Ատոմ Էգոյանի «Էկզոտիկա» ֆիլմը

Հաշվի առնելով Կաննի գլխավոր մրցանակը և հինգ Օսկար ստացած Շոն Բեյքերի «Անորա» (2024) ֆիլմի աղմկալից հաջողությունը, ցանկություն առաջացավ վերադիտել, Ատոմ Էգոյանին ժամանակին ճանաչում բերած, «Էկզոտիկա» կինոնկարը, և ներկայացնելով այս վերլուծությունը` հանդիսատեսին կինեմատոգրաֆիկ ոճի, ճաշակի, մի խոսքով գեղարվեստական արժանիքների մասին մտորելու առիթ տալ։ Ամեն ինչ չէ իհարկե, որ համեմատության մեջ է իմացվում, բայց նրանց, ովքեր դեռ չեն դիտել Ատոմ Էգոյանի «էկզոտիկան», այս ֆիլմից բացի կառաջարկեի դիտել նաև, բոլոր տեսակի համեմատություններից դուրս, բայց վերոհիշյալ ֆիլմերի հետ լոկ թեմատիկ առնչություն ունեցող երկու դասական կինոնկար՝ հանճարեղ Ֆեդերիկո Ֆելինիի «Կաբիրիայի գիշերները» (1957) և Վիմ Վենդերսի «Փարիզ, Թեքսասը» (1984)։

«Էկզոտիկա» (1994) ֆիլմը դարձավ հայկական արմատներով կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի առաջին լուրջ հաջողությունը։ Ֆիլմը ներառվել է 1994 թվականի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում և արժանացել է հեղինակավոր FIPRESCI մրցանակին։ Բացի այդ, «Էկզոտիկան» արժանացել է «Գենիուս» ազգային կինոմրցանակի` 8 անվանակարգերում։

Կանադաբնակ հայ Ատոմ Էգոյանը «Էկզոտիկայի» ճանաչման հետ միասին վերջնականապես հաստատվեց կանադական ամենանշանակալի ռեժիսորների եռյակում։ Ֆիլմն ամրապնդեց և բազմապատկեց նրա առաջին աշխատանքների հաջողությունը, որոնք աչքի էին ընկնում սինկոպացված ռիթմով և հանելուկային կառուցվածքով, և նույնպես մրցանակների էին արժանացել փառատոներում։

Ատոմ Էգոյան, Էկզոտիկա

Այդպիսով Էգոյանը հաստատեց քննադատների սիրելիի կոչումը աշխարհի ամենահեղինակավոր փառատոնում։ Այդ ժամանակ նրան արդեն սկսել էին անվանել «կանադական Վենդերս»՝ գերմանացի ռեժիսորի հետ թեմատիկ և ոճային նմանության պատճառով։ «Էկզոտիկայից» հետո Էգոյանը նրան տեղահանեց պայմանական առաջատար դիրքից՝ դառնալով մշակութային և ֆիզիկական տարածությունների դատարկության արտացոլման, ինչպես նաև ընտանեկան կապերով կարգավորված հարաբերություններիքայքայումը ֆիքսելու կարողության «օրենսդիր»։

«Էկզոտիկայում», չնայած ընդհանուր ծածկագրվածությանը, այլևս չկա այն հստակ մարգինալության կնիքը, որը բնորոշ էր ռեժիսորի առաջին աշխատանքներին։ Ֆիլմի մեծ մասն անցնում է նույնանուն ակումբում, որը պարբերաբար այցելում է հարկային տեսուչ Ֆրենսիսը։ Նշանակալի է, որ Էգոյանի նախորդ ֆիլմերի գլխավոր հերոսները ապահովագրական գործակալ և լուսանկարիչ էին՝ մարդիկ, որոնք ստիպված էին իրենց պաշտոնական պարտականությունների բերումով ներխուժել ուրիշների կյանք։ Սակայն Ֆրենսիսը պարբերաբար այցելում է ակումբ ոչ թե ծառայողական անհրաժեշտությունից, այլ որովհետև նրան անզսպելիորեն ձգում է պարուհի Քրիստինան։

Ֆիլմի գլխավոր հերոսի կյանքը կորցրել է ամեն իմաստ և վերածվել պարզ գոյության։ Ֆրենսիսը Թոմասի՝ ֆիլմի մեկ այլ կերպարի` ընտանի կենդանիների խանութի սեփականատիրոջ խանութում անցկացնում է հաշվապահական հաշվետվության ստուգում, քանի որ կասկածում է Թոմասին տարեկան մոտ 200.000 դոլար արժողությամբ հազվագյուտ թռչունների անօրինական ներմուծումից շահույթ ստանալու մեջ։

Ատոմ Էգոյան Էկզոտիկա

Կենդանիների խանութի վաճառողի փաստաթղթերը ստուգելուց հետո, նա տանը դայակ է թողնում (թեև դրա կարիքը չկա), իսկ ինքը գնում է «Էկզոտիկա» ակումբ, որտեղ նա մշտապես կանչում է դպրոցականի համազգեստով պարուհի Քրիստինային, ինչը խանդ է առաջացնում նրա նախկին սիրեկան Էրիկի մոտ, որն այժմ ապրում է ակումբի տիրուհի Զոուիի հետ։ Վերջում բոլոր կերպարների գծերը հյուսվում են՝ ստեղծելով բավականին հետաքրքիր ավարտ, որը բացահայտում է շատ տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները և արմատապես փոխում է հանդիսատեսի գնահատականը կատարվածի և հերոսների կերպարների վերաբերյալ։

Սկզբում դա ավելի շատ նման է սովորական ֆետիշի, բայց ավելի ուշադիր նայելով, կարելի է նկատել, որ ցանկությունն ու գրգռվածությունը չէ, որ առաջնորդում են այս առեղծվածային հաճախորդին: Ընտանեկան ողբերգությունից սթափված, որի հետևանքով կինը մահացել էր ավտովթարում, իսկ սիրելի դուստրը սպանվել էր անհայտ մեկի կողմից, ընդ որում` անհայտ պատճառով, նա այս պարուհու ընկերակցության մեջ փնտրում է միայն հանգստություն և խաղաղություն: Տարօրինակ է, բայց գուցե միայն այդպես կհանդարտվի իր հարազատների կորստի ցավը, իսկ երիտասարդ պարուհին կօգնի որոշ ժամանակով իրեն հայր զգալ:

Նայել, բայց չդիպչել. այդպիսին են «Էկզոտիկա» ակումբի կանոնները, և դրանք խախտել ոչ մի դեպքում չի կարելի: Ֆրենսիսը՝ և այս հարցում նա բարձրագույն աստիճանի հետևողական է, չի էլ փորձում հակառակն անել. Քրիստինայի ստեղծած կերպարին անհավանական ջերմությամբ վերաբերվելով և գրեթե հայրական հոգատարությամբ, նա, կարծես, ամեն կերպ փորձում է նրան պաշտպանել արտաքին ոտնձգություններից, նույնիսկ եթե այդպիսիք բացարձակապես չկան: Շփումը, որի ընթացքում ծնկներին պարող աղջիկը դառնում է ցանկացած բժշկից լավը, իսկ մասնավոր պարը վերածվում է մի տեսակ թերապիայի, պետք է ընդունել, որ էկզոտիկ է արդեն ինքնին:

Ատոմ Էգոյան

Էկզոտիկ պատկերավորությունը, նշենք, գերակշռում է ֆիլմում բառացիորեն ամեն ինչում: Այստեղ փոխադարձաբար փոխկապակցված երկու սյուժետային գծերը տարօրինակ և խիստ անսովոր են թվում, իսկ դրանցում բնակվող կերպարները սովորական մարդ չեն թվում, բառի ավանդական ընկալմամբ: Նրանցից յուրաքանչյուրը հեշտությամբ կարող էր դառնալ ֆրոյդիստական տարբեր տեսությունների գոյության ակնառու օրինակ:

Հարկային աուդիտորը, կենդանիների խանութի սեփականատերը, սթրիփթիզ պարուհին, բարձրագույն կրթությամբ դիջեյը՝ սրանք են ռեժիսորի ութերորդ լիամետրաժ ֆիլմի հերոսները։ Ամրագրենք. այսքան տարբեր կերպարներին հորինված սթրիփթիզ ակումբում սերտորեն և յուրահատուկ կերպով կապել կարող էր միայն Ատոմ Էգոյանը։

Էգոյանը ֆիլմում կերպարների երկակիության և նմանության թեման հմտորեն խաղարկում է հայելիների հաճախակի օգտագործմամբ, ընդ որում՝ կիսաթափանցիկ։ Բոլոր հերոսներին միայն թվում է, թե նայում են թափանցիկ կողմին, իրականում տեսնում են հայելային կողմը։ Կարելի է նշել նաև յուրօրինակ միզանսցենների օգտագործումը, որտեղ երկու հերոս՝ կադրի ձախ և աջ կողմերում, նայում են միմյանց ինչ-որ ուղղահայաց արգելքի միջով։ Հերոսների այս բաժանվածությունն ու օտարացումը ֆիլմի կենտրոնական թեման է։

Ատոմ Էգոյան, Էկզոտիկա

Ֆիլմի բոլոր կերպարները փոխկապակցված են։ Սա ոչ միայն նրանց հանդիպումների և ծանոթությունների տարօրինակ սյուժետային փոխկապակցվածությունն է, այլև նրանց ներքին զգացողությունների և ապրումների հայելային փոխկապակցվածությունը։ Յուրաքանչյուր ներկայացված կերպար մենակյացի ձևավորված բնավորություն է, որը թափառում է և ապրում գրեթե նույնատիպ սեփական սյուժեների վերարտադրություններում։ Թոմասը՝ կենդանիների խանութի վաճառող և սեփականատեր է, որը մարդկային շփման կարիքը լրացնում է բալետի ավելորդ տոմսի սյուժեի բեմադրմամբ։ Դիջեյ Էրիկը, որը կրկնում է անգիր արված մենախոսությունները և տալիս է ամենահաճախ հնչող հարցը՝ «Ինչո՞ւ են դպրոցականուհիները թվում այդքան անմեղ»։ Եվ իհարկե Ֆրենսիսը, որը չի կարողանում ընդունել ներկան և այցելում է «Էկզոտիկա» ակումբ նորից ու նորից։

Գործողության գլխավոր վայրը «Էկզոտիկա» ակումբն է։ Մտքի ազատության, երևակայության թռիչքի և մենակության կիսման տարածք։ Նրա անվանումը՝ «Էկզոտիկա», հայելային կերպով արտացոլում է Տորոնտո քաղաքի անսովոր արտաքին տեսքը։ Այստեղ է կենտրոնացած կերպարների ներքին հոգեկան հանգստությունը, իրականությունից հեռացնող երաժշտական մոտիվների ֆոնին սեփական մտքերի մեջ աստիճանական ընկղմումը։ Ինչպես ամբողջ ֆիլմում, այս ակումբի տարածքում մեզ հետապնդում է երեք գույն՝ կանաչ, դեղին և կապույտ։ Սա հագեցած, բայց միևնույն ժամանակ հանգիստ բնական համադրություն է, որը հաճախ է հանդիպում կենդանի բնության մեջ։

Ֆիլմում սա հաջողությամբ ընդգծում է բոլոր կերպարների ներաշխարհի հանգստությունն ու խաղաղությունը, նրանց հնարավոր հաշտությունը վայրագորեն անջատված և բարդ աշխարհի հետ։ Ի լրումն ամենի՝ ակումբում տեսախցիկը նույնքան շոյող է, որքան Էրիկի խոսքերը, ինչը տանում է դեպի անհրաժեշտ մեդիտատիվություն։

Հենց առաջին րոպեներից կինոնկարը հմայում է իր մոգությամբ։ Այն թուլացնում է և հրավիրում վայելել «Էկզոտիկա» ակումբի զգայական մթնոլորտը։ Իրադարձությունները զարգանում են դանդաղ և առաջին հայացքից բավականին քաոտիկ։ Իրականում հանդիսատեսի աչքի առջև ռեժիսոր Ատոմ Էգոյանը դասավորում է բավականին բարդ համադրություն, որը վերջում ապշեցնում է իր գեղեցկությամբ և նրբությամբ։

Ատոմ Էգոյան, Էկզոտիկա

Յուրաքանչյուր կերպարի գործողություններն ուղեկցող գաղտնիքի մոգությունը կախարդում է և բաց չի թողնում ընդհուպ մինչև վերջնական հանգուցալուծումը, որտեղ ռեժիսորը, այնուամենայնիվ, բոլոր հարցերի պատասխանն է տալիս և վերջակետ դնում։ Այսպիսով, կյանքի գերող և արբեցնող անճանաչելիությունը, որը լի է ամեն տեսակի գաղտնիքներով, վերծանվում է դետեկտիվ ինտրիգի դրդապատճառների միանգամայն կոնկրետ բացատրությամբ։

Փոխանակումը կամ, ավելի ճշգրիտ՝ փոխօգնությունը, ֆիլմի հիմնական բաղադրիչներից մեկն է. «Էկզոտիկա» ակումբի «սրբազան» կանոնադրությունը խախտած և ամոթալի կերպով վտարված Ֆրենսիսը, ում այժմ արգելված է այնտեղ մտնելը, Թոմասի զբաղմունքի (կենդանիների ապօրինի վաճառք)մասին լռելու դիմաց առաջարկում է տղային օգնել իրեն, և վերջինս առանց երկար մտածելու համաձայնվում է։

Իր էկրանային հերոսներին հավասարապես զրկելով ոտքերի տակ եղած հողից, խլելով նրանցից երբեմն ամենաթանկը` այն, հանուն որի նրանք երբեմն պատրաստ են գնալ ծայրահեղ քայլերի, Էգոյանը, որպես իսկական արվեստագետ և հումանիստ, այնուամենայնիվ, թույլ է տալիս սիրով նկարագրված կերպարներին ելք գտնել ճակատագրական, առաջին հայացքից թվացյալ անելանելի լաբիրինթոսից։ Եվ այն դաշտը, որով անցյալում քայլում էին մարդիկ, այլևս այդքան գեղեցիկ և գրավիչ չի թվա՝ ի հակադրություն խիստ ներկայի, որտեղ ամեն ինչ, ինչպես պարզվում է, այդքան էլ միանշանակ չէ։

Պետք է գովել Էգոյանին ոչ միայն որպես սցենարիստի, որը հետաքրքիր սյուժե է հորինել, այլ նաև՝ որպես ռեժիսորի, որն այդ սյուժեն յուրօրինակ կերպով իրականացրել է էկրանին։ «Էկզոտիկան» հմայում է առաջին իսկ կադրերից (հարկ է նշել նաև Ատոմի մշտական կոմպոզիտոր Մայքլ Դաննայի և մշտական օպերատոր Փոլ Սարոսսիի աշխատանքը)։ Էգոյանը ստեղծել է հոգեբանական դրամա՝ թրիլլերի տարրերով։ Անելանելիության զգացողությունը չի լքում ողջ ֆիլմի ընթացքում։ Կերպարները հանգիստ լողում են կյանքի հոսանքով, և կենդանիների խանութի տերը շատ չի անհանգստանում անվտանգության և գաղտնիության համար։ Աուդիտորը ընդհանրապես կորցրել է կյանքի նպատակը և շարժվում է իներցիայով, և հավանաբար միակ բանը, որ պահում է նրան, ամեն օր ակումբ գնալն է։ Բոլոր հերոսները իրենց ճակատագրական լողի ընթացքում դատապարտված են բախվելու։

Իսկ ֆիլմն ավարտվում է անցյալից տեսարանով (ինչպես «Փառահեղ ապագայում»), բայց անցյալը չես վերադարձնի, ինչն այդքան ջանք թափելով փորձում է անել ֆիլմի գլխավոր հերոսը։ Ֆիլմի կոմպոզիցիայի շնորհիվ՝ անցյալին մշտական հղումներով և սյուժետային գծերի արագ փոփոխություններով, ստեղծվում է առեղծվածայնության մթնոլորտ։

Պատումի ոչ գծայնությունը հաճախ է ուղեկցում անցյալի, նաև ներկայի հետ հաշտվելու խնդրի մասին ֆիլմերը։ Մենք թափառում ենք ժամանակային ժապավենի վրա։ Բայց կարելի է նկատել, թե որքան անհոգ, որոշ չափով դանդաղ է թվում կերպարների անցյալը։ Այստեղ ամեն ինչ հավասարակշռված է՝ դրանք կամ ընտանեկան պատկերներ են կամ` խաղաղեցնող բնապատկերներ։ Սրանք հիշողություններ են կարևոր, հիշարժան, բայց միևնույն ժամանակ, ոչ ամենահուզական պահերի մասին։ Չէ՞ որ անցյալին դիմելով՝ շատերը նախևառաջ փնտրում են ներդաշնակություն։

Այժմ բավականին տարածված հնարքը՝ մի քանի մարդկանց ճակատագրերի ու ժամանակի մեջ իրադարձությունների խաչաձևումը, Էգոյանն օգտագործել է շատ ավելի վաղ, քան այն դարձավ հանրաճանաչ: Իր հաջորդ աշխատանքում՝ «Փառահեղ ապագա» ֆիլմում, նա այս հնարքը հասցնում է կատարելության:

«Էկզոտիկա» ֆիլմը գրավում է առաջին կադրերից իր հմայիչ երաժշտությամբ՝ հայկական էթնիկ երանգներով, որն ավելին է պատմում, քան տեսածը: Երաժշտությունը, որը հիմնականում բաղկացած է երեք նոտայից, ուժեղացնում է ընկղմման էֆեկտը, բոլոր կերպարներին ու հանդիսատեսին պահում է փոքր, ոչ միտումնավոր «կախվածության» մեջ տեղի ունեցողից: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորից աշխատում է մեկուսացման և անջատվածության մթնոլորտ ստեղծելու համար: Էգոյանի ֆիլմը կարելի է ընկալել որպես ճանապարհորդություն դարաշրջանի ավարտին: Փոփոխելով յուրաքանչյուր կերպարի, թվում է թե, կանխատեսելի իրականությունը` ֆիլմը մանրակրկիտ ցուցադրում է յուրաքանչյուրի մեկուսացումը:

Ֆիլմի հիմնական, առանցքային թեման տրավմա վերապրած մարդու ցրված մտքերն են, որը փորձում է կառչել «շոյող» հիշողություններից: Մարդկանց փոխկախվածությունը՝ որպես անցյալի սարսափելի պահերի փրկարար կամուրջ և անհնարին ներկայի փրկարար երազանքներ: «Էկզոտիկան» ֆիլմ է, որի մեջ կարելի է սուզվել միայն գլխովին, մտնել ռեժիսորի առաջարկած տրանսի մեջ, որպեսզի գոնե մեկուկես ժամով սահմանազատվես ինքդ քեզանից, բայց միևնույն ժամանակ` ինքնառեֆլեքսիայի ենթարկվելով: Չէ՞ որ չկա ավելի արժանի գործողություն, քան իսկական զգայականության որոնումը, քանի որ իրական զգացմունքները տարաշխարհիկ են` այսինքն, էկզոտիկա են:

Արման Գրիգորյան