Տեսախցիկը՝ հատուկ նշանակության զենք, իսկ օպերատորը՝ երկու հրացանով զինվոր
Պատերազմը մարդկությանը պատուհասող ամենասոսկալի երևույթներից է, եթե ոչ ամենասոսկալին, որը իրավամբ հաճախ համեմատում են դժոխքի հետ: Սակայն համաշխարհային պատմությունը մեծ հաշվով մեծ ու փոքր պատերազմների պատմություն է, որոնք ուղեկցել են մարդկությանը անհիշելի ժամանակներից: Եվ թեպետ անցած հարյուրամյակում, երբ ընդամենը քառորդ դարի ընդմիջումով տեղի ունեցան երկու համաշխարհային պատերազմները, որոնք միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեցին ու ծնեցին ևս մի սարսափելի երևույթ՝ Ցեղասպանությունը՝ վերջապես թելադրելով այն գիտակցությունը, որ մարդկությունը գնում է ինքնաոչնչացման ճանապարհով, երբ աշխարհում ստեղծվեցին տարբեր միջազգային կառույցներ՝ կոչված կանխելու պատերազմները կամ խաղաղ կարգավորման հուն թեքելու արդեն իսկ առաջացած հակամարտությունները, ավաղ, դրանք ավելի ահավոր դրսևորումներով շարունակվեցին նաև անցած դարի երկրորդ կեսին ու այս դարասկզբին և ըստ երևույթին կշարունակվեն այնքան, որքան գոյություն կունենա մեր մոլորակը:
Մինչև տեսախցիկի գյուտը պատերազմների մասին տեղեկանում էինք գրավոր աղբյուրներից, փաստորեն՝ միջնորդավորված, նայած, թե տվյալ տեղեկության հեղինակը ինչ լուր կամ տվյալ էր ցանկանում հայտնել և ինչ տպավորություն կամ կարծիք ստեղծել: Կինոյի գյուտից հետո հնարավորություն ստեղծվեց ոչ միայն կարդալու պատերազմի դժոխային իրադարձությունների մասին, այլև տեսնելու: Ըստ էության՝ զգալի չափով բացառվեց կողմնակալությունը: Տեսախցիկը գործածողը, անշուշտ, կարող էր ընտրողաբար նկարահանել դեպքերն ու դեմքերը և ընտրողաբար էլ ցուցադրել նկարահանածը, բայց այն, ինչ ցուցադրվում էր, միևնույն է, իրական էր:
Փաստորեն, նորագույն շրջանի պատերազմները մղվում են երկու ճակատով՝ բուն ռազմադաշտի և քարոզչության: Պատերազմի ելքը, անշուշտ, վճռվում է ռազմի դաշտում, սակայն պակաս կարևոր չէ քարոզչական կռիվը, քանի որ դա է նաև պայմանավորում հաղթանակի կամ պարտության ամրագրումը բանակցությունների սեղանի շուրջ: Այստեղ ահա էապես շահում է այն կողմը, որը հաղթանակ է տարել քարոզչական ճակատում: Ուստի պատահական չէ, որ պատերազմների ժամանակ կինեմատոգրաֆի ոլորտում առաջնային է դառնում փաստավավերագրական կինոն: Արվեստի արժեք լինելուց զատ և առավելապես վավերագրական կինոն անփոխարինելի քաղաքական գործիք է դառնում: Հետևաբար զարմանալի չէ, որ տեսախցիկը երբեմն անվանում են հատուկ նշանակության զենք, իսկ պատերազմը նկարող օպերատորներին՝ զինվոր երկու հրացանով:
