Դրամատուրգիան պատմություններ պատմելու առանձնահատուկ արվեստ է: Եվ այն կարող է ծնվել պահի թելադրանքով, նույն պահի մեջ, երբեմն՝ զարմանալի կերպով։ Ռեժիսոր Սեգ Կիրակոսյանի հեղինակային կինոմիջոցների զինանոցը վավերագրական կինոնկար ստեղծելու նոր միտումներին է ծառայում։ Ռեժիսորը ժամանակը ծառայեցնում է հերոսի՝ կարևոր պատմություններ պատմելուն շարունակականություն հաղորդելու համար։ Որպես վավերագրող Ս․ Կիրակոսյանի ստեղծագործական արտահայտչատարրերի ամբողջությունը տեսնում ենք նրա գրեթե բոլոր ֆիլմերում։ Լինելով միաժամանակ նաև այդ ֆիլմերի սցենարի հեղինակը՝ նա կարողանում է կառուցվածքային հստակ լուծումներով օգնել ամրապնդել ժամանակի ու իրականության պատկերը։

«Պե՞տք եմ ես ձեզ», «Անվճար պտույտ արևի շուրջը» վավերագրական ֆիլմերում հստակ տեսնում ենք ռեժիսոր-սցենարիստի հեղինակային սկզբունքների ղեկը, որը գործում է՝ ժամանակի պահանջները նկատի ունենալով։

Սեգ Կիրակոսյանի «Նարեկացի, Երևան, Մալկովիչ» վավերագրական ֆիլմը երեք գործողությամբ կառույցի կիրառմամբ պատմում է դերասան Ջոն Մալկովիչի մասին և ռենտգենային ճշգրտությամբ տեղափոխում կենդանի միջավայր։ Ուշագրավ է աշխարհահռչակ դերասանի՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից հատվածի կատարումը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։ Ռեժիսորը կարծես «կողքից» հետևում է զարգացումներին․ Մալկովիչը ժամանում է Երևան, այսպես ասած՝ երկնքից է իջնում, ընթերցում Նարեկացու գլուխգործոցից հատված, ապա հեռանում՝ կրկին ձուլվելով ամպերին։ Այս ամենի արտահայտչական սկզբունքները Ս․ Կիրակոսյանը հիմնել է կոնկրետ այս վավերագրական նյութի իմաստային ներուժի վրա։ Վերջիվերջո կյանքի փաստը նոր կյանք է ստանում ֆիլմում…

Մեր առանձնացրած վերոնշյալ մոտեցումները, որոնք Ս․ Կիրակոսյանն է վավերագրության մեջ կիրառում, թույլ են տալիս կինոդիտողին հաղորդակից դառնալ գեղագիտական-որակական բազմատարր ֆիլմի պատմությանը։

Էդգար Սարգսյանի «Արահետ» վավերագրական ֆիլմը գյուղում ապրող և մանկությունը վայելող երեք ընկերների մասին է։ Բայց ահա, թե ինչն է դարձել վավերագրողի համար բովանդակությունն ապահովող կողմը․ ռեժիսորը պատմության հերոսների միջոցով և՛ կարևոր հարցեր է բարձրացնում, և՛ փորձում տեսակետ-պատասխաններով լուծումներ տալ դրանց։ Մարդկանց ապրելը՝ լուրջ խնդիրներով հանդերձ, իրենց ստեղծածի մեջ վերաիմաստավորվում է հենց հողին ամուր փարված լինելու շնորհիվ։ Հողը, քարը, տունը, ճանապարհը, երկինքն ու միտքը այս ֆիլմի հիմնաքարերն են, և դրանք միայն ստեղծագործական մոտեցմամբ են շահել ու դարձել ֆիլմ։

Արահետ

Արման Այվազյանի «Քար» վավերագրական ֆիլմը 44-օրյա պատերազմից հետո Բերձորի խաչքարերը փրկելու ընթացքն է ցույց տալիս։ Պատմություն, որը դառն է ու անբացատրելի։ Երբ երկիրդ ավերում են երկրիդ համար ոչինչ չարած մարդիկ, երբ նվիրում են հազարամյա երկիր-դրախտավայրդ, առանց երկմտելու, անգամ չեն մտածում պատմությանդ մասին, այդ ժամանակ հարցեր են առաջանում, կամ պարզապես ոչ խորհրդավոր լռություն…

Քարը

Ֆիլմում այնքա՛ն ճշգրտությամբ է գծագրված իրականությունը․ ճանապարհ, լքված և հրդեհված տներ, հուսալքված մարդիկ, սպասումներ, անհանգստություն, խաչքարերի փրկություն և վերջում՝ երկինք, որ խոստանում է վերադարձ։ Քարը մեր հայրենիքն է․ դիմակայող, բայց չհանձնվող։ Հայրենիք, որ ապրում է մեզ համար, մենք էլ՝ Նրա…

Մարդկային պատմությունները կինո փոխադրելն իրականում բարդ ընթացք է, որովհետև հեղինակը նախ գործ ունի կենդանի ու իրական պատմության հետ, որի հետ զգուշորեն պետք է աշխատել այն ավելի տպավորիչ, հիմնավորված, գաղափարապես ընդգրկուն, ռիթմիկ, կյանքի ընդգծված  դրամատիզմով և արտահայտչականությամբ կինոէկրանին վերստեղծելու համար։

