Վատիկանի Առաքելական գրադարանի «Սիքստինյան» սրահում` մարտի 14-ին, կայացել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Այն արժանացել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակին։ Հայաստանի կինոյի հիմնադրամը գրում է՝ «Արամ Մանուկյանն առաջին հայ ռեժիսորն է, որն արժանացել է այս մրցանակին. մշակութային վաստակի համար մրցանակ է ստացել նաև ֆիլմի համապրոդյուսեր Մարչելո Զեպպին՝ Մոնտեկատինիի միջազգային կինոփառատոնի նախագահն ու գեղարվեստական ղեկավարը»։ «Սիգմա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել անցած տարի Մոնտեկատինիի կինոփառատոնի շրջանակում։

Kinoashkharh-ը զրուցել է «Սիգմա» ֆիլմի ռեժիսոր Արամ Մանուկյանի և բեմադրող օպերատոր՝ Ռոմեն Ծատուրյանի հետ՝ քննարկելու ֆիլմի գաղափարը և դրա ստեղծման ընթացքում առաջացած խնդիրները, Վատիկան հասնելու ճանապարհը, հետագա նախագծերը, հայկական և համաշխարհային կինոն:

Սիգմա, Վատիկան, Արամ մանուկյան

Ինչի՞ մասին է «Սիգման», գաղափարն ինչպե՞ս է հղացել և ո՞րն է ուղերձը:

Արամ Մանուկյան – Գաղափարը ծնվել է Ամանորին. մտածեցի, որ ուզում եմ ֆիլմ նկարել մեր հայ հոգևորականների մասին, որովհետև նրանք պատերազմի ժամանակ զենք են վերցնում, և ինձ հետաքրքրում էր այդ դիլեման՝ հոգևորի ու դրա սահմանն անցնելու: Կարծեմ՝ 3-4 օրում ենք գրել սցենարը, հետո թիմով որոշեցինք, որ անպայման Սաղմոսավանքում պետք է նկարենք: Սակայն թույլտվություն էր պետք՝ եկեղեցու ներսում նկարելու համար: Վստահ էինք, որ կստացվի, որովհետև սցենարն ուղարկել էինք Մայր Աթոռ և հավանություն ստացել: Մեզ խորհուրդներով շատ օգնեց Թովմաս Առաքելյանը:

Ֆիլմի շուրջ գործնական աշխատանքները սկսել էինք, բայց Մայր Աթոռի հոգևոր ժողովում որոշվեց, որ այլևս արգելվում է գեղարվեստական ֆիլմեր նկարել եկեղեցու ներսում, և եթե ֆիլմի հերոսը հոգևորական չէ, իրավունք չունի հոգևորականի հագուստ կրել կամ խաղարկային ծես անցկացնել: Թիմով որոշեցինք փոխել ֆիլմի ուղղությունը: Տարբերակներ էինք դիտարկում՝ ով կարող է լինել հերոսը, եթե ոչ հոգևորական… Ու առաջացավ հացթուխի տարբերակը:

Հիմնական ուղերձը հետևյալն է՝ պատերազմները պետք է դադարեցվեն, փոխարենը՝ իրար հետ հաց կիսենք: Ֆիլմում մեր հերոսը վրանում հաց է թխում զինվորների համար, որոնք վրանից դուրս կռվում են: Բայց հերոսը տանջվում է՝ զենք վերցնել ու միանալ կռվող զինվորներին, թե՞ շարունակել իր առաքելությունը… Նա ընտրում է զենքը, բայց չի հասցնում կրակել… Պայթյունից հետո ինչ կատարվում է, էքզիստենցիալ սահմանագծում է՝ կամ կա, կամ չկա:

Սիգմա, վատիկան Արամ Մանուկյան

Ինչո՞ւ «Սիգմա»:

Ա.Մ. – 2010 թվականին պրոֆեսորներից մեկը մարդու հոգեկերտվածքի նոր բնութագրում էր առաջ քաշել՝ «սիգմա»: Սիգման այն մարդն է, որն իր հարմարավետությունը կարող է ստորադասել մյուսների կոմֆորտին: Սիգման չի հարմարվում սոցիալական կոնկրետ կանոններին, այլ շարժվում է իր ճանապարհով: Բնութագրով շատ նման է ալֆային՝ կարող է լինել առաջնորդ, բայց կարող է նաև զիջել դիրքերը: Բացի այդ սիգման հունական տառ է: Կարդացել եմ, որ քվանտային ֆիզիկայում սիգմայի նշանը հավասարաչափ նշանակում է բազմապատկում և բաժանում: Նաև չէինք ցանկանում պաթետիկ անուն ընտրել:

Գիտեմ որ նկարահանումները սպեցիֆիկ են եղել և էքստրեմալ պայմաններում են անցել՝ տեխնիկապես, ժամանակային առումով, կպատմե՞ք:

Ռոմեն Ծատուրյան (ֆիլմի օպերատոր) – Իրադարձությունները հիմնականում տեղի են ունենում վրանում: Դրսում լսվող ձայներից և պայթյունների լույսերից հասկանում ենք՝ ինչ է կատարվում էքստերիերում՝ ահագնացող պատերազմ: Թշնամու ներկայությունը զգում ենք, բայց չենք տեսնում:

Առաջին անգամ կիրառեցել ենք 3D կադրավորում, ինչը հնարավորություն է տալիս ստանալ իրական լուսային պատկեր, տնտեսել գումար, այսինքն՝ ստանալ ֆիլմը մինչև նկարահանման հրապարակ գնալը: Դա մեզ օգնեց փաստացի 16 ժամում նկարել 37 րոպե օգտակար նյութ, որից ընտրել ենք 17-ը: Նկարել ենք 168 կադր, ինչը չլսված է նաև Հոլիվուդի համար: Որովհետև նրանք երբեք չէին համաձայնի մեր ունեցած էքստրեմալ պայմաններում աշխատել: Բայց շվեյցարական ժամացույցի պես աշխատեցինք: Ի դեպ, ֆիլմը նկարել ենք Արամի գյուղում՝ Ամասիայում՝ Հոկտեմբերյանից ոչ հեռու: Ու գյուղացիներն էին անգամ մեզ օգնում:

Ա.Մ. – կարևոր է առանձնացնել նաև ֆիլմի գունապնակը: Ընտրել ենք “Chiaroscuro” տեխնիկան, այսինքն Կարավաջոյի գույները փորձել ենք բերել էկրանի վրա: Նույնիսկ կադրեր կան, որ կրկնում են Կարավաջոյի կտավների տեսարանները, ուղիղ օմաժ են:

Եթե ճիշտ եմ հասկանում, Ձեզ համար խորհրդանշական է լույսը, լույսի հետ խաղը… Եվ դա կարևոր է եղել ոչ միայն «Սիգմա»-ում:

Ա.Մ. – Գուցե պաթետիկ հնչի ասածս… Կարավաջոն աշխարհի իմ ընկալման միջոցն է: Լույսը կարևոր է, որովհետև կյանքն էլ կամ լուսավոր է, կամ խավար: Եթե լույսի և ստվերի համադրությունը ճիշտ չէ, դա առաջին հերթին, իմ կարծիքով, վիրավորում է ֆիլմը դիտողներին: Ֆիլմը կտավից պետք է չտարբերվի:

Ռ.Ծ. – Արամը վիզուալի ռեժիսոր է, հայրը նկարիչ է, դա մեծ ազդեցություն է ունեցել: Նաև հետաքրքիր բան կա. Արամի հետ սկսել ենք աշխատել “Allusion”-ից, որը ևսՄոնտեկատինիում ցուցադրվել է: Արամը քիքբոքսինգի չեմպիոն է, ու ես մտածում էի՝ ուղղակի հերթական ֆիլմն է, մոնտաժելու ենք անցնենք առաջ ու չհասկանանք իրար: Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ Արամն անսահման նվիրված է կինոյին ու հետաքրքիր մտածելակերպ ունի:

Սիգմա, Վատիկան Արամ Մանուկյան

Ի՞նչն էր ամենաբարդը ֆիլմի ստեղծման ընթացքում կամ հետո:

Ա.Մ. – Ունեինք բյուջեի խնդիր: Նկարահանման համար նախատեսված էր 5 օր, բայց պետք է 3 օրում հասցնեինք, ունեինք մշակած լուծումներ, որ ավելի էին հարստացնելու ֆիլմը, բայց ստիպված էինք այլ տարբերակներ գտնել: Դա ամենաբարդն էր, երբ պետք է հրաժարվես որոշ գաղափարներից: Որովհետև ես իմ գլխում ֆիլմն արդեն նկարել էի:

Պետությունը ներգրավվածություն ունեցե՞լ է ֆինանսավորմանը:

Ա.Մ. – LetMeProduction-ի ոչ մի ֆիլմ երբեք պետական միջոցներով չի ֆինանսավորվել, նախ՝ մենք չենք դիմել: Ժամանակին Կինոկենտրոնն էր, իրենց երբեք չենք դիմել, որովհետև ես համաձայն չէի ֆիլմերի ընտրության իրենց քաղաքականությանը: Կարողացել ենք մեզ անհրաժեշտ գումարը աշխատել՝ ուրիշ գործունեություն ծավալելով, և աջակցություն ստանալ կինոյին նվիրված մարդկանց միջոցով, խոսքը փոքր գումարների մասին է: Ինչ վերաբերում է ֆինանսականից դուրս աջակցությանը… Մեզ լրջագույն աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռը:

Կարդացի, որ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությունն եք ստացել «Սիգմայի» համար:

Ա.Մ. – Մեր Production-ի բոլոր անդամները հրավեր էին ստացել Վատիկանից: Իրենց նամակ գրեցինք, որ բոլորը չեն կարող ներկա գտնվել՝ հասկանալի պատճառներով: Վատիկանը և իտալական կողմը ճանապարհորդության ֆինանսավորման մեծ մասը ծածկեցին, խոսքը կազմակերպչական բաղադրիչի մասին է: Վատիկան ենք գնացել 6 հոգով, Մայր Աթոռը 4 հոգու ծախսերը վերցրել է իր վրա: Նաև դիմել էինք Հիմնադրամին, և իրենք Նախարարության միջոցով մեր խմբի 2 անդամի ծախսերը հոգացին: Բայց եթե դա էլ չարվեր, ֆիլմը ցուցադրվելու էր Վատիկանում:

Սիգմա, Արամ Մանուկյան, Վատիկան

Ինչպես ստացվեց, որ ֆիլմը ցուցադրվեց Վատիկանում, ո՞ր ծրագրի շրջանակում դա հնարավոր դարձավ: Շատ ռեժիսորներ հիմա գուցե մտածեն՝ «մենք էլ ենք ուզում մեր ֆիլմը Վատիկանում ցուցադրվի»:

Ռ.Ծ. – Դա բարդ կլինի… Որքան էլ ֆիլմն արժանի լինի, հիմա չի ցուցադրվի Վատիկանում, քանի որ այս ցուցադրությունը հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի ունեցավ, որն անցկացվում է 25 տարին մեկ անգամ:

Ա.Մ. – Վատիկանում Jubilee տարին կաթոլիկ եկեղեցու համար շատ կարևոր իրադարձություն է: Դրան զուգահեռ անցկացվում են մշակութային միջոցառումներ՝ ամեն 25 տարին մեկ: Այս տարվա միջոցառումները կոչվում են “ParoleAperte”: 1 տարվա ընթացքում անցկացվում է 8 միջոցառում, ամեն մեկը բնորոշվում է 1 բառով: Մեր ֆիլմն ընտրվել էր «Լռություն» խորագրով: Լռությունը կաթոլիկ աշխարհում, ընդհանրապես քրիստոնյա աշխարհում Աստծո հետ խոսելու միջոցն է: Մեր ֆիլմում էլ խոսքեր չեն հնչում, թերևս միայն աղոթքը:

Պատմեմ՝ ինչպես է ընտրվել մեր ֆիլմը: Ես Մոնտեկատինիի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ եմ և դեսպանն եմ: Անցած տարի թիմով հրավիրված էինք Մոնտեկատինի, այնտեղ ֆիլմը ցուցադրվեց, բայց մրցույթից դուրս: Ցուցադրությանը ներկա էր պրոֆեսոր ՋոնարոԿոլանջելոն, որը Jubilee միջոցառման գեղարվեստական ղեկավարն է: Նա ասաց, որ ֆիլմը կարող է ցուցադրվել Վատիկանում: Մենք մինչ այդ թիմի ներսում ասում էինք՝ «պատկերացնո՞ւմ եք՝ Վատիկանում ցույց տան «Սիգման»: Ուրախացանք, երբ առաջարկը ստացանք, բայց իմացանք, որ մեր ֆիլմից բացի 1000-ից ավելի ֆիլմ է հավակնում: Եվ պետք է ընտրվեր 3 ֆիլմ, դրանք պետք է 8 կնիք ստանային՝ գեղարվեստական, հոգևոր և այլն, և այլն… մինչև Հռոմի պապը: Չէինք հավատում, որ այդ բոլոր փուլերը կհաղթահարենք: Հետո նամակ ստացանք, որ «Սիգման» միակ ֆիլմն է, որ 8 կնիք է ստացել: Պատկերացրեք մեր էմոցիաները:

Մի հետաքրքիր բան էլ: Երբ Վատիկանի ներսում ֆիլմը ցուցադրվում էր, VaticanNews-ն այն ուղիղ եթեր էր տալիս, իսկ այդ ալիքի պոտենցիալ հանդիսատեսը 4 մլն-ի է հասնում: Ցուցադրության ընթացքում մտքով գնացել էի նկարահանման հրապարակ՝ վերհիշում էի՝ ինչ պայմաններում ենք ստեղծել ֆիլմը ու հիմա որտեղ ենք: Այնպես որ, եթե ինչ-որ բանի նվիրվում ես, հավատում ու այդ ուղղությամբ աշխատում, հասնելու ես արդյունքի:

Վատիկանում որպես այդպիսին հայկական ֆիլմերի ցուցադրություն չի կազմակերպվել, Ցեղասպանության մասին ֆիլմ է ներկայացվել, բայց թուրք ռեժիսորի՝ «Սպին»: Իսկ Jubilee տարվա ընթացքում հայկական ֆիլմ երբեք չի ցուցադրվել: Կարդինալը մեզ մոտեցավ ցուցադրությունից հետո ու ասաց, որ Պապը «Սիգման» շատ է հավանել:

Սիգմա, Վատիկան, Արամ Մանուկյան

Նպատակ կա՞ ֆիլմը Հայաստանում ցուցադրելու:

Ա.Մ.  – Այո, բայց…Շատ ենք ուզում Մայր Աթոռում ցուցադրել: Այլ հարցեր էլ կան, ֆիլմին դեռ փառատոնային ընթացք չենք տվել: Զոհել ենք տարբեր փառատոններին մասնակցությունը հանուն Վատիկանի: Հիմա մի քանի փառատոն կա, որ աշխատում ենք այդ ուղղությամբ: Բայց Վատիկանի կայքում ֆիլմը հասանելի է:

Հիմա նոր նախագծեր ո՞ւնեք:

Ա.Մ. – Առաջարկ ունենք Ջորջ Բայրոնի մասին ֆիլմ նկարել՝ իտալացիների պատվերով՝ 6 մասից բաղկացած: Այն պատմելու է՝ ինչպես է Բայրոնը Սուրբ Ղազար կղզում հայերեն սովորել: Նկարահանվելու է Իտալիայում:

Մյուս ֆիլմը, որի վրա աշխատում ենք, հոլիվուդյան հայտնի կոմպոզիտոր Ռոն Ջոնսի ֆիլմն է: Մոնտեկատինիում մեզ հետ ծանոթանալուց ու «Սիգման» տեսնելուց հետո ասաց, որ մենք պետք է իր գաղափարը կյանքի կոչենք: Ռոն Ջոնսը մի հետաքրքիր ցանկ ունի, թե ինչով է ցանկանում զբաղվել մինչև կյանքի վերջ: Այս գաղափարը դրանցից մեկն է: Հիմա այդ սցենարի վրա ենք աշխատում:

Իսկ մյուս մեր ամենակարևոր նախագիծը, որը շատ ամբիցիոզ է ու տևական ժամանակ է՝ աշխատում ենք այդ ուղղությամբ, «Դոլի»-ն է: Նախատեսել էինք, որ կարճամետրաժ է լինելու: Մի շատ լավ գրող կա՝ Հովհաննես Ազնաուրյան: “Allusion”-ից հետո մեծ ցանկություն կար ինչ-որ պատմվածքի հիման վրա ֆիլմ նկարել: Հանդիպեցի Ազնաուրյանի «Դոլի» պատմվածքին: Այն ինձ հուզեց, կապ հաստատեցի հեղինակի հետ ու պատմեցի՝ ինչպես կցանկանայի իմ պրիզմայով ներկայացնել իր պատմվածքը, նա հավանեց գաղափարը: Նշեմ, որ պատմվածքը գրեթե ամբողջությամբ փոխել ենք, մի դետալ է մնացել: Հետո Իտալիայում պրոդյուսերների հետ քննարկեցինք ու ասացին, որ լիամետրաժի պոտենցիալ ունի: 120 րոպեանոց ֆիլմ ենք նախատեսում. կլինի հայ-իտալական համարտադրություն:

Հաշվի առնելով Մոնտեկատինիի փառատոնի նախագահ Մարչելո Զեպիի հետ գործակցությունը՝ սպասե՞նք համատեղ հայ-իտալական նախաձեռնությունների:

Ա.Մ.  – Շատ կան: Մարչելո Զեպին արդեն 4 տարի մեր շատ վստահելի գործընկերն է: Նաև արդեն մի քանի տարի է՝ մեր Production-ը իտալական տարբեր փառատոններում հայկական կարճամետրաժ ժամանակակից և դասական ֆիլմեր է ցուցադրում: Ունենք ռետրոսպեկտիվ ցուցադրություններ՝ ոչ մրցութային, ցուցադրվել են «Ցեխը», «Նոր տարվա գոճին», «Տժվժիկը», «Տերն ու ծառան»: Հիմա Մարչելոյի հետ փորձում ենք առցանց փառատոն անցկացնել՝ «Մոնտեկատինին՝ Երևանում»: Մշակութային այլ միջոցառումներ էլ են նախատեսված:

Հե՞շտ է լինել կինոգործիչ Հայաստանում:

Ա.Մ.  – Հայաստանում կինո նկարելը բավական բարդ է: Մարդիկ մտածում են՝ չես կարող ֆիլմ նկարել, եթե պետական աջակցություն չունես: Սա շատ սխալ մտածելակերպ է: Հատկապես պրոդյուսերների համար այս սահմանափակումը չպետք է լինի: Հարկավոր է փնտրել, անթիվ փառատոններ են անցկացվում, շուկաներ կան: Պետք չէ նստել ու բողոքել՝ այս չեն անում, այն չեն անում: Իհարկե չեն անում՝ դա այլ հարց է: Բայց որ չեն անում, չնկարե՞նք: Եթե կա աշխատասիրություն, արդարացումներ չպետք է լինեն:

Սիգմա, Վատիկան

Մի պաթետիկ հարց՝ ինչպե՞ս հասկացաք, որ հենց կինոյով եք ուզում զբաղվել:

Ա.Մ. – Կինոյով տարվել եմ շատ փոքր տարիքում: Երբ երեխա էի, հանգիստ նստում էի, միայն երբ ֆիլմ էին միացնում: Մանկության իմ ամենասիրելի ֆիլմը եղել է Վիտտորիո դե Սիկայի «Հեծանիվ հափշտակողները», չգիտեմ՝ այդ «կասետը» ինչպես էր հայտնվել մեր տանը: Ոչ մի բառ չէի հասկանում, բայց պատկերը գրավել էր: Ու տարիքի հետ հասկանում էի, որ պետք է տեսախցիկի մյուս կողմում լինեմ: Թատերականն եմ ավարտել, ինչով ասես զբաղվել եմ, բայց ամեն երեկո վերադարձել եմ տուն ու ֆիլմեր նայել, ինքնակրթվել:

Ռոմեն, ենթադրում եմ՝ քո դեպքում ընտանիքն է շատ մեծ դեր խաղացել:

Ա.Մ.  – Հիշենք՝ ում ծոռն է… Բեկնազարյանի:
Ռ.Ծ. – Դա այդքան էլ կապ չունի: Հիշում եմ՝ մայրս իմ ու քրոջս համար քնելուց առաջ միշտ գիրք էր կարդում, ֆիլմեր էլ էինք նայում: Երբ գրքեր էր կարդում, ես կադր էի կառուցում: Մոտ 14-15 տարեկանում մոնտաժի ծրագիր սովորեցի ու օրգանիկ զարգացավ: Հայրս էլ ի դեպ «Սիգմայի» համասցենարիստն է և գլխավոր պրոդյուսերը, ու մեզ փրկողներից մեկն էր իր փորձով:

Առաջարկում եմ հնգական ֆիլմեր խորհուրդ տալ ընթերցողներին: Կարող է թեմատիկ ցանկ լինել՝ այն ֆիլմերը, որոնք, գուցե ենթագիտակցական մակարդակում, ձևավորել են ձեր կինոընկալումը:

Ա.Մ.  – Ես ռեժիսորների կթվեմ՝ ԱկիրաԿուրոսավա, Վիտտորիո դե Սիկա, Պաոլո Սորենտինո, Ֆելինի, Անտոնիոնի, Տարանտինո, Ուես Անդերսոն, Վիսկոնտի, Գոդար, Տրյուֆո և այլն… Բայց անարդար հարց է, որովհետև շատ են ֆիլմերը:

Ռ.Ծ. – Ես հստակ ցուցակ չունեմ: Բայց մի քանիսը կնշեմ…Բերգմանի «Ֆաննին և Ալեքսանդրը», Կուրոսավայի “Ran”, Վոնգ Կար Վայի “AsTearsGoBy”, “Chungking Express”: Նոա Բաումբախի “White Noise” ֆիլմը շատ մեծ ազդեցություն վրաս թողեց, քան ես ակնկալում էի: Ոչ թե արտառոց լավն էր մնացածից, այլ իմ ուղեղում ինչ-որ բան միացավ դիտումից հետո, հատկապես մոնտաժի տեսանկյունից: Նաև կառանձնացնեմ Միյաձակիի և Սատոսի Կոնի գործերը:

Զրույցը՝ Դիանա Գասպարյանի