ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
ԻՄ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչ է իմ կենսագրությունը: Դարդ՝ ահա նրա հավերժական ձևը: Հիմա՝ երրորդ ձերբակալությունից հետո, ես կարող եմ վերջապես հանրագումարի բերել: Շրջվեցի՝ տեսնում եմ ծերությունը: Դա ես զգում եմ իմ 63 տարեկանում…
Մայրս Սիրան Դավիթի Բեժանովան է: Հայրս՝ Հովսեփ Սերգեյի Փարաջանովը:
Իմ ծնվելու տարում նրանք ֆիկտիվ բաժանվեցին: Բաժանությունը նրանց պետք էր, որպեսզի փրկեին ֆրանսիական մշակմամբ մորթուց քուրքն ու Սուրբ Դավթի լեռան վրայի տունը: Քուրքը, տունն ու էլի շատ բաներ հաջողվեց փրկել: Մորս մահից հետո ես ու քույրս ոչ մի կերպ չէինք կարողանում կիսել քուրքը, այդժամ ես այն մկրատով երկու մասի բաժանեցի:
Իսկ տունը՝ ահա այն, կանգնած է Կոտե Մեսխիի վրա: Որքան ընտանիքներ են այնտեղ տեղավորվել: Հորս, այդուհանդերձ, ձերբակալեցին, բայց իմ մանկությունը շրջապատված էր հոգածությամբ: Խուզարկություններից վախենալով՝ մայրս ամեն օր ինձ ստիպում էր ադամանդներ կուլ տար: Հետո գիշերանոթը ձեռքին կրնկախոխ քայլում էր իմ ետևից:
Չափահաս դառնալով՝ ես երկար դեգերում էի լավ վարձատրվող աշխատանքի որոնումներում, մինչև որ դեմ առա ՎԳԻԿ-ին, որը հաջողությամբ ավարտեցի և այդ ժամանակից ի վեր քաղցում եմ:
Այն մասին, թե ինչպես ՎԳԻԿ ընդունվեցի, մի ողջ պոեմ կարելի է գրել: Ես եկա Մոսկվա պատերազմից հետո և միանգամից երեք ինստիտուտ ընդունվեցի:
Երեսուն տարի անց ես վերադարձա այն քաղաքը, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձա ծերացած, ուսերիս վրա ասես երկու թև, մեկի վրա՝ փառք, հաղթանակ, ճանաչում, մյուսի վրա՝ ստրուկի, գերու, զեկի նվաստացում:
Ես չունեմ ոչ պաշտոնական գիտելիքներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:
Հատված Սերգեյ Փարաջանովի «Պատմվածքներ և սցենարներ» գրքից,
Թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի