Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել  հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում Երևանում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։

 

«Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝  հանդիսատեսին փոխանցելով նաև ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին և դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշերը՝ միաժամանակ հարստացնելով նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը: Նրա կինոն շարունակում է հուզել մարդկանց սրտերը, իսկ նրա դավանած գաղափարները շարունակում են ուղենիշ լինել շատերիս համար։ Նրա ֆիլմերը հանդիսատեսն այսօր ևս դիտում է  սիրով, որը փաստում է՝ կինոն կարևոր գործիք է համամարդկային գաղափարներ տարածելու և մարդկանց կրթելու համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:

Արթուր Մարտիրոսյանը նախաձեռնության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանում Հնդկաստանի դեսպանությանն՝ ի դեմս դեսպան Նիլակշի Սահա Սինհայի, և վերահաստատել ԿԳՄՍՆ պատրաստակամությունը տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու գործում։

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05