Մարդկությունն ապրում է ոչ միայն գրված, այլև չգրված՝ մարդկային ու բարոյական օրենքներով ու պարտականություններով։ Այդօրինակ օրենքներից ու պարտականություններից մեկը երախտավոր անհատի ու նրա ծանրակշիռ վաստակի գնահատումն ու մեծարումն է. կյանքի տարբեր բնագավառներում օժտյալ ու նվիրյալ անհատներն ստեղծում են մնայուն արժեքներ, իսկ ժամանակակիցներն ու եկող սերունդները  ոչ միայն պետք է վայելեն այդ ստեղծածը, այլև գնահատեն ու մեծարեն դրա ստեղծողին։ Այդպիսի գնահատանքի ու մեծարանքի դրսևորում է հայկական հեռուստատեսության ճանաչված ու սիրված դեմքերից մեկի՝ հեռուստամեկնաբան, դերասան, ռեժիսոր Կարեն Քոչարյանի նախաձեռնությունը՝ ուղղված հայ կինոյի ու մուլտիպլիկացիայի խոշոր ներկայացուցիչներից մեկի՝ Վալենտին Պոդպոմոգովի անձին ու վաստակին. ֆիլմ՝ «Իսկական երևանցի»։  

Վալենտին Պոդպոմոգովի հետ ֆիլմի հեղինակը ծանոթացել էր դեռ 1994 թ., երբ նշվում էր արվեստագետի ծննդյան 70-ամյակը. այդ տարի «3-րդ ալիք»-ում նրա մասին պատրաստում էր իր «Աստղեր և ճակատագրեր» հեղինակային հեռուստանախագծի հերթական հաղորդումը։ Հետագայում տարբեր առիթներով նկարահանում է վարպետին, իսկ երբ 1998 թ. գեղեցիկի անխոնջ ծառան հեռանում է կյանքից, որոշում է ֆիլմ ստեղծել նրա մասին՝ «Իսկական երևանցի» անվանումով: 1999-ի ապրիլին ֆիլմը պատրաստ էր. ցուցադրվում է նույն ամսի 30-ին, դրանից մեկ օր առաջ՝ Պոդպոմագովի ծննդյան օրը, տեղի է ունենում ֆիլմի առաջին ցուցադրությունը հոբելյար ստեղծագործողի արվեստանոցում՝ ընկերական շրջապատում:

Կարեն Քոչարյանի նկարահանած ֆիլմը ցուցադրվում է նաև հետագայում՝ Երևանի կամերային թատրոնում՝ վարպետի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Սակայն հեղինակին չի բավարարում ֆիլմի ոչ տեխնիկական, ոչ էլ ստեղծագործական որակը, և նա որոշում է նոր մոտեցմամբ անձամբ վերամոնտաժել այն՝ ավելացնելով նոր փաստեր, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու ռեժիսորական մոտեցումը: Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը ինքը՝ Կարեն Քոչարյանն է, նաև՝ օպերատորներից մեկը, մյուս օպերատորներն են Գարեգին Թորոսյանը, Տիգրան Մանկիկյանը, Վարդան Մաթևոսյանը, երաժշտությունը Յուրի Հարությունյանինը և Արտեմի Այվազյանինն են, տեքստը ձայնագրվել է «AVStudioRec» ստուդիայում, հնչյունային օպերատորը Տարոն Ավետիսյանն է։ Ֆիլմում հնչում է Ռոբերտ Ամիրխանյանի և Վահագն Դավթյանի «Անանձնություն» երգը՝ Ռոբերտ Ամիրխանյանի կատարմամբ։ Օգտագործվել են հատվածներ «3-րդ ալիք»-ի «Աստղեր և ճակատագրեր» հեռուստանախագծից, «Երևանյան երազողներ», «Երևանյան էսքիզներ», «Կեսդարյա տարեգրություն», «Անվերջանալի պատմություն», «Նամուս», «Կարինե», «Մորգանի խնամին», «Մարդը Օլիմպոսից», «Տղամարդիկ» ֆիլմերից, «Լուր-դա-լուր» և «Փարվանա» մուլտիպլիկացիոն ֆիլմերից, օգտագործվել են լուսանկարներ և տեսանյութեր Վալենտին Պոդպոմոգովի անձնական արխիվից։ Կարեն Քոչարյանի աշխատանքը տարբեր կողմերից ներկայացնում, բացահայտում է Վալենտին Պոդպոմոգով արվեստագետին, մարդուն, քաղաքացուն, երևանցուն, ընկերոջը …

Թեպետ այս արժեքավոր կինոաշխատանքների հեղինակը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ չէ, այնուհանդերձ միությունը և անձամբ Հարություն Խաչատրյանը անշահախնդիր աջակցել են նրան թե՛ անհրաժեշտ նյութերը, թե՛ Կինոյի տան դահլիճը և թե՛ցուցադրության նոր տեխնիկան տրամադրելու հարցում, ինչպես նաև Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը նշելու գործում:

Ֆիլմի նոր տարբերակի պրեմիերան կայացավ 2025 թ. հունվարի 24-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր դահլիճում (Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում)․ նոր տարբերակը հիշյալ պրեմիերայից հետո տեղադրվեց համացանցում։ Ներկայացվեց նաև «Դյադյա Վալյա» ֆիլմը (2009 թ., ռեժիսոր՝ Նիկոլայ Դավթյան): Ֆիլմերի ցուցադրությունը նվիրված էր հայ անվանի գեղանկարիչ, կինոնկարիչ, կինոռեժիսոր-մուլտիպլիկատոր, դերասան, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին:

Կինոյի տան պրեմիերային ներկա էին Վալենտին Պոդպոմոգովի հարազատները, գործընկերներն ու ընկերները, ինչպես նաև օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, կինոդերասան Միքայել Պողոսյանը, անվանի ծանրորդ Նազիկ Ավդալյանը, գրող և լրագրող Ռուսլան Սաղաբալյանը, հեռուստաօպերատոր և ռեժիսոր Արսեն Ասլանյանը, ճանաչված ֆաբերժե ոսկերիչ Սերգեյ Սարգսյանը, «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Ավետիք Քալանթարյանը և ուրիշներ, շատ էին երիտասարդները. ուրախալի փաստ։

Հրաչյա Բալոյան (Հրաչյա Արմենյան)