Ստույգ հայտնի չէ, ասել է Լենինը որ բոլոր արվեստներից բոլշևիկների համար ամենակարևորը կինոն էր, թե չի ասել։ Խորհրդային պետության կրթության առաջին նախարար (այն ժամանակվա տերմիններով Ժողովրդական կոմիսար) Լունաչարսկին մի քանի անգամ պնդել է, թե Լենինն իրեն նման կարծիք էր հայտնել, սակայն բոլշևիկյան առաջնորդի գրվածքներում նման միտք չկա։ Ամեն դեպքում Լունաչարսկու մեջբերումն ուղղակիորեն վերագրեցին Լենինին, իսկ սինեմատոգրաֆի հանդեպ պետական կարևորությունն ու հսկողությունը հատկապես ԽՍՀՄ գոյության առաջին տասնամյակներին հասավ գագաթնակետին։
Ստալինյան միանձնյա կառավարման շրջանում կարելի էր զուգահեռներ տեսնել քաղաքական գործընթացների ու նկարահանվող ֆիլմերի միջև։ Մի քանի օրինակ՝ 1927-ին երբ Սերգեյ Էյզենշտեյնը նկարահանեց «Հոկտեմբեր» համր կինոն, բռնապետական դիրքերի դեռևս չհասած Ստալինը ֆիլմում էլ հազիվ էր երևում: Իր հերթին Լև Տրոցկին «Հոկտեմբերում» թեև արդեն հերոսի նկարագիր չուներ, բայց դեռ առանձնապես դավաճան էլ չէր։ Պատկերը լրիվ ուրիշ էր 1939-ին թողարկված «Լենինը 1918-ին» շարժանկարում, որտեղ Տրոցկին, Բուխարինն ու Կամենևն անհույս դավաճաններ էին (վերջին երկուսը ֆիլմի նկարահանման ժամանակ՝ արդեն գնդակահարված, Տրոցկին էլ թաքնվում էր Մեքսիկայում), իսկ նախորդ ֆիլմում գրեթե անտեսված Կոբան հիմա հեղափոխության կենտրոնական դեմքն էր ու Լենինի մերձավոր զինակիցը։
Երբ 1922-ի վերջին Խորհրդային Միությունը ձևավորվեց, միութենական հանրապետությունների թիվն ընդամենը չորսն էր` Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուսիա և Անդրկովկասյան ֆեդերացիա: 1938-ին «Մեծ Քաղաքացին» ֆիլմում կոմունիստ հերոսը բանվորների առաջ իր ելույթում ասում էր, թե «մի լավ պատերազմից հետո թիվը կարող է հասնել 30-40-ի»: Մի կողմ թողնենք «լավ պատերազմ» անհասկանալի ձևակերպումը, բայց արձանագրենք, որ 1940-ի օգոստոսին, Մերձբալթյան երկրների ու Մոլդավիայի ավելացմամբ, խորհրդային հանրապետությունների թիվը հասավ 16-ի, այսինքն՝ քառապատկվեց սկզբնական ցուցանիշի համեմատ։ Պատմաբանները դեռ վիճում են, թե վերջնական թիվն ուր կհասներ, եթե ռազմաքաղաքական ընթացքը շարունակվեր ըստ մշակված ստալինյան ծրագրերի: Որոշ մասնագետներ չեն բացառում, թե հնչեցված 30-40 հեռանկարային թիվը մի օր կարող էր և իրական դառնալ։ 1956-ին, արդեն Խրուշչովի ժամանակ, կազմալուծվեց Կարելոֆիննական խորհրդային միութենական հանրապետությունը՝ վերջնական ցուցանիշը նվազեցնելով 15-ի։
1938-ին, 2-րդ աշխարհամարտի մեկնարկից մեկ տարի առաջ, ԽՍՀՄ-ում ցուցադրվում էր «Եթե վաղը պատերազմ է» մարտաշունչ շարժանկարը։ Երկրի ռազմական և քաղաքական գործընթացների ու պետպատվերով ֆիլմերի միջև զուգահեռների թեման կարելի է շարունակել։
Այսքանը որպես նախաբան հիմնական ասելիքին:
Շատերը տեղյակ են, որ Երկրորդ համաշխարհայինի ավարտական փուլում ԽՍՀՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ լարվեցին։ Հիմնական պատճառը Թուրքիայի Հանրապետության աջակցությունն էր Հիտլերին պատերազմի ընթացքում: Հիտլերի ռազմական արդյունաբերության համար խիստ կարևոր քրոմի մատակարարումները Թուրքիայից Գերմանիա շարունակվեցին մինչև 1944-ի օգոստոս ամիսը, Ստալինգրադի ու Կովկասյան կռիվների ժամանակ Լյուֆտվաֆեն լոգիստիկ աջակցություն էր ստանում աշխարհագրորեն մոտիկ Թուրքիայից: 1945-ի մարտին ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողկոմ (նախարար) Մոլոտովը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Սարփերին հայտնեց, որ նույն տարվա նոյեմբերին լրանալիք Բարեկամության մասին պայամանագիրը չի երկարացվելու Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով։ Խնդրո առարկա պայմանագիրը չպետք է չշփոթել 1921-ի Կարսի փաստաթղթի հետ, որը ստորագրվել էր դեռ մինչև ԽՍՀՄ պաշտոնական կազմավորումը՝ հարավկովկասյան հանրապետությունների և Թուրքիայի միջև։ ԽՍՀՄ-Թուրքիա բարեկամության պայմանագիրը ստորագրվել էր 1925-ին և երկարացվում էր 10 տարին մեկ, պայմանով եթե կողմերից ոչ մեկն առարկություն չուներ։ Մինչդեռ այս և գալիք հանդիպումների ժամանակ Մոլոտովը Սարփերին ասում էր, որ Թուրքիան պետք է քայլեր կատարի, որ պայմանագիրը հնարավոր լինի երկարացնել։ Բարձակետը Պոտսդամում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ հանդիպոպմն էր, որտեղ Խորհրդային ղեկավարությունն ուղղակի բարձրացրեց Թուրքիային տարածքային պահանջների հարցը մասնավորապես Կարսի և Արդահանի հատվածում, սակայն, ի դժբախտություն մեզ, հետագայում կոնկրետ քայլեր չձեռնարկվեցին։ Թուրքիայի հետ հարաբերությունները լարված մնացին մինչև Խրուշչովյան դարաշրջանը։
Հիտլերը սեղմում է թուրք դիվանագետի ձեռքը
(Կադր՝ «Բեռլինի անկումը» ֆիլմից, 1949թ․,Մոսֆիլմ )
Մոսկվա-Անկարա կտրուկ լարումն անուղղակի երևում էր նաև Խորհրդային ֆիլմերում։ 1949-ին Միխայիլ Ճիաուրելին (դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի հայրն էր) նկարահանեց «Բեռլինի անկումը» ֆիլմը։ Առաջին սերիայում թուրք դեսպանը, սեղմելով Հիտլերի ձեռքը, նախագահ Իսմեթ Ինյոնյույի անունից մեղրածոր ձայնով գոհունակություն է հայտնում գերմանական բանակի առաջխաղացման առիթով։ Ժամանակագրորեն դա համապատասխանում էր Մոսկվայի մատույցներին գերմանացիների մոտենալու օրերին։ Պետք է նշել, որ Ինյոնյուն Թուրքիայի գործող նախագահն էր նաև պատերազմից հետո և մասնավորապես ֆիլմի էկրան բարձրանալու ժամանակ։ Քանի որ այս տարիներին Սառը պատերազմն արդեն սկսվում էր, Մեծ Հայրենականի ընթացքում ԽՍՀՄ դաշնակիցներ Անգլիան և Միացյալ Նահանգները ֆիլմում արդեն այդքան էլ լավ դաշնակիցներ չէին։
