Ես իրական պատերազմ եմ վարում.պատերազմ՝ կինոյի լեզվով
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն արդեն մի քանի տարի աշխատում է «Վերածնվածը» ֆիլմն էկրանավորելու ուղղությամբ։ Արցախի մասին պատմող այս ֆիլմի նկարահանումներն արվել են 2023-ի ամռանը, Հայաստանում։ Այն արդեն հետարտադրական փուլում է։ «Վերածնվածը» Ջիվան Ավետիսյանի առաջին ֆիլմն է, որ նկարվել է Հայաստանում։ Շատերի նման նա էլ է անընդհատ սպասել, որ շրջափակումը կավարտվի, ճանապարհները կբացվեն, ու Արցախի մասին պատմող ֆիլմը հենց Արցախում էլ կնկարվի։
«Մտքումս ունեի, պատկերացնում էի Արցախի բոլոր այն տեղանքները, որտեղ պետք է նկարահանումներն անեի, բայց գարունն էլ անցավ ապարդյուն սպասումներով։ Ստիպված էի Հայաստանում տեղանքները կառուցել և օգոստոսին նկարահանումներն սկսեցի։ Խրամատներ ենք կառուցել, Բջնիում, Իջևանում, Եղվարդում տեղանքները ստացել, անգամ ֆիլմին անհրաժեշտ ազատամարտիկների թանգարան կառուցեցինք Հրազդանում։ Մի խոսքով՝, այն, ինչ պիտի Արցախում անեի՝ օգտագործելով այնտեղի տեղանքները, միջավայրը, ստացա Հայաստանում։
Ֆիլմի պատմությունը կապված է 2020-ի պատերազմի հետ։ Պատերազմի ժամանակ լուսանկարներ, տեսանյութեր էի արել, ըստ այդ տեղանքների, որ պետք է օգտագործվեին ֆիլմում, բայց քանի որ, ինչպես նշեցի, շրջափակման պատճառով Արցախում նկարահանումները չստացվեցին, 2023-ին դրանք արեցի ու ավարտեցի Հայաստանում։ Իրականում Հայաստանում Արցախ էի կառուցում. Հայաստանում փնտրում էի այն տեղանքները, լուծումները, որոնք կարող էին նման լինել իմ պատկերացրածին, այն ամենին, ինչ Արցախում իրականում կար»,-Բեռլինի 75-րդ կինոփառատոնի կինոշուկայի հայաստանյան տաղավարում Kinoashkharh–ին տված հարցազրույցում ասել է Ջիվան Ավետիսյանը։
Ինչո՞ւ ես Արցախում չեմ նկարում, ինչո՞ւ եմ ես այսքան մոտ Արցախին, բայց Արցախն եմ փնտրում
50-60 հոգանոց խմբով սովորական թվացող նկարահանումներ են եղել, բայց ի՞նչ է կատարվել այդ ընթացքում իմ հոգում։Ամբողջ ընթացքում և հիմա էլ իմ մեջ մոլեգնում է միտքը՝ ինչո՞ւ ես Արցախում չեմ նկարում, ինչո՞ւ եմ ես այսքան մոտ Արցախին, բայց Արցախն եմ փնտրում։ Դաժան զգացողություն է։ 2023-ի օգոստոսին, երբ Հայաստանում նկարում էի, իմ հարազատներն Արցախում շրջափակման մեջ էին՝ բազմաթիվ զրկանքներ կրելով։ Ինչևէ, նկարահանումներն ավարտեցինք, իսկ 2024-ի ամռանը Կիպրոսում նկարեցինք ֆիլմի եվրոպական բաժինը։ «Վերածնվածը» Կիպրոս-Լիտվա-Հայաստան համարտադրություն է։ Հետարտադրության մեջ ներգրավված են ֆրանսիացիներ, չեխեր, իտալացիներ, ամերիկացիներ։ Համատեղ ուժերով պետք է ֆիլմն ավարտին հասցնենք։
Արհեստական բանականությունը՝ ֆիլմի «կերպար»