Ավթոնա

Բնությունն ու փոքր մարդը դարձել են երիտասարդ ռեժիսոր Անի Գրիգորյանի «Ավթոնա» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի պատմության հիմքը (խմբագիր՝ Թ․ Ամրյան)։ Եզդի տղայի հեքիաթային ու իրական աշխարհների բախումը ֆիլմի կարևորագույն կետն է։ Բնության և մարդու ներաշխարհի համադրությունն այստեղ դառնում  է ազգային ու անհատական մտածողության գործառնություն։ Իսկ Գոռ Գրիգորյանի «Երկու հոգի նույն քաղաքում» ֆիլմը նույն քաղաքում ապրող պոետ Հուսիկ Արայի ու ռեպեր Չիլանի ապրելակերպի մասին է։ Ֆիլմի հեղինակը ջանացել է ֆիլմի հերոսներին ցույց տալ տարբեր հոգեվիճակներում և յուրաքանչյուրին իր ազատության սահմաններում։ Մտածելով ֆիլմի առանձնահատկություններն ընդգծելու մասին՝ ֆիլմում գրվել է հատուկ երաժշտություն, երկու հերոսներն ունեցել են ընդհանուր գործ, որով էլ ֆիլմը վերջանում է։

«Շուշի․ ԱՄԷՆ»

Հաջորդ ֆիլմը, որին անդրադառնում ենք, մեր պատմության համար առանցքային նշանակություն ունի։ Երջանկահիշատակ Ռուբեն Գրիգորյանի «Հայոց Արևելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի վեցերորդ՝ «Շուշի․ ԱՄԷՆ» փաստավավերագրական անավարտ ֆիլմը, որն ավարտին է հասցրել ռեժիսոր Մարիամ Եգորյանը, մեծ գիտական հիմքի վրա է կառուցված (սցենարը` Աիդա Ահարոնյանի)։ Պատմական ճշգրիտ փաստերը ներկայացնելը ֆիլմի հեղինակների գլխավոր նպատակն էր, որն, իսկապես, կարող ենք հաջողված համարել։

Հատկանշական է, որ անիմատոր-ճարտարապետների մասնագիտական խումբը կազմել է Շուշիի ավերված չորս եկեղեցիների եռաչափ մոդելները։ Շուշիում Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց և Հովհաննես Մկրտչի անունը կրող Կանաչ ժամ եկեղեցուց բացի, կանգուն է եղել չորս եկեղեցի ևս, որոնք ժամանակի ընթացքում ավերվել են։ Եռաչափ մոդելավորման շնորհիվ կինոդիտողը  հնարավորինս հստակ կարող է պատկերացում կազմել այդ եկեղեցիների մասին։ Ի դեպ, այս նախադեպը կա Ռուբեն Գրիգորյանի «Հայոց Արևելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի բոլոր ֆիլմերում։ Այսօրինակ ֆիլմերն իրականում առանցքային նշանակություն ունեն ոչ միայն հայ կինոյի համար, այլև հայոց պատմության։ Սա էլ պայքարի ձև է, ճշմարտության լեզվով խոսելու տարբերակ։

Վավերագրող Հովհաննես Իշխանյանի և՛ գրական ստեղծագործություններին, և՛ ֆիլմերին միշտ եմ հետևում։ Նրա ֆիլմերում ամենահետաքրքրականը երևի ներդաշնակված հեգնանքն է։ «Քնարվեստ» և «Մարդ էղի» վավերագրական ֆիլմերում ավելի վառ է արտահայտված հեգնանքը, որը տանում է դեպի տագնապներ, վախեր, ատելություն, սահմանազատվա՛ծ ատելություն, որը շրջապտույտի մեջ է մարդկային ողբերգության հետ։ Կյանքն ու իրականությունը վավերագրության սահմաններում «տեղավորելը» դժվար է, դրանք կարող են հաճախ համերաշխ չլինել։

Հովհաննեսի մեկ այլ՝ «Մենավարտը» ֆիլմում ներհյուսված են ժամանակի մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու սովորական, պարզ մոտեցումները։ Այստեղ, մեր կարծիքով, մի շատ կարևոր շեշտադրում-հարցադրում կա՝ արդյոք մարդը խճճվո՞ւմ է այս իրականությունում, թե՞ հենց ինքն է խճճում իրականությունը…

Այսքանով չի ավարտվում երիտասարդ վավերագրողների ֆիլմերի շարքը։ Այսօր նույնպես ստեղծվում են վավերագրական ֆիլմեր. վավերագրողները նոր միտումներով են հանդես գալիս իրենց աշխատանքներում, հաճախ թերի ու կիսատ են թողնում, ճկունություն չունեն պատմություն պատմելու համար։

Երբ ուսանում էի ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կինոարվեստի դպրոցի պրոֆեսոր, ռեժիսոր և սցենարիստ Թեդ Բրաունի «Վավերագրական սթորիթելինգի» աշխատարանում և ուսումնասիրում համաշխարհային ճանաչում ունեցող վավերագրական ֆիլմերի դրամատուրգիայի առանձնահատկությունները, պրոֆեսորն անընդհատ կրկնում էր՝ ինչ էլ անես, չպետք է ձանձրացնես կինոդիտողին։ Իսկ դրա համար բոլոր գործիքները պետք է կոնկրետ և նպատակային օգտագործել, որ լավ հղկված դրամատիկ շրջանակով նյութը պտուղ տա։ Միշտ չէ, որ ինքնատիպ պատմությունը էկրան է տեղափոխվում նույն ինքնատիպությամբ, ճանապարհին հաստատ ինչ-որ բան մոռանում են կամ անտեսում։ Այստեղ պարզ է դառնում կինոյի մանրուքների համակարգ լինելու փաստը…

Վովա Արզումանյան