«Լի» կենսապատումը Քեյթ Ուինսլեթի գլխավոր դերակատարմամբ պատմում է աշխարհահռչակ կին լուսանկարիչ Լի Միլերի մասին, որն անցել է հիրավի հետաքրքիր ու ինտրիգային ճանապարհ՝ Vogue հանդեսի մոդելից դառնալով լեգենդար ռազմական թղթակից։ Ներկայացնում ենք մի քանի կենսապատում կինոնկարներ, որոնք ներկայացնում են մեր իրականության ամենից հետաքրքիր և նշանային մասնագիտություններից մեկի՝ լուսանկարիչների պատմությունները՝ Ջոնի Դեպի, Նիկոլ Քիդմանի և Ռոբերտ Պատինսոնի մասնակցությամբ։

«Լի» կամ «Մեծը»՝ ռեժիսոր՝ Էլեն Կերաս (2023 թ․)

Ներկայացնում է լեգենդար լուսանկարիչ Լի Միլերի կյանքի հանգամանալից պատմությունը։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Քեյթ Ուինսլեթը։ Լի Միլերը մոդել էր ու լուսանկարիչ, ով մտերմություն էր անում այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են՝ Պիկասոն, Էլյուարը, Կոկտոն։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մեկնում է ռազմաճակատ եւ դառնում ռազմական թղթակից։ Նրան հաջողվում է տեսագրել Նորմանդիա ափհանումն ու Փարիզի ազատագրումը, Դախաուի եւ Բուխենվալդի վերջին օրերը, դառնալ ռեպորտաժային լուսանկարների կենդանի խորհրդանիշներից մեկը։ Ֆիլմի ռեժիսորը Էլեն Կերասն է, ով մինչ այս կինոնկարը եղել է օպերատոր Ջարմուշի ու Գոնթրիի մոտ, ինչպես նաեւ նկարահանել է սերիալներ։

 «Մինամատա»՝ ռեժիսոր Էնդրյու Լևիտաս (2020 թ․)

Ներկայացնում է Վիլյամ Յուջին Սմիթի կյանքի պատմությունը։ Վերջինս պատմության մեջ է մտել որպես իր ժամանակների լավագույն մասնագետներից մեկն ով աշխատել է 35 միլիմետրանոց խցիկով։ Աշխատել է որպես գլխավոր ռազմական թղթակից Life հանդեսում՝ Միացյալ Նահանգների՝ Ճապոնիայի վրա հարձակման ժամանակ։ Վիլյամ Յուջին Սմիթի շնորհիվ է լուսաբանվել Մինամատա քաղաքի բնապահպանական աղետը, որի բնակիչները մահացել են սնդիկի միացություններից թունավորվելուց։ Գլխավոր հերոսին մարմնավորում է Ջոնի Դեպը։ Կինոնկարը կառուցված է Յուջին Սմիթի՝ Ճապոնիա երկարատեւ գործուղման շուրջ։ Այդ գործուղման ընթացքում նա անում է հազարավոր լուսանկարներ, հասարակության ուշադրությունն է հրավիրում չափազանց լուրջ աղետի վրա եւ դառնում մարդասիրական լուսանկարչության խորհրդանիշներից մեկը։

«Մորթի․ Դիանա Արբուսի երեւակայական դիմանկարը»՝ ռեժիսոր Սթիվեն Շեյնբերգ (2006 թ․)

Դիանա Արբուսը մեծ փառքի է հասել իր անսովոր եւ ոչ ավանդական աշխատանքներով։ Նա կիսվել է ֆոտոսյուժեներով, որտեղ պատկերված են եղել հասարակության մարգինալ շերտերն ու հատուկ արտաքին ունեցողները։ Դրա շնորհիվ կարողանում է ստեղծել առանձնահատուկ գեղագիտություն։ Արբուսի լուսանկարները դառնում են հետազոտող Սյուզան Զանթագի ուսումնասիրությունների նյութը։ Նաեւ կարծվում է, որ Սթենլի Կուբրիկն իր «Փայլատակում» կինոնկարի համար երկվորյակների ահարկու պատկերը վերցրել է հենց Արբուսից։ Ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Նիկոլ Քիդմանը։ Ռեժիսորն է Սթիվեն Շեյնբերգը։

