Այս տարվա ամենակարևոր կինոնկարը թերեւս «Կոնկլավն» է, որը ներկայացնում է Հռոմի Պապի ընտրության կարգն ու դրա հետ կապված մանրամասներն ու նրբությունները։ Այդ ընտրությունները պակաս ինտրիգային ու հետաքրքիր չեն քան քաղաքական ընտրությունները, եթե չասենք, որ որոշ դեպքերում շատ ավելի հետաքրքիր են ու կարևոր։ Ֆիլմի ռեժիսորը Էդվարդ Բերգերն է, սցենարիստները՝ Պիտեր Ստորանն ու Ռոբերտ Հարիսը։ Դերերում հանդես են եկել Ռեյֆ Ֆայնսը, Ստենլի Տուչին, Ջոն Լիթգոուն, Իզաբելլա Ռոսելլինին, Յացեկ Կոմանը, Լուսիան Մսամատին, Բրունո Նովելին, Թոմաս Լոյբլը, Ռոնի Կրամերը և այլոք։

Օրվա Հռոմի Պապի մահվանից հետո Վատիկանի վրա սև ամպեր են կուտակվում։ Սուրբ տեղն իհարկե, դատարկ մնալ չի կարող և Սուրբ Աթոռի նոր գահակալ դառնալու համար միանգամից մի քանի խարիզմատիկ թեկնածուներ են մտնում պայքարի մեջ, որոնք ներկայացնում են Եկեղեցում եղած տարբեր խմբավորումները։ Նրանցից մեկը վենետիկցի ավանդապահ Գոֆրեդո Տոդեսկոն է  (Սերջիո Կաստելիտոն), որը դեմ է ռելյատիվիզմի քաղաքականությանն ու սպառնում է պատերազմ հայտարարել իսլամին՝ հարցականի տակ դնելով վերջին վաթսուն տարիներին Եկեղեցում իրականացված բարեկարգումները։ Նրա օպոնենտը ամերիկացի ազատախոհ Բելինին է (Սթենլի Տուչին), որն հանդես է գալիս այլ կրոնների հետ խաղաղ գոյակցության ու փորքմասնությունների հանդեպ հանդուժող կեցվածք ունենալու դիրքերից։ Նրանց երկուսին դեմ է դուրս գալիս Կանադան ներկայացնող իշխանատենչ պահապան կարդինալը (Ջոն Լիթգոուն), որը հանգուցյալ Պապի կյանքի վերջին տարիներին բավականին բարդ հարաբերություններ է ունեցել նրա հետ։ Պապական ընտրապայքարի մեջ անակնկալ կերպով մտնում է ծայրահեղ էկլեկտիկ հայացքներով նիգերիացի կարդինալը (Լուսիան Մսամաթին)։

Պակաս զարմանք չի հարուցում այն, որ Կոնկլավին մասնակցելու համար ժամանում է ցայդ շատերի համար անհայտ համարվող Քաբուլի կաթոլիկական առաքելության ղեկավարը։ Այս կրոնա-քաղաքական մենամարտի մարտավկա է դառնում դեկան Լոուրենսը (Ռալֆ Ֆայնսը), որը հրաժարվում է Պապական Աթոռի հանդեպ հավակնություններից և համակրանք դրսեւորում ազատախոհ Բելինիի հանդեպ։ Ընտրություններն ընթանում են փակ ռեժիմով, ու մինչ կարդինալները կտրված են արտաքին աշխարհից, Եվրոպայում սարսափելի իրադարձություններ են տեղի ունենում։

Կոնկլավ, Հռոմի պապի ընտրությունը

«Կոնկլավը» հանդիսանում է Ռոբերտ Հարիսի համանուն վեպի էկրանավորումը։ Հարիսը քաղաքական թրիլլերների վարպետ է։ Առաջին անգամը չէ, որ նրա վեպերը էկրանավորվում են։ Ռոման Պոլանսկու «Սպան ու լրտեսը» ֆիլմը, որը նրա վերջին կինոնկարներից է համարվում, պատմում է Դրեյֆուսի գործի մասին և նկարահանվել է հենց Հարիսի վեպի հիման վրա։ «Կոնկլավը» ի տարբերություն Հարիսի վեպերի մեծ մասի, հանդիսանում է մտացածին ստեղծագործություն։ Սակայն եթե շատ մեծ ցանկություն ունենանք, կարող են ճանաչել այն իրական մարդկանց, ովքեր նախատիպ են հանդիսացել «Կոնկլավի» վիպական կերպարների համար։ Ու դա այնքան էլ բարդ գործ չի լինի։ Ռեժիսորը, ինչպես արդեն նշեցինք «Օսկարի» և «ԲԱՖՏԱ»-ի արժանացած Էդվարդ Բերգերն է, որը նկարահանել է «Արեւմտյան ճակատում փոփոխություններ չկան» կինոնկարը։ Որևէ մեկը չէր կասկածում, որ այս անգամ էլ նա կառաջադրվի ռեժիսուրայի և սցենարի մասով պատվավոր մրցանակների։

