Կինոռեժիսոր, սցենարիստ Թամարա Ստեփանյանն արդեն 13 տարի ապրում է Փարիզում։ Այդ ընթացքում նկարել է երեք վավերագրական և մեկ լիամետրաժ խաղարկային ֆիլմ։ 2025 թվականին Թամարան էկրան կբարձրացնի միանգամից երկու ֆիլմ՝ մեկը վավերագրական, մյուսը՝ լիամետրաժ խաղարկային։ Արդեն երկու տարի է երիտասարդ կինոռեժիսորը աշխատում է վավերագրական ֆիլմի վրա։ Ֆիլմի  անունը՝ «Իմ հայկական ուրվականները»։

Թամարա Ստեփանյանի հետ Kinoashkharh.am-ի հարցազրույցը նրա երկու կինոնախագծերի առիթով է։ Նա  երեք օրով Հայաստան էր եկել ֆիլմի հետ կապված որոշ աշխատանքներ կարգավորելու։  Մեկնելու նախորդ երեկոյան հասցրեցինք հանդիպել ու զրուցել։

Հայրս՝ ծնողս, ընկերս, խորհրդատուս

Իմ կյանքում շատ տխուր դեպք տեղի ունեցավ՝ հայրս մահացավ (Թամարան դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի դուստրն է)։ Չէի սպասում։ Մեզ միշտ թվում է, թե մեր ծնողները հավերժ ապրելու են, մեզ հետ են լինելու։ Հորս հետ շատ մտերիմ եմ եղել։ Հայր-դուստր հարաբերություններից բացի, նաև մտերիմ ընկերներ էինք, միմյանց կարծիքը շատ կարևոր էր մեզ համար, հաճախ էինք զրուցում արվեստից, տարբեր նախագծերից։ Պապան լսում էր ինձ, հաճախ կողիքից ասում էին՝ Թամարա, որ դու ասես, քեզ կլսի։ Երբ հայրս մահացավ, միանգամից որբություն զգացի։ Թեև հրաշալի մայր ունեմ, որ ինձ թիկունք է միշտ, բայց հորս կարիքը շատ եմ զգում։  Ես իսկապես բախտավոր եմ, որ այսպիսի ծնողներ ունեմ։

Ես էլ փորձում եմ երեխաներիս համար լինել և՛ ծնող, և՛ ընկեր։

Հորս հետ ընդհատված երկխոսությունը շարունակել էի ուզում

Հորս մահից հետո հոգեբանական տրավման բավականին երկար տևեց ու դեռ շարունակվում է։ Մեր երկխոսությունն ընդհատվեց. դա էր ամենասարսափելին։ Կարող ես գնալ եկեղեցի կամ այցելել հորդ շիրմին ու խոսել նրա հետ, բայց  դա արդեն  մենախոսություն է։ Իսկ ես ուզում էի հորս հետ  երկխոսությունը շարունակել, ցավից դրդված՝ սկսեցի հավաքել  հորս պատկերները՝ այն բոլոր ֆիլմերը, որոնցում նա խաղացել է։ Այդտեղից սկսվեց իմ ու հորս պատկերների հետ երկխոսությունը։

Սկսվեց փնտրտուքը. փոքր պատմությունը վերաճեց մեծ պատմության։ Հիմա այս ֆիլմն ինձ համար երկխոսություն է այսօրվա երիտասարդ սերնդի ու կինոյի հին սերնդի ռեժիսորների միջև։ Երկխոսությունը սկսվեց իմ ու հորս միջև,  հետո դարձավ մի մեծ պատմություն՝ սովետահայ կինոյի մասին։

Ֆիլմի սկզբում խոսում եմ հորս հետ, հետո՝ Համո Բեկնազարյանի, Ֆրոնզե Դովլաթյանի և մյուսների. այսպես շարունակվում է երկխոսությունը։ Սա էսսե է՝ իմ ձայնով, իմ սցենարով, արխիվային կադրերով։  35-40 ֆիլմ եմ օգտագործել, պատմում եմ Հայաստանի, հայ կինոյի, գրաքննադատության մասին։

