Իսրայելի կինոարտադրությունն այս օրերին կանգնած է առանցքային շրջադարձի առաջ։ Տարիներ շարունակ կոռուպցիոն մեխանիզմներով և փակ համակարգով պայմանավորված ոլորտը այժմ էլ ավելի խստորեն է հայտնվում պետական վերահսկողության ներքո։ Վերջերս տեղի ունեցած զարգացումները՝ ներառյալ պետական ֆինանսավորման համակարգի վերաձևավորումը աջակողմյան կառավարության կողմից, հարված են ոչ միայն կինոգործիչներին, այլև՝ ազատ արտահայտման և մշակութային բազմազանության ինստիտուտին։

Մենք ցանկանում ենք հրավիրել հասարակության և համապատասխան պետական մարմինների ուշադրությունը Իսրայելի կինոարտադրության պետական ֆինանսավորման ոլորտում տևական ժամանակ շարունակվող լուրջ անհամաչափություններին և հնարավոր կոռուպցիոն պրակտիկաներին: Վերջին տարիներին հանրային և մասնավոր աղբյուրների զեկույցները փաստում են, որ Ռաբինովիցի և Գեշերի հիմնադրամներում, որոնք առանցքային դեր ունեն Իսրայելի կինոֆինանսավորման ոլորտում, կառավարման և ֆինանսավորման որոշումների գործընթացները շուրջ երկու տասնամյակ գտնվել են նույն անձանց ազդեցության ներքո։ Այս իրավիճակը լուրջ կասկածներ է առաջացնում շահերի բախման և փակ համակարգի գործարկման վերաբերյալ։ Ավելին, Իսրայելի կինոֆոնդի ֆինանսավորման մնացած 50%-ը հիմնականում բաշխվում է սահմանափակ շրջանակի մասնակիցների միջև, որոնք սովորաբար հանդիսանում են երկրի երկու առաջատար կինոդպրոցների շրջանավարտներ։ Նրանք հաճախ միաժամանակ հանդես են գալիս թե՛ որպես ռեժիսորներ, թե՛ որպես ընտրող հանձնաժողովների անդամներ: Այս ներփակված  համակարգը տարիներ շարունակ խոչընդոտել է  անկախ ստեղծագործողների մուտքը ոլորտ։

Վերջին շաբաթներին սակայն, կառավարությունը ոչ միայն չեղարկել է մինչ այժմ գործող ֆինանսավորման սկզբունքները, այլև ներդրել է մեխանիզմներ, որոնք ըստ մասնագետների, էլ ավելի են խարխլում  համակարգի թափանցիկությունն ու անկախությունը։ Իսրայելի կինոքննադատների խորհրդի որոշմամբ՝ արգելվել է 1948 թվականի պատերազմի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որի վկայությունը  ավելի քան 50 ֆիլմերի մասնակցության չեղարկումն է  DocAviv փառատոնին: Շատ ստեղծագործողներ անգամ չեն արձագանքել փառատոնի հրավերին՝ բոյկոտելով այն։

Ստեղծված իրավիճակում կինոգործիչները ոչ միայն ֆինանսական, այլև մշակութային մեկուսացման են ենթարկվում։ Միջազգային փառատոների և հանդիսատեսի արձագանքը միանշանակ է՝  իսրայելական ֆիլմերը, անկախ բովանդակությունից, ընկալվում են որպես քաղաքականապես լիցքավորված արտադրանք, ինչը բարդացնում է նրանց տարածումը և համատեղ արտադրության հնարավորությունները։ Ներդրումներ կատարել իսրայելական կինոյում՝ ներկայում հավասար է ֆինանսական ռիսկի։

Այս զարգացումների ֆոնին արժե հիշել նաև Կաննի կինոփառատոնում 2019-ին տեղի ունեցած աղմկոտ միջադեպը, երբ ժյուրիի անդամներից մեկի շահերի բախման հետևանքով առաջացան լուրջ կասկածներ մրցանակաբաշխության արդարության վերաբերյալ։ Վեց տարի անց փառատոնից դեռ չկա պաշտոնական արձագանք, և ներգրավված անձինք շարունակում են պաշտոնավարել ոլորտում։

Իսրայելական կինոարդյունաբերությունը կանգնած է լուրջ խնդրի առաջ՝ շարունակել փակ ու կոռումպացված համակարգի գոյությունը, թե բացել դռները նորարարության և մշակութային անկաշկանդության համար։ Այդ ընտրությունը միայն ներքին հարց չէ․ այն ազդում է ամբողջ տարածաշրջանի և միջազգային կինոհանրության վրա։

Կինոինդուստրիայի վերլուծաբան՝ Գաբրիել Մորո

 (Մշակութային քաղաքականության և համաշխարհային փառատոնային համակարգերի վերլուծաբան)