Կանն-2025-ն ընդդեմ պատերազմների ու բռնությունների
«Նա ծնվել է Կաննի փառատոնում։ Նրա համեստ, հզոր տաղանդի պակասը միշտ կզգանք։ Թույլ տվեք մեր փառատոնի բացման արարողությունը նվիրել Էմիլի Դեկենին», – այս խոսքերով է դերասան Լորան Լաֆիտը դիմել Լյումիերի մեծ դահլիճում հավաքվածներին՝ հայտարարելով Կաննի կինոփառատոնի բացման մասին:
Նա հիշատակել է և այլ դերասանների, որոնք մեծ ներդրում են ունեցել կինոյի ոլորտում, հորդորել լինել խիզախ: «Քանի որ միայն քաջ մարդիկ կարող են ֆիլմեր նկարել: Միշտ ինքներս մեզ հարց ենք տալիս՝ արդյո՞ք կինոն կարող է փոխել աշխարհը։ Մենք նրանից պահանջում ենք ավելին՝ ներառականություն և հավասարություն… Եթե այս պայմանները հաշվի են առնվում, ուրեմն, իհարկե, կինոն կարող է փոխել աշխարհը։ Երբեմն բավական է պատմել մի տղամարդու ու մի կնոջ պատմություն և այդպիսով անդրադառնալ համամարդկային արժեքներին», – նշել է Լաֆիտը՝ վերհիշելով Կաննի 78-րդ կինոփառատոնի պաստառը՝ Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմից:
Այնուհետև բեմ են բարձրացել ժյուրիի 9 անդամները՝Հոլի Բերին, Պայալ Կապադիան, Ալբա Ռորվահերը, Լեյլա Սլիմանին, Դյեուդո Համադին, Հոնգ Սանսուն, Կառլոս Ռեյգադասը, Ջերեմի Սթրոնգը և ժյուրիի նախագահ Ժուլիետ Բինոշը:
Ֆրանսուհի Բինոշն իր ելույթում նշել է աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը՝ հորդորելով ներկաներին լինել հանդուրժող, վստահել, միավորվել, բուժել տգիտությունը, չվախենալ, չլինել եսասեր և հպարտ, գնահատել և վերագտնել համեստությունը։
«Աշխարհի բոլոր անկյուններում արվեստագետներն ամեն օր պայքարում են և իրենց դիմադրությունը վերածում արվեստի։ Ապրիլի 16-ին Գազայում 25-ամյա լուսանկարիչ Ֆաթիմա Հասունան և նրա հարազատները սպանվեցին հրթիռային հարվածից։ Մահից մեկ օր առաջ նա իմացել էր, որ իր մասնակցությամբ ֆիլմը մասնակցելու է Կաննի փառատոնին։ Ֆաթիման պետք է այսօր մեզ հետ լիներ… Արվեստն անմահ է, այն մեր կյանքի և երազանքների հզոր վկան է: Թող Կաննի փառատոնը, որտեղ ամեն բան կարող է փոխվել, լինի այդ նպատակի մի մասը», – նշել է Ժուլիետ Բինոշը։
Լյումիերի մեծ դահլիճում հարգանքի տուրք են մատուցել նաև այս տարվա հունվարին կյանքից հեռացած Դեյվիդ Լինչին։ Մեծ ռեժիսորին նվիրված կատարումով հանդես է եկել երգչուհի Միլեն Ֆարմերը:
Ներկաները ծափողջյուններով են դիմավորել ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոյին, որը Մարտին Սկորսեզեի հետ հանդիպման և մասնագիտական նոր հորիզոնների համար ինչ-որ առումով պարտական է այդ թվում Ռոբերտ դե Նիրոյին, և որին էլ հենց դի Կապրիոն է հանձնել Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը»։
«Ռոբերտ դե Նիրոն տարիներով ոգեշնչել է շատ դերասանների գտնել իրենց ուղին, մասնագիտանալ, տրանսֆորմացվել:Նա պարզապես մեծ դերասան չէ՝ Նա ԴԵՐԱՍԱՆ է։ Ռոբերտ դե Նիրոն և Սկորսեզեն միասին պատմել են կինոյի ամենահիասքանչ պատմությունները։ Նրանք պարզապես ֆիլմեր չեն ստեղծել, նրանք վերաիմաստավորել են կինոն», – ասել է դի Կապրիոն։
Ի պատասխան՝ կինոյի լեգենդը ելույթով դիմել է հավաքվածներին, կոչ արել գործել հանուն ազատության և ժողովրդավարության:
«Իմ երկրում մենք ատամներով և եղունգներով պայքարում ենք՝ պաշտպանելու ժողովրդավարությունը՝ այն, ինչը նախկինում համարվում էր ի վերուստ տրված պարգև։ Սա վերաբերում է բոլորին։ Որովհետև արվեստն իր էությամբ ժողովրդավարության մաս է, արվեստը ներառականության մասին է, այն միավորում է մարդկանց։ Արվեստը ազատության ձգտումն է։ Այն վտանգված է։ Իսկ մենք՝ արվեստագետներս, սպառնալիք ենք ավտոկրատների ու ֆաշիստների համար։ Պետք է գործենք՝ հիմա։ Առանց բռնության, բայց վճռական։ Նրանք, ովքեր հավատում են ազատությանը, պետք է բողոքեն, մասնակցեն ընտրություններին», – հայտարարել է դերասանը։
Բացման արարողությունն ամփոփել է ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն՝ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ՝ 78-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԲԱՑՎԱԾ Է»:
Այնուհետև ցուցադրվել է ԱմելիԲոնենի դեբյուտային “Partirunjour” ֆիլմը:
Դիանա Գասպարյան


