Անիմատոր Զաքար Դեմիրճյանի չբռնած գորտը, բռնած օձն ու պատերազմը․․․
«Օձի ապուրը» հայկական անիմացիան ընտրվել է Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի մրցույթում։
Ընկերներով հավաքվել էին՝ մի գավաթ գինու շուրջ զրուցելու, նաև նշելու նոր ֆիլմի միջազգային հաջողությունը՝ Զաք (Զաքար) Դեմիրճյանի «Օձի ապուրը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է աշխարհի ամենահեղինակավոր անիմացիոն կինոփառատոնի՝ Festival international du film d’animation d’Annecy / Անսիի միջազգային անիմացիոն փառատոնի՝ կարճամետրաժ ֆիլմերի «Հեռանկարներ» մրցութային բաժնում։
Ֆիլմը երկար դեգերումների, պրպտումների, գաղափարը, միտքը անիմացիայի լեզվով, բայց նորարար միջոցներով իրապես «երկնելու» արդյունք է, ու այն հայտնվում է ոչ ավել-ոչ պակաս՝ Անսիի փառատոնի էկրանին։
Kinoashkharh.am-ին հաջողվել է ներկա գտնվել այդ հանդիպմանը , հետևել և գրի է առել անիմացիան ստեղծողների անմիջական ու անկեղծ զրույցը ֆիլմի ռեժիսորի՝ անիմատոր Զաքար Դեմիրճյանի, պրոդյուսեր, համասցենարիստ Րաֆֆի Մովսիսյանի ու ֆիլմի տնօրեն Արմինե Հարությունյանի հետ։
«Օձի ապուրը» անիմացիոն ֆիլմում կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն առաջին անգամ հանդես է գալիս որպես պրոդյուսեր։ Նա ռեժիսորի փորձ արդեն ունի՝ ի դեմս իր «Ժամանում» ֆիլմի։ Հիմա էլ ուժերը փորձում է պրոդյուսերական ոլորտում։ Արմինե Հարությունյանը «Օձի ապուրը» ֆիլմին ծանոթ է դրա՝ դեռ կինոնախագիծ եղած ժամանակվանից, որովհետև Կինոյի հիմնադրամի հանձնաժողովի անդամ է ու մասնակցել է կինոնոխագծերի ընտրությանը։
Մի խոսքով՝ հավեսով խոսեցին, հիշեցին, անկեղծացան ու մի լավ ուրախացան «Օձի ապուրը» անիմացիայի հաջողության համար։
Րաֆֆի Մովսիսյան- Կինոքննադատ, համապրոդյուսեր, սցենարի համահեղինակ – Իմ մասնակցությամբ բոլոր կինոնախագծերը հիմնված են մտերմության, ընկերության վրա։ Այստեղ պիտի մեջբերեմ իմ ուսուցչի՝ Հարություն Խաչատրյանի խոսքը՝ կինոն լավագույն առիթներից մեկն է ընկերներին հանդիպելու համար։ Ես լիովին համաձայն եմ նրա հետ՝ ընկերական շփումները շատ կարևոր են, դրանք նաև նոր ֆիլմի ստեղծման միջավայր են դառնում։
Այս ֆիլմում ես առաջին անգամ հանդես եմ գալիս որպես պրոդյուսեր։ Զաքի հետ սկսեցինք նախագիծը, հետո համագործակցեցինք Արմինեի հետ։ Հանդիպեցինք։ Այս ընկերական համագործակցությունը ծագեց մի կետից։ Թեման, որի մասին ֆիլմը նկարահանվել է, գոնե ինձ համար կինոյում փակ է։ Միշտ մտածել եմ, որ որպես ստեղծագործող՝ չեմ կարող անդրադառնալ դրան՝ պատերազմին, որովհետև ինքս ինձ համար դեռ չեմ ձևակերպել այն։ …Ապրված չէր։
Ուրախ եմ, որ Զաքար Դեմիրճյանի կարճամետրաժ դեբյուտային «Օձի ապուր» ֆիլմն ընդգրկվել է Անիմացիոն ֆիլմերի ամենագլխավոր՝ Անսիի միջազգային կինոփառատոնի «Հեռանկարներ» ծրագրում, իսկ այդ պլատֆորմը նոր մտածողության, ժամանակակից մեդիաների, քաղաքական հայացքներ ունեցող ստեղծագործողների համար է։
Անկախության շրջանում ստեղծված մեր ֆիլմերի մեծ մասում ռեժիսորները կարծես պտտվելիս լինեն սեփական ստվերի շուրջը։ Ես միշտ մտածել եմ՝ որտե՞ղ է հեղինակի դիրքորոշումը, որը նա անպայման պետք է ունենա։ «Օձի ապուրը» ֆիլմի սցենարում առաջին իսկ պահից ակնհայտ էր, որ ռեժիսորը քաղաքական դիրքորոշում ունի։ Իսկ եթե մարդն ունի դիրքորոշում, նշանակում է դրա արտահայտման համար հարթակներ գտնվելու են։ Մեր բախտը բերել է, որ մեր դեպքում այդ հարթակն աշխարհում անիմացիայի ամենակարևոր փառատոնն է։
Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են այս կինոնախագծին ու այն արժանացրել պետական ֆինանսավորման։ Այս ֆիլմի հեղինակը դեբյուտային ֆիլմ նկարելու հնարավորություն է ունեցել, բացի այդ, նա զբաղվել է իր սիրած գործով, ինչպես նաև ես։ Երկու տարի աշխատել ենք այս ֆիլմի վրա՝ անընդմեջ ու ամեն օր։ Իմ դերը, կարող եմ ասել, երկրորդական է, սա Զաքի հեղինակային կինոն է։ Պատումի կառուցման ձևով, վիզուալ արտահայտչականությամբ նրա մոտեցումները հեղինակային են։ Ուրախ եմ, որ իմ փոքր մասնակցությունն ունեմ դրանում։
Զաք Դեմիրճյան- «Օձի ապուրը» ֆիլմի ռեժիսոր, սցենարի համահեղինակ, անիմատոր – 2020 թվականն էր.
գնացի Շորժայի նկարիչների հանգստյան տուն. մտածում էի՝ 25 տարեկան եմ ու ոչ մի նկարած ֆիլմ չունեմ։ Սևանը կանաչ էր, եղանակն էլ՝ շոգ, կողքիս ուսանողներս էին։ Մտածեցեինք՝ գնանք գորտ բռնենք, բայց օձ տեսանք, բռնեցինք, տարանք հանգստյան տան մեր սենյակներից մեկը։ Սևանն սկսեց փոթորկվել։ Ես մինչ այդ ձուկ էի բռնել, ապուր էի եփում, օձն էլ գցեցի ապուրի մեջ։
Տավուշյան դեպքերի օրերն էին. ադրբեջանական հարձակում՝ Տավուշի ուղղությամբ։ Մենք գիտակցում էինք, որ շփման գծին շատ մոտ ենք։ Հենց այդ ժամանակ ֆիլմի սցենարը գլխիս մեջ սկսվեց ուրվագծվել, որը կապված էր, ինձ հետ, ձկնորսության հետ, պատերազմի հետ։ Ու մենք ուտում էինք օձի ապուր։ Այդտեղ որոշեցի՝ ֆիլմի անունը «Օձի ապուր» է լինելու ։ Սկսեցի անիմացիոն փորձարկումներ՝ թեստեր անել համակարգչով։ Եկա Երևան, մեկուկես ամիս աշխատեցի ֆիլմի վրա։ Հայրս այդ ընթացքում մահացավ, բայց նա արդեն անիմացիայից հատվածներ տեսել էր։ Մինչ այդ, նրան թվում էր՝ ես ուղղակի ասում եմ, որ անիմացիոն ֆիլմ եմ նկարում, իսկ իրականում ոչինչ էլ չեմ անում։ Որոշեցի դիմել Կինոյի հիմնադրամին։ Ինձ քաջալերեցին՝ դիմիր։ Բայց նախագիծս չընդունվեց։ Առաջին փուլը չանցա։ Հիշում եմ՝ հանձնաժողովը նստած էր, փիչինգի ժամանակ ասացին՝ մենք չենք հավատում քո նախագծին, չենք տեսնում քո ֆիլմը։ Բայց ռեժիսորը ես եմ, ես տեսնում էի այդ ֆիլմը։ Գժվեցի, ջղայնացա, բայց մերժման պատճառը պարզ էր։ Պատճառը սցենարն էր, որը, այո՛, վատն էր։