Բերենք միայն մի օրինակ: «Օսկար» մրցանակաբաշխության ավելի քան 80-ամյա պատմության ընթացքում խորհրդային-ռուսական կինոն ընդամենը 6 անգամ է մրցանակ ստացել (4-ը խաղարկային ֆիլմերի, 1-ական վավերագրական և անիմացիոն), և առաջինը՝ 1943 թ. «Գերմանական զորքերի ջախջախումը Մոսկվայի մատույցներում» («Разгром немецких войск под Москвой») վավերագրական ֆիլմի համար: Անկասկած է, որ մրցանակի շնորհման խնդրում վճռական դեր է խաղացել ոչ այնքան արվեստը, որքան քաղաքական գործոնը, ընթացող պատերազմի մասին ճշմարտությունն իմանալու մղումը: Ի դեպ, հենց այդ տարին առաջին անգամ մրցանակ սահմանվեց վավերագրական կինոյի համար, և ներկայացված 25 ֆիլմերից հաղթանակ տարած չորս ֆիլմերն էլ պատերազմի կամ զինված ուժերի մասին էին:
Պատերազմի վավերագրողները, անշուշտ, բազմաթիվ խնդիրներ են լուծում, բայց ընդհանուր առմամբ ամենակարևորը պատերազմի մասշտաբները և կողմերի մտադրությունը կամ ծրագիրը ցույց տալն է, այլ կերպ ասած՝ կողմերի ռազմավարությունն ու մարտավարությունը. որ կողմը ինչի համար է կռվում և ինչպես: Անշուշտ, տարբեր վավերագրողների դեպքում տարբեր չափով է դա հաջողվում, բայց բոլորի դեպքում ձգտումը նույնն է: Եվ հաջողության գրավականն էլ ռազմաճակատի հնարավորինս շատ կետերում առավելագույն նկարահանումներ իրականացնելն է, այսինքն՝ մեծ թվով նկարահանող խմբեր ունենալը: Պակաս կարևոր չէ յուրայինների խիզախությունը ցուցադրելը, ինչպես նաև բանակի և բնակչության կապի ապահովումը, ինչը մեծապես պայմանավորում է պատերազմի ընթացքում և´ ճակատի, և´ թիկունքի ոգին բարձր պահելը:
Այդ է պատճառը, որ արդեն իսկ անցած դարի առաջին կեսից պատերազմը սկսվելուն պես պատերազմող կողմերը ոչ միայն անմիջապես համախմբում էին զինվորական ուժերն ու զորակոչում խաղաղ բնակչությանը, այլև՝ կինեմատոգրաֆիստներին, ստեղծում օպերատորների հատուկ ստորաբաժանումներ և ուղարկում ռազմադաշտ: Ընդ որում՝ ներգրավվում էին ոչ միայն վավերագրողները, այլև խաղարկային կինոյի ամենաականավոր ներկայացուցիչները: Այսօր օպերատորների և լրագրողների հատուկ մասնագիտացում գոյություն ունի՝ այսպես կոչված պատերազմի կամ ռազմաճակատային վավերագրություն, և խոշոր հեռուստաընկերությունների այն աշխատակիցները, որոնք նման որակավորում ունեն, զբաղված են աշխարհի թեժ կետերից նյութերի մատակարարումով:
Այդ տեսագրությունները չափազանց թանկ գին ունեն և դրամական որևէ չափման չեն ենթարկվում, մանավանդ երբ վավերագրողն իր երկրի պատերազմն է նկարում: «Մենք՝ ռազմաճակատի կինոօպերատորներս, որ նկարում էինք Մեծ հայրենականի հսկայական ճակատում՝ Բարենցի ծովից մինչև Սև ծով, 252 հոգի էինք: Մարտերում զոհվել է յուրաքանչյուր հինգերորդը: Ողջ մնացածներից էլ գրեթե բոլորը վիրավորվել կամ կոնտուզիա են ստացել, երբեմն՝ մի քանի անգամ: Երեքուկես միլիոն մետր կինոժապավենները, որոնք նկարահանել ենք պատերազմի այն 1418 օրերին, ինչպես ասում են, տեղով արյուն էին: Հիմա այդ ժապավենները տեղով ոսկի են»,- իրավամբ ասել է Երկրորդ համաշխարհայինի վավերագրողներից Ս. Շկոլնիկովը:
Ավելացնենք, որ պատերազմից հետո ոսկով չափվող նյութերի գինը տարեցտարի բազմապատկվում է՝ դառնալով պատմաբանների ու քաղաքագետների ուսումնասիրության առարկա, քանի որ դրանք օգնում են վեր հանելու ճշմարտությունը և շտկելու պատմության անարդարությունները, եթե թույլ են տրվել պատերազմի իրարանցման ընթացքում: Չասենք արդեն, որ դրանք անփոխարինելի միջոց են նոր սերունդների դաստիարակության գործում:
1990-ականներին պատերազմը, ցավոք, ներխուժեց նաև մեր երկիր և մեր կինեմատոգրաֆ: Սակայն մեր իրավիճակը յուրահատուկ էր: Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, մեր օպերատորները, ռեժիսորներն ու լրագրողները, ի տարբերություն այլ երկրների, պատերազմի վավերագրության փորձ չունեին: Բացի այդ, երկիրը բանակ չուներ, հետևաբար պատերազմի տարեգրությունն էլ կազմակերպված չէր: Ինչպես ազատամարտիկներն էին ճակատ մեկնում կամավոր, այնպես էլ լրագրողներն ու օպերատորները:
Յուրաքանչյուր լրատվամիջոց իր հայեցողությամբ ու իր հնարավորությունների սահմաններում էր մարդիկ ուղարկում ճակատ, կամ իրենք՝ կինեմատոգրաֆիստներն էին ինքնակազմակերպվում ու խմբեր կազմում: Հայտնի են, օրինակ՝ վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրեն Ռուբեն Գևորգյանցի և «Նավիգատոր» ստուդիայի հիմնադիր Կարեն Գևորգյանի կազմակերպած խմբերը, սակայն հավաքագրման սկզբունքը, միևնույն է, կամավոր էր: Ընդ որում, ճակատ էին մեկնում տեխնիկական ու նյութական շատ սուղ հնարավորություններով, չունենալով փոխադրամիջոց, երբեմն՝ սիրողական տեսախցիկներով, երբեմն չունենալով տեսաերիզների անհրաժեշտ պաշար: Կյանքի գնով իրականացված նկարահանումները երբեմն ոչնչացվում էին սեփական ձեռքերով, որպեսզի տվյալ ժապավենի վրա նոր նկարահանում արվեր, ասենք, պահպանված ժապավեններն էլ մեծ ճիգերով էին հասցվում շրջափակված Հայաստանի հեռուստատեսություն, ամենավտանգավոր ճանապարհներով ու փոխադրամիջոցներով: Եվ ցավալին այն է, որ այդ կյանքի գնով պատրաստված տեղեկատվությունն էլ չնչին չափով էր ծառայում իր նպատակին, քանի որ էլեկտրականության հովհարային անջատումների պայմաններում ապրող բնակչության շատ փոքր մասն էր հնարավորություն ունենում դիտելու այն: Այնպես որ, ինչպես իրենք՝ պատերազմի վավերագրողներն են խոստովանում, իրենց աշխատանքն ավելի շատ ծառայում էր օտարերկրյա լրատվամիջոցներին, իրենց մխիթարում էին այն մտքով, որ գոնե միջազգային հանրությունը կտեսնի ճշմարտությունը:
Հետագայում, իհարկե, և´ բանակն էր ձևավորվելու, և´ պաշտպանության նախարարությունը, և´ տեսաֆիլմերի հատուկ բաժինն այդ նախարարությունում, բայց ռազմաճակատային լրատվությունն ապահովողների դժվարություններն ու զրկանքները, ըստ էության, չէին պակասելու: Ի պաշտոնե են ճակատ մեկնում, թե կամավոր, ի վերջո, հոգեվիճակը նույնն է, գնում են՝ չիմանալով՝ ողջ կմնան, թե ոչ:
Սակայն շատ ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ մեզանում պատերազմի տարեգրության ստեղծման առումով յուրահատուկ էր ոչ միայն բուն պատերազմի, այլև հետպատերազմյան շրջանը:
Եթե այլ երկրներում հասարակությունը ճանաչում է իր պատերազմի վավերագրողներին, արժանին մատուցում, խնամքով պահպանում, ուսումնասիրում ու գնահատում նրանց ստեղծածը, ապա նույնը չենք կարող ասել մեր դեպքում: Հայրենական մեծ պատերազմի մասնակից վավերագրողի` վերը բերված մեջբերումից երևում է, որ հայտնի ու ճշտված են այդ պատերազմը նկարողների թիվն ու անունները, ինչպես նաև նրանց նկարահանած նյութերի ծավալը (252 հոգի, 3,5 մլն մետր): Անշուշտ, լավատեղյակությունը պայմանավորված է տվյալ գործի կազմակերպվածությամբ. սկզբում ևեթ հայտնի է եղել, թե ինչ կինեմատոգրաֆիստներ են զորակոչվել ու մեկնել ճակատ, և այդ ամենը համապատասխանաբար արձանագրվել է: Անշուշտ, մեր տեսագրողների աշխատանքը տարերային էր, չհամակարգված, անշուշտ, նրանց զգալի մասը ճակատ է մեկնել է կամավոր՝ գուցեև չգրանցվելով որևէ տեղ, բայց Արցախյան պատերազմից հետո՝ ավելի քան 20 տարի անց էլ նրանց ստույգ թիվը հայտնի չէ: Այս իրավիճակում ավելորդ է անգամ խոսել նրանց աշխատանքների գիտական գնահատականի մասին: Համենայն դեպս պատերազմի վավերագրողների մասին որևէ կինոգիտական ուսումնասիրության որոնումները մեզ արդյունք չեն տվել: Այնպես որ այն այն հարցը, թե որքանով է հայ վավերագրական կինոն ծառայել իր նպատակին Արցախյան պատերազմի ցուցադրման ու մեկնաբան տեսանկյունից, դեռևս հիմնավոր պատասխան չունի և մեծ հաշվով հռետորական է:
Այնինչ արդեն իսկ Հայրենական պատերազմից մեկ-երկու տարի անց՝ հետպատերազմյան այն ծանր տարիներին անգամ ստվար հատորներ էին լույս տեսնում Մեծ հայրենականի մասին պատմող վավերագրական ֆիլմերի վերաբերյալ, կինոնկարներ՝ պատերազմի վավերագրողների մասին (օր.՝ «Фронтовой оператор», 1946): Իսկ ներկայումս Մոսկվայում իրականացնում են Կինեմատոգրաֆիստների միության կենտրոնական կինոյի տան առջև ռազմաճակատային կինոգործիչների հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման նախագիծը:
Այնպես որ հիմքը սոսկ գործի կազմակերպվածությունը չէ, այլ հանրության երախտագիտությունն այն մարդկանց նկատմամբ, որոնք քաջություն են ունեցել իրենց մասնագիտական պարտքը կատարել՝ վտանգելով իրենց կյանքը, այլ խոսքով՝ հանրության արժանի գնահատանքը և հարգանքը, որ դրսևորվում է ոչ միայն ու ոչ այնքան պարգևների ու շքանշանների շնորհումով, այլ ընդամենը ճանաչումով:
Չորս տարի առաջ «Կինոաշխարհի» թղթակից Ալիս Գևորգյանն առաջարկեց շարք սկսել թերթում (այն ժամանակ կայքը նաև տպագիր ամսաթերթի տարբերակ ուներ) պատերազմի վավերագրողների մասին: Մենք սիրով ընդունեցինք այդ առաջարկը, քանի որ, ելնելով վերը նշված իրավիճակից, համոզված էինք՝ հանրությանը պատերազմի բոլոր վավերագրողներին ներկայացնելու խնդիրը վաղուց է հասունացել: Հետագայում այդ շարքի հաջողությունը եկավ հաստատելու մեր կարծիքը: Բայց ընթերցողների արձագանքները և մեր կատարած թռուցիկ հարցումները նրանց շրջանում հանգեցրին այն համոզման, որ միայն պարբերականում հրապարակվող շարքը, ժամանակ առ ժամանակ այս կամ կինոգործչին ներկայացնելը բավական չէ, հարկ է ընդհանրացված ու ամբողջական տեղեկություն տալ, այսինքն՝ մեկտեղել բոլորին՝ ամփոփելով մի գրքի մեջ: Այդպիսով ընթերցողը կարող է պատկերացում կազմել, թե ովքեր են եղել մեր ռազմաճակատային կինոգործիչները և ինչ պայմաններում են աշխատել: Ներկայացվող գրքի ձևաչափն էլ՝ հարցազրույցը, ցույց է տալիս, որ գիրքը մասնագիտական որևէ հավակնություն չունի, սա ընդամենը ծանոթություն է ՝ հնարավորություն ստեղծելով «զրուցելու» նրանց հետ: Գիրքը նաև ամբողջական կամ սպառիչ լինելու հավակնություն չունի: Այստեղ ընդգրկված է 34 հոգի, սակայն մենք համոզված ենք, որ նրանց թիվը շատ ավելի մեծ է: Շատերի մասին տեղեկացել ենք, իհարկե, ՀՀ պաշպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունների միջոցով, մի մասին էլ «հայտնաբերել» ենք «ձնագնդի» սկզբունքով, երբ զրույցի ընթացքում անուններ էին տալիս, և մենք գնում էինք նրանց հետքերով:
Հարկ է նշել, որ չափազանց դժվար է եղել մեզ համար ընտրության սկզբունքը սահմանելը: Նախ՝ հարկ էր որոշել՝ ընդգրկե՞լ լրագրողներին, թե ոչ: Իրենք՝ օպերատորները, իրավամբ պնդում էին, որ այս գործում օպերատորն ու լրագրողն անբաժանելի են: Կամ ընդգրկե՞լ այն ռեժիսորներին, որոնք պատերազմի մասին վավերագրական կինոնկարներ են նկարահանել, սակայն ճակատում չեն եղել: Ինչպե՞ս տեղեկացնել այն օպերատորների մասին, որոնք զոհվել են ճակատում (Սերգեյ Համբարձումյան, Ալեքսանդր Գասպարյան, Արամ Զախարյան, Արմեն Սարգսյան). սա ամենադժվարին հարցն էր: Ի վերջո, որոշեցինք, որ անհրաժեշտ է պատերազմի վավերագրող լրագրողների մասին առանձին գիրք հրատարել՝ ընդգրկելով և´ տպագիր մամուլի, և´ հեռուստատեսության լրագրողներին: Այս գրքում բացառություն ենք արել միայն նրանց դեպքում, որոնք եղել են նաև վավերագրական կինոնկարների սցենարիստներ: Ճակատում չեղած, սակայն պատերազմից հետո վավերագրական կինոնկարներ նկարահանած ռեժիսորների խնդիրը նույնպես վերապահեցինք մի այլ հրատարակության: Իսկ զոհված օպերատորների դեպքում բացառություն արեցինք միայն Սերգեյ Համբարձումյանի դեպքում, քանի որ մյուսների մասին, բացի հակիրճ կենսագրական տեղեկություններից, անհրաժեշտ ու ամբողջական նյութեր չունեինք:
Մենք հասկանում ենք, որ ներկայացվող գիրքը զերծ չէ թերություններից ու բացթողումներից, ինչպես յուրաքանչյուր առաջին փորձ: Սակայն ջանացել ենք դրանք հնարավորինս նվազագույնի հասցնել: Ուստի ինչպես ընդունված է հնուց անտի, հայցում ենք ընթերցողի ներողամտությունը. մենք արել ենք այս գործը մեր ուժերի ներածի չափով, ավելի լավ թող անեն ուրիշները:
«Նրանք նկարում էին պատերազմը» գրքի համակազմող և
խմբագիր՝ Անահիտ Հարությունյան


