Հնչյունային ռեժիսոր Մարիամ Առուշանյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ ձայնային ռեժիսուրա մասնագիտությամբ, իսկ նախորդ տարի սովորել է  Ֆրանսիայի École nationale supérieure Louis-Lumière-ի միջազգային ձայնային վավերագրության  ամառային դպրոցում։ Աշխատել է կինոյում, թատրոնում և ձայնագրության ոլորտներում։ Այժմ նա փորձում է փոխանցել վավերագրական պատմություններ՝ ձայնն օգտագործելով որպես միակ ստեղծագործական արտահայտչամիջոց։Մարիամի  «Ո՞ր տան մասին եք խոսում» վավերագրական աուդիոն ստեղծվել է Լուի Լյումիեր միջազգային բարձրագույն դպրոցի «Հնչյունային վավերագրություն» միջազգային ամառային ծրագրի շրջանակում՝ ռեժիսորներ Ֆրեդերիկ Պրեսմանի և Շառլոթ Ռուոյի գլխավորությամբ։

 Աուդիովավերագրությունը ստեղծում է պատկերներ լսողի մտքում՝ օգտագործելով ձայնային միջավայրեր, ձայներ, երաժշտություն՝ մի շարք մոնտաժային հնարքներով։ Վավերագրական աուդիոժանրի նրբությունները,  զարգացման միտումներն ու կարևորությունը պարզելու համար զրուցել ենք Մարիամ Առուշանյանի հետ՝ բացահայտելու և հասկանալու, թե  որ գործիքն է նա նախընտրում և ինչպես է այն օգտագործում  իր  ստեղծագործության մեջ՝ որպես միջոց։

 -Ինչպե՞ս ես դու սահմանում «տուն» հասկացությունը, և արդյո՞ք այն փոխվել է ժամանակի ընթացքում։ Եվ ձայնը որպես արտահայտչամիջոց ինչպե՞ս կարող է փոխանցել «տուն» հասկացողության զգացողությունը։

-Իհարկե, «տուն» գաղափարը ժամանակի ընթացքում փոխվում է, հատկապես վերջին տարիների իրադարձություններից հետո։ Իմ մանկությունը կամ կյանքի ընթացքը, առհասարակ, կապված չի եղել որևէ կոնկրետ տան (շինության իմաստով) հետ, քանի որ մի քանի անգամ տուն ենք փոխել։ Երևի թե նաև իմ տեսակից է գալիս, որ ես «տուն» երևույթը մինչև հիմա չեմ կապում կոնկրետ շինության հետ։

Եթե խոսենք «տուն» գաղափարի մասին, թեկուզ ֆիզիկապես գտնվեմ աշխարհի մյուս ծայրում, միանշանակ, իմ ասոցացիաները կապված են կոնկրետ մի վայրի հետ։ Ինձ համար դա լույսն է և օդի բաղադրությունը, դա ինքնազգացողություն է, որը չի կարող նույնը լինել երկիր մոլորակի ցանկացած այլ կետում։ Դա այն զգացողությունն է, որը քեզ հետ է քայլելիս, երբ անգամ կարիք չունես մտածելու, թե ինչպես հասնես մյուս անհրաժեշտ կետը, քանի որ մարմինդ գիտի, թե ինչ ուղությանբ պետք է շարժվել։

Որպես արտահայտչամիջոց չկա կոնկրետ մի ձայն, որը բնութագրի «տուն» հասկացությունն․ դա յուրահատուկ հնչողություն է՝ բնորոշ յուրաքանչյուր անհատին։ Մեր աուդիոդոկումենտալում դուք կլսեք միանգամից երեք մարդկանց ձայնային ընկալումները՝ իմը, Նաստյայինը և հերոսուհունը, որը և մեզ թույլ է տվել իր միջավայրի ձայնագրիչը լինել։

Մարիամ Առուշանյան, հնչյունային ռեժիսոր, Շուշի

 

-Ընդհանրապես ինչպե՞ս ես կառուցում ձայնային պատումները, որպեսզի դրանք լսողին հասցնեն էմոցիոնալ և մտավոր ճամփորդության։

-Ցանկացած ստեղծագործություն՝ լինի դոկումենտալ թե խաղարկային, ստեղծագործողի տեսակետն ու կառուցած աշխարհն է, քանի որ ստեղծագործողը ինքն է ընտրում, թե իրավիճակի որ անկյունը ձայնագրի և ինչպես ձայնագրի։ Ինձ համար, իհարկե, պահելով իմ անձնական տեսակետն ու պատկերացումները, շատ կարևոր է չխլացնել հերոսին, և պատմությունը կառուցելիս հիմք ընդունել այն նյութը, որը կա։ Ես ստեղծագործում եմ նյութի շուրջ և ձայնային պատումը կառուցում դրա հիման վրա։ Բացի պատմությունից՝ փնտրում, գտնում կամ կառուցում եմ այն ձայնային միջավայրերը, որոնք կլրացնեն կամ կկառուցեն պատմությունը։ Շատ հաճախ դա մի քանի ձայների համադրություն է, որը դառնում է գլխավոր ձայնային թեմա։