Րաֆֆիին վաղուց էի ճանաչում՝ 2009-2010 թվականներից, երբ աշխատում էինք «ՌեԱնիմանիա» փառատոնում։ Որոշեցինք սցենարը միասին գրել՝ որպես համահեղինակներ։ Րաֆֆին ճիշտ փոփխություններ արեց, նորից դիմեցինք Կինոյի հիմնադրամին, ու այս անգամ մեր նախագիծը հաղթեց, պետական ֆինանսավորում ստացավ։ Սկսեցինք նկարահանումները։ Այն տևեց երկու տարի։ Սա իմ առաջին ֆիլմն է։ Մինչ այդ, ունեցել եմ 30 վայրկյանանոց փոքր գործեր։
Ֆիլմի տևողությունը 7 րոպե է, բայց ընդհանուր արված աշխատանքը 9,5 րոպե է։ 1 րոպե անիմացիան պետությունը գնահատում է 3 միլիոն դրամ։ 3 ամիս անիմացիա եմ նկարում՝ կադր առ կադր, հատընտիր։ Րաֆֆիի հետ նայեցինք, Րաֆֆին թե՝ Զաք, չէ, ջնջի թող գնա։ Ես էլ նրա հետ համաձայն էի՝ որպես ռեժիսոր, ոչ թե որպես անիմատոր։ Կտրում-գցում էի։ Այո, ֆիլմն է հաղթում, ոչ թե անիմատորի կամ ռեժիսորի աշխատանքը։
Բայց եթե նկարողը ես չլինի, այլ ուրիշ մեկը, պետք է ցանկացած արված աշխատանքի համար նրան վճարեի, անգամ եթե այդ կադրերը չօգտագործեի ֆիլմում։
Արմինե Հարությունյան – ֆիլմի համապրոդյուսեր – Զաքի բախտը բերել է, որ անիմատորն ինքն է, եթե այլ նկարիչ բերեր, մի պարկ փող պիտի տար։ Ուրախ եմ, որ իմ փոքրիկ լուման ունեմ այս ֆիլմում։ Եղել եմ Կինոյի հիմնադրամի հանձնաժողովում՝ որպես անիմացիոն կինոյի մասնագետ։ Ինձ համար պարզ էր, թե հանձնաժողովի մյուս անդամներն ինչու չհասկացան ու չգանահատեցին այս սցենարը։ Սա անիմացիոն ֆիլմի այլ հայացք է՝ գեղարվեստական ու վավերագրական ֆիլմի կոնցեպտից տարբեր։ Սրան պետք է ուրիշ աչքերով նայել, ֆիլմը բոլորովին այլ կերպ է նկարագարում ու ներկայացնում պատմությունը։ Այլ խորհրդանիշներ կան։
Սկզբում սցենարն այնքան էլ ձևավորված չէր, այդ պատճառով էլ հանձնաժողովի մյուս անդամները չհասկացան այն։ Սակայն ես տեսնում էի, որ նախագիծը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք այն չընդունեցինք, բայց ես ինձ պարտավորված էի զգում բացատրելու, թե ինչու չեմ քվեարկել այս նախագծի օգտնին։ Երբ Զաքի հետ հանդիպեցի, ասացի, որ նախագիծը շատ լավն է, բայց պետք է սցենարը, գաղափարը այնպես ձևակերպի, մատուցի, որ հանձնաժողովի բոլոր անդամներին հասկանալի լինի։ Զաքին խորհուրդ տվեցի աշխատել սցենարիստի հետ, ու երբ այն ներկայացվեց երկրորդ անգամ, հանձնաժողովում բոլորը համոզվեցին, որ սա հրաշալի նախագիծ է, բոլորը քվերակեցին դրա օգտին։
