Թուրքական կինոյի հիմնադիր, թուրք-գերմանական ծագումով Մուհսին Էրթուղրուլը սկսել է նկարել առաջին  թուրքական կինոնկարներից մեկը ոչ թուրք դերասանների մասնակցությամբ։ Հանրային տարածքում՝ փողոցում նկարահանելու պահին նրանց վրա են հարձակվում մոլլաները՝ մի խումբ  չարացած մարդկանցով։ Այդ նկարահանման մասին, որում մասնակցություն է ունեցել նաև դերասանուհի Ազնիվ Մնակյանը, մանրամասն պատմել է Վահրամ Փափազյանն իր «Հետադարձ հայացք» հուշագրությունում։ Նրա խոսքով՝ դա եղել է «մի այնպիսի կոշմար, որը կարող էր իմ ու իմ ընկերների կյանքին ու գործունեությանը վերջ դնել թուրք բարքերի ամենահասարակ մի երևույթով»։

Տեսարանը, որտեղ տարեց թրքուհու դերը խաղում էր Ազնիվ Մնակյանը հարուստ հանըմի չարսավով, հրապարակում պատահաբար հանդիպում է  հարստությունը տանուլ տված և թշվառության հատակն ընկած իր մուրացիկ որդուն (Վահրամ Փափազյան)։ Նկարահանման պահին դերասանները՝ Ազնիվը, Փափազյանը և Համբարձում Խաչանյանը, խոսել են հայերեն։ Եվ երբ Մուհսինը սկսել է նկարել, մոլլաներն ու չարացած ամբոխը շրջապատել են դերասաններին։

Մոլլաներից մեկը հարցրել է Մուհսինին, թե նա ինչպես է համարձակվում նկարել թուրք հանըմին՝ «ոտնակոխ անելով մարգարեի հրամանը նամեհրամի մասին, և ինչո՞ւ այդ բանը պիտի կատարվեր անհավատների ձեռքով»։ Այնուհետև մոլլան դիմել է հավաքված ամբոխին․«Ի ՞նչ է, Ստամբուլում մուսուլման չկա՞, սրանք էլ ինգլիզ կամ ֆրենկ չեն, որ համբերենք․ ջարդեցե՛ք այդ գյավուրներին հանուն մարգարեի»։ Եվ իր հովանոցը կոտրում է Մուհսինի գլխին:

Մոլլայի կոչից ոգևորված ամբոխը ջարդուփշուր է արել նկարահանման սարքը, գազանաբար ծեծել օպերատորին, Մուհսինին ու Փափազյանին,  ոտքերի տակ կոխոտել է 58-ամյա Ազնիվ Մնակյանին, քարկոծել ավտոբուսը, որտեղ թաքնվել էին մյուս դերասանները։ Եվ միայն պատահականության շնորհիվ են դերասանները փրկվել մահից։ Փափազյանը ֆրանսերենով օգնություն է խնդրել այդ պահին հրապարակի վերջնահատվածում հայտնված ֆրանսիական զինվորների ջոկատից։ «Մի ակնթարթում այդ արյունռուշտ գազանները մկների նման  ծակամուտ եղան  շրջակա փողոցներում՝ սալաքարերի վրա թողնելով կիսամեռ Ազնիվին, Մուհսինին՝ ծեծված ու անճանաչ դեմքով, ինձ՝ արյունլվա և պատառ-պատառ, իսկ մնացյալներին սարսափից ուշագնաց ջարդոտված ավտոբուսում»:

Հաջորդ օրը ստեղծագործական խմբին հաջողվել է քաղաքի մեկ այլ վայրում նկարահանել այդ չարաբաստիկ տեսարանը՝ սվինավոր մի ջոկատի, մի քանի ոստիկանի հսկողության և  թուրք խաժամուժի ոռնոցի ու անլուր հայհոյանքների ներքո։ Կինոնկարը («Ընտանիքի քայքայումը») մեծ հաջողություն է ունեցել։

Փափազյանը գրում է նաև, որ նույն հայ դերասանների մասնակցությամբ սկսվել են մեկ այլ ֆիլմի նկարահանումներ Բեշիկթաշի աղանդի մասին, սակայն անհնար է եղել ավարտին հասցնել այն։ Ամբոխը գիշերով պաշարել է Էյուբի ստուդիան և այրել։ «Սրանով վերջ դրվեց այդ երկրում սկսված գործին» (Վ․Փափազյան, Երկեր 5 հատորով, հտ. 1-ին, Եր., 1979, էջ 438-442)։

 Հատված՝ «Համր կինոյի խոսուն կանայք» գրքից

Հեղ․՝ Ռուզաննա Բագրատունյան