Զորեղ կառուցվածքով ու ասելիքով ֆիլմ ունենք, որը ոչ միայն պատերազմի մասին է. «Վերածնվածը» բարոյականության բաղադրիչ ունի, որն արհեստական բանականությունն է։ 2018-ին, երբ ծրագրում էինք այս ֆիլմը, մտածում էինք՝ մասնագիտությամբ ո՞վ է գլխավոր կերպարը, քանի որ ակնհայտ էր՝ աշխարհում արհեստական բանականությունն է առաջ գալիս, գուցե հենց դա էլ ֆիլմում ներառենք ու ավելի հետաքրքիր դարձնենք պատմությունը։
Սկզբում 2016-ի դեպքերն են, բայց 2020 թվականի պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց։ Նկարահանումները փորձում էի անել այնպես, ինչպես արհեստական բանականության խելացի աչքը կնկատեր ու կֆիքսեր, որ հետո այդ կադրերը ճիշտ տեղանքներում նկարելով մոնտաժի ժամանակ օգտագործեմ։ Տարբեր տեղերում արված իրական նկարահանումներից կադրեր օգտագործելու եմ, ինչպես նաև այլ օպերատորների նկարածներից։ Հիմա փորձում ենք ֆիլմն ավարտի բերել։
Մյուրատն ու իր ստեղծած արհեստական բանականությունն՝ Արցախում
Գլխավոր հերոսի՝ Մյուրատ Առաքելյանի դրաման է ֆիլմում։ Նա փորձում է գտնել իր արմատները։ Մյուրատն արհեստական բանականության ինժեներ է, ամբողջ ընթացքում զարգացնում է արհեստական բանականության ծրագիրը, որն օգնում է գտնել այն, ինչ փնտրում է ինքը։ Ես մեծ հուզմունքով ու հույսերով եմ սպասում ֆիլմի ավարտին, թե արհեստական բանականության ինչ պատմություն ենք ներկայացնելու՝ միաժամանակ պատմելով Արցախի մասին։
Արհեստական բանականությունը զարգացնելու համար աշխատել ենք ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ Շվեյցարիայից, Կանադայից։ Արհեստական բանականությունը զարգացրել ենք մինչև 7-րդ մակարդակի, երբ այն Արցախում տեսնում է մահը, հասկանում է՝ ինչ է այն, և հանկարծ իրեն ստեղծողը մահվան սինդրոմներ է դրսևորում։ Արհեստական բանականությունը փորձում է հասկանալ՝ ինչպե՞ս փրկել իրեն ստեղծող Մյուրատին, որը հայտնվել է դիակների մեջ՝ որպես մահացած, բայց ողջ է։
Մյուրատը զարգացնում է արհեստական բանականությունը՝ սեփական փորձի և շրջապատի հետ հարաբերվելով։ Մարսելում՝ ֆրանսիական իրականության մեջ, նա չի տեսնում այն, ինչ տեսնում է Արցախում։ Մարսելում չկան իսրայելական ռումբեր, թուրքական անօդաչուներ, չկան ֆոսֆորային զենքեր։ Արհեստական բանականությունն սկսում է զուգահեռաբար վերլուծություններ անել՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Օտարալեզու մամուլն ասում է՝ Հայաստանը հարձակվեց Ադրբեջանի վրա, բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է կատարվում։
Արհեստական բանականությունը բացահայտում է քաղաքական ստերը
Որպես ծրագիր՝ այն սկսում է անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել ու լուծումներ տալ։ Սա ֆիլմում մի երրորդ հայացք է, որ հանդիսատեսին է ներկայացվում արհեստական բանականությամբ, ճանաչում է մահը, քաղաքական սուտը, ՄԱԿ-ի կոնվենցիաներով արգելված զենքերի գործածությունը։ Արհեստական բանականությունը ճշմարտություն է սփռում Արցախում տեղի ունեցած պատերազմի մասին և օգնում է մեզ պատմել իրողությունը։ Այն նաև միտված է օգնել համայն մարդկությանը։ Ֆիլմի վերջում Մյուրատը մահանում է, բայց արհեստական բանականության միջոցով դիակների միջից փրկում է ողջ մնացածներին։