«Կոնկլավը» չափազանց հագեցած ու բազմաշերտ կինոնկար է, թեև իրադարձությունները ծավալվում են փակ տարածքում՝ երեք օրերի ընթացքում։ Ժանրային առումով այն կարելի է դասակարգել որպես հերմետիկ թրիլլեր-դետեկտիվ՝ վերջինիս հատուկ բոլոր բաղադրամասերով։ Ինչպես և հարիր է, կինոնկարում կոլորիտային հերոսների մի ողջ աստղաբույլ կա, որոնցից ամեն մեկի զգեստապահարանում, կարմիր ծիրանու ներքո՝ բազմաթիվ կմախքներ կան թաքնված։

Աստծուն ծառայելն ու վստահված հավատացելոց հոտի հանդեպ խնամատարություն իրականացնելն այստեղ որևէ կերպ կապ չունի։ Ավանդապաշտի հաղթանակն ընտրություններում կնշանակեր, որ ազատախոհների խմբակցությունը նախ կթուլացներ իր դիրքերը, ապա և առհասարակ կհայտնվեր կրախի մեջ։ Եվ հետեւաբար, որքան էլ անկեղծ լիներ Սթենլի Տուչիի հերոսը մարդկանց հավասարության իր դատողություններում, նրա մասնակցությունը ընտրական մրցավազքին ուներ իր շահադիտական կողմը։ Նույնը կարելի է ասել նաև հակառակ խմբակցության մասին։ Բոլորի մտքում միայն մի բան կա՝ պատերազմ։ Ու յուրաքանչյուրն այն մղում է յուրովի։ Մեկը՝ հարաբերականորեն ազնիվ, մյուսը՝ կիրառելով շանտաժն ու կաշառքը որպես պատերազմի մղման գործիք։ Միակը, որն համարձակություն է ունենում մարտահրավեր նետել թեկնածուների ռազմատենչությանը, գլխավոր հերոս Ֆայնսն է ու նորելուկ Վինսենտը։ Վերջինս իրապես գիտի, թե ինչ բան է պատերազմը, քանի որ եղել է թեմակալ առաջնորդ ոչ միայն Աֆղանստանում, այլ նաև՝ Կոնգոյում և Իրաքում։

Konklav, election Roma, katoliks

Էդվարդ Բերգերի այս կինոնկարը կրոնի մասին չէ։ Իսկ եթե ավելի հստակ լինենք՝ ոչ այնքան և ոչ միայն կրոնի մասին է։ Վերջերս թողարկված «Հերետիկոսում»՝ Հյու Գրանտի մասնակցությամբ, շատ ավելի բանավեճ կա առ Աստված հավատքի վերաբերյալ։ «Կոնկլավը» չափազանց մեղմ է հակակղերական սատիրայի համար։ Այո, բարձրաստիճան կրոնավորները այնքան էլ բարեպաշտ մարդիկ չեն, որքան հավատացյալներն են նրանց պատկերացնում։ Ըստ սյուժեի, նույնիսկ սեքսուալ սկանդալ է բացահայտվում, որը սակայն համեմատելի չէ նույնիսկ մանկապիղծ կրոնավորների բացահայտման հետ կապված սկանդալի հետ։ Չափազանց բացահայտ կերպով Եկեղեցուն ծաղրելուց Բերգերը զերծ է մնում։ Իր ուղերձը նա այլ ուղղությամբ է հղում՝ իշխանության ինստիտուտների, որպես այդպիսիք ուղղված քննադատության ուղղությամբ։ Կարդինալները բառի բուն իմաստով են մեկուսանում արտաքին աշխարհից, որպեսզի կուլուարներում որոշեն, թե ով պետք է լինի այն կառույցի ղեկավարը, որն ամբողջ աշխարհում մեկ ու կես միլիարդ հետևորդ ունի։ Նրանցից ոմանք լիովին հստակ կերպով ընկալվում են որպես քաղաքականության աշխարհը ներկայացնող մարդիկ։ Այսպես՝ չափազանց ծայրահեղ դիրքորոշումներով հայտնի Տոդեսկոն, որը ձգտում է չեղարկել բոլոր տեսակի բարեփոխումները, հիշեցնում է Դոնալդ Թրամփին, որը ցանկանում է հրաժարվել Ջոնսոնի, Ռուզվելտի ու Վիլսոնի վարչակազմերի ձեռքբերումներից։ Այդ է ակնարկում նաեւ Կաստելիտոյի հերոսի հակաիսլամական բառապաշարն ու հռետորաբանությունը։ Ազատախոհների առնչությամբ էլ Բերգերն իր արտահայտություններում առանձնապես համեստություն չի անում։ Սրանք, քիչ է, թե անմաքուր ձեռքերով են մտել պայքարի մեջ ու անդրկուլիսյան դավադրություններ են լարում, նաև պարզվում է, որ աջակողմյանների ճամբարից աճող սպառնալիքին հակադարձելու հարցում անկարող են։ Նրանք պատրաստ են նահանջել իրենց իդեալներից և հարկ եղած դեպքում ընտրել չարյաց փոքրագույնին՝ հարմարվելով նրա հովանու ներքո։

