Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտը»՝ ամերիկյան «Օսկարի» մրցույթում
Կալիֆորնիայի UCLA համալսարանի դասախոս, կինոգետ Զարեհ Արևշատյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացած հանդիպում-զրույցի ընթացքում կիսվել է մի պատմությամբ, որը պետք է համարել հայ կինոյի պատմության նշանակալի, սակայն ոչ հայտնի էջերից մեկը։
Ահա թե ինչ է պատմել Զարեհ Արևշատյանը․«1992 թվականին Ֆրունզե Դովլաթյանի հրավերով Երևան եկա։ Այդ ժամանակ աշխատում էի «Հայաստանյան կինոն» ատենախոսությանս վրա: «Հայֆիլմ»-ում ամեն օր ֆիլմեր էի նայում։ Շատ մարդկանց հետ ծանոթացա։ Բայց ինչո՞ւ հենց ինձ հրավիրեց Դովլաթյանը։ Լոս Անջելեսում նրա «Կարոտ» ֆիլմն էր ցուցադրվել, որը շատ հաջող էր անցել ու շատ էի հավանել։ Ցուցադրվեց սեպտեմբերին։ Գնացի Դովլաթյանի մոտ երկար խոսեցինք, հետո ասեցի, որ «Կարոտը» պիտի ներկայացնեք «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Ինքը, բնական է, տեղյակ չէր, թե ինչ պետք է արվեր դրա համար։ Ամեն ինչ արեցի, որ ֆիլմը գնա «Օսկար»։ Եվ գնաց։ Թղթերը լրացրել էի, ունեմ պատճենները»։
Զարեհ Արևշատյանը Kinoashkarh.am-ին է փոխանցել Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ֆիլմի մերժման պաշտոնական նամակը, որտեղ ներկայացված է պատճառաբանությունը․«Երկու շաբաթ անց նամակ ստացա այս բովանդակությամբ՝ Հայաստանից ֆիլմ չենք կարող ընդունել։ Որոշ ժամանակ անց ձեռագիր նամակ ստացա, որի վրա գրված էր՝ Ֆեյ Քեյնընից՝ Զարեհ Օրշանյանին (այս գործընթացի ժամանակ Զարեհ Արևշատյանը դեռ ԱՄՆ քաղաքացի չէր, իսկ Օրշանյան ազգանունը փաստաթղթերի թարգմանության ժամանակ տպագրական սխալի արդյունք է (հեղ․))։ Քեյնընի կողմից ուղարկված ձեռագիր նամակում առկա էր քվեարկող հանձնաժողովի անդամների տրամադրությունը և անձնական կարծիքը․նրանք ֆիլմը դիտարկել են որպես հավանական թեկնածու, որը հեշտությամբ կարող էր հայտնվել կարճ ցուցակում և ներառում էր Քեյնընի անձնական ներողությունը: Ցավոք, ես չեմ կարող կիսվել այդ նամակով, քանի որ այն շատ անձնական է:
Քեյնընը ժամանակին Ամերիկյան կինոակադեմիայի տնօրենն էր, ճանաչված կինոգետ էր և միջազգային ֆիլմերի հանձնախմբի ղեկավարը։ «Օսկար» մրցանակաբաշխությունը Հայաստանին որպես անկախ պետություն չէր ընդունում։ Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները դեռ պաշտոնապես չէր ճանաչել Հայաստանի անկախությունը, «Օսկարը» չէր կարող ընդունել ֆիլմը, քանի որ դա կնշանակեր, որ նրանք ճանաչում են Հայաստանը որպես անկախ երկիր։ Շատ մեծ խնդիր է եղել, շատ խորհրդային երկրներ սկսեցին դիմել։ Բայց, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այդ մերժման նամակում նաև ափսոսանք կար, որ նման հրաշալի ֆիլմը չէին կարող ընդունել»։
Հավելենք, որ «Կարոտ» ֆիլմի վերնագիրը չի նշվել նամակում: Պատճառը ֆիլմի հատուկ հավանությունից խուսափելն է՝ ի տարբերություն ֆիլմի ընտրության հիմքում ընկած քաղաքական իրավիճակի:
Կինոգետ Դավիթ Մուրադյանը մի առիթով նշել է․ «Կարոտը» 1990 թվականի արտադրանք է, բայց իր բովանդակային էությամբ վերածվում է «Երկունքի» տրամաբանական շարունակությանը, որովհետև այս անգամ արդեն մենք դառնում ենք 30-ականների վկան։ Այս ֆիլմում Դովլաթյանը պատմում է մի նոր ու ողբերգական հակամարտության մասին՝ ստալինիզմի վանդակը և իր հիշողությանն ու սրբություններին հավատարիմ հայը, որի հանցանքը սահմանից այն կողմ մնացած հայրենիքը չմոռանալու մեջ է»։
Վովա Արզումանյան
