2024 թվականի դեկտեմբերի 13-ին, տարվա վերջին կոնֆերանսի համար, Cinémathèque française-ի Կինեմատոգրաֆիական տեխնիկայի կոնսերվատորիան, որը գլխավորում է կինոյի սկզբնավորման վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ և տասնյակ կինո-ցուցահանդեսների համադրող Լորան Մանոնին, ներկայացրեց «Debrie Parvo L» տեսախցիկը, որը պատկանում էր Սերգեյ Էյզենշտեյնի օպերատոր էդուարդ Տիսեին։ Տեսախցիկը մեկ ամիս առաջ` Տիսեի ընտանիքը նվիրաբերվել էր Cinémathèque française-ի թանգարանին։

Այս նվիրատվության կարևորությունը հասկանալու համար, պետք է գնալ հետ՝ դեպի 1900 թվականը, երբ Ժոզեֆ Դեբրին Փարիզում ստեղծում է ճշգրիտ մեխանիկայի արհեստանոց և շուկա հանում ժապավենը ծակող Optima սարքը: 1908 թվականին նա արտոնագիր է ներկայացնում Parvo տեսախցիկի համար, որը հաջորդ տարի արդեն իսկ վաճառքի է հանվում։ Այն իրականում նախագծել էր Ժոզեֆ Դեբրիի որդու՝ Անդրե Դեբրին,որը ստանձնել էր ընկերության ղեկավարությունը 1919 թվականին: Մեծ ճշգրտություն, բացարձակ կայունություն, փոքր ծավալ, էլեկտրական շարժիչ և հիանալի ոսպնյակներ. Parvo տեսախցիկը հաջողացնում է գահընկեց անել հայտնի «Pathé Professionnelle»-ին և լայնորեն օգտագործվել ֆրանսիացի ավանգարդ կինոգործիչների կողմից։ Այն նաև դառնում է Ձիգա Վերտովի «Կինոապարատով մարդը» ֆիլմի աստղը։ 1924 թվականից սկսած ժամանակի ամենափայլուն օպերատորներից մեկը՝ Էդուարդ Տիսեն նկարահանում է «Debrie Parvo L» տեսախցիկով Սերգեյ Էյզենշտեյնի գրեթե բոլոր դասական ստեղծագործությունները՝ «Գործադուլ» (1925), «Պոտյոմկին Զրահանավը» (1925), «Հոկտեմբեր» (1927), «Ընդհանուր գիծ» (1929), «Բեժին մարգագետին» (1937), «Ալեքսանդր Նևսկի» (1938), «Իվան Ահեղ» (1945)։ Այս պատմական տեսախցիկն է, որ այսօր արդեն կարելի է տեսնել Cinémathèque française-ի Կինեմատոգրաֆիական տեխնիկայի կոնսերվատորիայում, Էդուարդ Տիսեի ընտանիքի նվիրատվության շնորհիվ։

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Կինեմատոգրաֆիական տեխնիկայի կոնսերվատորիան։ Այն ստեղծվել է 2008 թվականին Cinémathèque française-ի կողմից՝ նպատակ հետապնդելով ուսումնասիրել, արխիվացնել, վերականգնել և պահպանել աշխարհում գոյություն ունեցող տարատեսակ կինոսարքերի 6000 ցուցանմուշ ունեցող հավաքածուն՝ սկսած 18-րդ դարից մինչև մեր օրերը, ինչպես նաև գրել կինոյի տեխնիկական պատմությունը:

Յուրաքանչյուր ամիս Կինեմատոգրաֆիական տեխնիկայի կոնսերվատորիան հանրությանն է առաջարկում թեմատիկ կոնֆերանս, որը տրվում է տվյալ առարկայի մասնագետի կողմից, սարքերի և վերջին նորարարությունների ներկայացմամբ, փաստաթղթերի վերլուծությամբ և Cinémathèque française-ի հազվագյուտ ֆիլմերի ցուցադրությամբ:

Եվ վերջապես՝ ի՞նչ է Cinémathèque française-ը։ 1936 թվականին՝ իր ժամանակի համար ավելի քանի հեռատես մարդ, Անրի Լանգլուան հիմնադրում է Cinémathèque française-ը՝ կործանումից փրկելու  ֆիլմերը և դրանց նկարահանումների ժամանակ օգտագործվող զգեստները, դեկորները, պաստառները և կինոյի այլ գանձեր: Այդ ժամանակ նա առաջիններից էր, որ կինոն դիտարկում էր որպես պահպանվող, վերականգնվող ու ցուցադրվող արվեստ։

Ութ տասնամյակ անց արդեն Ֆրենկ Գերիի նախագծած ժամանակակից այս շենքում ապրող Cinémathèque française-ը դարձել է կինոյի կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ շարունակվում են վերականգնվել տարբեր ժամանկաշրջանների և հորիզոնների ֆիլմեր, համադրվել  ցուցահանդեսներ, հրավիրվել քննարկումներ, ինչպես նաև պարզապես սուզվել բացարձակ մթության մեջ՝ վայելելու  արվեստի այս յոթերորդ հրաշքը՝ կինոն։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2024


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05