«Իմ հայկական ուրվականները». մեծ պատմության մեջ՝ փոքր պատմություն

Մեծ ֆիլմ ստացվեց՝ «Իմ հայկական ուրվականները», որը Ֆրանսիական  ARTE-ն գնել է, երբ ֆիլմը դեռ մոնտաժված էլ չէր։ Այսինքն՝ Եվրոպան այս ֆիլմը կարող է դիտել ARTE-ով, իսկ Հայաստանում հուսով եմ կցուցադրվի «Ոսկե ծիրան» փառատոնում։ Ֆիլմը համարյա ավարտված է, Հայաստան եմ եկել երաժշտությունը ձայնագրելու և ընտրածս 35 մմ ժապավենով  ֆիլմերը՝ «Նամուս», «Պեպո», «Մենավոր ընկուզենի», «Նահապետը», «Մենք ենք, մեր սարերը»,  սքանավորելու։ Մի սպասեք, որ այս ֆիլմը լինելու է հայ կինոյի պատմություն, ո՛չ, սա իմ անհատական մոտեցումն ու մատուցումն է։ 250-ից ավելի հայկական ֆիլմ եմ նայել, հետո մոնտաժողի հետ ենք երկար աշխատել.  վերջապես այն ավարտեցինք։ Հայ-ֆրանսիական համարտադրություն է։

Ֆիլմն սկսվում է, երբ ես 6 տարեկան եմ.  մորս զարմիկը՝ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն իր «Խաղեր» ֆիլմի համար մեր տանը մեծ տեսախցիկով քասթինգ է անում։ Ինձ ու եղբորս, ընտանիքիս նկարում է։  Այդ կադրերն  իմ ֆիլմում կան, նաև անձնական արխիվս եմ օգտագործել, երբ մենք Բեյրութում էինք, կան կտորներ նաև իմ ֆիլմերից, բայց 90 տոկոսը կադրեր են սովետահայ կինոյից։

 Երկխոսություն մեր մեծերի ու իմ միջև

Մենք հրաշալի ռեժիսորներ ենք ունեցել, որոնց աշխարհը չգիտե, օրինակ՝ Համո Բեկնազարյան, Ֆրունզե Դովլաթյան, Հենրիկ Մալյան…նրանք համաշխարհային մակարդակի արվեստագետներ են։ Ինչո՞ւ նրանց անունը, նրանց ստեղծածը դուրս չհանենք, աշխարհին ցույց չտանք։ Երբ գանձ ես գտնում, ուզում ես այն պահպանելուց բացի, նաև այլոց ցույց տալ, չէ՞։ Այդպես էլ՝ ես։ Որպես կինոռեժիսոր, որպես հայ՝ ուզում էի մեր կինոժառանգությունը, մեր ռեժիսորներին ցույց տալ աշխարհին։

Ես մի քանի հոգու Փարիզում ցուցադրել եմ մեր ֆիլմերից։ Ապշել էին։ Այնպիսի՜ տեսարաններ կան, այնպիսի՜ լուծումներ… այսօրվա մեր երիտասարդները պետք է դրանք նայեն ու սովորեն։ Բեկնազարյանը, Դովլաթյանը ոչնչով պակաս չեն Անտոնիոնիից ու մյուսներից։ Իսկապես ես հիացած եմ ու հպարտ եմ, որ հայ եմ ու այսպիսի ռեժիսորներ ենք ունեցել։

Ուսումնասիրեցի ու հասկացա, թե վերջապես ի՞նչ է Armenian cinema-ն

Ես մինչև 5-րդ դասարան եմ  Հայաստանում ապրել ու սովորել։ Հետո տեղափոխվել ենք Լիբանան, սովորել եմ այնտեղի Ամերիկյան համալսարանում, Դանիայում, Հարավային Կորեայում, կինոկրթությունս հայկական չէ։ Դրսի փառատոներին ներկայանալիս հարցնում  էին՝ Armenian cinema?, ինձ էլ էր հետաքրքրում՝ իրական հայկական կինոն ո՞րն է։ Ու խորապես ուսումնասիրեցի այն, կադր առ կադր բոլոր ֆիլմերը նայեցի, շատ բան բացահայտեցի։ Ինձ շատ օգնեց նաև արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը։ Այսպես, կայացավ մեր մեծերի ու իմ միջև երկխոսություն, և «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը ստեղծվեց։