Ֆիլմում հետաքրքիր լուծումներ կան։
Երբ Մյուրատն իր ընկերուհու՝ Իզաբելի հետ Արցախում է, արհեստական բանականությունը նրան ասում է, որ շատ վտանգավոր տեղում են գտնվում, որովհետև ի մի բերելով մամուլի, սոցցանցերի անդրադարձը՝ պատերազմ է սկսվելու։ Մյուրատն, իհարկե, չի հավատում, բայց արհեստական բանականությունը ճիշտ էր։
Ես պատերազմ եմ վարում կինոյի միջոցով
Ֆիլմում խաղում են միջազգային համբավ ունեցող դերասաններ՝ Հայնո Ֆերչը, Մայա Մորգենշտերնը, Արմանդ Ասանտեն։ Բարձր վարձատրվող արտիստներ են։ Գործընկերներիս օգնությամբ նրանց վճարել եմ հնարավորինս բարձր հոնորարներ, բայց բոլորին ասել եմ. «Պատմում եմ իմ անձնական պատմությունը՝ իմ երկրի, իմ ազգի, իմ ընտանիքի մասին։ Եթե դուք աշխարհի երեսին գոնե մի անգամ արդարություն եք փնտրելու, ուրեմն այս կինոնախագծին բարի աչքով նայեք»։
Այդպես է ինձ հաջողվել դերասանական կազմ հավաքել, որը մեզ համար մեծ, բայց իրականում համեստ վճար է ստացել։ Փորձել եմ յուրաքանչյուրի հետ խոսել ուղիղ, ազնիվ ու անկեղծ, պատմել, թե ինչ է կատարվում մեծ աշխարհի իմ փոքրիկ անկյունում։ Ու նրանք իսկապես ուզում էին հասկանալ, իմանալ ճշմարտությունը։ Երբ 2024-ի ամռանը Կիպրոսում նկարում էի, աշխատանքից դուրս մեր խոսակցության թեմաները միայն մեր մասին էին՝ Արցախում պատերազմ եղավ, ավարտվեց, արցախցիները տեղահանվեցին իրենց Հայրենիքից, բայց ոչ ոք սրա մասին չի խոսում՝ ո՛չ միջազգային մամուլը, ո՛չ եվրոպական արդարադատությունը։ Այս ֆիլմով և նկարահանվելիք մյուս ֆիլմերով ես, առանց մեծամտության, իրական պատերազմ եմ վարում. պատերազմ՝ կինոյի միջոցով։
Իմ բոլոր ֆիլմերն իմ մասին են, իմ ազգի, մեր ինքնության
8 տարի է, որ Բեռլին եմ գալիս, իսկ մայիսին, առաջ Աստված, Կաննի կինոշուկային կմասնակցեմ արդեն 12-րդ անգամ։ Հարյուրավոր մարդկանց ներկայացրել եմ իմ «Թևանիկը», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը», «Վերածնվածը», «20 20-ի հրեշտակները»։ Բոլորին մոտենում եմ մի գաղափարներով ու սկզբունքով՝ ես պատրաստում եմ ֆիլմեր ինձ համար, իմ ազգի համար, մեր ինքնության համար. սա պայքար է։ Դուք չգիտեք, թե փոքրիկ Հայաստանում իրականում ինչ է կատարվում։ Հարյուրավոր մարդկանց իրազեկում եմ իրականության մասին։ Հարցնում են՝ «20 20-ի հրեշտակները» ֆիլմն ինչի՞ մասին է. 2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմին մասնակցած բժիշկների մասին։ «5000 տարի, 9 ամիս, 10 օրը» ինչի՞ մասին է. 5000 տարին Հայկ Նահապետից սկսած՝ հայերն են, 9 ամիսը Արցախի շրջափակումն է, 10 օրը՝ արցախցիների տեղահանումը։
Ֆիլմերի քննարկումները միայն սինոփսիսի սահմաններում չեն մնում, այլ արծարծվում են դեպի քաղաքականություն տանող թեմաներ։
«Սև ցուցակն» ինչի՞ մասին է. Ալեքսանդր Լապշինի, որին ձերբակալել են Բելառուսում, հետո տեղափոխել են Ադրբեջան։ Հիմա փաստացի ունենք մեկ այլ դեպք՝ Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալել են հայ աղջկա, որը սոցցանցի իր էջում խոսել է Հայաստանի ինքնիշխանության մասին։ Ես օտարազգիներին պատմում եմ, որ հիմա Բաքվում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Այն, ինչ կատարվել է Լապշինի հետ Բաքվի բանտում, կրկնվում է հայ գերիների հետ։ Գերմանացուն, ֆրանսիացուն պատմում եմ, որ հիմա նրանց դատում են, որովհետև հայ են, թեև ոչ մի հանցանք չեն գործել։
Ամենախոցելի, չպաշտպանված հերոսները՝ պատերազմի բժիշկները
«2020-ի հերեշտակները» ֆիլմում ունենք բժիշկի կերպար, որի պատմությունը իրական հիմք ունի․ Շուշանիկը Գերմանիայից գալիս է Հայաստան՝ մասնակցելու պատերազմին։ Ինձ պատմել է, որ ավելի քան 20 րոպե նստել է հիվանդանոցի տնօրենի սենյակում, լաց եղել, պատմել, որ Արցախում պատերազմ է, ինքը պետք է այնտեղ լինի։ Տնօրենն ասել է՝ ախր քովիդ է, դու այստեղ մեզ շատ պետք ես, եթե գնաս, հիվանդանոցում քաոս կլինի։ Բայց հետո տնօրենն էլ արցունքները մաքրել է ու ասել՝ ճիշտ ես անում, գնա, ես էլ քո փոխարեն լինեի, կգնայի։
Այդպես բազմաթիվ հայ բժիշկներ օտար երկրներում թողել են ամեն ինչ ու եկել Արցախ։ «20 20-ի հրեշտակները» բժիշկների անասելի մեծ պատրաստակամության մասին է։ Նրանց հետ խոսելով՝ հասկացել եմ, որ խիստ վիրավորված են, որովհետև այդպես էլ չգնահատված մնացին։ 60-ից ավելի բուժաշխատող է մահացել 44 օրում, ինչը վկայում է պատերազմի սոսկալի իրողությունների մասին։ Շտապօգնության մեքենաները, բուժաշխատողները պաշտպանված չեն եղել։
Այս ֆիլմում հավաքել եմ բժիշկների վկայությունները. ինչպես են մի կյանքի համար պայքարել, ինչպես է հոսպիտալը հայտնվել տանկի նշանառության տակ, բայց բժիշկը շարունակել է վիրահատությունը։ Ես տեսել եմ, թե ինչպես են բժիշկները փորձում մկաններից կախված ոտքը փրկել, իսկ մյուս ոտքն արդեն կտրված է, այս մեկը գոնե պետք է փրկել։ Արտերկրից եկած, Հայաստանից գնացած, նաև արցախցի բժիշկները յուրաքանչյուր վիրավոր զինվորի կյանքի համար կռիվ են տվել։ Ֆիլմում անդրադարձ կա 1990-ականներին, Երևանում կատարվող գործողություններին։ «20 20-ի հրեշտակները» ֆիլմն այնպես ենք կառուցել, որ տարբեր շերտեր տեղավորենք, պատմություն՝ պատմության մեջ, 2-րդ, 3-րդ պլաններում կան կերպարներ, որոնք հետո իրենք են պատմությունն առաջ տանում։ Դժվար էր մի քանի տասնյակ բժիշկներին լսել ու սցենարն այնպես կառուցել, որ ներառի բոլորին՝ հոգեբաններին, շտապօգնության վարորդներին, բուժակներին… որպեսզի այս պատառիկներով ստեղծվի ամբողջական պատմություն։
Իմ խղճի պարտքն է խոսել Արցախի մասին, լռելը հանցագործություն է
2022 թվականից սկսել ենք ֆիլմի նախագծի ներկայացումը կինոշուկաներում, քանի որ ուսումնասիրությունները մեկնարվել էին 2021 թվականից։ Պրոդյուսերները չգիտեին 44-օրյա պատերազմի մասին, բայց դարձան դրա մասին պատմող ֆիլմի մի մասնիկը։ Ֆիլմի ստեղծման համար դիմել եմ Հայաստանի կինոյի հիմնադրամին, իսկ այսօր աշխատում ենք Բուլղարիայի, Հունաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի հետ։
Աննա Մարգարյանն է սկսել սցենարը, երրորդ տարբերակից հետո շարունակել է Նիագարան։ Բավական զորեղ պատմություն ունենք։ Դերասանական կազմն ընտրված է։ Շատ կերպարներ ունենք, որովհետև պատերազմը մեծ ռեզոնանս էր առաջացրել, աշխարհի տարբեր կողմերից գալիս էին Արցախ՝ օգնելու, յուրաքանչյուրն ուզում էր ձեռք մեկնել, մի կյանք էլ ինքը փրկել, մի սարքավորում հասցնել հոսպիտալ։ Այս ամենը ներկայացնելը բարդ աշխատանք է։ Տեղանքները մեծ մասամբ ընտրված են՝ Սիսիանում, Գորիսում, հարակից գյուղերում։ Հետաքրքիր է մեր տեսակը, երբ մարդիկ իմանում են՝ ինչ ֆիլմ է, ինչի մասին է, սիրտները մղկտում է, հոգատար, սրտաբաց են դառնում։ Հավաքել եմ մարդկանց, գյուղի բնակիչներին, որ մասնակցեն ֆիլմին։ Մարտական տեսարաններ ունենք, որոնց մեծաթիվ զինվորներ են մասնակցում։ Փորձում եմ սյունեցիներին էլ մասնակից դարձնել մեր ֆիլմին։ Աշնան ու ձմռան ամիսներին Երևանում ինտերիերներն ենք գտնել՝ նկուղ, հիվանդանոց և այլն։ Ինտերիերը կնկարենք Երևանում, էքստերիերները՝ Սյունիքում։ Առաջ Աստված։
Դերասանները ֆիլմում բժիշներ են դառնալու
Դերասանների հետ ենք հանդիպում, դերասաններն էլ՝ բժիշկների։ 60-ից ավելի բժիշկների ենք արդեն հանդիպել, որոնք պատմել են պատերազմի, իրենց ապրածի, զգացածի մասին։ Շատ կարևոր է, որ դերասանները ճանաչեն պատերազմի ժամանակ անհավանական սխրանք գործած բժիշկներին։ Իսկ բժիշկները դերասաններին պետք է սովորեցնեն այն գործողությունները, որ անում են պատերազմի դաշտում, հոսպիտալում, կարողանան բժշկական գործիքներն օգտագործել, կտրել, վիրահատել, կարել։ Հադրութում, Ջրականում, Տող գյուղում, Ստեփանակերտում տարբեր տեսարաններ ունենք։ Անգամ նահանջի ժամանակ մեր բժիշկներն աննահանջ կերպով իրենց առաքելությունն են իրականացրել։
Աշխարհը պետք է իմանա մեր մասին, Արցախի մասին
«Վերածնվածը» սեպտեմբերին կավարտեմ, հետո կներկայացնեմ փառատոների։ Առաջիկայում՝ մայիսին էլ կմասնակցենք Կանննի միջազգային կինոշուկային, դիստրիբյուտորների հետ կհանդիպենք։ Ֆիլմի հանրահռչակման ուղղությամբ ֆրանսիացի պրոդյուսերն աշխատանքներ է տանում՝ թեման ներկայացնելով որպես անձնական ողբերգություն՝ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն ու նրա հարազատները հայրենազրկվել են։ Բոլոր օտարազգի պրոդյուսերները անասելի սիրով են կապված ֆիլմերի հետ, զուտ որպես աշխատանք չեն դիտարկում։
Արցախում պայքարած բժիշկների, Մյուրատ Առաքելյանի պատմությունները պետք է տարածվեն, պրոդյուսերները մեծ պատրաստակամությամբ ստանձնել են այդ գործը։
Կինոաշխարհ
Բեռլին-Երևան, 2025