-Ձայնը շա՞տ ինտիմ է և այն ուղղակիորե՞ն է ազդում մեր հույզերի վրա։

-Եթե դիտարկենք ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի տեսանկյունից, մենք գիտենք, թե որ հաճախականությունը ինչ հույզերին է ազդում, և ձայնն ուղիղ իմաստով չի կարող չազդել։ Իսկ գեղարվեստական տեսանկյունից կան բազում հնարքներ, որոնք էլ  ապահովում են նյութը ավելի ազդեցիկ, էմոցիոնալ շեշտադրված դարձնելը։
Սակայն, եթե այդ հնարքների հետևում բովանդակություն և իմաստ չլինի, այն կմնա զուտ հնարք և չի կատարի իր առաքելությունը։ Ինձ համար շատ ավելի կարևոր է ստեղծել պատմության շուրջ այն ձայնային տարածությունը, որը կբացահայտի պատմությունը կամ ասելիքս։ Կարևոր է ստեղծագործությանը տալ իր ուրույն շնչառությունը, ոչ թե խեղդել այն ձայնային գերհագեցվածությամբ։

-Իսկ ո՞րն էր գլխավոր մարտահրավերը «Ո՞ր տան մասին եք խոսում» վավերագրական աուդիոյի ստեղծման ընթացքում։

– Դոկումենտալը ստեղծելիս մենք ունեինք տևողության սահմանափակում. այն չպետք է գերազանցեր 15 րոպեն, մինչդեռ մեր ձայնագրած նյութով հնարավոր էր առնվազն երեք պատմություն հավաքել։ Անհրաժեշտ էր շատ կարճ ժամանակահատվածում կայացնել որոշում՝ թե որ պատմության շուրջ ենք կառուցելու ստեղծագործությունը։ Մյուս գլխավոր մարտահրավերը՝ անձամբ ինձ համար, խմբագրման սեղմ և հագեցած ժամանակահատվածում, հասկանալ, թե ինչպես եմ ուզում կառուցել այս պատմությունը։ Խորհուրդները, իհարկե, շատ կարևոր էին, հատկապես երբ ունեինք դասախոսական այնպիսի կազմ, որի հետ աշխատելը կարելի է միայն երազել։ Բայց գալիս է մի պահ, երբ պետք է հնարավորինս օբյեկտիվ մոտեցում ունենալ, բոլոր մեկնաբանությունները մի կողմ դնել և կայացնել որոշում, որը անձնական ամբիցիաների բավարարման համար չի լինի, այլ լավագույն լուծումը կլինի ստեղծագործության համար։

-Կա՞ արդյոք հատուկ ձայն կամ ձայնային միջավայր, որը դու ասոցացնում ես «տան» զգացողության հետ։

– Չկա կոնկրետ ձայն, որը ես ասոցացնեմ տան հետ, բայց իմ մարմինը գիտի, թե ինչպես է հնչում տուն տանող ճանապարհը։ Գիտի, թե մինչև Շուշի հասնելը մեքենայի ձայնն ինչպես է փոխվում։ Իմ միտքը չի հիշում, թե քանի շրջադարձ պետք է հաղթահարի մեքենան այնտեղ հասնելու համար, բայց իմ մարմինը գիտի, թե ինչպես է փոխվում մեքենայի դռդռոցը ամեն հաջորդ շրջադարձի ժամանակ։ Եվ իմ զգայական աշխարհը գիտի, թե ինչպես է կառուցվում իմ շնչառությունը այնտեղ։

-Ի՞նչն է քեզ համար ավելի կարևոր ձայնային վավերագրությունում՝ տեխնիկական կատարելությունը, թե  պատմության էմոցիոնալ ազդեցությունը։

-Առանց մեկի մյուսը երկարատև ազդեցություն չի կարող ունենալ։ Պատկերացնենք, շատ հետաքրքիր պատմություն՝ ձայնագրված վատ որակի միկրոֆոններով կամ վատ միքսով, ականջդ կհոգնի լսելուց, և լսողը չի կարողանա կենտրոնանալ բովանդակության վրա։ Եվ հակառակը՝ տեխնիկապես լավ որակի նյութը, եթե ասելիք և բովանդակություն չունի, չի կարող միայն որակի հաշվին էմպատիա առաջացնել և հետաքրքրել։

Հարցազրույցը՝ Վովա Արզումանյանի


Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ

Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են...

, |5 Հոկտեմբեր 2026,21:12