Կաննը պատվեց Ռոբերտ դե Նիրոյին
Կաննի միջազգային կինոփառատոնի բացմանն այսօր հանրահայտ ամերիկյան դերասան Լեոնարդո դե Կապրիոն «Ոսկե արմավենու ճյուղ» է հանձնել լեգենդար դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ դե Նիրոյին՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած վաստակի համար։ Նրաք միասին խաղացել էին «Ծաղկային լուսնի մարդասպանները» ֆիլմում։
Ֆրանսիական Կաննի այս տարվա ժյուրին գլխավորում է անկրկնելի Ժուլիետ Բինոշը: Ժուլիետ Բինոշը նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում, 2010 թվականին Կաննում արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ Աբաս Քիառոստամիի “Certified Copy” ֆիլմի համար:
Ամենահեղինակավոր մրցանակների (Օսկար, BAFTA, Սեզար, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոններ) դափնեկիր Ժուլիետ Բինոշն իր երկարամյա գործունեության ընթացքում միշտ վստահել է զգացմունքներին և պահի անորսալի ճշմարտությանը: Անկասկած, հենց դա է պատճառը, որ նա այդքան տարբեր է և անկանխատեսելի: Բինոշը բազմազանության կողմնակից է՝ ֆիլմեր, հեռուստասերիալներ, թատրոն, պար, երաժշտություն, նկարչություն:


