Հայաստանն ու հայ ժողուվո՞ւրդն են փոքր, թե՞ հայկական տոհմիկ, ազնվազարմ գերդաստանները տվել են տարբեր ոլորտներում առանցքային դեր ունեցող գործիչներ,  որոնց ընտանիքի անխտիր բոլոր անդամները եղել են շնորհալի ու մեծանուն մարդիկ, պատմությանն ու սերունդներին թողել իրենցով հպարտանալու հարուստ կենսագրություն։ Դժվար է գտնել այս ֆենոմենի ակունքը։

Ռուզաննա Բագրատունյանի հեղինակած «Համր կինոյի խոսուն կանայք» հանրամատչելի ժողովածուն, որ բացահայտում ու ներկայացնում է հայկական, ինչպես նաև ռուսական ու արևմտյան համար կինոյի պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած հայ կանանց, հիմք է դառնալու, որ ուսումնասիրության հետքերով նոր պատմություններ ի հայտ գան, գրքի հերոսուհիների ժառանգները կամ նրանց առնչվող այլ մարդիկ լրացուցիչ տեղեկություններ հաղորդեն, արխիվային նյութեր ցույց տան։

Ժողովածուի տպագրությունից հետո հեղինակի հետ կապ է հաստատել պատկերազարդ  գրքի հերոսուհիներից մեկի՝ Երանուհի Ադամյանի ժառանգներից մեկը՝  Գեորգի Նազարյանը։ Դերասանուհին նրա մեծ տատն է։

Ահա հենց այս առիթով էլ  Kinoashkharh-ը զրուցել է Գեորգի Նազարյանի հետ՝ բացահայտելով պատմության ու հատկապես մեր բեմարվեստի հինավուրց էջերում թաքնված որոշ գործիչների մասին անգնահատելի տեղեկություններ։ Ընդ որում՝ մի հանդիպում-զրույցի ընթացքից պարզ դարձավ, որ  շղթայական միմյանց հետ կապված են տարբեր դեմքեր՝ այդ թվում պատմական ու քաղաքական գործիչներ։

Զբոսաշրջության ոլորտում է աշխատում Ադամյանների տոհմից սերված երիտասարդը, զբաղվում հավաքչական աշխատանքով, հետաքրքրված է Հայաստանի առաջին հանրապետության այդ կարճ ընթացքի պատմությամբ, մեր պետական այրերի գործունեությամբ։ Գեորգի Նազարյանն ուսումնասիրություններ է կատարել տարբեր արխիվներում, այդ ճանապարհին բացահայտել   իր մեծ տատի ու պապի և պատմական, մշակութային հզոր անհատների հետ առնչություններ, բարեկամություն ու ընդհանուր պատմություն։ Գեորգիի  նախատատը եղել է դերասանուհի Երանուհի Ադամյանը՝ հայկական համր կինոյի անմար աստղերից մեկը, նախապապը՝ Արշավիր Տեր-Մկրտչյանը,  Հայաստանի  առաջին  հանրապետության  պառլամենտի դիվանապետն է եղել:

 

 

 

Եվ այսպես, Գեորգի Նազարյանը պատմում է.

-Մինչ թատերական գործունեությունը,  Երանուհի Ադամյանը Երևանի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցում ռուսերենի ուսուցչուհի է եղել, նրա ամուսինը՝ մեծ պապս, Արշավիր Տեր-Մկրտչյանը (Հայաստանի առաջին հանրապետության  խորհրդարանի դիվանապետ) ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, որտեղ նրա ուսուցիչներն են եղել նաև Կոմիտաս վարդապետ Սողոմոնյանը և ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը։ Նրա դասընկերների թվում էին Սիմոն Վրացյանը ( Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ), Անուշավան Տեր-Միքայելյանը, Եփրեմ Սարգսյանը, (Հայաստանի առաջին խորհրդարանի կրտսեր քարտուղարներ), հայտնի մանկավարժ Արշավիր Շավարշյանը և այլք։

Կոմիտասը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները, 1904 թ. սեպտեմբերի 30-ը

Կոմիտասը և Գևորգյան ճեմարանի սաները (1904 թ.): 

Արշավիրը ձայնային հրաշալի տվյալներ է ունեցել, որի համար էլ նրան ցանկացել են ուղարկել Իտալիա՝ վերապատրաստման։ Բայց, հենց այդ ժամանակ էլ նա սիրահարվում է Երանուհուն։ Մի կողմ դնելով Իտալիա մեկնելու գաղափարը,  խնդրում է Կոմիտասին, որ հենց նա գնա խնամախոսության՝  խնդրելու Երանուհու ձեռքը։ Այդպես Արշավիրն ու Երանուհին ամուսնանում են։

1910-ական թվականներին Արշավիրը Երևանի թեմական դպրոցներում ուսուցչություն է արել։ Հետագայում արդեն, Խորհրադային շրջանում աշխատել է  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես  գլխավոր ադմինիստրատոր։ Բացի այդ, նա Համո Բեկնազարյանի հրավերով նկարահանվել է  «Զարե» (Ջեմալ) և «Խասփուշ» (պարսիկ աղա)  ֆիլմերում:Դեա Մկրտչյան,1928 թ.

