«Նոսֆերատու․․․ հնչում է որպես մահաբեր թռչնի կեսգիշերային ճիչ» (Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաու․ «Նոսֆերատու․ Սարսափի սիմֆոնիա», 1922):

 

«Չարը մեր ներսո՞ւմ է, թե այն գալիս է դրսից» (Ռոբերտ Էգերս․ «Նոսֆերատու», 2024):

Ռոբերտ Էգերսի «Նոսֆերատու» ֆոլք սարսափ ֆիլմն արդեն երևանյան էկրաններին է։ Ռեժիսորը, հավատարիմ մնալով գերմանական էքսպրեսիոնիզմի ոգուն, վերաիմաստավորել է Մուռնաուի 1922 թվականի գլուխգործոցը, որը վամպիրների մասին պատմող բոլոր ժամանակների ամենասարսափազդու ֆիլմերից է։ Հարկ է հիշեցնել, որ այն Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի էկրանավորումն է, սակայն փոփոխված անուններով, որոշ իրադարձություններով և բովանդակային երանգներով, քանի որ Մուռնաուին չի հաջողվել ձեռք բերել էկրանավորման համար անհրաժեշտ հեղինակային իրավունքները։ Այսպիսով՝ Դրակուլան դարձել է Օռլոկ (ի դեպ, Բրեմ Սթոքերն առաջինն է «նոսֆերատու» բառն օգտագործել է որպես հոմանիշ՝ «վամպիրին», ըստ վարկածներից մեկի՝ այն առաջացել է հուն. νοσοφóρος, որը նշանակում է «հիվանդակիր»):

Էգերս, «Նոսֆերատու»,

Մուռնաուի և Էգերսի ֆիլմերի հիմնական սյուժեն նույնն է՝ անշարժ գույքի գործակալ Թոմաս Հաթերը (Նիկոլաս Հոլթ) առաջադրանք է ստանում գերմանական հորինված Վիսբորգ քաղաքից մեկնել Տրանսիլվանիա՝ Կոմս Օռլոկի (Բիլ Սքարսգարդ) ամրոց, և Վիսբորգում վերջինիս կողմից գույք ձեռք բերելու գործարք կնքել: Թոմասի երիտասարդ կինը՝ Էլենը (Լիլի-Ռոուզ Դեփ), խնդրում է նրան չգնալ՝ զգալով մոտալուտ ողբերգության անխուսափելիությունը։

Կա մեկ բայց․․․ spoiler alert! Էգերսը որոշ նոր դետալներով է օժտել Լիլի-Ռոուզ Դեփի կերպարը։ Մինչև Թոմասի հետ ամուսնանալը դեռահաս Էլենը և Օռլոկը սիրեկաններ են եղել, Էլենը երդվել է հավերժ նրանը լինել․․․ Ու կարծես եկել է խոստման գինը վճարելու ժամը։ Այս թեմային Էգերսը, թվում է թե, պատրաստվել է դեռ իր առաջին Hansel & Gretel (2007) ֆիլմից, իսկ իրականում՝ շատ ավելի վաղուց․․․

Ռոբերտ Էգերսը առաջին անգամ «բախվել» է Մուռնաուի «Նոսֆերատուին» 9 տարեկանում։ Այնուհետև դպրոցում ընկերոջ հետ համանուն ներկայացում բեմադրել ու ինքն էլ խաղացել Օռլոկի դերը։ 2015 թվականին ռեժիսոր Էգերսին վստահվում է էկրանավորել Նոսֆերատուի պատմությունը, նա նույնիսկ առաջարկում է Բիլ Սքարսգարդին կատարել Թոմասի դերը։ Սակայն նախաձեռնությունն ինչ-ինչ պատճառներով ձախողվում է։ Էգերսն իր վերջին հարցազրույցներից մեկում նշում է, որ «շնորհակալ է այդ ձախողմանը», քանի որ 2015-ին էկրան է բարձրանում “The Witch” ֆիլմը՝ նրան դարձնելով ժամանակակից հորորի ամենաազդեցիկ գործիչներից մեկը։

Էգերս

Որոշ քննադատներ մեղադրում են Էգերսին՝ Մուռնաուին, Թոդ Բրաունինգին և Կարլ Ֆրոյնդին («Դրակուլա», 1931), Վերներ Հերցոգին («Նոսֆերատու՝ գիշերվա ուրվականը», 1979) կամ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլային («Դրակուլա»/ “Bram Stoker’s Dracula”, 1992) գերազանցելու ցանկության համար: Մինչդեռ Ռոբերտ Էգերսի գոթական «Նոսֆերատուի» ամեն կադրում երևում է «նախահայրերից» ոգեշնչումն ու նրանց ստեղծած աշխարհներին ինքնամոռաց սիրահարվածությունը։ Ի դեպ, Էգերսը ոգեշնչվել է նաև “Dracula: Dead and Loving It” (1995) կատակերգություն/սարսափ ֆիլմից։

Էգերսի «Նոսֆերատուն» ժառանգորդն է Կարլ Թեոդոր Դրեյերի «Ժաննա դ’Արկի կրքերը» ֆիլմի՝ ազդեցիկ խոշոր պլաններով, Սթենլի Կուբրիկի “The Shining”-ի՝ դանդաղ համակող սարսափով։ Աչքի առաջ են գալիս 1967 թվականի սովետական «Վիյ» սարսափ ֆիլմը, ճապոնական «Օնիբաբան», ավստրիական “Hagazussa”-ն, ինչու ոչ՝ Լինչի «Թվին Փիքսը», Ռեմբրանդի կտավներն ու լույսի հետ խաղը։

Էգերս

Կենտրոնանալով այն փաստի վրա, որ Էգերսը «մարտահրավեր է նետում» առաջին հերթին Մուռնաուի «Նոսֆերատուին»՝ հարկ է առանձնացնել սյուժետային մի քանի շեշտադրում և տարբերություն: Էգերսի ֆիլմի գլխավոր հերոսը, ուղղորդողը, զոհն ու իրավիճակի տերը Էլենն է։ Նա ամուսնացել է Թոմասի հետ՝ փորձելով հանգստություն գտնել բարեկիրթ երիտասարդի կողքին (որին միանշանակ սիրում է), ու մոռանալ «դիվական» անցյալը։ Սակայն ներքին դևերը, նույնիսկ եթե ընկրկում են, երբեք չեն մեռնում․․․

Էլենը փորձում է պայքարել ամոթալի թվացող ցանկությունների դեմ՝ զգալով, որ Օռլոկ-Նոսֆերատուն մոտ է։ Լիլի-Ռոուզ Դեփն իր նյարդային ընկնավոր խաղով ցույց է տալիս, որ Էլենը կռվի մեջ է սեփական մարմնի ու բանականության հետ։ Նոսֆերատուի հետ հարաբերություններից հետո նրա սեքսուալ բնազդներն էլ չեն չքացել. Թոմասի հետ դրանք ուղղակի բթացել են, ֆետիշազերծվել, բայց խեղդելու ու խեղդվելու անհագ ցանկությունը սպասում է, թե երբ է ազատվելու պարտադրված գերությունից։ «You could never please me as he does! – Դու երբեք ինձ չես բավարարի այնպես, ինչպես նա»` դիվահար Էլենի խոսքերն են՝ ամուսնուն։

Էգերս

Իսկ մինչ այդ, Նոսֆերատուն գալիս է վերցնելու այն, ինչն իրենն է համարում։ Սկզբում նա կինոդիտողին է հայտնվում որպես ստվեր, մթում կորած գազանի ուրվագիծ։ Էությամբ հետազոտող Էգերսը իր Նոսֆերատուի կերպարը մշակելու համար մանրակրկիտ ուսումնասիրել է 18-19 դարերի ռումինական ֆոլկլորը, ժամանակի սանրվածքները, հագուստը։ Պատահական չէ նաև, որ «Նոսֆերատուն» նկարահանվել է Ռումինիայում և Չեխիայում:

«Վամպիրների մասին այնքան շատ գործեր կան, կերպարներն այնքան են մոդեռնիզացվել, որ այլևս չեն սարսափեցնում։ Ուստի ես պետք է վերադառնայի ֆոլկլորին, մարդկանց, որոնք վախեցել են վամպիրներից՝ համոզված լինելով, որ նրանք իրական են», – ասում է Էգերսը։ Նկարահանող թիմը նաև ուսումնասիրել է՝ ինչպես է քայքայվում մարդու մարմինը՝ Նոսֆերատուի նեխող մարմինն ավելի արժանահավատ պատկերելու համար։

Ու նրանց մոտ ստացվել է․․․ Սքարսգարդի Օռլոկը վախեցնում է, անհանգստացնում, գրավում, վանում, սրտխառնոց առաջացնում։ Նա գրեթե միշտ թաղված է գոթական խավարում՝ ստիպելով լարել տեսողությունը, ցանկանալ տեսնել ու միաժամանակ թեքել հայացքը։ Էգերսի Նոսֆերատուն, ի տարբերություն մյուսների, ավելի հողեղեն է, կենդանական։ Սքարսգարդի հատուկ մշակված ձայնից, ավելի շուտ՝ մռնչոցից ու հևոցից տպավորություն է ստեղծվում, թե Օռլոկի արտաբերած ամեն բառը նրան անմարդկային ցավ է պատճառում։ Կարծիքներ կան, թե Սքարսգարդը կորել է գրիմի ու քուրքի տակ, մինչդեռ նրա ստվերն ու աչքերն էլ բավական են փշաքաղվելու համար… Սպասե՛ք նրա վերջին հայտնությանը․․․

Էգերս

Արդարության համար ասենք, որ Օռլոկի կերպարը ստեղծելիս Էգերսը հղում է կատարել ոչ միայն Մաքս Շրեքի Նոսֆերատուին։ Նա առհասարակ ամբողջացրել է Մուռնաուի և Հերցոգի աշխատանքը՝ ավարտուն դարձրել կերպարները, նոր շերտերով օժտել, ձևակերպել հերոսների գործողությունների մոտիվացիան։ Էգերսը նաև մոտեցել է Բրեմ Սթոքերի «Դրակուլային»՝ ստեղծելով զզվելի հեքիաթ՝ արքայադստեր մասին, որը տենչում է նետվել հրեշի գիրկը ու փրկության կարիք չունի։ Իսկ հրեշը պատրաստ է մեռնել՝ գեթ մեկ վայրկյան իրեն ողջ զգալու, ամենակուլ կիրքը հագեցնելու համար։

Էգերս

Հիշատակման է արժանի Ուիլեմ Դեֆոն, որը խաղում է ցնդած պրոֆեսոր Ալբին Էբերհարթ ֆոն Ֆրանցի դերն ու համոզված է, որ գիտությունը երբեմն անզոր է։ Ֆրանցը միակն է, որ հասկանում է Էլենին․․․ Միստիցիզմ, оկուլտիզմ, հիպնոս, էկզորսիզմ, ալքիմիա՝ համոզված եմ՝ Դեֆոն այս ամենին իրական կյանքում էլ տիրապետում է։ Հատկանշական է, որ նա 2000 թվականին խաղացել է “Shadow of the Vampire” ֆիլմում, որն իբր պատմում է Մուռնաուի «Նոսֆերատու» ֆիլմի նկարահանման ընթացքում տեղի ունեցած առեղծվածային իրադարձությունների մասին։ Դեֆոն մարմնավորել է Մաքս Շրեքին, որն ըստ լեգենդի իրականում վամպիր է եղել։

Ռոբերտ Քգերս

«Նոսֆերատուի» ամեն վայրկյանը փորձություն է ֆիլմը դիտողի համար։ Հանկարծ ստիպված ես առերեսվել սեփական մութ ցանկություններիդ, պայքարել գայթակղության ու գուցե ամոթալի իղձերին տրվելու դեմ։ Ու դա ավելի սարսափելի է դարձնում ֆիլմը, որովհետև ինչ-որ պահից գլխավոր հերոսը դառնում ես ԴՈւ՝ ճնշված անառողջ ցանկություններով ու վախերով, չարին ենթարկվելու պատրաստակամությամբ՝ շրջապատված իսկական առնետներով ու ժանտախտով։

Կինոդիտողը դառնում է Էլենը,՝ ընդդիմանում է, թփրտում։ Էգերսը դառնում է նրա Նոսֆերատուն, որին ի վերջո պիտի տրվի հաճույքով։

Հ.գ. Այնուհանդերձ, կինոթատրոն գնալուց առաջ նախ անպայման դիտեք “The Lighthouse” և “The Witch” ֆիլմերը (քննադատներից շատերի կարծիքով՝ Էգերսի լավագույն երկու ֆիլմը) և Մուռնաուի նորարարական «Նոսֆերատուն», որն ամեն դեպքում անգերազանցելի է։

Պատրաստեց Դիանա Գասպարյանը