործողության ռիթմը:

-Ո՞րն է ամենամեծ մարտահրավերը դերասանի համար, երբ նա աշխատում է տեսախցիկի հետ, ի տարբերություն բեմական տարածության։

-Առաջին հերթին խցիկի հետ աշխատանքը պահանջում է գոյության հատուկ աստիճանի հավաստիություն: Հենց այդ պատճառով հաճախ դերասանին մեղադրում են «թատերականության» մեջ, քանի որ մեծ տարածության համար էներգիա հաղորդելու սովորությունը երբեմն վատ կատակ է խաղում թատերական դերասանի հետ նկարահանման հրապարակում: Միխայիլ Չեխովը Հոլիվուդի դերասանների հետ աշխատելիս օգտագործում էր «քողի» տեխնիկան:

Նա սովորեցնում էր դերասաններին կարծես քողով ծածկել դեմքը՝ մեղմացնելով էմոցիոնալ ռեակցիան կադրում:

-Ինչպիսի՞ տեխնիկական հմտություններ պետք է ունենա կինոդերասանը՝ տեսախցիկի հետ ճիշտ աշխատելու համար։

-Հիմնական հմտությունը միզանսցենն ու ռակուրսն օգտագործելու ունակությունն է՝ իր էմոցիոնալ վիճակը փոխանցելու համար: Կադրում, ինչպես և բեմում, դերասանական գործողությունը գոյության հիմքն է, բայց կինոյում գործողությունն առաջին հերթին փոխանցվում է դերասանի աչքերով, ինչը նշանակում է, որ դերասանը պետք է ճշգրիտ իմանա իր դեմքի արտահայտիչ ռակուրսները մեծ պլանում:

Կինոդերասանի և թատրոնի դերասանի տարբերությունները

-Շատ դերասաններ նշում են, որ թատրոնը և կինոն պահանջում են տարբեր մոտեցումներ։ Ինչպե՞ս եք Դուք տեսնում այդ տարբերությունը։

-Թատրոնում դերասանական կատարման հիմքը տեքստն է, այս առումով թատրոնը առաջին հերթին գրականությամբ կողմնորոշված արվեստ է: Տեքստի քանակով դերասանը միշտ որոշում է իր դերի կարևորությունը ներկայացման մեջ: Կինոյում տեքստի քանակն այնքան էլ կարևոր չէ դերասանի համար, որքան պատկերի ծավալը: Դերի մեծությունը որոշվում է մեծ պլանների քանակով ու կադրում ներկայությամբ: Կինոն առաջին հերթին պատկերավորման արվեստ է:

-Կա՞ն դերասանական տեխնիկաներ, որոնք աշխատում են միայն թատրոնում կամ միայն կինոյում։

-Ոչ: Դերասանական արվեստը միշտ կառուցվում է հիմնական սկզբունքների վրա, տարբերությունը միայն որոշակի արտահայտչամիջոցներում է: Պրոֆեսիայի հիմքը միասնական է:

-Կա տարածված կարծիք, որ կինոն ավելի հոգեբանական խաղ է պահանջում, քանի որ տեսախցիկը ֆիքսում է անգամ ամենափոքրիկ նրբերանգները։

-Կարծում եմ՝ ճիշտ է: Կինոյում աշխատելու համար դերասանը պետք է ունենա իր վարքագծի ավելի նուրբ նրբերանգներ:

Դերասանական խաղի առանձնահատկությունները

-Ո՞րն է ամենակարևոր հատկանիշը, որը կինոդերասանը պետք է ունենա, որպեսզի համոզիչ լինի էկրանին։

-Իմ գործընկերներից մեկը, հայտնի քաստինգ-ռեժիսոր, այդ որակն անվանել է «ճշմարիտ»: Ինձ շատ դուր եկավ այդ բառը: Այսինքն՝ իսկություն, բացառիկություն:

-Ձեր կարծիքով ի՞նչն է ավելի էական դերասանի համար՝ բնազդային խաղը, թե՞ կերպարի խորը վերլուծությունն ու դրան համապատասխան տեխնիկային տիրապետելը։

-Ինտուիցիան պետք է հաջորդի դերի մշակմանը: Հիմնականը պրոֆեսիոնալ գործիքներին տիրապետելն է, իմանալ աշխատանքի մասնագիտական սկզբունքները: Այդ դեպքում ինտուիցիան էլ կարող է օգտակար լինել:

Կինոյի և թատրոնի ազդեցությունը հանդիսատեսի վրա

-Ինչպե՞ս է փոխվում դերասանի և հանդիսատեսի փոխազդեցությունը կինոյում և թատրոնում։ Կինոյում հանդիսատեսը «մի քանի քայլ հեռու է» դերասանից, մինչդեռ թատրոնում կա անմիջական շփում։ Ինչպե՞ս է սա ազդում դերասանի խաղի վրա։

-Պատասխանն ընկած է կինոն և թատրոնը ընկալելու հենց գործընթացում: Թատրոնում հանդիսատեսն անմիջականորեն արձագանքում է դերասանի կենդանի խաղին, նրանց միջև անտեսանելի ներքին կապեր են ձգվում: Կա կենդանի էներգիայի փոխանակում հանդիսատեսի և դերասանի միջև: Կինոյում հանդիսատեսը դիտում է դերասանի պատկերը, որը ֆիքսված է մեկ անգամ և ընդմիշտ: Քանի անգամ էլ հանդիսատեսը դիտի ֆիլմը, դերասանը միշտ նույն կերպ կխաղա: Թատրոնում յուրաքանչյուր ներկայացում ներառում է դերասանական խաղի նոր նրբերանգներ:

Հավելենք, որ Վլադիմիր Բայչերը 1994 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) ռեժիսուրայի ֆակուլտետը (պրոֆեսոր Լեոնիդ Եֆիմովիչ Խեյֆեցի արվեստանոց)։ Բեմադրել է վաթսունից ավելի ներկայացումներ, որոնք բազմիցս արժանացել են միջազգային փառատոների մրցանակների։ 2006-2017 թվականներին եղել է Ա. Պ. Չեխովի «Մելիխովո» թանգարան-արգելոցի «Չեխովյան ստուդիա» թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու «Մելիխովյան գարուն» միջազգային թատերական փառատոնի տնօրենը։ 2013-2014 թվականներին՝ Մոսկվայի կինոդերասանի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Ակտիվորեն զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ Դասավանդել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտում։  2014-2020 թվականներին եղել է Ռուսաստանի պետական թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) ռեժիսուրայի ֆակուլտետի դեկանը։ Ղեկավարել է դերասանա-ռեժիսորական արվեստանոց ԳԻՏԻՍ-ի ռեժիսուրայի ֆակուլտետում։  2023-2024 թվականներին եղել է Շանհայի թատերական ակադեմիայի հրավիրյալ պրոֆեսոր։ Շանհայի կինոակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է։  «Չեխով-Ինստիտուտ» միջազգային կրթական ծրագրի հիմնադին ու ղեկավար է։ Անցկացրել է դերասանական վարպետության և ռեժիսորական լաբորատորիաներ մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։

Զրուցեց Վովա Արզումանյանը


Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ

Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են...

, |5 Հոկտեմբեր 2026,21:12