Times of India.«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» խոսում է մշակութային ինքնության մասին
Հնդկաստանի Քերալա նահանգում մեկնարկած միջազգային կինոփառատոնի շրջանակում (International Film Festival of Kerala) նախատեսված հայկական ֆիլմերի ցուցադրության ցանկում ընդգրկվել են Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի», Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս», Մարիա Սահակյանի «Փարոս», Միքայել Գուրջյանի «Ամերիկացին», Սերժ Ավետիքյանի «Lost in Armenia», «The Parajanov Scandal», Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմերը, ինչպես նաև Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը»:
«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» հայկական լիամետրաժ ֆիլմ է (դերերում՝ Մայիս Սարգսյան, Մաքսիմ Վիտորգան, Ռուզաննա Խաչատրյան), պատմում է մի տղամարդու մասին, որը վերջերս է թոշակի անցել։ Նա երկար տարիներ ծառայել է գործարանում։ Այժմ «խորհրդային աշխատավոր տղամարդու» ապագան անորոշ է թվում, նա չի ընդունում նոր իրողությունները։ Աշխարհը փոխվել է ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն ֆիլմի հերոսը փորձում է կառչել անցյալից:
Times of India-ն գրում է, որ հանդիսատեսը մեծ ուշադրությամբ հետևել է՝ ինչպես է Յաշան դանդաղ «դեգերում»՝ փորձելով հաշտվել մտքի հետ, որ իր երկիրը, որի համար նա քրտնաջան աշխատել է, անհետանում է. հորիզոնում հայտնվում և ձևավորվում է նոր Հայաստանը՝ գայթակղիչ առևտրի կենտրոններով, մասնավոր բանկերով և արևմտյան մշակույթը նախընտրող երիտասարդներով:
Ըստ պարբերականի՝ Հնդկաստանում անցկացվող կինոփառատոնի այցելուներին բախտ է վիճակվել դիտելու հայկական «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը, որը մարտահրավերների է բախվել Ռուսաստանում և շատ փոքր աջակցություն ստացել եվրոպական ու ամերիկյան կինոփառատոնների կողմից՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմը: Ֆիլմն, այնուհանդերձ, ցուցադրվում է մեծ էկրաններին…
Երբ պարզ է դառնում, որ Յաշան չնչին թոշակ է ստանալու, իսկ իր մեդալներն ու պատվոգրերն այլևս ոչինչ չարժեն դեպի կապիտալիզմը շարժվող նոր հասարակության համար, ծերուկն իր մտացածին աշխարհում սկսում է խոսել Լեոնիդ Բրեժնևի և կոմունիստ այլ առաջնորդների հետ:
«Շնորհակալ եմ Քերալայի կինոփառատոնին ֆիլմը ցուցադրելու համար։ Ռուսաստանը բոյկոտել է այն՝ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ Բրեժնևի դերակատարի քննադատական հայացքների պատճառով», – պատմում է ֆիլմի պրոդյուսեր Կարինե Սիմոնյանը։ Այնուամենայնիվ, «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:
Կարինե Սիմոնյանի խոսքով՝ Յաշան հավաքական կերպար է: Հայաստանում բազմաթիվ տարեց մարդիկ կան, որոնք անխոնջ աշխատել են խորհրդային տարիներին, սակայն հետո պարզել են, որ իրենց իմացած աշխարհը վերացել է: Այս ֆիլմը ցույց է տալիս, որ «աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին սովորական մարդիկ և նրանց խնդիրները, մտահոգությունները մոռացվում են»։
Պրոդյուսեր Կարինե Սիմոնյանը նշում է, որ հայ հանդիսատեսը ջերմ է ընդունել «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը»:
«Հայ երիտասարդների համար ինչ-որ նոստալգիկ բան կա այս ֆիլմում, նրանք ցանկանում են ավելի շատ բան իմանալ Խորհրդային Միության մասին, քանի որ նրանց ծնողները, տատիկներն ու պապիկներն ապրել են այդ աշխարհում։ Բայց շատերը չգիտեն Հարավսլավիայի, Չաուշեսկուի կամ Չե Գևարայի մասին։ Նրանք դիտում են «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը»՝ ծանոթանալու իրենց համար պատմական իրողություններին: 40-ից բարձր մարդիկ ավելի լավ են հասկանում այս ֆիլմը», – մանրամասնում է Սիմոնյանը:
Times of India-ն նշում է, որ «Յաշան և Լեոնիդ Բրեժնևի» ցուցադրությունը նվիրված է հայկական կինոյի հարյուրամյակին. ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի ֆիլմը խոսում է մշակութային ինքնության և տոկունության մասին:
Պատրաստեց Դիանա Գասպարյանը
