Խորեն Լևոնյանը մարմնավորել է սպարապետ Վազգեն Սարգսյանին։ Նոր ֆիլմի պոստերը, թրեյլերը հանրության շրջանում որոշակի հետաքրքրություն են առաջացրել, հատկապես՝ միջին ու ավագ սերնդի, որը ճանաչում է Սպարապետին։ Իսկ երիտասարդներին հետաքրքրում է՝ ո՞վ է Վազգենը, որին Սպարապետ են կոչել, որի անունը կապվում է հայոց պետականության կերտման, Արցախի ազատագրման, Հայոց բանակի ստեղծման հետ։ «Վազգեն. վերջին Սպարապետը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդայն օրը, առաջին անգամ կբարձրանա մեծ էկրան, իսկ պերմիերայից հետո կցուցադրվի կինոթատրոններում։
Ֆիլմը նկարահանվել է Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ. կինոնախագծի հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Սպարապետի եղբոր դուստրն է՝ Նոնո Սարգսյանը։ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը։ Սցենարի հեղինակը Լևոն Գալստյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Արամ Կարապետյանը։ Գլխավոր հերոսի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը մարմնավորել է Մարջան Ավետիսյանը։
«Ֆիլմը գերմարդու մասին չէ, այլ Ազգային հերոսի, մարդու, գրողի, մտավորականի, հորեղբոր, որդու, ընկերոջ մասին։ Ֆիլմից նաև կտեղեկանաք, թե ինչից էր վախենում այդ մարդը։ Ես ուրախ եմ, որ այս ֆիլմը հնարավորություն կտա ծանոթանալու Վազգենի ստեղծած գրականության որոշ պատառիկների, որոնք նրա մի մասնիկն են։ Վազգեն Սարգսյանը բուռն էր թե՛ անձնական կյանքում, թե՛ սիրո մեջ, թե՛ քաղաքականության մեջ ու ռազմական գործում։ Նա սերեր է ունեցել ու եղել շատ կնամեծար»,- ֆիլմի սցենարական շերտերը չբացելով՝ ներկայացրեց սցենարի հեղինակ Լևոն Գալստյանը։
Վազգեն Սարգսյանը պատմական կերպար է։ Նրան մարմնավորելու համար Խորեն Լևոնյանը շատ երկար է աշխատել, ուսումնասիրել բնավորությունը, խառնվածքը, խոսքը։ «Շատ ընդհանրություններ ունենք. եթե կարելի է մի քիչ գլուխես գովեմ։ Մեր ընտանիքները շատ վաղուցվանից բարեկամություն են արել, հատկապես պապիկիս հետ։ Փորձել եմ ինչքան ուժ ու եռանդ ունեմ, դնել այս ֆիլմի մեջ, փորձել եմ Վազգենին չկրկնօրինակել, որ չվերածվի նրա պարոդիայի, տնազի։
Ես սրանից առաջ էլ եմ միշտ պատրաստ եղել խաղալ ֆիլմերում, որոնք կլինեն մեր հերոսների, մեր լեգենդների, մեր արժանավորների մասին։ Ցավոք, այդպիսի ֆիլմեր այդպես էլ չստեղծվեցին։ Շնորհակալ եմ Սարգսյան ընտանիքին, որ հնարավորություն ընձեռեց՝ մարմնավորելու Վազգեն Սարգսյան պատմական գործչի կերպարը։ Սա երազանքի դեր է։ Փորձելեմ առավելագույնն անել։ Կերպարն ուսումնասիրելիս, նրա մասին նյութեր դիտելիս, իմ կոնֆլիկները մարդկանց, իրադարձություների նկատմամբ ավելի սրվեցին։ Հոգեկան շատ մեծ ցավեր եմ ապրել, ու մեծ դժվարությամբ եմ հաղթահարել դրանք, որովհետև այսպիսի կերպարներ 1000 տարին մեկ են ծնվում։ Փորձել եմ հասկանալ Վազգեն Սարգսյան մարդուն, հային, տղամարդուն, ռազմական, պետական գործչին։ Ու եկել եմ այն համոզմանը, որ մենք առաջնորդներ չենք սիրում։ Այդպես եղավ Սպարապետի հետ, այդպես եղավ նաև իմ պապի հետ»,- ցավով արձանագրեց Խորեն Լևոնյանը։
Ֆիլմի ստեղծագործական կազմի ու լրագրողների հանդիպումը խարսխված էր մասնավոր պատմությունների վրա։ Քանի որ լրագրողները չէին դիտել ֆիլմը, ուստի կենտրոնացել էին դերասանների զգացողությունների, ապրումների վրա։ Մի բան անհերքելի է՝ Վազգեն Սարգսյանի կերպարին մոտենալը, նրա մասին ֆիլմ նկարելը մեծ պատասխանատվություն է։ Ոչ պակաս դժվարին պատասխանատվություն է խաղալ Գրետա մայրիկի դերը։ «Գրետա մայրիկը շատ կարևոր կեպար է եղել ոչ միայն իր ընտանիքի,Վազգենի, այլև ամբողջ ազգի համար։ Եթե Խորենին փրկում է արտաքին նմանությունը Վազգենի հետ, որը շատերն են նկատել, այդ թվում ես՝ դեռ տարիներ առաջ, ապա իմ դեպքում դիմահարդարների համար չափազանց դժվար էր, որովհետև ես բացարձակ նման չեմ Գրետա մայրիկին։ Հոգեկան ապրումներս, հուսամ, կարողացել եմ փոխանցել, նաև այն մեծ սերը, որով տոգորված է եղել Գրետա մայրիկն իր ընտանիքի, Վազգենի, ազգի ու Հայրենիքի նկատմամբ։
Երբ դերասանը խաղում է կերպար, որը նրա երևակայության արդյունքն է, կարող է ներդնել իր պատկերացումները, բայց երբ կերպարը շատ հայտնի է, նրան շատերն են ճանաչում, ու ինչ-որ չափով նրա ժամանակակիցն ենք, դժվար է նրան կերտելը։ Ավելին՝ ես ու Խորենը համարյա տարեկիցներ ենք, բայց ես ֆիլմում նրա մայրն եմ, մեր տարիքային տարբերությունը ֆիլմում մեծ է։ Վախը սրտում եմ մարտի 5-ին գնալու պրեմիերային։ Տիկին Գրետայի ամուսնական մատանին դեռ մատիս է։ Ինձ համար շատ բարդ էր անջատվել Գրետա մայրիկի կերպարից, մինչև հիմա նրա համը հետս է»,- իր կերտած կերպարի ու իր ապրումների մասին պատմեց Մարջան Ավետիսյանը։
Խորեն Լևոնյանը Վազգենի կերպարում հերոսին ավելի լավ է սկսել ճանաչել։ Զարմացրել է Վազգենի հայերենը։ «Ես չեմ տեսել մի գործչի, որի խոսակցական հայերենն ինձ այդքան հոգեհարազատ լինի, որքան Սպարապետինը։ Այդպիսի հայերեն ես լսել եմ մեր մեծերից, որոնց հետ շփվելեմ իմ պապիկի շնորհիվ։
Եթե դերասանը մարմնավորել է մի մարդու, որի նման է մտածում, այդ կերպարից ո՞նց անջատվի։ Ես հասկանում եմ նրա մտքերը, զգում եմ, թե ինչ է զգացել։ Երբեք չեմ պատրաստվում դրանից հրաժարվել։ Ես նույնիսկ նմանություն եմ տեսնում Վազգեն Սարգսյանի և պապիկիս՝ Խորեն Աբրահամյանի միջև։ Հայրս ներկա է եղել այն հանդիպմանը, երբ Վազգեն Սարգսյանը պապիկիս ասել է՝ Վարպետ, ես «Սարոյան եղբայրների» քո Գևորգի կերպարով եմ մեծացել։ Տեսեք, թե այդ մարդիկ ինչ ֆիլմերով ու մշակույթով են մեծացել՝ հաղթանակ ֆաշիզմի նկատմամբ, ազգային արժեքներ, հայրենասիրություն, հայրենիքի համար մեռնել։ Իսկ մենք, մեր երախաներն ի՞նչ արժեքների հիման վրա են մեծանում։ Հասարակությո՞ւնը չի պահանջել, որ մեր հերոսների մասին ֆիլմեր նկարահանվեն։ Մեր ինքնության պահպանման համար ոչ ոք ոչինչ չի՞ պահանջում։ Ազգի համար կարևոր գործ արած այնքա՜ն մարդիկ ունենք, որոնց մասին կարելի էր թեկուզ սերիալներ նկարել կամ մի ֆիլմ, բայց չի արվել։ Այդ մարդիկ հոգի են դրել, կյանք են դրել ազգի համար, ու շատ հետաքրքիր պատմություններ կան, բայց չէ՜, մենք հորինված բաների հետևից ենք ընկել։ Շատ անհանդուժող ենք, ինչը, հաստատ, Սպարապետի երազանքը չէր»,-դառնացած ասաց Խորեն Լևոնյանը։
Ֆիլմում քաղաքական հարցերին անդրադարձ չկա, որովհետև, ինչպես Սպարապետի եղբոր դուստրն է պատճառաբանում, դրա իրավունքը ոչ ոք չուներ, դա կլիներ իր կամ սցենարի հեղինակի սուբյեկտիվ մոտեցումը։ Ֆիլմում չկա նաև հոկտեմբերի 27-ը։ Նոնո Սարգսյանը հիշում է հորեղբոր խոսքերը. «Բոլորն ինձ ճանաչում են ջղայնացած, հոգնած, մորուքով»։
«Բայց նա բարի, լուսավոր էր, հրաշալի եղբայր ու հորեղբայր։ Այդ ամենը ֆիլմում կտեսնեք։ Կտեսնեք նաև բացահայտումներ, դեպքեր, որոնց մասին շատ քչերը գիտեն»,- ավարտեց Սպարապետի եղբոր դուստրը։
Նաիրա Փայտյան
