Երանուհի Ադամյանը կինոխցիկի առջև է հայտնվել 1925 թվականին՝ հայ կինոյի անդրանիկ՝ «Նամուս» ֆիլմի ստեղծման ժամանակ: Նրան հանձնարարված էր ոչ մեծ դեր՝ մարմնավորել երեք բամբասող կանանցից մեկին: «Դերասանուհին հաճախ է հայտնվում «խոշոր պլանով». լարված ու կենդանի շարժումներ, սուր, շատ բան ասող հայացք, միշտ արագ շարժվող ու շարունակ ինչ-որ բան ասող շուրթեր, խոսուն ու պտտվող աչքեր: Այսպես հիանալի էր բնութագրվում սև գործ կատարող, բամբասող կինը» (Էկրան, 1986, թիվ10): 

 Երանուհի Ադամյանը ծնվել է 1887 թ․ Երևանում։ Նա առաջիններից էր, որոնք հրավիրվել էին Հայաստանի  պետական թատրոն (հետագայում Գ. Սունդուկյանի անվան): Նրան  թատերական աշխարհում ճանաչում էին Ադելլա  բեմական անունով: Ադելլայի դերասանական ծաղկուն շրջանը 1920-1930 թվականներն են։ Այդ շրջանում դերասանուհու հաջողությունները թատերարվեստում աննախադեպ էին։

Ադելլան կինեմատոգրաֆիա է եկել թատրոնից, սակայն ելնելով բեմում ստեղծած նրա վառ կերպավորումներից, ինչպիսիք էին Շուշանը («Պեպո»), Ոստիանը («Քաջ Նազար»), Քեթևանը («Խաթաբալա»), Մարիան («Լյուբով Յարովայա»), Կուպչիխան («Ռևիզոր»), պանդոկի տիրուհին («Անսանձ կնոջ սանձահարումը») և հատկապես Հոռոմը («Դատաստան»), Համո Բեկնազարյանը նրա մեջ տեսել է նաև կինոյում ապագա խոստացող դերասանուհուն: Ռեժիսորին գրավել են հատկապես Ադելլայի բեմական արտաքինը, խարակտերներ ստեղծելու վարպետությունը և կինոյի նկատմամբ կրքոտ սերը:

Այս ամենը նպաստել է, որ Բեկնազարյանը դերասանուհուն հրավիրեր մասնակցելու նաև «Զարե» (1926) կինոնկարի ստեղծման աշխատանքներին: Մեծ չէր լինելու Ադելլայի դերը ֆիլմում: Նա Թեմուր բեկի (Մ. Գարագաշ) կարգադրությամբ, որն այրվում էր Զարեի հանդեպ սիրուց, պատմելու էր չքնաղ քրդուհու մասին, նկարագրելու էր վերջինիս գեղեցկությունը: «Երբ տրվում է նկարահանումն սկսելու ազդանշանը և կոտրատվելով ու միջնորդ կանանց հատուկ խորամանկ ժպիտը դեմքին հրապարակ է իջնում քրդուհու զգեստ հագած դերասանուհին, մի պահ բոլորը հիացած այն պատրանքն են ապրում, թե բեկին մոտեցողը ամբողջ կյանքը Արագածի լանջերին բնակվող քրդուհի է» (Հ․Բեկնազարյան «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի», Եր., 1968, էջ 150-155) ։

Ցավոք, դերի ծավալը դերասանուհուն հնարավորություն չի տվել ֆիլմի կենտրոնական գործող  անձերի կողքին դառնալու նրանց նման առավել ցայտուն: Սակայն միայն դրվագային տեսարաններով հիշողության մեջ մնալն էլ մեծ պատիվ է եղել նրա համար:

Ադելլան վերամարմնավորման նախանձելի ձիրքով հատկապես աչքի է ընկել իր երրորդ կինոդերով: «Շոր և Շորշոր» (1926) ֆիլմում նա խաղացել է Շորշորի կնոջ՝ Հերիքնազի դերը: Սա բոլորովին ուրիշ, նույնիսկ արտաքինով նախորդներին ոչնչով չհիշեցնող կերպար էր: Այստեղ դերասանուհին ձգտել էր նաև կատակերգականի՝ հայ իրականության կոլորիտային կերպարների մեջ կոմիկականը տեսնելու, ազգային հումորի զգացողությունը ցուցադրելու, էքսցենտրիկ ու գրոտեսկային կերպար ստեղծելու նպատակին:

Հետագայում Երանուհի Ադամյանը նկարվել է «Խասփուշ» (1927)  և «Ղուլը» (Անթառամ,1927) ֆիլմերում։

Ադելլայի կյանքում մեծ դեր է խաղացել շփումը հայ կինոյի մեծ վարպետ Հ. Բեկնազարյանի հետ: Նրա հետ աշխատելը և՛ հեշտ էր, և՛ ուսանելի: Կինոաշխարհում ունեցած այդ հաջողությունը նկատում էին նաև հայ մյուս ռեժիսորները և նոր դերեր առաջարկում շնորհալի դերասանուհուն: Հ. Մարտիրոսյանի «Մեքսիկական դիվանագետները» (1931) ֆիլմում նա նկարահանվել է մինիստրի կնոջ դերում, իսկ Պատվական Բարխուդարյանը «Երկու գիշեր» (1932) կինոնկարում նրան վստահել է  գլխավոր հերոսի՝ Բենոյանի մոր դերը:

Ավաղ, անժամանակ մահը (1931թ․) անկատար թողեց 44-ամյա դերասանուհու  շատ մտահղացումներ: Բնությունը Երանուհի Ադամյանին օժտել էր բեմական գեղեցկությամբ, դերասանական տաղանդով և հիանալի անհատականությամբ: Թեպետ նա չհասցրեց լիովին դրսևորել իր դերասանական տաղանդը, այնուամենայնիվ նրան հաջողվեց կինոյում, թեկուզ ոչ ծավալուն դերերով, զուսպ արտահայտչամիջոցներով բացահայտել կերպարների բնավորությունը՝ ապացուցելով, որ ոչ մեծ դերերում էլ կարելի է հասնել կերպարի ամբողջականության: Նա իր վաղաժամ ընդհատված կյանքի ընթացքում հասցրեց խաղալ յոթ համր ֆիլմերում, սակայն չհասցրեց արժանանալու  Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, թեպետ արդեն ներկայացված էր նրա թեկնածությունը:

Անգլերեն տարբերակն  այստեղ

«Համր կինոյի խոսուն կանայք» ժողովածուից

Հեղ.՝ Ռ.Բագրատունյան