Երանուհին ու Արշավիրը ունեցել են երկու դուստր։ Ավագ դստերը՝ Դեայի, անունը տվել է քեռին՝ ի պատիվ Վիկտոր Հյուգոյի հերոսուհու։ Կրտսեր դուստրը՝ Իդա Տեր-Մկրտչյանը, դարձավ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։ Իդան երկար տարիներ աշխատել է Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, խաղացել է «Հեղնար աղբյուրը», «Երջանկության մեխանիկան» և այլ ֆիլմերում։ Իդան ամուսնացել է դրամատուրգ Արարատ Բարսեղյանիհ ետ: Նրանց դուստրը՝ Գայանե Բարսեղյանը, երկար տարիներ  երգել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ որպես առաջատար երգչուհի, ապա բեմադրիչ-ռեժիսոր, նաև եղել է փոխտնօրեն։ Ներկայումս, նա բնակվում է  ԱՄՆ-ում։ Վարում է «AABC TV» հեռուստաալիքի «NARCISSUS TV» հաղորդաշարը։ 2016-ին Պարոնյանի անվան թատրոնում ներկայացրեց  «Արցախ, իմ սեր» և «Պըլը-Պուղի» բեմադրությունները։

Ադամյանները մտերիմ հարաբերություններ են ունեցել  Համո Բեկնազարյանի ընտանիքի հետ։ Համոյի քույրը՝ Գայանեն, եղել է Երանուհու դուստրերից մեկի կնքամայրը։

Գիտեմ նաև, որ նախատատիս՝ Երանուհի Ադամյանին ներկայացրել էին  ՀՀ վաստակավոր արտիստուհու կոչմանը, սակայն չի հասցրել ստանալ, մահացել է 44 տարեկանում։ Դուստրերն  էլ չեն պնդել, որ իրենց մայրը թեկուզ հետմահու ստանա այդ կոչումը։

Դերասանուհի Երանուհի Ադամյանի տոհմի մասին այս պատմությունը բացահայտվել է «Համր կինոյի խոսուն կանայք» գրքի հրատարակումից հետո, հետևաբար, ժողովածուում չի ներառվել։ Այսինքն՝ գիրքը կարող է դառնալ ոչ միայն նոր ուսումնասիրությունների, կինոգիտական վերլուծությունների նյութ, այլև հետագայում վերահրատարակվել՝ ներառելով այսուհետ բացահայտվելիք նոր պատմությունները, հուշերը, վկայություններն ու արխիվային փաստաթղթերը։

Հ.Գ.1.- Երանուհի Ադամյանի հայրը եղել է Համբարձում Ադամյանը, մայրը՝ Համասփյուռ Ալոյանը՝ հեղափոխական Գալուստ Ալոյանի քույրը։ Երանուհին ունեցել է  երեք եղբայրներ։ Ավագը՝ Լևոն Ադամյանը, հայտնի թոքաբան  էր։ Նրա որդին՝ թավջութակահար ու կոմպոզիտոր Գուրգեն Ադամյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր ։ Միջնեկ եղբայրը՝ Հայկը  ճարտարապետ էր: Բաքվում՝ նրա նախագծերով  բազմաթիվ շենքեր են կառուցվել։ Կրտսերը՝ Արամը, ինժեներ է եղել։

Ի դեպ, Դրաստամատ Կանայանի առաջին կինը՝ Արփինեն,  Համասփյուռի եղբոր՝ Ալեքսանդր Ալոյանի դուստրն էր։ Ադամյանները բնիկ երևանցիներ են եղել։ Շահ Աբասի ժամանակներում նրանց արտաքսել են Իսպահան։ Հեղափոխական Գալուստ Ալոյանի հայրը Խոյ քաղաքից էր, իսկ Գալուստն արդեն ծնվել է Երևանում:

Հ.Գ.2– Մեծ պապիս հայրը՝ Մկրտիչ Տեր-Մկրտչյանը, քանաքեռցի է եղել, Պողոս-Պետրոս եկեղեցու  (Մոսկվա կ/թ-ի տեղում) քահանան։ Նա նաև եղել է Երևանի թեմի կոնսիստորիայի անդամ ու Գայանյան օրիօրդաց  վարժարանի  հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Արշավիր Տեր-Մկրտչյանի եղբայրը՝  Արտավազդ  Տեր-Մկրտչյանը, ծառայել է  Ռուսական բանակում, ապա՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում՝ որպես ինժեներական պահեստի պետ։

Աղբյուր՝ Երանուհի Ադամյան

Կինոաշխարհ