Երբ ARTE-ին դիմեցի, ֆիլմը դեռ սցենարային վիճակով էր։ Նրանք շատ արագ արձագանքեցին, որովհետև հետաքրքված էին։ Մոնտաժման փուլում, երբ 20 րոպեն էր պատրաստ,  ֆիլմը գնեցին։

Ֆիլմը հայերեն է, տևողությունը՝ 1,5 ժամ։  սովետահայ կինոն ներկայացված է ոչ թե պատմական ակնարկի ձևաչափով, այլ ռեժիսորի աչքերով։ Հորս միջոցով դուռը բացում եմ ու ճանապարհը շարունակում դեպի իմ հայկական ուրվականները։ Սցենարը ես եմ գրել, ամուսինս ինձ հետո օգնեց։ Մի փոքր հատված անցյալ տարի նկարահանել եմ Հայաստանում, բայց 90 տոկոսն, ինչպես ասացի, արխիվային կադրեր են։

10 տարի պետք եղավ, որ խաղարկայինիս սցենարն ու ես հասունանանք

Մյուս ֆիլմս լիամետրաժ խաղարկային է՝  ֆրանսերեն, վերնագիրը հայերեն  թարգմանությամբ՝  «Փրկել հանգուցյալին», որն այնքան էլ սրտովս չէ։ Բայց հայկական անուն էլ ունի՝  «Արտոյի երկիրը», որը  գուցե փոխվի։

 Սցենարի վրա աշխատել եմ  10  տարի։

10 տարի առաջ պիտի նկարեի, բայց միայն մերժում էի ստանում, երևի շատերը մտածում էին՝  առաջին լիամետրաժ ֆիլմդ է, այն էլ՝  բավականին հավակնոտ, քեզ ո՞ւմ տեղն ես դրել…Լուրջ չէին ընդունում։ Մինչ այդ, մի վավերագրական կարճամետրաժ էի նկարել։ Հիմա մտածում եմ՝ երևի ճիշտ եղավ, որ 10 տարի առաջ մերժվեցի, որովհետև սցենարը հասունացավ, սցենարի հետ էլ՝ ես։

Այդ ընթացքում երկու այլ ֆիլմ նկարեցի, երկու երեխա ունեցա։

Երեք տարի առաջ Ֆրանսիայի CNC-ից և Հայաստանի կինոկենտրոնից ստացա սցենարի զարգացման գումար։ Հրավիրեցի երկու սցենարիստի։ Երեքով աշխատեցինք, բավական հետաքրքիր սցենար ստացվեց։ Իմ «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմի պրոդյուսեր Ստեֆանի հետ դիմեցինք ֆրանսիական CNC-ի հիմնադրամին՝ արդեն ֆիլմի արտադրության գումարի համար։ Այս հիմնադրամը տարեկան 8-9 հոգու է գումար տրամադրում, նրանցից մեկը ես էի` իմ խաղարկային ֆիլմն էր։ Սա ինձ համար մեծ նվաճում էր։ Մինչ այսօր, այդ հիմնադրամից գումար ենք ստացել ես ու Նորա Մարտիրոսյանը։ Հպարտացա, հուզվեցի, մտածեցի՝ պապան ողջ լիներ, տեսներ, ուրախանար։ Նա էլ է ինձ շատ օգնել սցենարը գրելիս։

Ֆիլմն սկսեց մեծանել, մեզ  միացավ մեկ այլ պրոդյուսեր։ Canal+ ֆրանսիական հայտնի հետուստաընկերությունը  դեռ նախարտադրական փուլում գնեց ֆիլմը՝ էլի մեծ գումար տրամադրելով։ Հետո գումար ստացանք նաև «Եվրիմաժից»։ Հունիս-հուլիսին 7,5 շաբաթ նկարահանումներ եմ արել Հայաստանում՝ Գյումրի, Սևան, Իջևան, Նուբարաշեն։

Ֆրանսուհի կինը հայ ամուսնու անցյալի հետքերով հասնում է Արցախ

Թեման շատ հայկական է. դեպքերը տեղի են ունենում 2020 թվականի 44-օրյա պատերազմից 6 ամիս հետո։ Ֆրանսուհի Սելինն ամուսնու մահից հետո գալիս է Հայաստան։ Ամուսինը՝ Արտոն, ինքնասպան է եղել հենց 44-օրյայի ավարտին։ Սելինը գալիս է  Գյումրի, որպեսզի Արտոյի ծննդյան վկայականը ստանա։ Երեխաներին  Հայաստանի քաղաքացիություն տալու համար ամուսնու ծննդականն է պետք։ Գյումրու արխիվում ասում են՝  Արտո Սարյան անուն-ազգանունով մարդ չկա, անձնական նույն տվյալներով կա Արտո Սանթրոսյանի ծննդյան վկայականը։ Սելինը հասկանում է, որ ինքը 25 տարի ապրել է մի մարդու հետ, որը թաքցրել է իր իսկական ազգանունը, իր ինքնությունը, իրեն այլ իրականություն է պատմել՝ շատ տարբեր  հայկական  իրականությունից։ Ամուսինը 1993 թվականին կռվել է արցախյան առաջին պատերազմում, վիրավորվել, նրան տարել են Ֆրանսիա…

Արտոյի ուրվականը կա ֆիլմում։ Արտոյի ու Սելինի միջև երկխոսություն է ընթանում։ Սելինի համար սկսվում է բացահայտումների մի ճանապարհորդություն՝ դեպի իրական իրականություն՝ ո՞վ է եղել իր ամուսինը, ինչ է եղել պատերազմի ժամանակ, ինչու է նա լքել ռազմի դաշտը։ Արտոյի ընկերները Սելինին պատմում են, որ իր ամուսինը դավաճան, դասալիք է եղել։ Սելինը զարմացած է՝ ի՞նչ կռիվ, իր Արտոն պատերազմ չի գնացել։ Փաստորեն, Արտոն պատերազմի ժամանակ ստացած տրավմայից հետո երբեք չի ցանկացել խոսել իր անցյալի մասին։ Նա իր ցավի, իր վերքերի մասին լռել է, բայց վերքերը չեն սպիացել։

Բաներ կան, որոնց մասին չես կարող պատմել։ Բացվում է մի ճանապարհ, որով Սելինը պետք է գնա-հասնի մինչև Արցախ (Արցախյան իրականությունը նկարել ենք Իջևանում)։ Սելինը փորձում է հասկանալ՝ վերջապես ով է եղել իր ամուսինը, միաժամանակ բացահայտում է Հայաստանի, Արցախի պատմությունը։ Նա դեգերումներով գալիս-հասնում է այն կետին, մինչև որ Արտոյին հանձնի հողին՝ Արցախի հողին։ Որպեսզի նրա հոգին վերջապես խաղաղվի, հանգիստ ննջի այդ հողում։

Սելինը Հայաստանում հանդիպում է Արսինեին, որի դերակատարուհին Զառն է։ Նա պարսկուհի է, ֆիլմի համար հայերեն սովորեց։ Այնքա՜ն լավ է  հայերեն խոսում։ Արսինեն է օգնում Սելինին, որ նա հասնի Արցախ։ Եվ մի ուրիշ պատմության հանգույցները աստիճանաբար բացվում-քանդվում են։ Սելինն Արցախից վերադառնում է Փարիզ, իր երեխաներին հանձնում Արտոյի ծննդյան վկայականը, որպեսզի նրանք որոշում կայացնեն՝ ուզո՞ւմ են  դառնալ Հայաստանի քաղաքացի, հայ։ Սելինին ասում են՝ եթե տղադ Հայաստանի քաղաքացի դառնա, պարտավորվելու է ծառայել բանակում։ Պատասխանում է՝ թող որդիս որոշի, նա Արտոյի տղան է, ես նրա փոխարեն որոշում կայացնելու իրավունք չունեմ։

 Արտոյի ինքանսպան լինելու և հորս մահանալու մեջ մեծ կապ կա

Հորս ծնողները  Շուշիից էին, նա 2020-ի դժնդակ օրերին Հայաստանից զանգում էր Փարիզ ու մոլորված հարցնում՝ ախր ո՞նց կլինի, էս ինչ է կատարվում… Արցախի կորստի ցավը հորս տարավ։ Նա ինքնասպան չեղավ, բայց չդիմացավ։ Չկարողացավ հանդուրժել, հարմարվել, եղածի հետ հաշտվել…

Մտածում եմ, լավ է  շուտ գնաց, Արցախի ամբողջական հանձնումը չտեսավ։ Նա չէր դիմանա,  2021-ի հունվարին չմահանար,  մի քիչ ուշ, բայց  կմահանար։ Ֆիլմիս հերոսի՝ Արտոյի, ինքնասան լինելու ու հորս մահանալու մեջ մեծ կապ կա։

10 տարի առաջ, երբ ուզում էի այս ֆիլմը նկարել, այս իրադարձություններն ու դեպքերը չկային։ Այն ժամանակ բոլորովին ուրիշ իրականություն էր։ Եվ գուցե ճիշտ էր, որ այն ժամանակ չստացվեց, որ նկարեի. 10 տարի անց նկարեցի։ Սցենարն էլ հասունացավ, ես էլ, իրադարձություններն էլ կտրուկ փոխվեցին։ Հիմա է այս ֆիլմի  ժամանակը։

Հայերը պրոֆեսիոնալիզմով չեն զիջում ոչ մեկին

Այնքան  ուրախ եմ, որ հիանալի թիմ եմ հավաքել Հայաստանում։ Ի՜նչ հրաշալի մարդ ու մասնագետ են բոլորը։ Ոչնչով չեն զիջում ֆրանսիացիներին։ Ես ամբողջ նկարահանման ընթացքում լսել եմ՝ ի՞նչ է պետք, դու միայն ասա, կանենք. բոլորը սրտացավ, պատասխանատու, արագաշարժ…

Օպերատորը կին է՝ օսկարակիր Քլեր Մատոնը, Ֆրանսիայից։ Հնչյունային ռեժիսորը, առաջին ասիստենտը նույնպես  ֆրանսիացի են, բայց մյուս ասիստենտները Հայաստանից են։ Ես համոզվեցի ու բոլորին համոզեցի, որ կարո՛ղ ենք անել լավ լիամետրաժ ֆիլմ՝ 2 միլիոն եվրոյից ավելի բյուջեով։ Հիմա Փարիզում մոնտաժային աշխատաքներն եմ անում։ Ֆրանսիայից երեք դերասաններ են խաղում ֆիլմում՝ Քամիլ Քոտին, Դենիս Լավան, Զառ Ամիր Էբրահիմի, Հայաստանից խաղում են Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Հասմիկ Սուվարյանը։ Արտոյի կերպարը մարմնավորել է Հովնաթան Ավետիքյանը՝ Սերժ Ավետիքյանի որդին։ «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական համարտադրություն է, լեզուն՝ հայերեն և ֆրանսերեն, նաև՝ անգլերեն։

2025-ը  ֆիլմերիս համար փառատոնային տարի է լինելու

Վավերագրական ֆիլմս արդեն մի քանի փառատոնի եմ ուղարկել, խաղարկայինը՝ դեռ ոչ, որովհետև պատրաստ չէ։ «Կանանց գյուղը» հինգ տարի է, ինչ փառատոներում ցուցադրում են։ Չգիտեմ ինչու՝ չհնացող ֆիլմ է։ Նոյեմբերի վերջերին Փարիզում հայկական մշակույթին նվիրված փառատոնում այն նորից ցուցադրվեց։ Այդ ֆիլմն ինձ համար և՛ ցավ է, և՛ սեր։

Ընդհանրապես իմ ֆիլմերը շատ անձնական են՝ ներսից բխող։ Ես միշտ պատասխանատվություն եմ  կրում իմ ֆիլմերի, նրանց ճակատագրի,  նրանց հերոսների համար։

Զրույցը՝ Նաիրա Փայտյանի


Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ

Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են...

, |5 Հոկտեմբեր 2026,21:12