Վերջերս սոցիալական հարթակներում հաճախ է անդրադարձ լինում մեծանուն կինոբեմադրիչ, ամերիկյան կինոարվեստում հիմնարար վաստակ ունեցող Ռուբեն Մամուլյանին։ Կարծում եմ՝ Գուրգեն Յանիկյանի արխիվում պահպանվող այս խոսուն լուսանկարը մեծ անակնկալ կլինի Մամուլյանով հետաքրքրվողների, կինոգետների ու թատերագետների համար։ Լուսանկարն արված է Յանիկյանի հիմնած թատրոնի՝ «ԳՈՒՐԳԷՆ ԹԱՏՐՈՆԻ» բացման հանդիսության առթիվ, որին ներկա էր նաև Ռուբեն Մամուլյանը՝ տիկնոջ ու ծնողների հետ։ Աջ անկյունում երևում է նաև ժամանակին անվանի բանաստեղծ ու արձակագիր Լևոն-Զավեն Սյուրմելյանը, որը երեկոյի հանդիսավարն էր։ Թերևս երբեևէ կսկսենք ճանաչել նաև դրամատուրգ և բեմադրիչ Գուրգեն Յանիկյանին։ Ստորև բերված հոդվածը ամերիկահայ մամուլի անդրադարձերից է թատրոնի բացմանը։ Հաջորդիվ կներկայացնեմ նաև անդրադարձեր ամերիկյան մամուլից։

«ԳՈՒՐԳԷՆ ԹԱՏՐՈՆ»-ի բացումը՝ մասնակցությամբ ռուբեն Մամուլյանի, Զավեն Սումելյանի և այլոց

Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում  գրում է գրականագետ, գրող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը։

«ԳՈՒՐԳԷՆ ԹԱՏՐՈՆ»Ի ԲԱՑՈՒՄԸ

Ապրիլի 10-ի գիշերը անգամ մը եւս հպարտ զգացի Հայ ծագումիս համար:

Հալիվուտի մէկ փոքրիկ թատրոնին մէջ կը տրուէր ներկայացում մը` «Էն Էպրիլ Սոնկ» անունով, որուն սեփականատէրն է հայազգի Գուրգէն Եանիկեան:

Պր. Եանիկեան ցարդ ծանօթ է մեզ որպէս ճարտարագէտ, հնարագէտ, բեմախօս եւ զանազան գրքերու հեղինակ: Այսօր ան կը ներկայանայ ամերիկեան թատրոնի տէր եւ տնօրէն, եւ այս այնքան ալ դիւրին ասպարէզ մը չէ Ամերիկա նոր եկող հայու մը համար: Պր. Եանիկեան շնորհիւ իր մտային բարձր կարողութեան կրցած է արդէն ճանաչուիլ ամերիկեան մտաւորական շրջանակներէն եւ ընդունուած է որպէս արժէքաւոր դէմք:

Ներկայացումը արդիական խաղ մըն էր` կատակախառն եւ երգախառն, որուն հեղինակը` Կէրթրուտ Ուոքըր եւ հինգ դերասան-դերասանուհիները անխառն հաճոյք պատճառեցին հանդիսատեսներուն եւ արժանացան խանդավառ ծափահարութեանց:

Ներկաներու մէջ էին բացի յայտնի ամերիկացի եւ ռուս դէմքերէն, մեծատաղանդ բեմավար Ռուբէն Մամուլեան, իր կինը եւ ծնողքը, ինչպէս նաեւ որոշ թուով թատերասէր հայեր, որոնք ինձ նման հպարտ զգացին մեր ազգակից Եանիկեանի յաջող ձեռնարկին համար: Պր. Ռ. Մամուլեան բարձրաձայն իր հիացումը յայտնեց կատարուած գեղարուեստական այս գործին հանդէպ:

Թատրոնի վարչութեան մէջ մենք ուրախութեամբ կարդացինք նաեւ անունը մեր մէկ ուրիշ տաղանդաւոր բանաստեղծ` գրագէտ Զաւէն Սիւրմէլեանի, որ իր կարգին շատ աշխատանք կատարած էր: Թատրոնի փոքրիկ ընդունարանը յարդարուած էր ծաղկի կողովներով, որոնք ղրկուած էին ի յարգանս Պր. Եանիկեանի:

Ամենուն ծանօթ եւ սիրուած լուսանկարիչ Գուրգէն Րիւզկէրեան ամբողջ գիշերը զբաղուած էր նկարելով դերակատարները եւ քաղաքիս յայտնի անձնաւորութիւնները:

Կը լսենք որ Պր. Եանիկեան յաջորդաբար պիտի ներկայացնէ ինքնատիպ խաղեր, ինչպէս նաեւ իր հեղինակութիւններէն մին, որ շատ արժէքաւոր թատերախաղ մըն է: Կ’արժէ, որ ամէն հայ յաճախէ այս նոր թատրոնը, ըմբոշխնելու գեղարուեստական բարձր վայելք՝ նոյն ժամանակ գնահատած ըլլալու իր մէկ արժէքաւոր ազգակցին աշխատանքները:

Վիքթորիա Ասլանեան

«Ասպարէզ» օրաթերթ, 17 Ապրիլ, 1951