Որպես հանձնաժողովի անդամ՝ միշտ հետաքրքիր է՝ ինչ առաջընթաց ու ապագա է ունենում այն նախագիծը, որին ձայն ես տալիս։ Փաստորեն, այս նախագծի ապագան Անսիի փառատոնն է։ Երջանիկ եմ, որ իմ լուման ունեցա. աշխարհի մենահեղինակավոր փառատոնում դեբյուտային այս ֆիլմը հաջողություն ունեցավ։
Ր․Մ․-Կինոգետ Գարեգին Զաքոյանն ասում է՝ ձեր ամենասիրելի, լավագույն ֆիլմի սցենարը տվեք մեկ այլ անտաղանդ ռեժիսորի և նա դրանից կսարքի կեղտ։ Զաքն իր ֆիլմը ստեղծեց այնպես, ինչպես այն ուներ իր գլխում, ինչպես այն միայն ինքն էր պատկերացնում։ Կարող է մի տեսարան ավելացավ կամ պակասեց, բայց ամբողջականության մեջ այն նույնն է, ինչ Զաքն էր ուզում։
Կինոն կինո է դառնում, երբ պատմությանը հաղթում է։ Խաղարկային, վավերագրական կինոն լեզվական այնպիսի մտածողություն ունի, որ մարդը երորդ տեսարանից հասկանում է՝ այդտեղ կինո կա՞ թե ոչ։ Լավագույն ֆիլմերը հաղթահարում են սյուժեն։
Կարևոր է, որ ֆիլմի ոճը գնահատվել է որպես նորարարություն։ Կարող եք հետաքրքրվել ու տեսնել, թե այս տարի Անսի քաղաքում անցկացվող անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը քանի հայտ ուներ, ու ես ինձ իրավունք եմ վերապահում շնորհավորելու հայկական կինոյին, որ ի դեմս Զաքարի՝ հայկական անիմացիան ունի նոր անուն։
Զ․Դ․-Առաջին անգամ իմ կյանքում այնպիսի զգացողություն եմ ունեցել, որ մինչ այդ, երբեք չէի ապրել։ Նկարահանման ճանապարհը շատ դժվար էր։ Երկու տարի է տևել. այդ ընթացքում երբեք մտքովս չի անցել, որ կարող է իմ ֆիլմը Անսիի կինոփառատոնին նոմինացվի։ Հոգու խորքում, իհարկե, մի փոքր հույս ունենում ես՝ միգուցե անցնի. այսքան մարդ աշխատել է ֆիլմի վրա, չարչարվել։ Անտրամաբանական կլիներ, եթե չդիմեինք Անսիին, Կաննին, բայց ես արդեն տրամադրվել էի, եթե չանցնի, կդիմենք ոչ այնքան հեղինակավոր փառատոների։
Ես 10 տարի առաջ եղել էի Անսիում։ Հիշում եմ այդ մթնոլորտը, զգացողությունները։ Այնտեղի հասարակությունն իսկապես ուրիշ է՝ սիրում է անիմացիա։ 10 տարուց ավելի զբաղվում եմ անիմացիայով։ Սկզբում՝ «Ինտերնյուս», հետո Մարսելում եմ սովորել։ Վերադարձա, ընդունվեցի «Ռոբերտ Սահակյանց» ստուդիա, բայց երբեք հեղինակային ֆիլմ չեմ ունեցել։
Երկար տարիներ գրքեր եմ նկարազարդել, ձևավորել, եղել եմ գրաֆիկ-նկարիչ։ Բայց երբ 30-ն անց սկսեցի անիմացիայով զբաղվել, հասկացա, որ այդտեղ եմ ես ինձ լավ զգում։ Եթե մինչ այդ հարցնեիք, կասեի՝ գրքերի նկարազարդումն է իմ սիրած զբաղմունքը։ Կարծում եմ՝ արվեստագետը պետք է հաճախակի փոխի իր մեդիան, իր նյութը։ Նյութը փոխում ես, սկսում ես քո մեջ նոր բաներ բացահայտել ու զգալ։ Կարող է 5 տարի հետո զբաղվեմ բոլորովին այլ բանով։ Ես այն արվեստագետն եմ, որն անընդհատ փոխում է իր նյութը։
