Արշա՝ Արշա Համբարձումի Օվանեսովա

  «Արվեստում նա ապրել է երջանիկ ու դժվարին կյանքով։ Երջանիկ,                                                                                                    որովհետև ստեղծել է  արվեստի գործեր՝ բացառապես անհատական,                                                                                                 նոր՝ և՛ բովանդակությամբ, և՛ ձևով։ Դժվարին, քանի որ արվեստում                                                                                                   ինչ-որ նոր բան անելը, ինչպես հայտնի է, միշտ էլ դժվար է»:                                                                                                             

(Васили Катанян, Прикосновение к идолам. М., 1997)

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ Արշա Համբարձումի Օվանեսովան ծնվել է 1906 թվականին Շուշիում (Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն, ըստ այլ տեղեկությունների՝ Բաքվում), տնայնագործ արհեստավորի ընտանիքում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել է Բաքվում: 13 տարեկան հասակում կորցնում է մորը: Նույն՝ 1918 թ. ընտանիքը փախչում է Կովկասի իսլամական բանակից Պարսկաստան և վերադառնում է 1920 թ.:  Հենց այդ ժամանակ էլ Արշան կոմունիստ ավագ քրոջ հետ մեկնում է Թուրքմենստանի ռազմաճակատ։ Կես տարի անց  ուսումը շարունակելու համար նրան ուղարկում են տուն։ 1924 թ. 10-ամյա կրթությունն ավարտելուց հետո Արշան աշխատանքի է անցել որպես ավագ ջոկատավար (ըստ որոշ աղբյուրների էլ աշխատել է Բաքվի առևտրաարդյունաբերական բանկում): 1925-ից աշխատանքին զուգահեռ հաճախել է Բաքվի դրամատիկական տեխնիկումի և գեղարվեստի ուսումնարանի պարապմունքներին: 1926 թ. Մոսկվայում ընդունվում է Կինեմատոգրաֆի պետական ինստիտուտ (ВГИК),  ապա դերասանական ֆակուլտետի 3-րդ կուրսից տեղափոխվում է ռեժիսորական ֆակուլտետի 2-րդ կուրս: 1932 թ. ավարտում է ինստիտուտը։

1931 թվականին աշխատանքի է անցնում «Սոյուզկինոխրոնիկա» ստուդիայում (1944-ից՝ ЦСДФ՝ Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիա) որպես ռեժիսոր և հիմնադրում է «Պիոներիա» կինոհանդեսը, որը այնուհետև ղեկավարում է 15 տարի:  1941-1943 թթ. երեխաների և «Պիոներիայի» հետ տարհանվել է  Ալմա-Աթա, որտեղ հանդեսը շարունակել է լույս տեսնել  ամենամսյա պարբերականությամբ։

1948 թվականից դասավանդել է ՎԳԻԿ-ում՝ Գ. Կոզինցևի և Ա. Դովժենկոյի ռեժիսորական արվեստանոցներում, 1959 թ. ձևավորել և ղեկավարել է ոչ խաղարկային ֆիլմերի սեփական արվեստանոցը: Ծանր հիվանդության պատճառով 1961 թ. հեռանում է ստուդիայից և ինստիտուտից: Նրա հետևորդն է դառնում  Լեոնիդ Կրիստին, և արվեստանոցը ստանում է «Ա. Օվանեսովայի և Լ. Կրիստիի արվեստանոց» ոչ պաշտոնական անվանումը:

Հայտնի է, որ Արշա Օվանեսովան  նաև որպես դերասանուհի խաղացել է «Հայկինոյի» արտադրության «Հաշիմ» համր ֆիլմում (1928, ռեժ․՝ Ստեփան Մանուկյան)։ Արշայի խաղացած դերն անհայտ է «Հաշիմում», քանի որ կինոնկարի տարածումն ու ցուցադրությունը արգելվել է «գաղափարական և գեղարվեստական ​​լուրջ թերությունների» պատճառով, ժապավենը չի պահպանվել, հետևաբար շատ բան անհայտ է մնում։ Բովանդակությունից հայտնի է միայն, որ գլխավոր հերոսը՝ ադրբեջանցի զինվոր Հաշիմը, հայտնվում  է Հայաստանի բոլշևիկյան բանտում և սկսում է հասկանալ, որ իր թշնամիները հայերը չեն, այլ հարուստ մարդիկ, որոնք իրար դեմ են հանում  հայերին  ու ադրբեջանցիներին։

Արշա Օվանեսովայի խաղընկերները  «Հաշիմում»  եղել  են  հայկական կինոյի  աստղերը՝ Հասմիկը (Թագուհի Հակոբյան), Հրաչյա Ներսիսյանը, Ամասի Մարտիրոսյանը, Արմեն Գուլակյանը, Արմենակ Դանիելյանը,Վալենտին Վարդանյանը, Արտավազդ Քեֆչյանը և այլք։

Արշան և Հասմիկը ՀԱՇԻՄ ֆիլմում

Արշան և Հասմիկը՝  «Հաշիմ» ֆիլմում

Արշան  որպես ռեժիսորի ասիստենտ   1932 թվականին ներգրավված է եղել  «Հայկինոյում» նկարահանվող երկու՝ «Մի դեպք Սեն-Լուի քաղաքում» («Գործադուլ») և «Քրդեր-եզդիներ» ֆիլմերում (ֆոնդ 1381, ցուցակ 1ա, գործ 5)։

Օվանեսովան նաև «Լեռնային լճի գաղտնիքը» ֆիլմի (1954, «Երևան» կ/ս, սցեն․Մարո Երզնկյան, ռեժ․՝ Ա․Ռոու) սցենարի համահեղինակն է, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 30-ամյակին նվիրված «Սովետական Հայաստան» վավերագրական ֆիլմի (1950, Հայկինոխրոնիկա) սցենարի համահեղինակն ու ռեժիսորը։

Մահացել է 1990 թ.:

Արշա Օվանեսովան ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ էր (1947),  ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ստալինյան մրցանակի դափնեկիր  և Խաղաղության միջազգային մրցանակակիր (1950) «Աշխարհի պատանեկությունը» ֆիլմի համար։ Խորհրդային կինոարվեստի 30-ամյակի առթիվ պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր աստղ» շքանշանով, իսկ Հունգարիայի կառավարությունից արժանցել է Պատվո շքանշանի։

Վավերագրական կինոյի ռեժիսոր և գրող Ջեմմա Ֆիրսովան, որ եղել է Օվանեսովայի ուսանողը և հետագայում գործընկերը (ի դեպ, Օվանեսովայի մասին հիմնականում խոսում և գրում են նրա ուսանողները, համակուրսեցիներն ու գործընկերները) և նրան բնորոշում է էնտուզիաստ ու նորարար մակդիրներով, արձանագրում է. «Արշա Օվանեսովան, որպես կին ռեժիսոր, խորհրդային վավերագրական կինոյում երկրորդն է Էսֆիր Շուբից (ռեժիսոր-կինովավերագրող, սցենարիստ) հետո։ Երկրորդն է և՛ ժամանակագրորեն, և՛ ըստ նշանակության, այն ներդրումով, որ նա ունեցել է խորհրդային վավերագրական կինոյի զարգացման մեջ»:

Արշա Օվանեսովա

Արշա Օվանեսովան  Ջեմմա Ֆիրսովայի հետ

Ընդ որում, ըստ Ֆիրսովայի, շատ առումներով Օվանեսովան առաջինն է խորհրդային վավերագրական կինոյի պատմության մեջ: Նրա անվան հետ են կապված առաջին կինոհանդեսը երեխաների համար, առաջին սինխրոն նկարահանումները երեխաների հետ, առաջին ֆիլմերը երեխաների մասին, կինոխցիկի առաջին ներխուժումը մարդու անհատականության խորքերը, հերոսների առաջին երկարատև դիտարկումները: Ավելին,  Ֆիրսովան նրան գնահատում է որպես եզակի երևույթ՝ մեկ թեմայի արվեստագետ, որ հազվադեպ է հանդիպում արվեստում, իսկ վավերագրական կինոյում ուղղակի բացառիկ է: Նա չի հիշում երկրորդ այդպիսի օրինակ, որ արվեստագետը տասնյակ տարիներ գործեր մեկ թեմայի սահմաններում՝ լինելով այդ թեմայի սկզբնավորողը և միաժամանակ  լուծեր խնդիրներ, կիրառեր մեթոդներ, որոնք սկզբունքային էին դառնալու վավերագրական կինոյի հետագա զարգացման համար: «Նա սկսեց թեման, զարգացրեց ու ընդլայնեց, թեման ժամանակի ընթացքում խորացավ և բազմաձայնության հնչեղություն ձեռք բերեց»  (Фирсова Дж. Арша Ованесова. В кн.: «Летописцы нашего времени», М., 1987, стр. 215-234)։

«Ոչ թե տրվել հանգամանքներին, այլ ընդհակառակը՝ դրանք ծառայեցնել սեփական նպատակներին»,- սա էր, ըստ օպերատոր Ալեքսեյ Լեբեդևի,  նրա ձեռագրի յուրահատկությունը: «30-ական թվականներին ես Օվանեսովայի հետ սյուժեներ եմ նկարել «Պիոներիայի» համար: Արշան աշխատելու իր մեթոդն ուներ կինոյում, որն այսօր հավանաբար կանվանեն իրադարձության կազմակերպման մեթոդ: …Նա ինքն էր կազմակերպում բանավեճը խնդրի շուրջ՝ ընտրելով առավել ուշիմ երեխաներին և տրամադրում էր նրանց լուրջ, անկեղծ խոսակցության: Այդ առումով Արշա Համբարձումովնան համոզելու ինչ-որ մոգական ուժ ուներ: Երեխաները, որոնց նկարում էր նա, տեսախցիկի առջև դառնում էին բացարձակ անկաշկանդ: … Նրանք աստիճանաբար տարվում էին առաջադրված խնդրով և լիովին տրվում իրենց բանավեճին: Մնացածն արդեն իմ՝ օպերատորի գործն էր» (В кн.: Мастерская Арши Ованесовой и Леонида Кристи. Страницы истории ВГИКа, М., 2017):

Ժամանակակիցները վկայում են նաև, որ Օվանեսովան չէր նախընտրում նկարահանել հանդիսավոր իրադարձություններ կամ պաշտոնական միջոցառումներ, այլ նկարում էր իր հերոսների սովորական առօրյան, ինչպես իրենք են բնորոշում, վավերագրական կինո բերելով առօրյա կյանքի պոեզիան, որն առավել ճշգրիտ էր ցույց տալիս ժամանակի պատկերն ու շնչառությունը: Նա չեզոք արձանագրող չէր, այլ հայտնաբերող ու բացահայտող, և նրա միջամտությամբ այդ առօրյա կյանքի յուրաքանչյուր նկարահանում արդեն իրադարձություն էր դառնում: «1939 թվականից լինելով «Պիոներիայում» Օվանեսովայի ասիստենտը՝ ես տեսնում էի, թե ինչպես յուրաքանչյուր նկարահանում, յուրաքանչյուր սյուժե Արշայի համար դառնում էր իսկական հայտնություն։ Նրանում մշտապես ապրում էր ստեղծագործողի միամտությունը, ըստ որի՝ գեղարվեստական գործընթացը մեծագույն առեղծված է, իսկ իր ստեղծածը՝ զարմանքի առարկա» (Мастерская Арши Ованесовой и Леонида Кристи)։

Օվանեսովայի որոնումները սկսվեցին համեստ «Պիոներիայով» և ավարտվեցին վավերագրական կինոյի պատմության մեջ առանձին էջ գրավող «Ասք մեր երեխաների մասին», «Դպրոցական տարիներ», «Արտասովոր հանդիպումներ» և այլ փայլուն ֆիլմերով: «1956 թ. նա գրեց «Դպրոցական տարիներ» սցենարը, որը մի դասարանի կյանքի մասին էր տարվա չորս եղանակների ընթացքում: Կաստելինի (ստուդիայի տնօրեն) դեմ երկարատև պայքարից հետո, որին դուր չէր գալիս բուն նյութի մատուցման սկզբունքը, այնուամենայնիվ կինոնկարը գործարկվեց, երբ բոլոր ժամկետները սպառված էին: Չորս եղանակները հարկ եղավ նկարել երեք ամսում՝ բառի բուն իմաստով ուժասպառ լինելով: Ֆիլմը ապշեցնում էր դասերի ընթացքում երեխաների սինխրոն նկարահանումներով՝ անկեղծ, անմիջական: Ժամանակակից լեզվով ասած, դրանք թաքնված տեսախցիկի նկարահանումներ էին,-հիշում է Վասիլի Կատանյանը:- Այն ժամանակ այդպես ոչ ոք չէր նկարում» (В кн.: Василий Катанян, Прикосновение к идолам, М., 1997):

Վավերագրող Արշա Օվանեսովան

Արշա Օվանեսովան օպերատոր Սարգիս Գևորգյանի հետ

«Սկսելով «Պիոներիան»՝ Արշան ոչ թե սոսկ զբաղեցրել է կյանքի ու արվեստի դեռևս ոչ ոքի չզբաղեցրած տեղը, այլ զբաղեցրել է այն, ինչը դեռ մանկական տարիներից պատրաստել  էր ճակատագիրը,- համոզված է Լև Ռոշալը:- Սակայն «Պիոներիայի»՝ դարաշրջանի այդ զարմանալի կինոերևույթի ստեղծումը, որում ֆանտաստիկ կերպով  հուզիչ անկեղծությունը խառնվում էր բիրտ գաղափարականացմանը, պաթոսը՝ կանոնակարգին, իրական գործը՝ «միջոցառմանը», նախասահմանված էր նրա առաջին հեղինակի ճակատագրով, նրա խառնվածքի արտիստիզմով, որ դրսևորվել էր դեռ մանկուց և ելք էր որոնում» (Мастерская Арши Ованесовой и Леонида Кристи):

Եվ այս եզրակացությանը նա հանգել է ոչ միայն հետևելով Օվանեսովայի ստեղծագործական ուղուն, այլև օգտվելով Օվանեսովայի ինքնակենսագրական ակնարկից (1951 թ. մայիսի 23-ին ստորագրված 7 մեքենագիր էջից բաղկացած մի փաստաթուղթ, որ գտնվել է Օվանեսովայի արխիվում):

Պարզվում է, որ Արշան չքավոր ընտանիքում ծնված երրորդ դուստրն էր, որի լույս աշխարհ գալը ոչ այնքան ուրախություն է պատճառել, որքան հոգս: «Մայրս լաց է եղել, հայրս խմել-հարբել է: Մայրս՝ ծանր կյանքից, հայրս, որովհետև աղջիկը բեռ է»:

Նա շատ վաղուց է ինքնահոսի մատնվել ոչ միայն այն պատճառով, որ մեծ ընտանիքում դժվար էր երեխաներին հետևել, նաև այն պատճառով, որ մայրը մահացել էր, երբ Արշան 13 տարեկան էր: «Իմ մանկության տարիները,- պատմում է Օվանեսովան,- անցել են մի եռացող իրականության մեջ… Դա փոքր մանկական աշխարհ էր՝ լի անհագուրդ հետաքրքրսիրությամբ ու նշանակալի արարքներով»:

Նա բակում կազմակերպել է մանկական թատրոն և նկարչության ստուդիա, որովհետև շատ վաղ է արթնացել երգելու, պարելու, ոտանավորներ արտասանելու, ծեփելու և նկարելու ցանկությունը: Երեխաները բակում պիեսներ են ցուցադրել, համերգներ են կազմակերպել և նույնիսկ բեմականացրել են «Անուշ» օպերան: Այս հուշագրությունում մի հետաքրքրական դրվագ էլ կա, որ լավագույնս է բնորոշում նրա՝ կտրուկ, անակնակլի բերող քայլեր անելու համարձակությունը և թերևս լույս է սփռում հետագայում՝ մասնագիտական առաջախաղացման ընթացքում դրսևորված անսպասելի շրջադարձերի վրա:  Պատմում է այն մասին, որ ամբողջ ընտանիքը նավահանգստում ճանապարհում էր ավագ քրոջը՝ կուսակցական, բոլշևիկ Վերային, որը նավով կարմիր զորքերի հետ մեկնում էր Թուրքմենստանի ռազմաճակատ: Նավն արդեն հեռանում էր, և այդ պահին Արշան ցատկում ու նավասանդուղքով վազում է Վերայի հետևից, նույն պահին էլ նավասանդուղքը բարձրացնում են: Այս ինքնաբուխ մանկական ցատկով է նա հայտնվել ռազմաճակատում:

Այսպես ահա նա բոլորին անակնկալի բերեց, երբ ինստիտուտի դերասանական բաժնից ցատկեց ռեժիսորական բաժին, մինչդեռ արդեն ցույց էր տվել իր դերասանական փայլուն տաղանդը, որը նույնիսկ նկատել ու արձանագրել էր գովասանական գրավոր խոսքով նշանավոր վարպետ Աբրահամ Ռոմը: «Նա չէր կարող սպասել, թե երբ իրեն կհրավիրեն նկարահանվելու, նա ցանկանում էր ինքը նկարահանել, անմիջապես»,- բացատրում է Օվանեսովայի ամուսինը՝ ռազմաճակատային, այնուհետև «Մոսֆիլմի» օպերատոր Սեմյոն Շեյնինը: «Լինել դերասանուհի, կնշանակեր կախված լինել ինչ-որ մեկից, շարունակ սպասել: Նա չէր կարող, չէր կարողանում, չէր ցանկանում»,- հաստատում է Լեոնիդ Կրիստին (Мастерская Арши Ованесовой и Леонида Кристи):

Մյուս շրջադարձը: «Արշա Օվանեսովան, ինչպես իր ընկերների մեծ մասը, ավարտելով ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը, պատրաստվում էր գեղարվեստական ֆիլմեր էկրանավորել,– գրում էր 1956 թ. Վիկտոր Լուսակովիչը:- Վավերագրական կինոստուդիա նա մտավ հետաքրքրասիրությունից, մի րոպեով: Այդ «մի րոպեն» ձգվեց 27 տարի և դարձավ վավերագրական կինոյի երևելի ռեժիսորներից մեկի տևական և փառավոր ստեղծագործական ուղի» («Советский экран», 1959, №6): «Նա արտադրական պրակտիկայի գնաց խրոնիկայի ստուդիա, և դա դարձավ նրա ամենասիրելի գործը: Փաստորեն նա մնաց այդ ստուդիայում ողջ կյանքում»,- ասում է Սեմյոն Շեյնինը:

Օվանեսովայի կյանքի ու ստեղծագործության մասին կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է նկարվել՝ «Պողպատյա արտասվող կինը» («Женщина из стали и слез», 1992 թ., սցենարը՝ Լև Ռոշալ, ռեժ.՝ Սեդա Պումպյանսկայա), որում Արշա Օվանեսովայի մասին պատմում է նրա ամուսինը՝ Սեմյոն Շեյնինը, և Օվանեսովայի օրագրից հատվածներ է կարդում Ռուսաստանի վաստակավոր ատիստուհի Իննա Ալբինան:

Վավերագրող Արշա Օվանեսովան

Տատյանա Մախմուրյանը,Արշա Օվանեսովան և Արև Բաղդասարյանը

Ֆիլմը սկսվում է Հայաստանի տեսարաններով և զուգահեռ հնչում է Օվանեսովայի խոստովանությունը՝ հատված որդուն ուղղված նամակից: «Մենք նկարահումներ էինք անում Երևանի մերձակայքում՝ զորամասի հարևանությամբ: Զինվորականներն էլ դիտում էին մեր աշխատանքը այն ժամանակվա աղքատիկ սարքերով ու «ծիծաղելի» արտադրությամբ: Աշխատեցինք առավորտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 7-ը անընդմեջ ոտքի վրա և նկարահանեցինք 7 կադր: Ավարտին զինվորներից ավագ լեյտենանտն ասաց ինձ. «Այսինչ համբերություն ունեք, ընկեր ռեժիսոր, դուք ոչ թե նույնիսկ քարից եք, այլ պողպատից»: Ի՞նչ կասեր հիմա այդ ավագ լեյտենանտը՝ տեսնելով ինձ այսպես արցունքներից թաց ու կարմրած աչքերով»: Այստեղից էլ կինոպատումի գտնված վերնագիրը մի կնոջ մասին, որը չափազանց ուժեղ էր՝ պողպատի ամրությամբ և միաժամանակ չափազանց փխրուն՝ մատնված արցունքներին:  Այս հակասությամբ է հավանաբար բացատրվում նրա ապրած կյանքի դրամատիզմը, ավելի ճիշտ՝ ողբերգականությունը:

1950 թ.՝ իր ամենահայտնի՝ «Աշխարհի պատանեկությունը» ֆիլմից հետո Օվանեսովան հավանաբար ինչ-որ ելույթի համար գրել է. «Հպարտությամբ ու երջանկությամբ էինք համակվում փառատոնում մեր հզոր Հայրենիքի համար: Ի՜նչ երջանկություն է խորհրդային արվեստագետ լինել և ազատորեն գովերգելու հնարավորություն ունենալ… »: Բայց հենց այդ ֆիլմից հետո,  երբ ստուդիայի տնօրեն դարձավ Նիկոլայ Կաստելինը, նա հինգ տարի կորցրեց «ազատորեն գովերգելու հնարավորությունը»: Յուրաքանչյուր նկարահանման հանձնումը տառապանք է դառնում Օվանեսովայի համար: «Ես չեմ հիշում մի դեպք, որ նա կոմպրոմիսի գնար: Եվ արվեստի գործեր ստեղծելով՝ նա հատուցում էր իր առողջությամբ»,- գրում է  Կատանյանը և մեջբերում Օվանեսովայի՝ 1955 թ. կուլտուրայի մինիստր Միխայլովին  հղած նամակը.

 «Հարգելի Նիկոլայ Ալեքսանդրովիչ, 1950 թվականին, երբ Կաստելինը եկավ ստուդիա, ես որոշեցի խնդրել, որ ստուդիա ընդունվեն չորս տաղանդավոր, ՎԳԻԿը-ը գերազանցությամբ ավարտած ուսանողներ, որպեսզի ներգրավվեն «Պիոներիայի» աշխատանքներում: Հետևեց կոպիտ մերժում՝ «քիթս չխոթել ինձ չվերաբերող գործի մեջ»:

Ես վրդովված գնացի կինեմատոգրաֆի մինիստրություն, ուր որոշում ընդունվեց նրանց ընդունել աշխատանքի:

Այժմ Էլդար Ռյազանովը, Զոյա Ֆոմինան, Վասիլի Կատանյանը և Լիա Դերբիշևան հաջողությամբ աշխատում են ռեժիսոր–վավերագրող: Եվ դրանից հետո տնօրենը սկսեց բառացիորեն ահաբեկել ինձ:

«Աշխարհի պատանեկությունը» ֆիլմից հետո ես չեմ կարողացել պաշտպանել գեթ մեկ ստեղծագործական մտահղացում: Կաստելինը  բացահայտ հայտարարում էր, որ ես չպետք է մանկական, երիտասարդական ֆիլմեր նկարեմ, իմ ստեղծագործական մեթոդը արատավոր է: Նա հայտարարեց վավերագրական կինոյում մարդուն խորությամբ ցուցադրելու անհնարինության մասին:

Դպրոցի մասին կինոնկարը չի արվել մինչև հիմա, թեպետ սցենարը հավանության էր արժանացել 1949 թվականին:

Այդ ամենը շատ ցավոտ է անդրադառնում իմ ներքին հոգեվիճակի վրա, շարքից հանում է երկար ժամանակով»:

«Պողպատյա արտասվող կինը» կինոնկարում Օվանեսովայի ամուսինը՝ Շեյնինը, փորձում է պատասխանել այն հարցին, թե ինչու հիվանդացավ և ասպարեզից հեռացավ Օվանեսովան: Պատմում է, որ 1937 թ. բանտարկում են Արշայի քրոջ ամուսնուն, նա մահանում է բանտում: «Մենք չէինք հասկանում՝ ինչու,- ասում է Շեյնինը,- չէ՞ որ նա մեզ պես իսկական կոմերիտական էր: Պատերազմից հետո էլ սպանեցին ավագ եղբորս, որ հին բոլշևիկ էր:  Մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, և այն ժամանակ կարծում էինք, թե Ստալինը տեղյակ չէ: Այդ ամենը Արշան շատ ծանր էր տանում, և հավանաբար դա էական դեր խաղաց նրա հիվանդության առաջացման և խորանալու առումով»:

Նույն ֆիլմում որդուն ուղղված նամակում Օվանեսովան ասում է. «Ես չպետք է հասունանայի… Ես չեմ կարող ստեղծագործել նվնվալով… Ավելի լավ է մեռնեմ, բայց չեմ հանձնի ստեղծագործական դիրքերս»: Ստեղծագործական դիրքերը չհանձնեց, բայց հանձնվեցին նյարդերը:

1936 թ., երբ արդեն թողարկվել էր «Պիոներիայի» առաջին հնչուն համարը, Օվանեսովան ուշագրավ «խոստովանություն» է արել, թե ինչպես էր մինչ այդ փորձում հաղթահարել էկրանի համրությունը. «Ինձ համար մեծ նշանակություն ունեն մակագրությունները։ Համառոտ, սեղմ մակագրությունները ասես ուղերձ են հանդիսատեսին: Այդ մակագրությունների միջոցով ես խոսում եմ հանդիսատեսի հետ, դիմում եմ նրան, երբ սկսում եմ սյուժեն, կատակում եմ, երբ ծիծաղելի կադրեր են լինում, մաղթանքներ եմ հղում, հարցնում եմ, թե ինչ կանեին այս կամ այն ​​դեպքում։ Ես խոսում եմ մակագրություններով ինչպես մի կինոջոկատավար…»: Եվ «Պիոներիայի» համարներից մեկում մեծ տառերով մակագրված էր. «Սովորի՛ր բոլշևիզմ, պիոնե՛ր»: Գուցե ամենամեծ ցավը եղել է հենց այն, որ կինոջոկատավարը հասունացել էր ու հասկացել՝ տասնամյակներ շարունակ ճշմարտության տեղ է ընդունել կեղծ գաղափարներ, գուցե մեղքի զգացումն է ներսից կրծել, որ մոլորեցրել է իր սաներին, թեպետ նպատակը ճիշտ հակառակն է եղել՝ առաջնորդել նրանց դեպի սխրանքներ ու լուսավոր ապագա… Կամ գուցե գերադասել է պատսպարվել իր հիվանդության թաքստոցում, վերադառնալ իր մանկական աշխարհը, որտեղ ամեն ինչ իսկապես անկեղծ էր, մաքուր ու ազատ, որտեղ այն «սևուկ, ղարաբաղցի հայ աղջնակը» բակերում համերգներ ու ներկայացումներ էր կազմակերպում: Կարելի է միայն ենթադրություններ անել:

Փաստն այն է, որ նա հեռացավ ասպարեզից, երբ իր կարծիքով արդեն հասել էր իր ուզած պրոֆեսիոնալիզմի մակարդակին: 50-ականների վերջին նրան կոտրեց հոգեկան հիվանդությունը, և մոտ 30 տարի նա մնաց հոգեբուժական կլինիկայում: «1966 թ. լրացավ նրա 60 տարին,- հիշում է Կատանյանը,- նրան կարճ ժամանակով թույլատրել էին տուն գնալ, հարազատները հոբելյան էին կազմակերպել: Մենք գնացինք նվերներով, ընթրեցինք, կենացներ ասացինք, կատակեցինք: Բայց նա լուռ էր, տխուր, նրան կարծես հանգցրել էին: Այլևս նրան չտեսա: Շատերը նրան  պարզապես Արշա էին անվանում, հիմա էլ, որովհետև իր կինոնկարներում նա ընդմիշտ երիտասարդ է մնացել: Երիտասարդ, տաքարյուն ու կենսուրախ»:

Աղբյուրը՝  «Համր կինոյի խոսուն կանայք» հանրամատչելի ժողովածուից,

հեղ․՝ Ռ․Բագրատունյան,2024թ․ (էջ՝ 292-308)։