Անցած շաբաթ ամփոփվեցին «Օսկարի» 97-րդ մրցանակաբաշխության արդյունքները: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, իսկ Շոն Բեյքերը ճանաչվեց լավագույն ռեժիսոր։ «Անորա» ֆիլմն ընդհանուր առմամբ «Օսկարի» 5 արձանիկ ստացավ, այդ թվում՝ «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն դերասանուհի»,  «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում:

«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկարի» արժանացավ Էդրիեն Բրոուդին՝ Բրեդի Քորբեթի «Բրուտալիստը» ֆիլմում ճարտարապետ Լասլո Տոթի դերի համար։ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել էր «Անորա» ֆիլմի ռուս դերասան Յուրա Բորիսովը, սակայն մրցանակը շնորհվեց Կիրան Կալկինին՝ Ջեսսի Այզենբերգի «Իրական ցավ» ֆիլմում դերի համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Զոի Սալդանան՝ «Էմիլիա Պերես» ֆիլմի համար։

Հատկանշական է, որ «Անորայի» հաջողությունը մեծ քննարկման առիթ դարձավ հատկապես Հայաստանում՝ հաշվի առնելով, որ ֆիլմում խաղացել են հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը:

«Անորայի» նկատմամբ մեծ հետաքրքրությունը, Ակադեմիայի մյուս որոշումների շուրջ ոչ միանշանակ դիսկուրսը kinoashkharh-ը քննարկել է Արմենպրես լրատվական գործակալության խմբագիր Արման Գասպարյանի հետ:

Օսկար-2025, Անորա

Ընդամենը 6 միլիոն բյուջեով հեղինակային «Անորա» ֆիլմն անցած և այս տարի տասնյակ մրցանակներ տարավ, հաղթեց Կաննում և «Օսկարում», շատ լուրջ քննարկման տեղիք տվեց՝ մասնավորապես Հայաստանում: Թվեմ «Անորայի» նման հաջողության ամենահաճախ հնչող պատճառները, իսկ Դուք մեկնաբանեք:

– Հաղթեց ակումուլյատիվ էֆեկտով. արդեն պետք էր Շոն Բեյքերին հարգանքի տուրք մատուցել իր կինոգործունեության համար:

Ա.Գ. Այդքան էլ համաձայն չեմ այս մոտեցման հետ, որովհետև Շոն Բեյքերին Ակադեմիան առանձնակի ուշադրություն չէր դարձնում մինչև այս, որ հիմա, օրինակ ինչպես Սկորսեզեի կամ ԴիԿապրիոյի, կամ հետագայում, եթե ստացվի, Տարանտինոյի դեպքում պահը հասունանա ու տան: Բեյքերին ոչ մի անգամ չէին նոմինացրել, նա հիմնականում «Սանդենսում» կամ անկախ կինոփառատոններում է ներկայացված եղել, անկախ կինոգործիչ էր:

– Հաղթեց, որովհետև արձանիկներ բաժանողները հոգնել են «ճոռոմ» ֆիլմերից և նախընտրությունը տվել հասկանալի կինոլեզվով հասարակ մարդկային պատմության:

Ա.Գ. Սա, կարծում եմ, ավելի մոտ է իրականությանը: Այս դեպքում ոչ թե «ճոռոմի» հարցն է, այլ ավելի շատ հոգնել էին այն ֆիլմերից, որոնք հստակ սոցիալական մեսիջ ունեն, օրինակ՝ ռասիզմի և այլ խնդիրների: Բեյքերի ֆիլմն ավելի հողեղեն է, մարդկային: Չնայած մարմնավաճառության թեմային Բեյքերը շատ է անդրադառնում: Նա առհասարակ հասարակության աութսայդերների մասին է նկարում, ու «Անորան» էլ բացառություն չէր: Սա պատմություն էր այն մասին, թե ինչպես մեր ցանկությունները, երազանքները, նպատակները միշտ բախվում են դառն իրականությանը, որովհետև աշխարհն անողոք է, սառն է ու ռոմանտիկ չէ: «Անորան» շատ պարզ ֆիլմ է, բայց խորքային շերտեր ունի՝ սոցիալական անհավասարություն, երբ սոցիալական բուրգի վերևում գտնվողը կարող է բուրգի ներքևում գտնվողի հետ անել՝ ինչ կուզի, և պատասխանատվության չի ենթարկվի: Նաև, եթե ուշադիր նայենք ֆիլմը, պարզ է, որ Անորան սիրահարված չէր Վանյային: Բնականաբար, ուզում էր հետն ամուսնանալ նյութական մոտիվներով, ուզում էր ճահճից դուրս գալը: Գուցե շատերը հենց այդ պատճառով են նեղվել, որ հաղթել է մի ֆիլմ, որը վերամբարձ գաղափարախոսություն չունի, այն է՝ «վերջում պետք է հաղթի սերը»:

– Հաղթեց, որովհետև այս տարի մասնավորապես Օսկարին ավելի ուժեղ կինոներ նոմինացված չէին:

Ա.Գ. Իմ կարծիքով՝ «Բրուտալիստն» ավելի ուժեղ էր: Այն ինձ ավելի տպավորեց, բայց «Անորան» իմ ֆավորիտ երկրորդ ֆիլմն էր: Նաև չեմ ուզում այդպես ասել, բայց հնարավոր է՝ Ակադեմիան չէր ուզում կենտրոնանալ հրեաների թեմայի վրա:

– Նաև «Բրուտալիստը» կարծես ավելի մոնումենտալ էր, ավելի «օսկարոտ»:

Ա.Գ. Այո, «Բրուտալիստը» տիպիկ Օսկար տանող ֆիլմ էր՝ 3.5 ժամանոց, էպիկական, հին Ամերիկայի մասին, խոր, դերասանական փայլուն խաղով: Եթե նկատել եք, Շոն Բեյքերը շատ բնական է նկարում, տպավորություն է, որ ոչ թե ֆիլմ ես նայում, այլ կողքդ տեղի ունեցող ինչ-որ բանի հետևում: Իսկ «Բրուտալիստը» հենց մեծ էկրանին նայելու, կադրերին ուշադիր հետևելու կինո է:

– Հաղթեց, ուղղակի որովհետև ռեժիսոր (2024 թվականի Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ) Գրետա Գերվիգի թեթև ձեռքով «Անորայի» շուրջ աղմուկ բարձրացավ:

Ա.Գ. «Անորան» կինոյի պատմության մեջ երկրորդ ֆիլմն է, որը միաժամանակ ստացել է և՛ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը, և՛ Օսկարը: Ընդ որում, Կաննի և Օսկարի միջև միշտ հակասություն է եղել. ակադեմիկոսները միշտ աշխատել են այնպես անել, որ Կաննում հաղթած ֆիլմը հանկարծ Օսկար չստանա: Բայց լինում են դեպքեր, երբ այլընտրանք չկա: Ակադեմիան ընտրում է հետևյալ կերպ՝ ամեն անվանակարգում քվեարկում են համապատասխան ոլորտային մասնագետները: «Անորայի» դեպքում պրոդյուսերներն են ընտրել՝ սկսած Սփիլբերգից: Իսկ Սփիլբերգը Գրետա Գերվիգին հետևելու խնդիր չունի:

– Անորան կլիշեների մասին է, ոչ մի նոր բան:

Ա.Գ. Կլիշեավորված կլիներ, եթե սյուժեն, վերջաբանն այլ լինեին: Որովհետև ֆիլմի սկզբում թվում է, թե ամեն ինչ լավ է լինելու, բայց վերջում դատարկություն է մնում, քեզ խաբված ես զգում, «Pretty Woman» էիր սպասում, իսկ քեզ իրական աշխարհի պատկերն են ցույց տալիս: Ու ֆիլմը դիտողը դառնում է Անորան: Չգիտեմ՝ որքանով է սա կլիշե: Մեծ հաշվով ուրեմն բոլոր ֆիլմերն են կլիշեավորված, որովհետև ոչ կլիշեավորված երևի եղել են ամենաառաջին ֆիլմերը:

Նաև, ինչ վերաբերում է կերպարներին՝ չար ու բարի… Շոն Բեյքերը չի ասում, որ օրինակ Անորան լավ կերպար է… Լավի և վատի խնդիր չկա: Մարդիկ չեն լինում լավ կամ վատ, մարդիկ որոշակի իրավիճակներում լավ կամ վատ արարքներ են կատարում՝ հիմնականում երկուսն էլ: Անորան ոչ լավն է, ոչ վատը, հայերը ոչ լավն են, ոչ վատը, նույնն էլ՝ ռուս օլիգարխը. եթե վերջինիս տեսանկյունից նայենք՝ իր միակ որդին ինչ-որ ամերիկացի մարմնավաճառի հետ է ամուսնացել, բնականաբար նա կմտածի՝ «երեխուս խաբել են փողի համար», ու մեծ հաշվով ճիշտ կմտածի:

Օսկար-2025

– Ինչո՞ւ «Անորան» այսքան գրգռեց հայերին:

Ա.Գ. Օսկարի ժամանակ տուրուդմբոցներ լինում են, երբ այս կամ այն ֆիլմը ոչ միանշանակ է ընդունվում, բայց արագ անցնում է: Այս անգամ երկար տևեց, որովհետև «Անորա» ֆիլմում հայեր կային:

Մեր մեջ նաև մի խնդիր կա, երբ մեզնից մեկը ինչ-որ բանի է հասնում, պարտադիր պետք է քննադատենք, թերություններ գտնենք: Ասում էլ են, որ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի դերերը մեզ նվաստացնում են: Չեմ կարծում, որ Բեյքերը հայ ազգին նվաստացրել է: Հայազգի դերասանների փոխարեն կարող էին լինել ալբանացիներ, այլ ազգերի ներկայացուցիչներ: Այն հանգամանքը, որ հայերենը, հայկականությունը ինչ-որ ձևով կա օսկարներ ստացած ֆիլմում, ինձ միայն ուրախացնում է: Մի զավեշտալի մեկնաբանություն էլ եմ տեսել, որ ընդհանուր պատկերն ինչ-որ չափով ցույց է տալիս, ցիտեմ. «Ինչի՞ վրա եք ուրախանում, հայ աղջիկը «պուտանկայի» դեր է խաղում»..․

–Նաև նման կարծիք կա՝ «ժամանակին «Օսկարի» նորմալ ֆիլմեր էին նոմինացնում. ինչպե՞ս կարող է «Ֆորեսթ Գամփին», «Շինդլերի ցուցակին» հավասար հաղթել «Անորան»։ «Օսկարը»  փոխվել է…

Ա.Գ. Դա ամեն տարի ասում են: Բայց լինում են դեպքեր, երբ մենք չեն հասկանում այս կամ այն ֆիլմի լավը լինելը: Օրինակ՝ Գիլերմո դել Տորոյի «The Shape of Water»-ը՝ փառահեղ ֆիլմ, բայց եթե ֆիլմը մակերեսորեն նայես, չիմանաս կոնտեքստը, կմտածես՝ ինչ-որ ռոմանտիկ կլիշեավորված ֆիլմ է հրեշի ու գեղեցկուհու մասին: Մինչդեռ այն երկու հրեշի մասին է:

Բայց այո, վերջերս Օսկարը շատ է հիասթափեցնում: Քաղաքականացված լինելու խնդիրն էլ կա: Բայց ուրախալի պահեր էլ են լինում. երբ օրինակ 2023 թվականին հաղթեց «Everything, Everywhere, All At Once»  ֆանտաստիկ ֆիլմը: Փառահեղ գործ էր, ու անսպասելի էր հաղթանակը: Օսկարը նայում ենք նաև անակնկալների համար:

Իսկ երբ ասում են՝ ժամանակին «Շինդլերի ցուցակն» էր հաղթում… այս տարի «Շինդլերի ցուցակ» չկար, որ հաղթեր:

–Այնուհանդերձ, այս տարվա Օսկարը թույլ էր:

Ա.Գ. Իհարկե, թույլ տարի էր: Բայց Օսկարն այդպիսի պարբերականություն ունի՝ մեկ «Մատանիների տիրակալին» կարող են 11 արձանիկ տալ, մեկ էլ օրինակ «CODA»-ն հաղթի, կամ «Շինդլերի ցուցակ» ու «Լուսնի լույսը» ֆիլմերն իրար կողքի դրվեն: Ակադեմիայից կայունություն սպասել չարժի:

–Կա՞ն ֆիլմեր, որ չէին նոմինացվել գլխավոր անվանակարգում, բայց Դուք կառաջադրեիք:

Ա.Գ. «Նեսֆերատուն»… Խայտառակություն է, չգիտեմ՝ ինչպես է ստացվել, որ Ռոբերտ Էգերսի ոչ մի ֆիլմ գլխավոր մրցանակին դեռ չի նոմինացվել:

Օսկար-2025

–Հետաքրքիր է Ձեր կարծիքը «Էմիլիա Պերես» ֆիլմի մասին: Հիմնականում, իհարկե, բացասական են կարծիքները, բայց ոմանք ասում են՝ «ուղղակի չեք հասկանում վեհությունը»:

Ա.Գ. Ես մյուզիքլերի սիրահար չեմ, բայց ասեմ՝ տեխնիկապես լավ ֆիլմ էր. Ժակ Օդիյարն է ռեժիսորը, այլ կերպ լինել չէր կարող: Բայց ինձ դուր չի եկել: Ոչ թե որովհետև տրանս անձի մասին էր, այլ որովհետև շատ մտացածին էր, չափից շատ էր ամեն ինչ:

–«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Էդրիեն Բրոուդին՝ «Բրուտալիստ» ֆիլմի համար: Շատերը բողոքում էին, որ Բրոուդին նույնանման դեր է խաղացել Պոլանսկու «Դաշնակահարը» ֆիլմում, որի համար ևս «Օսկարի» արձանիկ ունի: Ասում են՝ «ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»:

Ա.Գ. Չէի ասի՝ նույն դերն էր: Այո՛, հոլոքոստից փրկված հրեայի դեր է խաղում, բայց շատ տարբեր կերպարներ են: Իմ կարծիքով՝ Բրոուդիի կյանքի պատմությունն ինքնին օսկարակիր ֆիլմի սյուժե է: Նա «Դաշնակահարից» հետո գլորվեց, հայտնվեց Սարիկ Անդրեասյանի ֆիլմում, այնուհետև երկար ժամանակ նորմալ չէր նկարահանվում, հիմա վերադարձավ ու «Օսկար»  ստացավ: Բրոուդին մեծ դերասան է: Ֆիլմը նայելուց հետո չէի կասկածում, որ կհաղթի:

–Լավագույն դերասանուհի ճանաչվեց «Անորայի» Մայքի Մեդիսոնը: Բայց շատերը սպասում էին, որ Դեմի Մուրը կստանա՝ «Սուբստանցիայի» համար:

Ա.Գ. Մեդիսոնը փայլուն էր խաղում, ահագին երկար ժամանակ պատրաստվել է Անորայի դերին: Բայց Դեմի Մուրին կարող էին ակումուլյատիվ էֆեկտով տալ: Սակայն, ակադեմիկոսները երևի հեգնանքով մոտեցան ու որոշեցին իրականություն դարձնել «Սուբստանցիայի» սյուժեն:

–Կիրան Կալկին, թե՞ Յուրա Բորիսով:

Ա.Գ. Կալկին: Նայեցի «Real Pain»-ը, չէի ասի, թե փայլուն ֆիլմ էր: Ջեսսի Այզենբերգը նկարել է իր նախնիների մասին շատ անձնական ֆիլմ, բայց Կալկինն աննկարագրելի էր: Յուրա Բորիսովը խաղում է դեմքով, քիչ ռեպլիկներ ուներ «Անորայում»: Կալկինը խաղում էր և՛ դեմքով, և՛ ռեպլիկներով:

Օսկար-2025

–Միանշանակ էր, կարծում եմ, անիմացիոն «Հոսք» ֆիլմի հաղթանակը: Լատվիայում արդեն գլխավոր հերոսին՝ կատվին նվիրված արձան են կանգնեցրել: «Հոսքը» նույնպես Կաննում է ցուցադրվել, «Ոսկե գլոբուս» ստացել: Ինչո՞ւ է պետք նայել այս ֆիլմը՝ հատկապես հիմա:

Ա.Գ. ՌեԱնիմանիայի ժամանակ եմ առաջին անգամ նայել ու հիացած էի: «Հոսքը» սիրո խոստովանություն է բնությանը: Երևի ավելի ջերմ սիրո խոստովանություն կենդանի բնությանը ես չէի տեսել: Ու քանի որ մենք նպատակաուղղված ոչնչացնում ենք այն, «Հոսքը» պետք է նայել՝ հասկանալու՝ ինչ ենք կորցնում: Ու դա ֆիլմը ցույց է տալիս առանց բառերի՝ կենդանիների միջոցով:

–Այս տարվա «Օսկարը»  թերևս ամենաքիչ քաղաքականացվածներից էր: Չնայած նույն «Բրուտալիստը», «Էմիլիա Պերեսը», բրազիլական «Ես դեռ այստեղ եմ», «Nickel Boys», իրանական «The Seed of the Sacred Fig» ֆիլմերը, «Հոսքը»  մեծ հաշվով քաղաքական հայտարարություններ էին, հայացք անցյալին: «Անորան» էլ այդ շարքերում հայտնվեց, շատերին հունից հանել էր ռուս դերասանների ներգրավվածությունը և ֆիլմի «ռուսականությունը»: Թրամփին էլ այս տարի չհիշեցին՝ չնայած առիթները քիչ չէին։

Ա.Գ. Քաղաքական գործոնը կար, բայց շատ չէր: «Ես դեռ այստեղ եմ»-ը, որ հաղթեց լավագույն օտարալեզու ֆիլմերի անվանակարգում, ավելի շատ Բրազիլիայի «shame on me»-ն էր: Կար «The Seed of the Sacred Fig» ֆիլմը, որը Մոհամմադ Ռասուլոֆի «shame on you»-ն էր Իրանին, բայց Իրանը դա բնականաբար չի ընդունում: Այսինքն, ուրիշ երկրների քաղաքականության թեման կար, բայց ոչ Ամերիկայի: Եթե «Բրուտալիստը» հաղթեր, կլիներ: Որովհետև այնտեղ կա ամերիկյան քաղաքականության թեման, որ միգրանտներին ԱՄՆ-ում հարուստները շահագործում են, մարդու տեղ չեն դնում:

Առհասարակ, հետաքրքիր էր հետևել Հոլիվուդում տեղի ունեցող միտումներին: Դիսնեյն անիմացիոն ֆիլմ էր սկսել սևամորթ հերոսուհու մասին, մեծ մասը պատրաստ էր, բայց չեղարկեցին: Մի անիմացիոն ֆիլմում էլ, որի հերոսներից մեկը ԼԳԲՏ ներկայացուցիչ էր, դարձրին քրիստոնյա: Ակնհայտ է, որ սկսում են շարժվել դեպի թրամփյան քաղաքականություն: Դա բացատրվում է նաև ֆինանսական տարրով: Մինչև ներառականության գաղափարախոսությունը թե՛ համակարգչային խաղերի ոլորտում, թե՛ կինոյում այդ ամենն արդեն այնքան էր մարդկանց հոգնեցրել, որ նույնիսկ եթե ֆիլմերը լավն էին, շատերը ուղղակի չէին նայում՝ չնայած քննադատների հիացական մեկնաբանություններին: Հիմա հակառակը՝ աջակողմյան կուրսն են վերցնում: Բայց դա էլ չպետք է ծայրահեղության հասնի: Պետք է 90-ականների ոսկե միջինը պահել, երբ միաժամանակ կային «Ֆիլադելֆիա» և «Ֆորեսթ Գամփ» ֆիլմերը:

–Ես միշտ հարցազրույցների վերջում խնդրում եմ առանձնացնել 5 ֆիլմ, որ զրուցակիցս խորհուրդ կտար ընթերցողներին: Այս անգամ կարող ենք թեմատիկ ցանկ ունենալ՝ օսկարյան 5 ֆիլմ:

Ա.Գ. Իրականում շատ բարդ հարց է… Տարանտինոյի «Pulp Fiction»-ը, որ ներկայացված էր «Օսկարի»: «Մատանիների տիրակալը», «Ֆորեսթ Գամփը», «Փախուստ Շոուշենկից» և «Everything, Everywhere, All At Once». բայց իհարկե 5-ը շատ քիչ է:

 

Հարցազրույցը՝ Դիանա Գասպարյանի