«Կինոաշխարհը» զրուցել է պրոդյուսեր, երկրորդ ռեժիսոր Վարդան Հակոբյանի հետ, որը ներգրավված է եղել և շարունակում է աշխատել տասնյակ կինոնախագծերում՝ «Երբ որ քամին հանդարտվի», «Սողոմոնի երգերը», «Ժամանում», «Մանյունյա», «Մեդալի հակառակ կողմը», «Ամերիկացի» և այլն։ Նրա վերջին՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն այժմ մեծ էկրաններին է։ Վարդան Հակոբյանի հետ զրուցել ենք իր մասնագիության «գաղտնիքների», սիրած նախագծերի և ֆիլմերի, հայաստայան կինոոլորտի խնդիրների, հեռանկարների և այլ թեմաների մասին։

Հայկական կինոյի մասին

Դուք հայկական բազմաթիվ մեծ ու փոքր ֆիլմերում եք աշխատել և աշխատում, այդ թվում՝ որպես պրոդյուսեր և երկրորդ ռեժիսոր: Խնդրում եմ «լիկբեզ» անցկացնել մարդկանց համար, որոնք այդքան էլ չեն պատկերացնում երկրորդ ռեժիսորի գործառույթը:

Շատ գնահատում եմ այդ գործը, այն շատ կարևոր է: Ցավոք, այսօր հայկական կինոդաշտում շատ քիչ են մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ զբաղվում են դրանով: Երկրորդ ռեժիսորն ամբողջ նկարահանման խմբի սերվերն է, ստրատեգիական ծրագիրը, մարդ, որը կանգնած է ստեղծագործական և արտադրական թիմերի մեջտեղում: Ինչ-որ փուլում նա դառնում է ամենաինֆորմացված և ամենաշատ գործիքների տիրապետող մարդը, որովհետև կապի մեջ է բոլորի հետ: Մասնագիտական նրբություն կա. երկրորդ ռեժիսորը պետք է կարողանա ճշգրիտ բալանսավորում պահել, որ ֆիլմը չկորցնի գաղափարական և գեղարվեստական որակները, ռեժիսորն ու մյուսներն ունենան ստեղծագործելու ազատություն, սակայն դրանից չտուժի արտադրությունը, որովհետև որևէ պահի կարող է գումարի խնդիր առաջանալ: Գերծախսի հարցի կարգավորումը կախված է նաև երկրորդ ռեժիսորից, այսինքն՝ նկարահանման քանի օր կլինի, քանի ժամ կտևի աշխատանքը և այլն: Նա պետք է հասկանա, թե որ տեսարանից է պետք սկսել նկարահանումը: Բնականաբար, ցանկացած ռեժիսոր ուզում է խրոնոլոգիայով նկարել, բայց դա անհնար է: Եզակի ֆիլմեր կան, որ շատ մեծ բյուջե են ունեցել, և գեղարվեստական լուծում է եղել, որ հերոսը մի կետից հասնի մյուս կետ, հանդիսատեսի աչքի առաջ զարգանա: Դա դերասանի, ռեժիսորի համար է շատ լավ, իսկ արտադրության համար թանկ է:

Նաև պրոդյուսեր լինելու համար հիմնական երկու ճանապարհ կա կինոյում: Մեկը՝ համապատասխան կրթությունը՝ ֆինանսական, իրավաբանական, իսկ մյուսը՝ երկրորդ ռեժիսորի ճանապարհը։ Նրանք աճում են մի օր որոշում են, զբաղվել նաև պրոդյուսինգով, որովհետև գիտեն ֆիլմարտադրությունը ներսից:

Կառանձնացնե՞ք մի կամ մի քանի նախագիծ, որ Ձեզ գուցե ավելի հոգեհարազատ է:

Նախ նշեմ, որ որևէ նախագծի նկարահանում ինձ համար պակաս կարևոր չէ: Գուցե կինոյի աշխարհը չիմացող մարդկանց համար տարօրինակ հնչի, բայց որքան բարդ է գործընթացը, այնքան ադրենալինը շատ է, իսկաշխատանքը՝ հաճելի: Կինոյի հիվանդությունը երևի հենց դա է… երբ գնում ես նկարահանման հրապարակ՝ անելու անհնարինը:

