Երկնքից չընկավ ոչ մի «Օսկար»
2024-ին ոչ մի «հայկական ֆիլմ» չի հայտնվել Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հավակնորդների short list-ում։ Այսօր Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց այն ֆիլմերի վերնագրերը, որոնք համապատասխան կատեգորիաներում հայտնվել են shor tlist-ում` որպես «Օսկար» մրցանակի պոտենցիալ հավակնորդներ։
Եվ այդ ցուցակում ոչ մի «հայկական ֆիլմ» տեղ չի գտել, չնայած որ տարին աննախադեպ էր Հայաստանից/հայ կինոգործիչների կողմից ներկայացված «հայկական թեմատիկայով» կամ ավելի ճիշտ կլինի ասել` արցախյան պատերազմի թեմայով ֆիլմերի առումով` միանգամից 4 ֆիլմ էր ներկայացվել «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը։
Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» Հայաստանից ներկայացրել էր Ազգային կինոակադեմիան` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» (International Feature Film) անվանակարգի համար: Իսկ Շողակաթ Վարդանյանը, Սարին Հայրապետյանը և Հասմիկ Մովսիսյանը որպես անհատ էին ներկայացրել իրենց աշխատանքները, ինչպես պարզվեց ընթացքում, համապատասխանաբար` «1489»-ը և «Տունս քաղցր ա» ֆիլմերը՝ երկուսն էլ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» (Documentary Feature Film) և Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» աշխատանքը` «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» (Documentary Short Film) անվանակարգերի համար։ Այս մասին գրված է Ամերիկյան կինոակադեմիայի մամուլի հաղորդագրության մեջ։
Ընդ որում` Ամերիկյան կինոակադեմիայի պաշտոնական էջի համապատասխան նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, հետաքրքրականորեն, բոլոր 4 նշված ֆիլմերն էլ «անցել են» ընդունման փուլում, այսինքն` առնվազն ընդունվել են, այսինքն` ֆիլմերից ոչ մեկը չի որակազրկվել կամ դուրս չի մնացել ընդունման փուլում։
Բայց, դե գոնե բաղձալի shortlist-երում դրանցից և ոչ մեկը տեղ չի գտել։ Կրկին, Ամերիկյան կինոակադեմիայի համապատասխան նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կարճամետրաժ վավերագրականների կատեգորիայում 104 աշխատանք է ընդունված եղել, բայց short list անցել է 15-ը։ Օտարալեզու ֆիլմերի կատեգորիայում աշխատանքներ ներկայացվել են 85 երկրից ու տարածքներից, բայց անցել են 15-ը։ Իսկ մեզ ավելի հետաքրքրող լիամետրաժ վավերագրականների կատեգորիայի համար ընդունվել է 169 աշխատանք, բայց անցել է կրկին 15-ը։
Հետաքրքրական է (քանի որ հայկական վավերագրականները պատերազմական թեմայով էին), որ նշված կատեգորիաներում անցել են օրինակ Ուկրաինայի կամ Պաղեստինի հակամարտության մասին ֆիլմեր, ինչը անուղղակի ցույց է տալիս որ «Օսկար քեռին» կամ ավելի ճիշտ` դրա հետևում կանգնած ամերիկյան կինոակադեմիկոսները առավել հետաքրքրված են կոնկրետ, շատ կոնկրետ հակամարտությունների մասին ֆիլմերով, և դրանց մեջ այսպես թե այնպես Արցախին առնչվողները չեն մտնում։ Չմայած դժվար է արտասահմանցի կինոակադեմիկոսներին որևէ կերպ մեղադրել, երբ Հայաստանի կինոակադեմիկոսները անգամ հարմար չէին գտել «Օսկարի» ուղարկել այդ թեմայով հավակնորդ աշխատանքը` «1489»-ը։ Դե, իսկ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա»-ի շուրջ ծավալված կրքերը (ադրբեջանական ճնշում, ֆիլմի ցուցադրման արգելք Հորդանանում և այլն) որևէ կերպ հասցեագրել փորձում են միայն մեր անհատ կինոգործիչներ։
Այսպիսով` մինչ օրս Հայաստանից ներկայացված միակ ֆիլմը, որ գոնե «Օսկարի» short-list-ում հայտնվելու հաջողություն էր ունեցել Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացին» է եղել 2023-ին։ Ստացվում է, որ այս տարվա «Օսկարից» մենք «շահել ենք» զուտ դրան ներկայացված ֆիլմերի, հայկական կինոշրջանակների կուլիսային խարդավանքների նկատմամբ աննախադեպ մեծ հետաքրքրությամբ` դրանից բխող որոշ հետևանքներով (լրագրողական հետաքննությունների, կինոգործիչներին պատասխանատվության կանչելու և այլ առումներով)։
Սա եռակի ցավալի է, հաշվի առնելով, որ մեր վավերագրող 3 կին ռեժիսորների աշխատանքները բավականին ուժեղ էին, միաժամանակ զուսպ ու կարևոր ասելիքով (ինչի մասին վկայում են այլ միջազգային հարթակներում, մասնավորապես Շողակաթ Վարդանյանի ու նաև Սերին Հայրապետյանի իսկապես աննախադեպ հաջողությունները, չնայած այն խոչընդոտներին, որ դեպի «Օսկար» տանող ճանապարհին ստիպված էին հաղթահարել այս հեղինակները։
Ոչ happy end-ով օսկարյան այս պաըմության մեջ (երբ իսկապես կային բոլոր հնարավորությունները), սփոփում և հույս է ներշնչում միայն այն, որ իսկապես կարևոր, որակով արված այս վավերագրական ֆիլմերը մնալու են մեր կինոյի պատմության մեջ, և եթե առաջիկայում որևէ հաջողություններ կարելի է սպասել հայկական կինոարտադրանքից, ապա թերևս հենց վավերագրական կինոյի ասպարեզում։
Դավիթ Պ. Վարդազարյան
Հայաստանի կինոլրագրողների և կինոքննադատների ասոցիացիա