Ժան Գաբեն․Յոթ կուլտային կինոնկարներ
Լեգենդար ֆրանսիացի դերասան Ժան Գաբենը քաջածանոթ է եղել խորհրդային հանդիսատեսին, սակայն կան նրա մասնակցությամբ բազմաթիվ կինոնկարներ, որոնք այդպես էլ ԽՍՀՄ կինովարձույթ չեն հասել։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
Օրը սկսվում է (Le jour se lève, 1939)
Մարսել Կարնեի այս կինոնկարը համարվում է պոետական ռեալիզմի առաջին ժապավենը։ Ի դեպ, վերջինս արգելված է եղել ֆրանսիական կինովարձույթի համար օկուպացիայի տարիներին, դրա համար էլ այն ճանաչում ձեռք է բերել արդեն 1945 թվականին, երբ երկրորդ անգամ է հայտնվել էկրանին։ Երիտասարդ Գաբենը խաղում է այստեղ իմպուլսիվ բանվոր Ֆրանսուայի դերը, ով հայտնվել է սիրային քառանկյունու մեջ իր երիտասարդ սիրեցյալ Ֆրանսուազայի, մի փոքր թեթևամիտ դերասանուհու (մարմնավորում է Արլետին) և նրա ամուսնու միջև։ Կինոնկարը սկսվում է ոստիկանության հետ հրաձգության ամփոփիչ տեսարանից, իսկ մնացած բոլոր նախորդող իրադարձությունները արդեն ներկայացվում են ֆլեշբեքի տեսքով։ Իր ժամանակի համար փայլուն կինոնկար է եղել, որը Հոլիվուդյան բազմաթիվ կինոնկարների համար հանդիսացել է ընդօրինակման հիմք։
Ֆրանսիական կանկան (French Cancan, 1954)
Մեծն Ժան Ռենուարի առաջին կինոնկարն է, որը նա նկարել է Ֆրանսիա վերադարձից հետո։ Գաբենն այստեղ խաղում է Մոնմարտրյան կաբարեի տնօրենի պաշտոնը, որի ազգանունը Դանգլար էր։ Վերջինս որոշում է վերաթողարկել իր շոուն, որը վերջին շրջանում կորցրել էր իր ճանաչվածությունը։ Դրա համար նա կաբարեի նոր շենք է որոշում կառուցել, որը պետք է ունենար «Մուլեն Ռուժ» անվանումը։ Կինոնկարում հանդես են եկել ժամանակի բազմաթիվ հայտնի դերասաններ, այդ թվում՝ Միշել Սերոն, Էդիթ Պիաֆը, Պատաշուն։ Երաժշտություն, պարեր, անդրկուլիսյան ինտրիգներ և երգեր։ Այս ամենը Գաբենի համար մի փոր անսովոր են որպես դեր, սակայն այնուհանդերձ, նա իր դերը կատարել է փայլուն կերպով։
Մարդասպանների ժամանակը (Voici le temps des assassins, 1958)
Այս դրաման համարվում է դերասանի կարիերայի ամենաուժեղ կինոնկարներից մեկը։ Լը Ալ շուկայում, Փարիզի կենտրոնում, գտնվող հայտնի ռեստորանի սեփականատերը ապրում է միայնակ և սիրած աշխատանքը զբաղեցնում է նրա ողջ ժամանակը։ Սակայն մի անգամ ռեստորանի շեմին հայտնվում է երիտասարդ մի աղջիկ, ով ներկայանում է որպես ռեստորատորի առաջին կնոջ դուստրը, ում չէր տեսել արդեն քսան տարի։ Աղջիկը հայտարարում է, որ մայրը վախճանվել է ու ինքը չգիտի, թե ուր գնա։ Այդ պահից սկսվում է սիրո, ինտրիգների և դավաճանությունների մասին մի պատմություն, որն ունենում է չափազանց դաժան և չկանխատեսված ավարտ։ Այս կինոնկարը հանդիսանում է ֆրանսիական կինոարվեստի լավագույն թրիլերներից մեկը։
Թափառաշրջիկ Արքիմեդը (Archimède le clochard, 1959)
Ժան Գրանժյեի գլուխգործոցն է, որում Գաբենը մարմնավորել է փարիզցի աննկուն թափառաշրջիկ Արքիմեդին, ով մշտապես ցանկացած իրավիճակից դուրս է գալիս հիանալի կերպով՝ միշտ իր հացին ունենալով քսած ուրիշի կարագից մի կտոր։ Սակայն մոտենում է ձմեռը եւ կամրջի տակ գիշերելը անհարմար է։ Դրա համար էլ Արքիմեդը որոշում է տարվա ցուրտ սեզոնն անցկացնել բանտում։ Իհարկե, այնտեղ հայտնվելն այնքան էլ դյուրին չէ, եւ նույնիսկ կարճ ժամանակով հայտնվելով բանտախցում, թափառաշրջիկը կարճ ժամանակ անց հայտնվում է ազատության մեջ։ Պետք էր ուրեմն ինչ որ բան մտածել, հատկապես, որ սիրելի խորտկարանի սեփականատերը փոխվել է (վերջինիս կերպարը մարմնավորել է Բերտրան Բիլեն) և այնտեղ ամենօրյա մեկ լիտր գինին ստանալը ավելի բարդ է դարձել։
Բարոն դը Լ՛Էքլյուզը (Baron de l’écluse, 1960)
Առաջին աշխարհամարտի հերոս, նախկին զինվորական, անհույս բարոնի կերպարը Ժան Գաբենի մարմնավորմամբ, ուղղակի փայլուն է, ով հեշտ փող աշխատելու միջոց է փնտրում Փարիզի, Դովիլի և Մոնակոյի կազինոներում եւ սալոններում։ Անհաջողակ միլիոնատիրոջից զբոսանավ տանելով բաքարայի թղթախաղում, բարոնը նաեւ կարողանում է նրանից խլել իր նախկին սիրեցյալին։ Միասին նրանք զբոսանավ են նստում Ռոտերդամում եւ որոշում ուղեւորվել Ֆրանսիայի գետերով եւ ջրանցքներով դեպի Մոնտե-Կարլո։ Ճիշտ է, ճանապարհին նրանց փողերը վերջանում է և ստիպված են լինում կայանել ոչ մեծ շլյուզի մոտ, որը գտնվում է Ռեյսմից ոչ հեռու։ Սիրեցյալը կրկին փախչում է տեղի հարուստ գինեգործի հետ, որին հանդիպել էր ռեստորանում, իսկ բարոնը մնում է միայնակ և ստիպված է լինում որոշել, թե ինչ պետք է անի հետո՝ շարունակել մնալ այնտեղ ու ամրապնդվել՝ խորացնելով հարաբերությունները տեղի ռեստորաններից մեկի տիրուհու հետ, թե շարունակել ճամփորդությունը։ Հատկապես, որ փոստային փոխանցմամբ նրան երկու միլիոն ֆրանկ էր սպասում։
Հերոին (La horse, 1970)
Դաժան մարտաֆիլմ, որը պատմում է Նորմանդիայում գտնվող խոշոր ֆերմաներից մեկում տիրող բարդ ընտանեկան հարաբերությունների մասին։ Սեփականատիրոջ անպիտան թոռը կապվում է թմրավաճառների հետ եւ հերթական թմրանյութերի խմբաքանակը թաքցնում է տեղի մառանում։ Այն հայտնաբերում է աշխատողներից մեկն ու հայտնում ընտանիքի ղեկավարին, որին մարմնավորում է Գաբենը։ Վերջինս էլ հայտնաբերված հերոինը ոչնչացնում է ու հայտարարում պատերազմ հանցախմբին, որի մեջ նաև իր թոռն էր։ Սկսվում է արյունոտ դիմակայություն, որին ֆերմերը հրաժարվում է ներգրավել ոստիկանությանը, քանի որ իր հողի վրա ինքն էր սովոր արդարադատություն իրականացնել։
Սև դրոշ՝ կաթսայի վրա (Le drapeau noir flotte sur la marmite, 1971)
Միշել Օդյարի նկարահանած կինոնկարն է, որում ներկայացվում է ծեր երկաթուղայինի պատմությունը, որը ցանկանում է իր կյանքի վերջին օրերն անցկացնել իր սեփական նավի տախտակամածին։ Նա իր երազանքների նավի մոդելն է տեսնում՝ պատրաստված ենթակայի կողմից և պատվիրում է, որպեսզի ճիշտ նույնպիսի նավ, սակայն արդեն իրական, պատրաստեն իր համար, որպեսզի կարողանա դրանով դորադո որսալ Միջերկրական ծովում։ Ենթական բնականաբար ընդունում է պատվերը եւ խորհրդի համար դիմում ազգականին, ով փորձված նավաստի էր։ Վերջինիս էլ մարմնավորել է Ժան Գաբենը։ Ազգականը չի հրաժարվում և զարմիկի պուրակն իսկական նավաշինարանի է վերածում։ Ճիշտ է, ընթացքում, նավը կառուցելիս, պարզ է դառնում, որ Գաբենի մարմնավորած հերոսը բոլորովին այլ նպատակներ ունի ստացված նավի առնչությամբ։
Պատրաստեց Արամ Յանինը






