Կինոն զուտ ժամանց ապահովող արվեստ չէ։ Եթե հաշվի առնենք, որ այն մի կողմից ստեղծում է իրականությունից խուսափելու հնարավորություն, մյուս կողմից՝ իրականությանն առերեսվելու իրավիճակ, տեսակետները տարբեր կլինեն, մեկնաբանությունները՝ նույնպես։ Բայց մենք փորձելու ենք քննարկել ժամանակակից հայկական կինոյի օրինակներն այդ երկու ուղղություններով։

Հայ ժամանակակից իրականության մեջ կինոն դիտարկվում է որպես անհատական և հասարակական փոփոխությունների միջոց, որը նպաստում է հանդիսատեսի հայացքների ձևավորմանը, այդ թվում՝ արդիական հասարակական խնդիրների նկատմամբ նրանց վերաբերմունքին։ Միևնույն ժամանակ, կինոն որպես հասարակական փոփոխությունների խթանող ուժ դեռեւս բավարար չափով ուսումնասիրված չէ տեղական գիտական շրջանակներում։ Ֆիլմի հոգեբանական ազդեցության հետ կապված ուսումնասիրությունները կարող են խթանել ավելի խորքային վերլուծություններ՝ բացահայտելու, թե ինչպես է կինոն ազդում անհատի և հասարակության վարքագծի ու ընկալումների վրա։

Հայկական կինոյի բազմաշերտ դերը կարևոր է դիտարկել ոչ միայն գեղարվեստական արժեքի տեսանկյունից, այլև նրա ներգործության շրջանակի, հասարակական ազդեցության և մշակութային ինքնության պահպանման համատեքստում։ Ակնհայտ է, որ հայկական կինոն, թեև անցնում է բարդ զարգացումների միջով, շարունակում է արտահայտել ժամանակի զգացողությունը և հասարակության որոշ խնդիրներ։ Անկախ նրանից, թե արդյոք այն ծառայում է որպես իրականությունից խուսափելու միջոց, թե հասարակական գործընթացներին առերեսվելու գործիք, միանշանակ է, որ կինոն հանդիսատեսի մտահոգությունները և կենսակերպը վերարտադրող հզոր մեդիում է։

Օրինակ՝ վերջին տարիներին նկարահանված մի շարք ֆիլմեր անդրադարձել են պատերազմի ազդեցությանը, միգրացիային, սոցիալական անհավասարությանը և ազգային ինքնության որոնումներին։ Այս թեմաներն առանձնանում են ոչ միայն որպես գեղարվեստական որոնումների արտացոլանք, այլեւ որպես հանրային դիսկուրսի ձեւավորման հիմք։ Միաժամանակ, հայկական կինոն գտնվում է մշակութային փոփոխությունների և գլոբալ կինեմատոգրաֆիայի ազդեցության տակ։ Տեղական կինոգործիչները հաճախ փորձում են համատեղել ավանդական և ժամանակակից մոտեցումները՝ ստեղծելով ֆիլմեր, որոնք կարող են հասանելի լինել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային հանդիսատեսին։

Այսուհետ կանդրադառնանք հայ ժամանակակից կինոռեժիսորների կինոարարումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը։

Հողի հիշողությունը

Աննա Մկրտումյանի «Արմատ» ֆիլմն սկսվում է Արցախյան քաղցր բարբառով երկխոսությամբ, որը միանգամից տանում է բացահայտման՝ ինչ է եղել և ինչպես կարող է սա շարունակվել։ Առաջին կադրերն, իհարկե, ճապոնական ֆիլմ են հիշեցնում․ ծառեր՝ արևային ընդմիջումներով, «կանաչ» հիշողություններ, վերապրում։ Այս ֆիլմը նախևառաջ կարելի է բնորոշել որպես պատմության աուդիովավերագրություն։ Ամենուրեք պատասխաններ որոնող ռեժիսոր-հեղինակը մանրադիտակի տակ է փորձում փնտրել գլխավոր պատասխանը․ հողի հիշողությունը։ Աննան գիտությանն է դիմում, երևի որպես վերջին հույս կամ ճշգրիտ «ախտորոշող»։ Ֆիլմում պատահական ոչինչ չկա։ Անգամ Արցախի Աստղաշեն գյուղից բերված աստղի տեսք ունեցող քարերն են դառնում միջոցներից մեկը։ Ռեժիսորը դոկտոր Քրիստինա Կրուսի հետ անցնում է հողի ուսումնասիրման ճանապարհով, հողի արմատի իր պատկերացրած բանաձևումներով։ «Արմատը» հողի մեջ հիշողություն փնտրելու մասին է, որ «մին հափուռ վըղը» (մի բուռ հողը) ուժ ու հույս արթնացնի․․․

Սակայն, ի տարբերություն թեմայի կարևորության ու ֆենոմենալության, դրամատուրգիական գիծը չի հասնում վերջնակետին։ Ֆիլմը կան բազմաթիվ հարցադրումներ, որոնք խոստանում են որոշակի բացահայտում կամ վերարտադրություն, սակայն զարգացումն այնքան էլ չի տանում այդ ուղղությամբ։ Դրամատուրգիական կառուցվածքը երբեմն անկայուն է, և որոշ կետերում թվում է, որ պատմությունը կրկնվում է առանց նոր խորության ավելացման։ Հերոսների ներքին զարգացումը մնում է կիսատ, ինչը հանգեցնում է որոշակի անավարտության զգացողություն։ Սա կարող է դիտարկվել որպես ռեժիսորի գիտակցված ընտրություն, սակայն այն ֆիլմի ազդեցության տեսանկյունից կարող ենք դիտարկել որպես մարտահրավեր։

Աննա Մկրտումյան, Արմատ

Ապրելու պայքարով

Ալեքսի Փազումյանի «Լեռնային Ղարաբաղ․ երկու երեխա պատերազմում» վավերագրական ֆիլմի լեզուն արդեն իսկ նոր հնարավորություններ է ստեղծում լայն լսարան ընդգրկելու և արհավիրքի մասին նոր հայացքով պատմելու առումով։ Երեխաների տեսածի, զգացածի, վերապրումի վրա կառուցված ֆիլմն առաջին հայացքից սովորական շարքային վավերագրական ֆիլմ է՝ թեմայի, դրա դրամատուրգիական կառույցի առումով։ Այն, սակայն, բացում է խորքային մի ուղի, որտեղ պատերազմի պատմությունը խոսում է մարդկային դեմքերով, այն մարդու ողբերգությամբ, որը բացահայտում է իր գոյության ամենամութ ու խառնաշփոթ շրջանները՝ պատերազմի անմիջական ազդեցությունը նրա կյանքում։

Կյանքը փուլ առ փուլ պատերազմի աչքերի մեջ։ Պատերազմող աչքերով։ Սրանք այն աչքերն են, որոնք արդեն սովորել են արձագանքել ամեն մի պայթյունի, կրակոցին կամ մոլեգնություն պարունակող վտանգի։ Երեխաների աչքերն են, որոնք դեռ չունեն լիարժեք հասկացողություն, բայց լցված են հուզական ծանրությամբ՝ իրենք էլ դառնալով պատերազմի մասնիկը, իրենց հույսը, վստահությունը և վախերը փոխանցելով հաջորդ սերնդին։ Այս աչքերով դառնում է ավելի ակնհայտ, թե որքան է կործանվել խաղաղությունը։

Ալեքսի Փազումյան

Պատերազմի հիշողության մեջ՝ ապրելը հիշողություն չդարձնելու մղումով։ Մոռացության երանելի տարածքը՝ ամեն ինչ ներսում պահելու ու չհանձնելու ցանկությամբ։ Երբ հիշողությունը դառնում է միակ ուժը։

«Լեռնային Ղարաբաղ․ երկու երեխա պատերազմում» ֆիլմի հիմքում Ալեքսի Փազումյանը դնում է մի խորքային հարց․ ինչու են գյուղի բնակիչները վերադառնում մի տեղ, որտեղ վտանգն այդքան մեծ է։ Այս հարցը ոչ միայն տրամաբանական պատասխան է պահանջում, այլև հոգեբանական և ինքնության հետ կապված խորը վերլուծություն։ Ֆիլմը հաջողում է գտնել այս հարցի պատասխանը՝ բացահայտելով, որ վերադարձը միայն ֆիզիկական գործողություն չէ, այլ ներքին, երբեմն անգիտակցական մղում՝ կապված տան, հողի, հիշողությունների, պատկանելության զգացման հետ։

Ալեքսի Փազումյան

Վերադարձը կարող է անհասկանալի թվալ դիտողին, բայց հերոսների հայացքներում, նրանց պատմությունների ու լռության մեջ տեսանելի է, որ այս ընտրությունը պայմանավորված է ոչ միայն ապրելու անհրաժեշտությամբ, այլ նաև ապացուցելու կամքով՝ իրենց կյանքն իրենցն է, և ոչ ոք, անգամ պատերազմը, չի կարող ստիպել մոռանալ կամ թողնել այն։ Ֆիլմը ցույց է տալիս, որ այս գյուղերում կյանքը շարունակվում է ոչ թե վտանգն անտեսելու, այլ, հակառակը, այն ընդունելու և դրա միջով անցնելու հաստատակամությամբ։

Կարծում ենք՝ պատերազմը չի սկսվում ու չի ավարտվում միայն պատերազմով։ Այն կյանք է դառնում, որը հետագայում կղեկավարի յուրաքանչյուր ակնթարթ։

Բայց մտածում ես՝ ինչ էլ որ լինի՝ պայքարն ապրելու է։ Ապրելով պայքարելու ենք։

 

Վովա Արզումանյան