Ֆիլմեր կան, որ հիշվել են: Առաջին ամենածանր ֆիլմը Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» էր: Առաջին անգամ երկրորդ ռեժիսոր էի…Միանգամից այդպիսի ծավալուն, մեծ ու պատմական, միաժամանակ ժամանակակից էլեմենտներով  համեմված ֆիլմ, նաև ժապավենով էինք նկարում, լրիվ այլ արտադրության մասին էր խոսքը: Շատ ծանր էր, բայց հաջողեցինք: Ջերմ հիշողություններ ունեմ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմից: Նկարել ենք Արցախում, ու շատ լավ թիմ էր հավաքվել՝ հայ-ֆրանսիական: Այս տարվա առաջին ֆիլմս՝ «Մեդալի հակառակ կողմը» ևս լրիվ նոր մարտահրավեր էր:

«Մեդալի հակառակ կողմը» հիմա կինոթատրոններում հայկական ամենադիտվող ֆիլմն է։ Առաջին հայկական սպորտային դրաման։ Ֆիլմի ստեղծման ընթացքում կամ հետո ի՞նչն էր ամենաբարդը։

Խնդիրները տարբեր են լինում, օրինակ՝ ֆինանսական. գումարը միշտ չի բավականացնում, իսկ ռեժիսորն ու բոլորն ուզում են ավելին (և խոսքը աշխատավարձի մասին չէ), բայց դա հաղթահարելի է: Ֆիլմի պրոդյուսերը՝ Աննա Մաքսիմը, կարողացավ մի շարք հարցեր լուծել: Բնականաբար կարևոր էր՝ ինչ թիմ է նրա կողքին: Նաև բարդ էր, քանի որ ռեժիսորը գլխավոր դերակատարն էր և պրոդյուսերը, դրան գումարած սպորտային թեման, որը կենսագրական է։

Պետությունը բավականաչափ աջակցո՞մ է կինոյի ոլորտին, արդյո՞ք այն առաջնահերթությունների շարքում է։

Դա մեր ցավոտ կողմերից մեկն է․․․ Չասեմ՝ պետությունը բան չի անում, ո՛չ: Ամեն ինչ պետք է փոխադարձ լինի: Այսինքն, ֆիլմ արտադրողը պետք է ընկալի, որ պետությունը պարտավոր չէ ամեն ինչ անել, պետությունը պետք է տա հնարավորություն, ստեղծի հարթակ, որ դու ինքդ զարգանաս: Կա գումար, որն այս պահին, այո՛, բավարար չէ: Ի՞նչ է պետք անել, նստել սպասել, որ ֆինանսավորումն ավելանա, թե՞ կինոարտադրության դաշտն այնքան զարգացնենք, որ պետությունը հասկանա, որ այս ոլորտը գումարներ է բերում: Երբ երկրում ֆիլմարտադրությունը զարգանում է, օրինակ համատեղ արտադրության հարց է առաջանում, դրսից գումարներ են գալիս, դրանք հարկվում են, մարդիկ աշխատում են: Շատ կուզեի, որ պետությունն իր քաղաքականությունը, փիլիսոփայությունը կամ ռազմավարությունը կինոյի նկատմամբ ավելի փոխեր: Հիմա միտումներ կան․ շուտով կլինի «Հարկերի վերադարձի մասին» օրենքը, որը շատ կօգնի: Բայց լավ կլիներ մոտեցումն ավելի ընդգծված լիներ:

Հավելեմ, որ այս տարի աննախադեպ կինոարտադրության տարի էր: Պետական կինոներից զատ ինքս մոտ տասնյակից ավելի ֆիլմեր գիտեմ դրսից, որոնց արտադրությունը եղել է Հայաստանում՝ ռուսական, ֆրանսիական, իրանական։ Թիմում հայեր էլ են ներգրավվել: Դա նշանակում է Հայաստանը որպես կինոարտադրության դաշտ արդեն սկսել է գրավել դրսի կինոարտադրողներին՝ պատմամշակութային, ճարտարապետական հուշարձանների առատությամբ, աշխարհագրական դիրքով ու առանձնահտուկ բնական պայմանների առկայությամբ, տարվա արևոտ օրերի քանակով, գուցե աշխատուժն է ավելի մատչելի և այլն: Նույնը սպասվում է հաջորդ տարի: Եթե ճիշտ պահենք դաշտը, անհավանական հնարավորություններ կբացվեն:

Ոլորտային մասնագետների պակասն էլ է խնդիր։ Շատ եմ լսել, որ որակյալ սցենարիստ գտնելը հաջողություն է։