«Լայֆ»՝ ռեժիսոր Անտոն Կորբեյն (2015 թ․)

Անտոն Կորբեյնի այս դրաման ներկայացնում է դերասան Ջեյմս Դինի եւ «Լայֆ» հանդեսի լուսանկարիչ Դենիս Սքոթի ընկերության պատմությունը։ Ե՛վ մեկը, և՛ մյուսն ունեին բարդ ու ծանր բնավորություն, սակայն դա չէր խանգարում, իսկ ավելի շուտ՝ նաև օգնում էր, որպեսզի զգային փոխադարձ համակրանք։ Գլխավոր դերերում հանդես են եկել Դեյն Դե Խաանը եւ Ռոբերտ Պատինսոնը։ Աստղային կազմը լրացրել է Բեն Քինգսլին։

«Անմոռանալի պահեր»՝ ռեժիսոր Յան Թրուել (2008 թ․)

Սա կինոնկար է Մարիա Լարսոնի մասին։ Լարսոնը յոթ երեխաների մայր է։ Նա բնակվում է Շվեդիայում եւ բացարձակապես անակնկալ կերպով իր մեջ բացահայտում է լուսանկարչի տաղանդ։ Հերոսուհին քսաներերոդ դարի սկզբին զբաղվում է նկարահանումներով, որոնք կմնային մոռացության մատնված, եթե 1986 թվականին սցենարիստ Ագնետա Ուլֆսետեր-Թրուելը չգտներ նրա աշխատանքներով ալբոմը եւ գիրք չգրեր նրա մասին, որն էլ հետագայում դառնում է կինոնկար։

 «Էդվարդ»՝  ռեժիսոր Քայլ Ռայդաութ (2015 թ․)

Ներկայացնում է կանադացի փորձարար լուսանկարիչ Էդվարդ Մեյբրիջի կյանքի պատմությունը։ Վերջինս հանդիսանում է ժամանակագրական լուսանկարչության հիմնադիրն ու ցուպրակսիսկոպի գյուտարարը։ Ըստ էության նրա՝ շարժվող պատկերներով աշխատանքները մեծ նվաճում դարձան կիեմատոգրադիայի ոլորտում։ Նախագծի հեղինակներն են Քայլ Ռայդաութն ու Ջոշ Էփշտեյնը։ Երկուսն էլ նախքան այս կինոնկարի ստեղծումը, բեմադրություններ են արել Մեյբրիջի մասին։

 «Մենք կնվաճենք Մանհեթենը»՝ ռեժիսոր Ջոյ Մակքեյ (2012 թ․)

Լուսանկարիչ Դեւիդ Բեյլին եւ մոդել Ջին Շրիմփոթնը ծանոթանում են Նյու-Յորքում՝ Vogue-ի նկարահանումների ժամանակ՝ 1962 թվականին։ Դա դառնում է նշանային իրադարձություն ֆեյշըն-արդյունաբերության համար։ Զույգին մարմնավորել են Անայրին Բերնարդն ու Քարեն Գիլանը։ Բերնարդը հայտնի է կինոսիրողներին նաեւ «Դյունկերկ» կինոնկարից, Գիլանը՝ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմից։

 «Թղթակիցն աշխարհի ծայրին»՝ ռեժիսոր Բրոնուեն  Հյուզ (2016 թ․)

Կինոնկարը ներկայացնում է Reuters-ի թղթակից Դեն Էլդոնի եղերական ճակատագրի պատմությունը, որը 1990-ական թվականներին աշխատել է Սոմալիում։ Նրա լուսանկարները դարձել են վկայություններ այն մարդասիրական աղետի, որ ծավալվում էր Սոմալիում։ Վտանգավոր աշխատանքն ունենում է ողբերգական վախճան։ Էլդոնն ու նրա գործընկերները սպանվում են տեղի ապստամբների կողմից։ Գլխավոր դերում հանդես է եկել Բեն Շնետցերը։

Աղբյուրը

Պատրաստեց Արամ Յանինը