1946-ին Մոսկվայում ամերիկյան դեսպանատանն աշխատանքի անցավ ամերիկյան դիվանագետուհի Անաբել Բյուքարը։ Նա ծնվել էր 1915-ին Փենսիլվանիա նահանգում։ Դեռևս մինչև վերջ չհստակեցված պայմաններում Բյուքարը, Մոսվկա ժամանելուց մոտ երկու տարի անց դուրս եկավ դիվանագիտական աշխատանքից, ամուսնացավ Մոսօպերետ թատրոնի մենակատար Բորիս Լապշինի հետ, ստացավ ԽՍՀՄ քաղաքացիություն, բնակարան Մոսկվայում և աշխատանքի անցավ պետական ռադիոյում։ Նյու Յորք Թայմսի անդրադարձում նշված էր, թե Բյուքարը հեռացավ աշխատանքից՝ հասկանալով, որ ամերիկյան քաղաքականությունն ուղղված էր խորհրդային ժողովրդի դեմ։ Սույն միտքը կարմիր թելով անցնում էր «Ճշմարտությունն ամերիկյան դիվանագետների մասին» գրքում, որը տպվեց Մոսկյայում մեկ տարի անց և որպես որի հեղինակ նշված էր Անաբել Բյուքարը։ Նույն թվականին Հնդկաստանում ՏԱՍՍ խորհրդային լրատվական գործակալության թղթակցական կետը տպեց գրքի անգլերեն տարբերակը։
ԱՄՆ դեսպանատան զեկույցը Անաբել Բյուքարի մասին (1949թ․)
Պարզ չէ գիրքն իրոք ամբողջությամբ գրել էր Բյուքա՞րը, թե՞ Խորհրդային հեղինակները՝ իր անվան ներքո։ 1949-ի մարտի 4-ին, գրքի ԽՍՀՄ գրախանութներում հայտնվելուց մոտ 2 շաբաթ անց, Մոսկվայում ամերիկյան դեսպանատունը Պետքարտուղարությանն ուղարկված զեկույցում նշում զուգահեռ ծավալված PR արշավի մասին։ Բյուքարի գրքին անդրադարձել էին «Պրավդա», «Իզվեստիա» կենտրոնական թերթերը, հայտարարվել էր, որ 10 հազարանոց տպաքանակը երկու շաբաթում սպառվել է ու 100 հազար լրացուցիչ օրինակ տպվել որպես երկրորդ հրատարակություն։
Ճանաչված ռեժիսոր Դովժենկոն 1949-1951թթ-ին աշխատում էր գրքի էկրանավորման ուղղությամբ։ Դովժենկոյի կենսագիրներից մեկը համարում է, որ ռեժիսորին առաջադրանքն անձամբ Ստալինն էր տվել։ «Հրաժեշտ, Ամերիկա» ֆիլմը նկարահանվել էր գունավոր ժապավենի վրա, ինչն ավելի թանկ հաճույք էր և դեռ քիչ էր պատահում։
«Նյու Յորք Թայմսի» անդրադարձը
Ֆիլմի գլխավոր հերոսուհին էր ամերիկյան դիվանագետ Աննա Բեդֆորդը, որի անվան սկզբնատառերը համապատասխանում էին Անաբել Բյուքարի անվան հետ: Ըստ ֆիլմի, նա ԽՍՀՄ տարբեր հատվածներում ճամփորդելուց հետո վերադառնում է Մոսկվա և այցելում ամերիկյան վերադասին։
-Ձեր վրա շատ լավ է ներգործում Ասիան, ասում է վերադասը։
-Օ՜, միստր Գրևս, դա մի ամբողջ աշխարհ է։ Հայաստանը…դա…ես տեսա Ուրարտու թագավորության պեղումները։ Ինձ նվիրել են ցորենի երեք հազար տարեկան սերմեր։
Ֆիլմի մի դրվագում երևում է ԽՍՀՄ քարտեզի խորհրդաթուրքական սահմանը։ Այս մանրամասները բացակայում են Անաբել Բուքարի գրքում և ավելացվել են Դովժենկոյի կողմից՝ պետք է ենթադրել պետպատվերով։ Քաղաքական ղեկավարը նպատակահարմար թեքումներ էր տվել ֆիլմին։
Բյուքարի գրքում, ինչպես նշվեց Հայաստան այցի և Ուրարտուի այս մասը չկա, սակայն հիշատակվում է հայկական կոնյակը, նրա հուշերում հայն ու ռուսը բանավիճում են այն մասին Երևա՞նն է ավելի լավ քաղաք, թե՞ Մոսկվան, վերջում էլ ընկերանում ու հայկական կոնյակ և ռուսական օղի խմում միասին։
Ինձ մինչև այս պահը հաջողվել է գտնել այս երկու ուշագրավ հետպատերազմյան ֆիլմային դրվագները կապված Թուրքիայի և Հայաստանի հետ։ Պետք է հաշվի առնել, որ Մեծ Հայրենականից հետո ֆիլմերի արտադրությունը կտրուկ նվազել էր, ինչը նվազեցնում է դիտարկման ենթակա նյութը։ Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում նոր տվյալներ բացահայտվեն։
Հայկարամ Նահապետյան
Վաշինգտոն-Երևան, 2025թ․


