Եվրասիադոկը Հայաստանում գործում է արդեն 10 և ավելի տարիներ, իսկ ամենամյա վավերագրական ֆիլմ-նախագծերի զարգացման աշխատարաններն արդեն ապացուցել են արդյունավետ աշխատաեղանակի կարևորությունը։ Աշխատարանի առաջնային նպատակներից է զարգացնել Հայաստանում վավերագրական ֆիլմարտադրության ոլորտը և նպաստել եվրոպական երկրների հետ համատեղ արտադրություններին։ Այս տարի նախապատվությունը տրվելու է սկսնակ հեղինակներին կամ այն հեղինակներին, ովքեր միջազգային համարտադրության փորձ չունեն։
Ինչպես հայտնում են Հայաստանում Եվրասիադոկի 2025 թվականի աշխատարանի կազմակերպիչները, դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը նախապես հայտարարված ապրիլի 5-ից երկարաձգվել է մինչև ապրիլի 12-ը։
Վավերագրական ֆիլմ-նախագծերի զարգացման աշխատարանի դասընթացների օրերին անցկացվելու են ինտենսիվ աշխատանքներ ֆիլմի նախագծի սցենարական կառուցվածքի, մտահղացման, ինչպես նաև նախագծի փաթեթը կազմելու և այն լավագույնս ներկայացնելու ուղղությամբ։ Անհրաժեշտ է ժամանակ տրամադրել, գրել ու մտածել նախագծի մասին, ինչպես նաև նկարահանումներ իրականացնել։ Դասընթացի օրերը բաշխվելու են մայիսից հուլիս՝ շաբաթ-կիրակի օրերին։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է 12 օր դասերի և հանդիպումների համար։
Աշխատարանի համար ընտրվելու են միայն լիամետրաժ ստեղծագործական վավերագրական նախագծերը (creative documentary)
Ստեղծագործական վավերագրությունները այն փաստավավերագրական ֆիլմերն են, որտեղ բացի իրականությունից կա նաև հեղինակի հստակ մոտեցումը և ասելիքը, տեսանկյունը։ Նման վավերագրական ֆիլմերն ունեն ավելի հեղինակային մոտեցումներ՝ սցենարական կառուցվածքից սկսած վիզուալ/հնչունային մոտեցումներով ամփոփված։ Աշխատարանը նախատեսվում է անցկացնել առկա ձևաչափով Երևանում հայերեն լեզվով (անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։ Դիմել կարող են առնվազն 18 տարին լրացած անձինք, ովքեր կարող են դասընթացի ընթացքում ապահովել իրենց ֆիզիկական ներկայությունը (ոչ առցանց)։ Մարզերից հետաքրքրված մասնակիցները պետք է ինքնուրույն հոգան իրենց կեցության ծախսերը։
Նախատեսվում է հանդիպումներն անցկացնել մայիսից-հուլիս՝ շաբաթ-կիրակի օրերին 12 oրյա ինտենսիվ աշխատանքով (ամբողջ օրով)։ Աշխատանքները լինելու են թե՛ խմբային, թե՛ անհատական։ Դասընթացները ժամանակատար են լինելու, հագեցած գործնական առաջադրանքներով և ֆիլմերի դիտում-քննարկումներով։ Բացակայությունները դիտարկվելու են շատ խստիվ․ ակնկալում է մասնակիցների պարտադիր ներկայությունը բոլոր հանդիպումներին։
Կիսատ կամ թերի հայտերը չեն դիտարկվելու։ Ընտրող հանձնաժողովը չի պարտավորվում պատճառաբանել ընտրությունը։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակագրությամբ։