Երբ կանայք են պատմում կանանց մասին. «Համր կինոյի խոսուն կանայք»
«Նամուս» ֆիլմում Սուսանի դերակատարուհին պրոֆեսիոնալ դարասանուհի չի եղել։ Համո Բեկնազարյանը նրան փորձնական նկարել է, նույն գիշերը ժապավենը երևակել են, ու համոզվել, որ հենց նա է խաղալու Սուսանի դերում։ Բեկնազարյանը գրում է, որ Մարիամ Շահուբաթյան-Տաթիևան հետագայում դարձավ պրոֆեսիոնալ դերասանուհի, բայց որևէ տեղ, որևէ արխիվում ես նրա մասին ոչինչ չգտա. «Զանգակ» գրատանը իր «Համր կինոյի խոսուն կանայք» ժողովածուի շնորհանդեսին պատմեց հեղինակը՝ Ռուզաննա Բագրատունյանը։ Այսպես մեկ առ մեկ նա հիշում է իր կազմած գրքի յուրաքանչյուր հերոսուհու կյանքի դրվագները, որոնք մեկիկ-մեկիկ բառացիորեն պեղել է տարբեր արխիվներից, դրանց հետ միասին գտել լուսանկարներ, արխիվային մինչ այժմ չհայտնաբերված նյութեր, դրանք դասդասել ու մեկտեղել «Համր կինոյի խոսուն կանայք» երկլեզու (հայերեն և անգլերեն) ժողովածուում։
Լրագրող, kinoashkhar.am կայքի խմբագիր Ռուզաննա Բագրատունյանը մեկ տարուց ավելի աշխատել է գրքի վրա, իսկ հայ կինոյի մոռացված, պատմության քառուղիներում տարբեր պատճառներով անհետացած կանանց մեր ժամանակների լույսի ներքո ասպարեզ բերելու, նրանց երկար կամ կարճ կենսագրությունն ընթերցողներին ճանաչելի դարձնելու նրա մտահղացումը շատ ավելի վաղ է ի հայտ եկել։ Ամիսներ շարունակ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի և թատերարվեստի ֆոնդերում փնտրել է հայ կինոյում հայտնի ու անհայտ կանանց անուններ։ Անհայտ, որովհետև հենց ուսումնասիրության ժամանակ ի հայտ են եկել այնպիսի դերասանուհիներ, գործիչներ, որոնց անունները կամ քիչ են հանդիպել, կամ առհասարակ չեն հանդիպել։ Ժողովածուի հեղինակը, փաստորեն, ուսումնասիրություն է կատարել արխիվներում՝ դուրս բերելով համր կինոյի կին գործիչներին՝ իրենց կենսագրական, ստեղծագործական տվյալներով, լուսանկարներով, նրանց մասին տվել ամբողջական տեղեկություն՝ հաճախ ստիպված լինելով վաղեմություն ունեցող փաստաթղթերը համադրել, որպեսզի նույն մարդու մասին տեղեկությունները ճիշտ նույնականացվեն, շփոթություններ, անհամատեղելիություններ չառաջանան։
«Համր կինոյի խոսուն կանայք» աշխատանքը հեղինակը բաժանել է «Նվիրյալներ», «Աննկատ դերեր», «Չերևակված անուններ» «Մշակույթի դեսպաններ» պայմանական բաժինների՝ յուրաքանչյուրում զետեղելով խորագրին համապատասխան տեղեկատվություն համր կինոյի կանանց մասին։
«Նվիրյալներ» բաժնում ընդգրկված են մեր կինոյի սկզբնական՝ չհնչյունավորված ժամանակաշրջանում էկրան բարձրացած դերասանուհիները, որոնց մասնակցությամբ ֆիլմերը քաջածանոթ կամ քիչ թե շատ ծանոթ են հանրությանը։ Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Օլգա Գուլազյանը, Տատյանա Մախմուրյանը, Նինա Մանուչարյանը հայ կինոյի համր շրջանի սիրահարներին քաջածանոթ դերասանուհիներ են, որոնք, ճիշտ է, խաղացել են մեկ-երկու ֆիլմերում, բայց դրանք դասական անուն են վաստակել ու Հայ կինոյի ոսկե ֆոնդում են։ Այս բաժնում կգտնեք նաև դերասանուհիների, որոնց դեմքերը ձեզ ծանոթ կթվան այս կամ այն համր ֆիլմից, բայց անունները երբեք լսած չեք լինի։
«Աննկատ դերեր» բաժնում հեղինակը հավաքել է համր ֆիլմերում երկրորդական, էպիզոդիկ, աննկատ դերակատարում ունեցող կանանց։ Նրանց մասին շատ քիչ է գրվել, կենսագրական տվյալները դուրս են բերվել Գառնիկ Ստեփանյանի «Կենսագրական բառարանից» և այլ աղբյուրներից։
«Չերևակված անուններ»-ում հեղինակը զետեղել է այն կանանց, որոնք խաղացել են համր ֆիլմերում, բայց ժամանակը դերասանուհիների մասին սակավ տեղեկություններ է պահպանել։ Դեպքեր կան, երբ անգամ դերասանուհու անվան միայն առաջին տառն է պահպանվել արխիվներում, օրինակ՝ Արզումանյան Է., Դուլգարյան Մ., Մարտիրոսյան Ա.։ Բարեբախտաբար, մնացել են նրանցից որոշ լուսանկարներ՝ մարմնավորած հերոսուհիներից։
«Մշակույթի դեսպաններ» բաժինն ամենազարմանալի ու նորահայ տեղեկությունների շտեմարան է։ Այստեղ կգտնեք հայ դերասանուհիների անուններ ու լուսանկարներ, որոնց թերևս առաջին անգամ եք հանդիպելու։ Նրանք մեծ ներդրում են ունեցել օտար երկրների կինոյում, այդ թվում՝ Թուրքիայի։ Օրինակ՝ իմանում ենք, որ թուրքական կինոյում մինչև «Կրակե շապիկ» ֆիլմը, կանանց դերերը կատարել են կամ տղամարդիկ, կամ հայ ու հույն դերասանուհիները։ Այդ դերասանուհիներից է եղել Պայծառ Ֆասուլաճյանը։ Թուրքական կինոյի առաջին դերասաններից է եղել Ազնիվ Մնակյանը։ Այս բաժնում կիմանաք նաև, թե հայ որ դերասանուհիներն են եղել Բրոդվյում, ռուսական համր ֆիլմերում։ Օրինակ՝ քչերը գիտեն, որ Էյզենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» ֆիլմի սցենարի հեղինակը Նինա Աղաջանովան (Նունե Աղաջանյան) է։ Թուրքական կինոյի պատմական առաջին ֆիլմը, որը հասել է մեր օրեր, նկարահանվել է 1919 թվականին։ «Բիննազ» ֆիլմում, որը արտասահմանում վաճառված առաջին թուրքական կիոնոնկարն է, խաղացել են Ռանա Դելբերյանն ու Էլիզ Բինեմեճյանը։ Ժողովածուի այս բաժնում է ընդգրկված նաև Արշալույս Մարդիգանյանը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված, ԱՄՆ հասած ու իր ողբերգական պատմության էկրանավորման մեջ ինքն իրեն մարմնավորած դերասանուհին։
«Համր կինոյի խոսուն կանայք» հանրամատչելի ժողովածուն, այսպիսով, միավորում է համր ֆիլմերում (Հայաստանում և արտասահմանում) հանդես եկած քառասուն դերասանուհիների և կին կինոգործիչների, որոնք համարձակություն են ունեցել ճանապարհ հարթելու մի ժամանակաշրջանում, երբ կինոն նոր էր մտնում հայկական մշակութային կյանք: Ժողովածուն, որպես հարգանքի տուրք, նրանց ստեղծագործական կյանքի ու արվեստի գնահատման և կինոսեր հասարակության մեջ նրանց ճանաչելի դարձնելու համեստ փորձ է»,-իր գրքի «Նախաբանում» գրել է Ռուզաննա Բագրատունյանը։
Նա պատմել է, թե ինչ է հաջողվել գտնել Հայաստանի ազգային արխիվում, համր կինոյի մասին հրատարակված մամուլում ու գրականության մեջ, պարզել է, որ հայ կինոյի համր փուլում կինոարտադրությունում ներգրավված են եղել ավելի քան 250 կանայք (առանց դերասանուհիների), որոնք ոչ պակաս կարևոր գործառույթներ են ունեցել ( մոնտաժային՝ սոսնձող/սկլեյշչիցա, հավաքող/պոդբորշչիցա, չորացնող/սուշիլշչիցա), ռեժիսորական՝ բեմադրող/պաստանովոչնի, ռեկվիզիտորներ, գրիմյորներ, ազդագրերի մասնագետ, ինչպես նաև Պետլուսկինոյի վարչական աշխատակիցներ)։ Հիշյալ մասնագիտությունները մեր օրերում մնացել են հեռու անցյալում։ Այսօր արդեն դրանց փոխարինելու են եկել առաջատար տեխնոլոգիաները, բայց 100 տարի առաջ այդ մասնագիտությունները անհրժեշտություն էին կինոարտադրություն ունենալու և ֆիլմեր նկարելու համար։
«Շատ կանայք կինո են մտել թատրոնից ու սահուն կերպով իրենց պորֆեսիոնալիզմն արտահայտել էկրանին։ Դերասանուհիների մի տասնյակ կա, որի մասին ընդհանրապես ոչինչ չկա՝ անգամ ծննդյան թվականը։ Միայն խաղացել են ինչ-որ դերում։ Մի դերասանուհի ընդհանրապես անուն-ազգանուն էլ չուներ. ես ստիպված եմ եղել նրան գրքում ընդգրկել իր խաղաղացած հորոսուհու անունով՝ Շուշիկ։ Լուսանկարների առումով էլ մեծ նյութ չի եղել։ Շատերին ֆիլմերից ստոպ-կադրով լուսանկար ենք ստացել։
Ինձ շատ դուր է եկել Արշա Ավանեսովայի կերպարը, որը որպես վավերագրող, ռեժիսոր և սցենարիստ ռուսական կինոյի պատմության մեջ առանձնահտուկ դեր է ունեցել։ Հայտնի է, որ Արշա Օվանեսովան նաև որպես դերասանուհի խաղացել է «Հայկինոյի» արտադրության «Հաշիմ» համր ֆիլմում (1928, ռեժ․՝ Ստեփան Մանուկյան)։ Արշայի խաղացած դերն անհայտ է «Հաշիմում», քանի որ կինոնկարի տարածումն ու ցուցադրությունը արգելվել է «գաղափարական և գեղարվեստական լուրջ թերությունների» պատճառով, ժապավենը չի պահպանվել, հետևաբար շատ բան անհայտ է մնում։ Նինա Աղաջանովան նույնպես հզոր կին է եղել, բայց Արշան առավել դրամատիկ կերպար է իմ կարծքով։
Տատյան Մախմուրյանը «Պեպոյից» հետո այլևս չի նկարվել գլխավոր դերերում։ Ոչ ոք չգիտե՝ ինչ պատճառով։ Մի անգամ նրան Վրաստան են կանչել՝ առաջարկելով գլխավոր դեր, բայց ազգանունը փոխելու պայմանով։ Մախմուրյանը հրաժարվել է։ Մեկ այլ առիթով ադրբեջանական «Սաբուհի» ֆիլմում նրա դերը հաստատվել է, բայց ադրբեջանցիները հրաժարվել են հայուհուն նկարահանել։ Նինա Մանուչարյանը ևս «Պեպոյից» հետո այլևս չի նկարվել կինոյում, խաղացել է թատրոնում, թեև մեծ պոտենցիալ ուներ»,- իր հերոսուհիներից մի քանիսին առանձնացրեց Ռուզաննան։
Ժողովածուն պատրաստելիս և կազմելիս, հեղինակը առաջարկել է կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստայնին և կանանց հարցերով փոձագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Հարությունյանին աշխատանքը հարստացնել երկու կարևոր փորձագիտական ակնարկներով, որոնք իրականում ամբողջացրել են ասելիքն ու պատկերը մասնագիտական առումով։
Գիրքը հրատարակվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով։
Ժողովածուն միանգամից աչքի է ընկնում «կանացիությամբ»՝ նրբագեղ շապիկով, լուսանկարների մանրակրկիտ մշակմամբ, տեքստի, արխիվային նյութի նրբաճաշակ համադրությամբ ու ձևավորմամբ, որը Լիլիթ Ալթունյանի ձեռքի գործն է։
«Համարյա մեկ տարի աշխատել ենք գրքի վրա։ Ինձ համար մեծ ազդակ եղավ Ռուզաննա Բագրատունյանի ոգևորությունը։ Նա արդեն իսկ հրաշալի կերպով պատկերացնում էր՝ ինչպես է տեսնում ժողովածուն։ Իսկապես գտել էր այնպիսի կանանց, որոնց մասին քչերը գիտեին, գտել էր նրանց կենսագրական տվյալները, լուսանկարները։ Եվ ուզում էր պատմել նրանց մասին։ Ես միանգամից հասկացա, որ սա այն թեման է, այն գիրքն է, որի մասն եմ ուզում լինել։
Կային և՛ որակյալ, և՛ անորակ նկարներ։ Եղել են դեպքեր, երբ դիմանկարի վրայից ստիպված էի նկարել. ինչ-որ մասեր պատռված էին կամ չէին պահպանվել… Բայց մեր նպատակն էր ամեն ինչ չդարձնել նոր, հին լուսնկարը չդարձնել նոր, այլ պահպանել հնությունը։ Մենք ուզում էինք կանացի գիրք ստանալ՝ ընդգծելով համր ֆիլմի առանձնահատկություններն անգամ տառատեսակի ընտրության հարցում։
Ռուզաննայից շատ եմ ոգեշնչվել։ Նա խոսում էր, պատմում էր, ներկայացնում էր, ես տեսնում էի գիրքը։ Հետո մեզ միացավ Մանե Արշալույսյանը, որն էջադրումն արեց։ 3 տարբեր սերունդների կանայք միասին աշխատում էին ու պատմում մեկ այլ սերնդի կանանց մասին»,- համատեղ աշխատանքի մասին պատմեց Լիլիթը։
«Վիզուալ նյութը սակավ է եղել, բայց ստացվել է նաև վիզուալ առումով շատ շահեկան, ակնահաճո ժողովածու։ Հատկապես սովետական շրջանի հայկական կինոն տղամարդակենտրոն է, մենք խաղարկային ու վավերագրական ֆիլմերի կին ռեժիսորներ չենք ունեցել՝ բացառությամբ Ռոզա Ֆրանգուլյանի։ Մատների վրա կարելի է հաշվել այն ֆիլմերը, որտեղ կանայք գլխավոր հերոսի դերում են։
«Համր կինոյի խոսուն կանայք» գիրքը ոչ միայն կարևոր է կինոգիտության համար, այլև փաստագրական նշանակությամբ է շատ արժեքավոր։ Ռուզաննան շատ կարևոր գործ է արել՝ ստեղծելով սկզբնաղբյուր գիտական հետագա ուսումնասիրությունների համար։ Նա, ով որոշի ուսումնասիրել հայկական կինոյի կանանց դերն ու նշանակությունը, պիտի ինքն աներ այս ամբողջ փնտրտուքը, հետազոտությունը։ Փաստացի հսկայածավալ աշխատաք է արվել, որը կինոգիտական վերլուծություն չէ, բայց դրա հիմքն ու աղբյուրը կարող է դառնալ»,-ժողովածուի մասին իր կարծիքն ասաց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։
Ուսումնասիրության արդյունքներից մեկն էլ հավաքված լուսանկարների եզակի հավաքածուն է, որի մի մասը՝ շուրջ 250 միավոր, ընդգրկված է ժողովածուում և էապես հարստացնում է նրա բովանդակությունը։ Բացի այս, ժողովածուն հնարավորություն է ընձեռում ընթերցողներին QR կոդերի միջոցով հասանելի դառնալ հայկական համր ֆիլմերի ընտրանուն՝ տեսաշարով։
«Համր կինոյի խոսուն կանայք» գիրքը հանրագիտարանային, համապարփակ տեղեկությունների շտեմարան է կինոյի այն կարճ, բայց կարևոր ընթացքի մասին, որում նշանակալի դեր են ունեցել հայ կանայք։
Պատրաստեց Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ















