ԱՆՏԻԿԱԼԼԱՍ
2024-ի աշնանը Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված էր նաև ռեժիսոր Պաբլո Լարեյնի «Մարիա» (Fremantle) ֆիլմը, որում Մարիա Կալլասին մարմնավորել է Անջելինա Ջոլին: Ծագումով հույն մեծագույն օպերային երգչուհու կյանքի վերջին օրերը պատկերել հավակնող այս ֆիլմի գովազդային արշավը մեծապես կառուցված է Ջոլիի ձայնը Կալլասի ձայնին տեղ-տեղ միախառնելու սենսացիոն հայտարարությունների վրա: Լարեյնը, իր սիրած «ֆլեշբեքի» կամ հետհուշի ոճով՝ վոկալ անկման շրջանի Կալլասին պատկերելիս փորձել է նաև լսողական «ֆլեշբեք» ստանալ: Ռիսկային և ամբիցիոզ լուծումը [1], համաձայն որի երբեմն 5 տոկոսով, երբեմն՝10-ը, իսկ տեղ-տեղ էլ 70 տոկոսով օգտագործվել է Ջոլիի ձայնը, խնդրահարույց համադրության պիտի հանգեցներ, որքան էլ որ համակարգչային մշակման ենթարկեին մի քանի ամիս վոկալի դասեր առած Ջոլիի ձայնը: Այդպես էլ եղել է. արդյունքում, Կալլասի եզակի տեմբրով ու մետաղական փայլով ձայնը տեղ-տեղ ընդհատում է տեմբրով կտրուկ տարբերվող անփորձ վոկալը՝ առանձին հնչյունների, վանկերի կամ դուրս պրծնող շնչերի տեսքով: Կալլասի արիաների (Piangete Voi? Vissi d’Arte, Qui la voce) ձայնագրությունների բնական ֆոնային աղմուկին գումարված կարկատանները փնթի «սաունդթրեքի» պատճառ են դարձել, որն անարգանք է Մարիա Կալլասի հիշատակին ու ժառանգությանը:
-Ի՞նչ եք կարծում, կծախվի՞,-կատակում է Ջոլին մի հեռուստաշոուի [2] ժամանակ:
Եթե իրական մթերքի փոխարինիչով պատրաստված սնունդը ծախվում է, ապա «դրամայի փոխարինիչով պատրաստված» ֆի՞լմն ինչով է պակաս…
1977 թվականի սեպտեմբերի 16-ն է. փարիզյան իր բնակարանում վախճանվել է Մարիա Կալլասը: Եվ ահա, շարժվող կտավ հիշեցնող բացման տեսարանից հետո, հանկարծ էկրան է ներխուժում արիա երգող Անջելինա Ջոլիի սև-սպիտակ գլուխը կամ բյուստը, եթե կուզեք: Հենց միայն այս գրոտեսկային «օպերային բենեֆիսից» պարզ է դառնում, որ ֆիլմը Մարիայի կամ Կալլասի հետ առնչություն չունի:
-Արի ինձ հետ, ասաց դիվան, և պետք չէ հարցնել՝ թե ուր…
Ջոլի-Մարիան սա ասում է իր պատրանքներից ծնունդ առած լրագրողին, և հենց այս նախադասության մեջ է այն հարցի պատասխանը, թե ինչի՞ համար է այս ֆիլմը, որը ո՛չ կենսագրական է, ո՛չ էլ ֆանտազիա՝ բարձր կինոարվեստ: Այն ավելի շուտ՝ Ջոլիի հագով կարված «կինոհանդերձանք» է:
Նկարը՝ motionpictures.org-ից
Նկարի դերձակն, ի դեպ, ֆիլմի հագուստների դիզայները (M. Cantini Parrini) չէ, այլ հենց ռեժիսոր Լարեյնը: Վիզուալ գրավչությունն ու օպերատորական վարպետությունը (Ed. Lachman) ֆիլմի հաջողված կողմն են. գեղեցիկ, տպավորիչ կադրեր, գույնի ու լույսի նուրբ ընկալմամբ տեսարաններ, սակայն արտաքին գրավչությունը լոկ խայծ է «դրամայի փոխարինիչով» ստեղծված այս ֆիլմի նեթֆլիքսային «սպառողի» համար:
