Berlinale 2025.Հաղթողները և փառատոնի հայկական հետքը
Հայտնի են Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի արդյունքները։ Նորվեգացի ռեժիսոր Դագ Յոհան Հյոգերուդի «Երազներ» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արջին»։ Ֆիլմը պատմում է 17-ամյա դպրոցական աղջկա մասին, որը սիրահարվում է իր ֆրանսերենի ուսուցչուհուն։ «Երազները» Հյոգերուդի եռերգության վերջին մասն է (նախորդ ֆիլմերն են՝ former «Սեքս» և «Սեր»), որում ռեժիսորը բացահայտում է մարդկային հարաբերությունների, սեքսուալության շերտերը, սոցիալական նորմերի ոչ միանշանակ ասպեկտները։
Բեռլինալեի ժյուրիի Գրան պրին շնորհվել է բրազիլացի ռեժիսոր Գաբրիել Մասկարոյի ֆանտաստիկ ժանրի «O Último Azul» ֆիլմին։ Տնտեսական իրավիճակը և արտադրողականությունը բարելավելու նպատակով կառավարությունը կարգադրում է տարեցներին տեղափոխվել հեռավոր գաղութներ: 77-ամյա Թերեզան հրաժարվում է, փոխարենը մեկնում Ամազոնով ճանապարհորդության, որն ընդմիշտ կփոխի նրա կյանքը:
Չինացի ռեժիսոր Մեն Հոն արժանացել է «Արծաթե արջի» լավագույն ռեժիսոր անվանակարգում՝ «Կյանքը երկրի վրա» ֆիլմի համար։ Լավագույն դերասանական մրցանակը ստացել է Ռոուզ Բիրնը «Եթե ես ոտքեր ունենայի, կհարվածեի քեզ» ֆիլմի համար։
Իսկ Էնդրյու Սքոթը ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասան «Կապույտ լուսին» ֆիլմի համար։ Ռիչարդ Լինքլեյթերի ֆիլմում խաղացել են նաև Իթան Հոուքը և Մարգարեթ Քուելլին (The Substance, Poor Things, Kinds of Kindness, Once Upon a Time… in Hollywood). «Կապույտ լուսինը» կենսագրական ֆիլմ է, որի հերոսը՝ Լորենզ Հարթը, փորձում է հաղթահարել ալկոհոլիզմը և հոգեկան խնդիրները։
Հիշեցնենք, որ այս տարվա Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնում նաև հայ 2 կին ռեժիսորի ֆիլմ է ներկայացվել։ Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմի մասին Բեռլինալեի պաշտոնական կայքում նշված է. «Հետմահու քնքուշ նամակ Թամարայի հորը՝ Վիգեն Ստեփանյանին, որը կինոդերասան էր Խորհրդային Հայաստանում և որն ազդել է իր դստեր կինոկայացման վրա: Գրավիչ զբոսանք՝ հայկական կինոյի պատմության բնապատկերներով՝ Սերգեյ Փարաջանովից մինչև Արտավազդ Փելեշյան»: Ավելին՝ | Berlinale | Mes fantômes arméniens | My Armenian Phantoms
Բեռլինալեում ներկայացված հաջորդ հայկական գործը Քրիստինե Հարությունյանի «Երազանքից հետո» դեբյուտային ֆիլմն էր։ Փառատոնի կայքեջում ֆիլմի նկարագրության բաժնում գրված է. «Հայաստանում պատերազմից հետո, բայց մինչև խաղաղությունը, գյուղացիները, թշնամու տեղ ընդունելով ջրհոր փորող տղամարդուն, սպանում են նրան: Ցանկանալով թաքցնել այս լուրը նրա դուստ Կլոդետից՝ զոհի ընտանիքը խնդրում է Ատոմ անունով զինվորին ճանապարհորդել աղջկա հետ, մինչև հուղարկավորությունը չավարտվի: Ճանապարհին Ատոմը և Կլոդետը կիսվում են իրենց գաղտնիքներով և բացահայտում պատերազմից տուժած երկրի սպիները»:
Քրիստինե Հարությունյանի ֆիլմը տենդագին երազ է, գլխապտույտ ոդիսական, որը բացահայտում է մշտապես հակամարտող ազգի դիցաբանությունը։ Ավելին՝ | Berlinale | After Dreaming
Պատրաստեց Ռուզաննա Բագրատունյանը