Konklav, rejisor Berger, Roma, katoliks

Այնուհանդերձ, «Կոնկլավը» շատ ավելին է, քան ամերիկյան կամ եվրոպական ընտրությունների հանդեպ ռեֆլեքսիան։ Այն մոնումենտալ արտացոլանքն է մեր հասարակության, որը հազիվ է կարողանում պահպանել հավասարակշռությունն անդունդի եզրին գտնվելով, միշտ ենթակա այդ անդունդը գլորվելու ռիսկին։ Գլխավոր հերոսի շուրթերով ռեժիսորը կարեւոր ճշմարտություն է ասում՝ այնտեղ, որտեղ ինքնավստահությունն է թագավորում և կասկածանքին տեղ չկա, այնտեղ չի կարող լինել ոչ խորհուրդ, ոչ էլ հավատք՝ առավել ևս։

Հասկանալի է, որ ինքնավստահությունը նաև հպարտությունն է, որը քրիստոնեական ընկալմամբ՝ մահացու մեղք է։ Դա համամարդկային ողբերգություն է, երբ գլոբալ սպառնալիքներին դիմադարձելու համար միասնականության փոխարեն՝ մարդկային հասարակությունում մշտապես արևի տակ տեղ ունենալու գզվռտոց է։

«Կոնկլավը» տագնապեցնող ու ակտուալ նախազգուշացում է, ինչպիսին անցյալ տարի Քրիստոֆեր Նոլանի «Օպենհեյմերն» էր։ Նոր հովվապետի պաշտոնի համար պայքարի ելքը կարելի էր կռահել նույնիսկ առաջին գործողությունում, առանց լուրջ ջանքեր թափելու, սակայն ֆինալը, որը միաժամանակ և չափազանց վեհ էր և չափազանց իրական, որևէ կերպ չի փչացնում տպավորությունները։

Konklav, rejisor Berger, Roma, katoliks

Պակաս ուշագրավ չէ նաև այն ֆորման, որով փաթեթավորել է Էդվարդ Բերգերն իր ասելիքը ներկայացնելու համար։ «Կոնկլավը» ճնշում է հանդիսատեսին դատարկ տարածություններով, որոնք թաղված են կիսախավարի մեջ կամ էլ ընդհակառակը՝ անկյանք լույսով են լուսավորված։ Այդ ամենի ներքո բարձրաստիճան կրոնավորներն են անցուդարձ անում՝ մարդկային արյան գույնի զգեստներ հագած։ Երբեմն նրանք հիշեցնում են ինչ որ գաղտնի աղանդի հետևորդներ, ինչպիսիք կուբրիկյան «Լայն փակված աչքերով» կինոնկարում կային։ Ու այդ բոլոր գործողություններն ուղեկցվում են Ֆոլկեր Բարտելմանի չարագուշակ լարային մեղեդու նվագակցությամբ։ Նա ի դեպ, անցյալ տարի արդեն արժանացել էր «Օսկարի»։ Հնարավոր է, որ 2025 թվականին էլ արժանանա։

Աղբյուրը

Պատրաստեց Արամ Յանինը