Մարիամ Շահուբաթյան-Տաթիևա

Մարիամ Շահուբաթյան-Տաթիևան խաղացել է  հայ կինոյի առաջին ֆիլմում «Նամուս» (1925 թ․,ռեժ․՝ Համո  Բեկնազարյան), որը Ալ․Շիրվանզադեի համանուն դրամայի էկրանավորումն է։ Մարիամ Շահուբաթյան-Տաթիևան պրոֆեսիոնալ դերասանուհի չի եղել։ Երիտասարդ աղջիկը  «Նամուս»-ում   մարմնավորել է ֆիլմի գլխավոր դերակատարներից  մեկին՝ Սուսանին։

«Ամենամեծ դժվարությունները ծագեցին Սուսանի՝ գլխավոր դերակատարի ընտրության ժամանակ։ Գեղեցիկ դեմք, տպավորիչ պոզաներ, էկզոտիկ զգեստներ, ահա թե ինչ էր սովորել տեսնել հանդիսատեսը մեր «արևելյան» ֆիլմերում։ Իսկ ես ուզում էի Սուսանին ցույց տալ այնպես, ինչպես իր վեպում ստեղծել է Շիրվանզադեն։ Բազմաթիվ փորձնական նկարահանումներից հետո որոշվեց կանգ առնել երիտասարդ, կեղծ ողբերգական պաթոսով դեռ չվարակված, սիրող դերասանուհի Մարիամ Շահուբաթյան -Տաթիևայի վրա (հետագայում նա դարձավ պրոֆեսիոնալ դերասանուհի» (Հ․Բեկնազարյան, Հուշեր դերասանի և ռեժիսորի, Եր. , 1968, էջ 143)։

Նկարահնված «փորձնական ժապավենը» նույն գիշերը ենթարկվել է լաբորատոր մշակման, իսկ հաջորդ օրը Գեղարվեստական խորհուրդը հնարավորություն է ունեցել «Նաիրի» կինոթատրոնի էկրանին դիտելու արդյունքները։ Ըստ գեղարվեստական խորհրդի քննարկման արդյունքների՝ «նկարահանվածներից ո՛չ մեկը հարմար չեն եղել Գյուլնազ բաջու և Սուսանի դերերի համար։ Հետագայում  այդ դերերի համար հրավիրվել են Թիֆլիսի հայկական թատրոնի ականվոր արտիստուհի Օլգա Մայսուրյանը և ոչ պրոֆեսիոնալ  Մարիամ Շահուբաթյանը։ «Այսպիսով, երկու հիմնական դերերը՝ Սեյրանը և Սուսանը, հանձնարարվեցին ոչ պրոֆեսիոնալ ուժերին, որոնք, ըստ ռեժիսորի, արտաքինով միանգամայն համապատասխանում էին իր պատկերած կերպարներին»,– գրել է Դանիել Դզնունին «Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության» գրքում (Եր., 1961, էջ  31)։

Դանիել Դզնունին  նաև «Նամուսի» նկարահնումների ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր ու հիշարժան դրվագներ է թղթին հանձնել և զետեղել  այդ գրքում։ Բարխուդարի տան պատշգամբում Սուսանի ու Սեյրանի գրկախառնության ու համբույրի տեսարանի փորձի ժամանակ Համո Բեկնազարյանը Աբելյանին զգուշացնում է․ «Ամեն ինչ բնական պետք է լինի, եթե ծեծել է պետք, ապա պետք կատարել այն բնականորեն»։ Աբելյանը հաշվի է առնում դա՝ մտնելով դերի մեջ և համբույրի տեսարանում ամբողջ թափով այնպես է ապտակում Սուսանին, որ կարիք է զգացվում բուժօգնություն ցույց տալ տուժածին։

Նկարահանումը շատ բնական է անցնում, սակայն դրանից հետո Մ․Շահուբաթյանը ուռած այտով մի քանի օր մնում է տանը։ Հովհաննես Աբելյանը ամեն օր՝ ծաղկեփունջը և քաղցրավենիքը ձեռքին այցելում է Շահուբաթյանին և ներում հայցում․«Ներիր ինձ սիրելի Մանյա, մեղավորը Համոն է, նա ասաց, որ բնական պիտի լինի, դե՜հ, ես էլ ոգևորվեցի»։

Ցավոք, «Համր կինոյի խոսուն կանայք» ժողովածուի ուսումնասիրության փուլում Մարիամ Շահուբաթյան-Տաթիևային վերաբերվող որևէ փաստաթուղթ և անձնական տվյալներ  չեն գտնվել, որոնք կհաստատեին  Համո Բեկնազարյանի այն նկատառումը, թե «հետագայում նա դարձավ պրոֆեսիոնալ դերասանուհի»։

 

Նյութը՝ «Համր կինոյի խոսուն կանայք» ժողովածուից

Հեղինակ՝ Ռուզաննա Բագրատունյան