Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ  Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի Բեռլինալե ֆորումի ծրագրում։  Իրականացվել է երկու ցուցադրություն՝ փետրվարի 16-ին և 19-ին։ Առաջին օրը՝ պրեմիերային,  դահլիճում գերակշռում էին օտարազգիները, իսկ երկրորդ օրը՝ փետրվարի 19-ի հիմնական հանդիսատեսը սփյուռքահայեր էին՝ տեղի հայ համայնքը։

Թամարա Ստեփանյանն այս ֆիլմով իր  հարգանքն ու երախտագիտությունն է հայտնել հորը՝ երջանկահիշատակ դերասան Վիգեն Ստեփանյանին և հայ կինոյի նվիրյալներին՝ համաշխարհային որակներ ունեցող հայ  ռեժիսորներին, որոնց այդպես էլ աշխարհը  չճանաչեց։ Թամարան օգտագործել է ընտանեկան արխիվը ու մենախոսության  միջոցով ներկայացրել իր հոր դերերը հայ կինոյում և ավելի ընդլայնել ասելիքը՝ պատմելով մեր կինոյի 100 -ամյա ճանապարհի ու էկրանային նվաճումների և խնդիրների  մասին։

Բեռլին-75, Թամարա Ստեփանյանի Իմ հայկական ուրվականները ֆիլմի պրեմիերա

«Մենք հրաշալի ռեժիսորներ ենք ունեցել, որոնց աշխարհը չգիտի, օրինակ՝ Համո Բեկնազարյան, Ֆրունզե Դովլաթյան, Հենրիկ Մալյանն…Նրանք համաշխարհային մակարդակի արվեստագետներ են։ Ինչո՞ւ նրանց անունը, նրանց ստեղծածը դուրս չհանենք, աշխարհին ցույց չտանք։ Երբ գանձ ես գտնում, ուզում ես այն պահպանելուց բացի, նաև այլոց ցույց տալ, չէ՞։ Այդպես էլ՝ ես։ Որպես կինոռեժիսոր, որպես հայ՝ ուզում էի մեր կինոժառանգությունը, մեր ռեժիսորներին ցույց տալ աշխարհին»,-իր ֆիլմի մասին Kinoashkharh–ին ասել է Թամարա Ստեփանյանը։

Իմ հայկական ուրվականները ֆիլմի պրեմիերա

Կինոգետ Կարեն Ավետիսյանը «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմի ու բեռլինյան ցուցադրության մասին ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայ կինոյի 100-ամյակին նվիրված պատում, որը ոչ թե կինոգիտական վիդեոէսսե է, այլ անձնական հայացք կինոյի և սեփական պատմությանը։ Հոր՝ դերասան Վիգեն Ստեփանյանի հետ հետմահու երկխոսությունը ինքնին դառնում է երկխոսություն կինոյի հետ։

Թամարան մենախոսությամբ երկխոսության մեջ է մտնում հոր և մեր կինոյի մեծերի հետ։ Այս ձևաչափը ընտրելով որպես վավերագրական ֆիլմի արտահայտչամիջոց՝  նա փորձել է հայ կինոյի մասին տեղեկություն չունեցող օտար հանդիսատեսին պատմել մեր մասին, Հայաստանի մասին, աշխարհի համար անճանաչ, բայց մասնագիտական նուրբ որակներ ունեցող հայ ռեժիսորների մասին»:

Արվեստի պատմաբան, ֆիլմի խորհրդատու Վիգեն Գալստյանը ևս Բեռլինում է եղել։ Նա Թամարա Ստեփանյանի ֆիլմն առաջինը դիտողներից մեկն է։ Հայկական վավերագրական ժամանակակից կինոյի համատեքստում «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը համարում է բացառիկ, որովհետև միաժամանակ մի քանի խնդրի է անդրադառնում ու մի քանի շերտ է կառուցում։

«Ազգային կինոյի 100-ամյա պատմությանը հետահայաց վերլուծական անդրադարձ կատարելով ՝ Թամարան ունի  անձնական հայացք։ Պատմագրական տեսանկյունից հայ կինոն ներկայացվում է աշխարհաքաղաքական զարգացման շրջանակում։ Նաև հայացք է՝ ֆեմինիստական դիրքերից։  Թամարան կին ռեժիսոր է, որը հայացք է նետում 100-ամյա պատմությանը, որտեղ կանայք որպես ստեղծագործողներ հաճախ ստորադասվել են։ «Իմ հայկական ուրվականները» հրաշալի կերպով, հավասարակշռված բացահայտում է  այս ամենը։ Տալով ընդհանուր պատմական ընթացքի ուրվագիծը՝ Թամարան այդ պատմության հանդեպ ստեղծել է քննադատական հայացք»,- ֆիլմի մասին իր տպավորություններով  Kinoashkharh-ի հետ կիսվել է արվեստաբան Վիգեն Գալստյանը։

Թամարա Ստեփանյանի ֆիլմի առանձնահատկությունները, ասելիքի  մատուցման անսովոր ձևաչափը նշելով՝ արվեստի պատմաբանը նկատում է, որ այսօր, երբ ստեղծվում է ժամանակակից հայկական կինո, փորձեր չեն արվում ամբողջացնելու մեր 100 տարվա ժառանգությունն ու ավանդույթները, որոնք պետք է նաև սնուցեն ժամանակակից կինոյի ընթացքն ու զարգացումը։ Թամարայի ձեռքբերումն այն է, որ առանց ուղղակիորեն դա շեշտադրելու՝ պատկերացում է տալիս, թե ինչ է հայկական կինոն՝ որպես կինեմատոգրաֆիայի ժառանգություն, որից կարող ենք ներշնչվել, որին կարող ենք ընդդիմանալ ու ստեղծել այսօրվա կինոն։

«Կարևոր է կինոյի ժառանգությունը վերլուծել, ըմբռնել քննադատական, հայեցողական դիրքերից։ Թամարայի մոտ ստացվել է հավասարակշռված ձևով տուրք տալ ժառանգությանը և մատնանշել խնդիրները։ Ցանկացած ժամանակի մշակույթ ունեցել է իր խնդիրները, որոնք արտացոլվել են կինոյում։ Ինձ շատ դուր եկավ այն, որ Թամարան ոչ թե գնացել է ընդդեմ այդ ֆիլմերի, այլ փորձել է երկխոսել այդ ֆիլմերի, դրանց ռեժիսորների հետ ու իրեն գտնել այդ տիրույթում։ Նա կապող օղակ է ստեղծում իր ու այդ ժառանգության միջև։

Թամարան սփյուռքում ապրող ու աշխատող ռեժիսոր է, ու թեպետ մեր կինոժառանգության մեծ մասը Հայաստանի հետ  կապված  ֆիլմեր են, նա կարողացել է մշակութային, հոգևոր, ստեղծագործական կապ է սահմանել  իր ու այդ ժառանգության միջև։ Այսօրվա   աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում շատ կարևոր է, որ եթե մենք ուզում ենք մեր մշակույթը տարածել մեր երկրի սահմաններից դուրս, պետք է  կարողանանք դա հիմնավորել։ «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը  հրաշալի օրինակ է, թե ինչպես ստեղծագործողը կարող է դա հիմնավորել ու այդ կապերը ստեղծել»,-ներկայի ու անցյալի, հեղինակի ու պատմության կապերի դրսևորումները մեկնաբանել է Վիգեն Գալստյանը։

Պատրաստեց Ռուզաննա Բագրատունյան

 Բեռլին-Երևան, 2025


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05