Այո, բայց դրա մասին ոչ ոք գրեթե չի խոսում: Կինոռեժիսոր, օպերատոր և այլ կարևոր ստեղծագործող մասնագիտություններ լինում են մեր մոտ։ Սցենարիստների դեպքում էլ ոչ թե չկան մարդիկ, այլ որակի, դպրոցի խնդիր կա: Դա էլ լուծվող է: Ես ավելի շատ արտադրական հատվածի աշխատողների մասին եմ խոսում: Նույն՝ երկրորդ ռեժիսորի մասնագիտությունը, դեկորատորները, ռեկվիզիտորները, ադմինիաստրատիվ թիմը: Եթե կայուն ֆիլմարտադրություն լինի, այդ մասնեգետները ի հայտ կգան ու բնականոն ճանապարհով կֆիլտրվեն, կզգան, որ կինոյով կարելի է գումար աշխատել: Խորհրդային Միության ժամանակ այս հարցը հեշտ կարգավորվում էր, որովհետև կային կինոստուդիաներ, որոնք ունեին ամբողջ դրույքով աշխատողներ, ստաբիլ աշխատավարձ, ֆիլմերից բոնուսներ: Դա ձեռնտու աշխատանք էր ու կար սերնդափոխություն:

Հայ կինոյի մասին

Հայկական կոմերցիոն մեծ ֆիլմերը, որպես կանոն, հաջողում են։ Հեղինակայինի դեպքում պատկերն այլ է։ Շատերը ֆիլմ են տանում փառատոններ, բայց հետո չեն շտապում այստեղ ցուցադրել՝ մտածելով, որ գուցե կինոթատրոնները հրաժարվեն, հանդիսատես չունենան։ Արդյունքում՝ էկրաններին միշտ նույն դեմքերն են։ Իսկ հեղինակային ֆիլմերի մասին տեղեկությունը քիչ է։ Կինոն ասես վակուումի մեջ ապրի․ արվեստ՝ հանուն արվեստի։

Հեղինակային կինոն այլ նպատակակետ ունի․․․ Օրինակ, կարճամետրաժների դեպքում կինոթատրոններում ցույց տալու խնդիր կա: Մի քանի կարճամետրաժ իրար հետևից ցույց տալը վիճելի նախաձեռնություն է: Որովհետև մարդիկ նույնիսկ տոմս գնելիս հոգեբանորեն պատրաստ չեն «փոքր» ֆիլմի համար լիամետրաժի գումար տալ: Իսկ թե ինչու լիամետրաժները չեն ցուցադրվում… Կինոթատրոն հենց այնպես մտնել իմաստ չունի, գովազդային արշավ է պետք, իսկ շատերը դրա ֆինանսը չունեն: Գուցե այդտեղ պետությունը պետք է դերակատարում ունենա: Առավելևս այն ֆիլմերը, որոնց պետությունը «կպել է», ֆինանսավորել է, մինչև վերջ պետք է աջակցի: Կան Հանրային հեռուստաընկերությունը, ռադիոն, որոնք հնարավորություններ ունեն խոսելու այդ ֆիլմերի մասին: Քաղաքապետարանը, օրինակ, կարող է իր վահանակները տրամադրել, կինոթատրոնների հետ համապատասխան փոխհարաբերություններ կարող են կառուցվել:

Նաև երկրներ կան, որոնց հետ դիվանագիտական լավ հարաբերություններ ունենք։ Մեր պետությունը կարող է, օրինակ, նրանց հետ որոշակի մեխանիզմներ մշակել, որ այդ երկրներում անցկացվող փառատոններին հայկական ֆիլմերը արտոնյալ պայմաններով մասնակցեն, չգիտեմ՝ որքանով է սա հնարավոր:

Մարինա Ռազբեժկինան մեր հարցազրույցի ժամանակ դիտարկում արեց, որ հայաստանցի երիտասարդ կինոգործիչները վախենում են աուտենտիկ լինել, խոսում են «եվրոպական», այլ ոչ մեր հասարակությանը հուզող խնդիրների մասին։

Նկատառումը շատ ճիշտ է: Երբ դու այնպիսի թեմաների մասին ես ֆիլմ նկարում, որոնց միտումը Եվրոպայում մեծ է, ավելի ընդունված կլինես փառատոներում․ դա հեշտ ճանապարհ է, ավելի արագ կհասնես ֆոնդերին, գործընկերներ կգտնես: Կա երկրորդ տարբերակը, որի վառ օրինակը իրանական կինոն է: Պարսկական կինոն աշխարհին կարողացավ ցույց տալ իր էությունը, մշակույթը, կենցաղը՝ լինելով այդքան հեռու ու տարբեր Եվրոպայից, բայց այն հետաքրքիր է: Չէի ասի՝ մեզ մոտ համատարած այդպես է: Գիտեմ ռեժիսորների, որոնք փորձում են իրենց ֆիլմերում ցույց տալ հենց այն հայկականությունը, որը չկա Եվրոպայում: Այո՛, դա դժվար է, մարտահրավեր է, ու հենց այստեղ պետք է ի հայտ գա ռեժիսորի վարպետությունը: Իսկ շատերը, ցավոք, ընտրում են թեմա, նկարում ֆիլմ, իսկ իրականում այդ թեման ու խնդիրը Հայաստանում չկան ու արհեստական են: Դերասանների տեսանկյունից էլ է դա խնդիր, որովհետև բարդ է խաղալ մի բան, որը չես հասկանում:

ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի։ Ձեր կարծիքով՝ այս քայլը որևէ իրողություն կփոխի հայաստանյան կինոաշխարհում՝ նաև հաշվի առնելով այս հարցի շուրջ սկանդալները, որոնք բացարձակ կինոյի ու ոլորտի զարգացման մասին չեն։

ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերածվելը միանշանակ լավ է: ՊՈԱԿ-ը շատ լուրջ կախվածություն էր բերում անիմաստ հիմար կանոններից ու օրենքներից: Հիմնադրամը բավականին մեծ հնարավորություններ ունի: Եթե լավ աշխատի, մեծ հեռանկարներ կբացվեն: Մարդիկ կան, որ այս ամենի մեջ պրոբլեմ են տեսնում, ես փորձում եմ դրականը տեսնել: Կյանքիս 25 տարին նվիրել եմ կինոյին, ապրում եմ կինոյով ու այլ բանով չեմ զբաղվում: Երբ հիշում եմ՝ 90-ականների վերջ – 2000-ականների սկիզբ ինչի միջով էինք անցնում, տարվա մեջ մեկուկես ֆիլմ էր նկարահանվում, թե ինչ պայմաններ ու ֆինանսներ էին և թե հիմա ինչ է կատարվում․․․ անհամեմատելի է: Նշանակում է բոլոր խնդիրները կարող ենք հաղթահարել:

ՊՈԱԿ-ը սովորական հաշվետվություն էր, իսկ հիմնադրամն անսպառ հնարավորություններ ունի, կարող է ուղղվածություն ու ազատություն ունենալ, եղանակ փոխել կինոարտադրությունում:

Հայկական կինո, Հայաստան

Լրագրող Յուրի Դուդի այս հարցը շատ է դուրս գալիս, որոշեցի գողանալ․ եթե օրինակ այլմոլորակայինները հայտնվեին մեր երկրում ու Ձեզ հարցնեին՝ որո՞նք են հայկական լավագույն՝ մեզ բնորոշող ֆիլմերը, որոնք խորհուրդ կտայիք։

Անպայման խորհուրդ կտամ «Բարև, ես եմ»-ը, որն ինձ համար շատ կարևոր ֆիլմ է: Չնայած շատերն ասում են, որ միջակ է, բայց սիրում եմ նաև «Տղամարդիկ» ֆիլմը․․․ դասագրքային է: Էդմոնդ Քեոսայանը խառնել է հնարավոր բոլոր ժանրերը, վստահ եմ ֆիլմը ստեղծելու ընթացքում մեծ հաճույք է ստացել։ Նա նաև Երևանի կոլորիտն է ցույց տալիս: Շատ դժվար է ընտրել… Կառանձնացնեի Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիրը», որտեղ չկա խոսք, բայց կա պատմություն ու ճակատագիր:

Եվ անպայման խորհուրդ կտայի այլմոլորակայիններին նայել Գոռ Վարդանյանի վերջին ֆիլմերից մեկը, որովհետև դա էլ մեր իրականության մի մասն է: Մեր խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ փախնում ենք ինքներս մեզնից՝ փորձելով ասել, որ ինչ-որ բանը մերը չէ, ո՛չ, մերն է՝ ուզենք, թե չուզենք:

Իսկ արտասահմանյան ֆիլմերից։

Շատ են: Մի ֆիլմ կա, որը գուցե ամենալավը չէ, բայց ես այդ ֆիլմով սիրահարվել եմ կինոյին` Անտոնիոնիի «Blow-Up»-ը: Նայելուց հետո որոշեցի կյանքս կապել կինոյի հետ, չգիտեի՝ որպես ով, բայց դա արդեն էական չէր:

Հարցազրույցը՝ Դիանա Գասպարյանի


Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ

Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են...

, |5 Հոկտեմբեր 2026,21:12