Ա․Հ․-Շատ սցենարներ ռեժիսորի մտքում են, նրա գլխի մեջ։ Որպեսզի գլխից հանի, նրան օգնող է պետք, որ այդ գաղափարը, միտքը կարողանա ճիշտ փոխանցել թղթին։ Դրա անհրաժեշտությունը կա, որովհետև ուրիշները պետք է հստակ պատկերացնեն ու հասկանան՝ ինչ սցենար է, ինչպես է այն ձևակերպվել ու ներկայացվել։ Ռեժիսորին սցենարիստ է պետք, որ կարողանա իր գաղափարը ներկայացնել։
Գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերում կարող ես մի բան լրացնել, փոխել, իսկ անիմացիան այնքան աշխատատար է. ամեն տեսարանը ձեռքով է նկարվում, դրա համար էլ ստիպված ես հենց սկզբից ամեն տեսարան թղթի վրա ձևակերպել, հետո միայն նկարել, ինչը կինոյի մյուս ժանրերում պարտադիր չէ։ Իսկ անիմացիայում պարտադիր է ու անհրաժեշտ։ Ռեժիսորը հենց սկզբից պետք է իր պատկերացումները թղթին հանձնի-դասավորի, որ ոչ մի կադր դուրս չմնա, չէ՞ որ ամեն ինչ նկարվում է ձեռքով։ Դա շատ դժվար է։ Մեկ րոպե անիմացիան հնարավոր է նկարել մեկ ամսում։ Եթե ռեժիսորը փոփոխություններ անի, համարեք, որ աշխատանքը չի ստացվի։
Զ․Դ․- Հաճախ մտածում էի՝ արդյո՞ք այս ֆիլմը պատերազմի մասին է։ Ես ուզում էի խոսել պատերազմի մասին՝ առանց պատերազմ ցույց տալու, որովհետև մենք այնքան ենք հոգնել ռազմական կադրերից։ Աշխարհում որտեղ մատդ դնես, պատերազմ է։ Պատերազմն այսօր մոլորակի համար գլոբալ խնդիր է։ Մենք քարտեզներին ենք նայում, հետևում ենք քաղաքական գործիչների որոշումներին, բայց չենք մտնում ինչ-որ դեռահասի՝ տղայի կամ աղջկա պատմության մեջ, նրա անցյալի ու երազանքների մեջ։ Մենք միայն թվեր ենք տեսնում՝ այսքան զոհ՝ Ուկարինայում, այնքան զոհ՝ Արցախում, 2020 թվականին։ Իսկ ի՞նչ կանեին այդ զոհերը, եթե չլիներ պատերազմը, եթե նրանք ողջ լինեին։
Ռազմաճակատում կյանքը կարծես ակնթարթային կարճամետրաժ ֆիլմ լինի։
Շատ ուրախ եմ, որ իմ ֆիլմը նոմինացվել է անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, բայց ավելի շատ ուրախ եմ, որ ֆիլմս ստացվեց այնպես, ինչպես ուզում էի։ Ավարտելու հաջորդ օրը, երբ արթնացա, ուրիշ զգացողություն ունեի՝ ստացել էի այն, ինչ ուզում էի։ Դա շատ կարևոր, հիմնակետային նշանակություն ունի։ Դիտողները կհասկանան՝ ինչ էի ուզում ասել ես։ Պիտի ինքդ քեզ հետ անկեղծ լինես՝ դու կինոյի արժեքների կրո՞ղն ես, թե ոչ. պիտի գործիդ նվիրված լինես, հավատաս քեզ ու նպատակիցդ չշեղվես, չհիասթափվես։
Հ․Գ․– Ֆիլմը ռազմաճակատ մեկնող զինվորի մեկ օրվա պատմությունն է, որի համար ճանապարհին պատահած դիպվածները երանելի իրականության պատկերացման հիմք են դառնում։ Ռումբի պայթյունից երևակայականն ու վերհուշերը միախառնվում և ցնորքի են վերածվում։
Պրոդյուսեր՝ Րաֆֆի Մովսիսյան, կոմպոզիտոր՝ Էմիլ Աբրամյան, նկարիչներ՝ Դանիել Գրիգորյան, Վերոնիկա Ստեփանյան, գծային պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան:
Կինոաշխարհ