Ջոլիի Մարիան մակերեսային ու միաբևեռ կերպար է, մշտապես էմոցիոնալ միևնույն՝ տխրամած դիապազոնում: Դերասանուհին դրամատիկ մի կիսատ գամմա է գտել ու մնացել այդ նեղ էմոցիոնալ միջակայքում՝ փորձելով նմանակել Կալլասի խոսելաոճն ու առոգանությունը: Նկատեք, «ֆլեշբեքերով» լի ֆիլմում ոչ մի տարբերություն չկա, թե իր կյանքի ո՛ր ժամանակաշրջանում է, և ու՛մ հետ է շփվում Ջոլի-Մարիան, Օնասիսի (H. Bilginer), թե՞ իր սպասավոր Ֆեռուչոյի (P. Favino): Կալլասի զորեղ խառնվածքը, որ նրա տեմպերամենտի մասին լեգենդների պատճառ է դարձել, ֆիլմում իսպառ բացակայում է: Հսկայական բնակարանը, որտեղ ընթանում են ֆիլմի տեսարանները, էլ ավելի է շեշտում մթնոլորտային դատարկը, որ ստեղծվել է Ջոլիի մարմնավորած ուրվականային Մարիայով:
Մարիա Կալլասի արխիվային նկարներից
Կալլասի ձեռքերը որպես դրամատիկ արվեստի գործիք՝ առանձին նյութ են, մինչ արյունոտ դանակը բարձրացնող, թե բեմական հագուստները կրակի մեջ այրող Ջոլիի ձեռքերն ու ժեստերը ոչ թե Կալլասին, այլ Maleficient (2014) ֆիլմի հերոսուհուն են հիշեցնում:
Կինոդիվան ինքն իրեն՝ Անտիկալլաս է կերտել:
Օպերային արվեստում բեկում բերած ու հսկայական մշակութային ժառանգություն թողած օպերային երգչուհին իրական կյանքում հստակ տարանջատում էր Կալլասին Մարիայից, իսկ Մարիա Աննա Սեսիլիա Սոֆիա Կալողերոպուլոսը ծառայում էր ոչ թե Կալլաս դիվային, այլ՝ արվեստին: Ռեժիսոր Լուքինո Վիսկոնտին ասում էր, որ Մարիան պերֆեկցիոնիստ է, և նրանք, ովքեր այդպիսին չեն՝ կարծում են, թե նա դժվար բնավորություն ունի:
Հենց միայն այն ակնածանքը, որ Կալլասի հետ աշխատած խոշորագույն ռեժիսորներ Վիսկոնտին, Պազոլինին, Ձեֆիրելլին ունեին Կալլասի ֆենոմենալ դրամատիկ շնորհի հանդեպ՝ պետք է որ ստիպեր նրա մասին ֆիլմ ձեռնարկելիս ավելի զգույշ լինել, բայց ավա՜ղ… Օպերատորական աշխատանքը կինոարվեստի առումով՝ թերևս միակ ուշագրավ բանն է այս ֆիլմում, բացի որոշ երկրորդական համոզիչ կերպարներից, որոնց թվում՝ Վալերիա Գոլինոյի կերտած Յակինթին՝ Մարիայի ավագ քույրը, ինչպես նաև Ագելինա Պապադոպուլուի կերպավորած դեռատի Մարիան: Վերջինիս մասնակցությամբ տեսարանը շահեկանորեն տարբերվում է թե՛ դրամատիկ ուժով, թե՛ պարմանի հույն դերասանուհու տպավորիչ խաղով: Երգից ազդված գերմանացի սպան հագուստը հանել փորձող Մարիային պատվիրում է ուղղակի շարունակել երգել:
Կադր՝ Պ.Լարեյնի «Մարիա» ֆիլմից
Այս տեսարանով էկրան է բերվել հռչակավոր երգչուհու կյանքի մութ մի դրվագը, որն էլ մոր հետ՝ Կալլասի անհաշտության պատճառն է եղել: Էվանգելիա Կալլասը պատերազմի ու սովի շրջանում չի խորշել զինվորներին իր ծառայություններն առաջարկելուց, և չի բացառվում, որ նրա դրդմամբ՝ զինվորների համար վարձատրության դիմաց երգող դեռատի Մարիան էլ ստիպված լիներ նույնն անել, բայց Կալլասի կենսագիրների համար դա լոկ կռահման ու ակնարկների տիրույթում է [3]: Մինչդեռ ֆիլմում այն դարձել է հաստատուն հենք, որի վրա էլ կառուցվել է կցկտուր սցենարը: Ամերիկյան «սրամտության» ոգով դիալոգները, ինչպես և անընդհատ տեղից տեղ քաշքշվող ու իր տեղը չգտնող ռոյալը՝ Կալլաս երևույթի ու նրա բարդ, դրամայով լի կյանքի հետ աղերս չունեն:
Զառանցական ու անրջող… Ահա այսպիսի Կալլաս է տեսել սցենարիստը (S. Knight), ինչը կենսագրական հորինվածքի (biopic) հետաքրքիր առանցք կարող էր դառնալ, եթե չլիներ անհույս մակերեսայնությունը: Սցենարը, ինչպես և ռեժիսուրան, հենց ֆիլմի սկզբից անլրջության հայտ է ներկայացնում: Մարիան, զարթնելուց ու պուդելներին կերակրելուց անմիջապես հետո՝ սկսում է օմլետ սարքող իր խոհարարուհի Բրունայի (A. Rohrwacher) համար արիա երգել՝ նրա կարծիքն իմանալու նպատակով: Կալլասը տարիներ շարունակ չախտորոշված դերմատոմիոզիտով է տառապել [4], որին բնորոշ է պրոգրեսիվ մկանային թուլությունը, ինչն էլ հենց նրա վոկալ անկման բուն պատճառն է եղել: Ռեժիսոր Լարեյնը մահից ընդամենը յոթ օր հեռավորության վրա գտնվող առույգ մի կին է պատկերել, և չնայած ֆիլմում ախտորոշվող սրտի անբավարարությանը, Մարիան աստիճաններով վեր ու վար է անում և հավաստիացնում, որ չի հոգնում: Միակ տարօրինակ բանը, որ նկատում ենք՝ դեղահաբերն ու հալյուցինացիաներն են: Նա իր տեսիլների աշխարհում՝ Մանդրաքս (K. Smit-McPhee) անունով լրագրողի հետ հարցազրույցների միջոցով փորձում է ամփոփել կյանքը: Ի դեպ, Մանդրաքսը դա նույն Քուաալյուդ սեդատիվ պրեպարատն է, որն ըստ վերջին տարիներին բացահայտված փաստերի [3]՝ Օնասիսին հանդիպելուց հետո, և հենց վերջինիս դրդմամբ՝ տարիներ շարունակ օգտագործել է երգչուհին: Կալլասի կյանքին անծանոթ մարդու համար իրականն անիրականին միախառնած սցենարն առանց այն էլ խրթին է, իսկ «ֆլեշբեքերով» լի ֆիլմը գործողությունների բաժանելն ու դրանց վերնագրեր տալն այն ավելի է խճճել, այնպես որ սցենարիստն ու ռեժիսորն ընթացքում իրենք էլ են տարվել ու մոլորվել…
Կադր՝ Պ.Լարեյնի «Մարիա» ֆիլմից
Պատրանքային հեռուստահարցազրույցով սկսվածը՝ պարզվում է, Կալլասի վերջին օրերի մասին ֆիլմ է, ոչ թե Մարիայի մտքում գրվող ինքնակենսագրական:
Լարեյնը կարծես «Կոմպակտ օճառ-օպերա» ժանր է հորինել, երբ բազում սերիաներն ամփոփված են ընդամենը երկու ժամում, որոնց ընթացքում բռնազբոսիկն ու շինծուն իշխում են թե՛ կարևոր բաներում, թե՛ մանրուքներում:
Ֆիլմի եզրափակիչ տեսարանները բացման տեսարանի նման՝ մեկը մյուսից գրոտեսկային են. Ջոլի-Մարիան ուղղակի երգում է իր «կարապի երգն» ու շունչը փչում: Սպասավորն ու խոհարարուհին պուդելների հետ մտնելով տուն՝ հատակին ընկած են գտնում Մարիային: Մեռած տիրոջն անտարբեր՝ շները բավական երկար դեսուդեն են նայում. ավելի ուշ, երբ սպասավորը հեռախոսով հայտնում է Կալլասի վախճանի լուրը, կադրից դուրս՝ հանկարծ լսվում է շնային կաղկանձը, որ տարօրինակ կերպով նման է անփորձ մարդու աղեկտուր վոկալի…
Եվ մինչ «կինոհամայնքը» քննարկում է Ջոլիի ստանալիք «Օսկարը», թող Մարիա Կալլասի հոգին ննջի խաղաղությամբ…
ՀԳ. Բարոյապես՝ ինձ համար չի կարող լինել ավելի մեծ նողկանք, քան «Օսկար» ստանալը:
Լուիս Բունյուել
Հեղ.՝Լուսինե Հովհաննիսյան, © 2024
Հղումներ՝
- https://www.indiewire.com/news/breaking-news/pablo-larrain-breaks-down-angelina-jolies-singing-in-maria-1235052321/
- https://www.youtube.com/watch?v=BW5C66yD_8I
- https://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-9501537/Maria-Callas-drugged-sexually-abused-billionaire-lover-Onassis-new-book-reveals.html
- https://greekreporter.com/2010/12/15/italian-doctors-claim-maria-callas-died-of-a-degenerative-disease/



