2024 թվականի դեկտեմբերին Միլանի հանրահայտ Triennale Milano-ում Cartier Ժամանակակից արվեստի հիմնադրամը բացեց «Մեր ժամանակը» («Il Nostro Tempo, CinéFondationCartier ») ցուցահանդեսը, որը ներկայացնում է Cartier-ի հավաքածուի տասներկու արվեստագետների կինեմատոգրաֆիական աշխատանքները։ Նրանց թվում են Ռեյմոն Դեպարդոնն ու Կլոդին Նուգարեն, Էրիկ Ռոշան և Գաբրիելա Կարնեյրո դա Կունյան, Անյես Վարդան և Վան Բինգը, Անդրեյ Ուժիկան և իհարկե՝ Արտավազդ Փելեշյանը։

Այս տարի Cartier հիմնադրամը նշում է իր հիմնադրման 40-ամյակը։ Հարկ է հիշատակել, որ այն եզակի հիմնադրամներից է Փարիզում, որն իր ստեղծման օրվանից որոշել է կինոն դարձնել ժամանակակից արվեստի ցուցահանդեսների բաղկացուցիչ մաս։ Եվ «Մեր ժամանակը» ցուցահանդեսը արտացոլում է այս երկարամյա աշխատանքի և արվեստագետների հետ ստեղծած արժեքավոր կապի արդյունքը։ Սկզբում Cartier հիմնադրամը ցուցադրանյութը ներկայացնում էր փարիզյան իր թանգարանում, բայց 2020 թվականից համագործակցության ութամյա պայմանագիր կնքելով Triennale Milano-ի հետ, հիմնադրամն ընդարձակեց իր ցուցադրավայրերը՝ նաև Իտալիայում։

Աշխարհի չորս անկյուններից եկած և տարբեր սերունդներին պատկանող այս տասներկու արվեստագետների կինեմատոգրաֆիական աշխատանքները առաջարկում են «Մեր ժամանակը» ցուցահանդեսի այցելուներին բացահայտել իրենց անձնական մտորումները ներկայի և անցյալի վերաբերյալ։ Այս ցուցահանդեսով Triennale-ն սկսում է նոր շարք, որի նպատակն է ուսումնասիրել կինո արտադրությունը, նրա եզակի լեզուն, ինչպես նաև կարողությունը խաչվելու ժամանակակից արվեստի այլ լեզուների հետ։ Քննարկելով լեզվի այս թեման «Մեր ժամանակը» ցուցահանդեսի համադրողների հետ, անհնար է չհիշել «Le Mond» թերթում 1992 թվականին տպագրված Արտավազդ Փելեշյանի և ժան-Լյուկ Գոդարի հանրահայտ զրույցի այն հատվածը, որտեղ կինոյի երկու հսկաները համաձայնվում են, որ կինոն եղել է նախաբաբելոնյան լեզու.

Փելեշյան. «Հաճախ ասում են, թե կինոն մյուս արվեստների սինթեզն է, ես այդպես չեմ կարծում: Ըստ իս, կինոն սկիզբ է առել բաբելոնյան աշտարակի ժամանակներից, նախքան տարբեր լեզուների բաժանումը: Տեխնիկական պատճառների բերումով կինոն հայտնվել է արվեստի մյուս բոլոր տեսակներից հետո, բայց բնույթով, այն դրանց նախորդում է: Ես աշխատում եմ ստեղծել  «մաքուր» կինո, որը ոչնչով պարտական չէ արվեստի մյուս տեսակներին։ Ես ձգտում եմ ստեղծել այնպիսի մոնտաժ, որն իր շուրջ կստեղծի էմոցիոնալ մագնիսական դաշտ»:

Գոդար. «Քանի որ ես բավականին հոռետես մարդ եմ, ավելի շուտ տեսնում եմ երևույթների վերջը, քան սկիզբը: Հետևաբար՝ ինձ համար կինոն արվեստի վերջին դրսևորումն է, որն արևմտյան գաղափարի արդյունք է: Մեծ գեղանկարչությունը վերացել է, մեծ վեպ նույնպես չկա: Այո՛, կինոն եղել է նախաբաբելոնյան լեզու, որը բոլորը հասկանում էին՝ առանց այն սովորելու անհրաժեշտության: Մոցարտի երաժշտությունը հավանում էին արքայազները, սակայն գյուղացիները Մոցարտ չէին լսում, այն դեպքում որ Մոցարտի կինեմատոգրաֆիական համարժեքը՝ Չապլինը, ընդունվեց բոլորի կողմից»:

Փելեշյան. «Ես համոզված եմ, որ կինոն ունակ է միաժամանակ խոսել փիլիսոփայության, գիտության և արվեստի լեզուներով։ Միգուցե սա է այն միասնությունը, որ փնտրում էին նախնիները»:

Արտավազդ Փելեշյանի անվան ներկայությունը միլանյան «Մեր ժամանակը» ցուցահանդեսում միաձայն էր, բարդը ֆիլմերի ընտրությունն էր, քանի որ յուրաքանչյուրն իր դերն ունի մեր ժամանակում։ Արտավազդ Փելեշյանի և Cartier հիմնադրամի ընկերության պատմությունը սկսվել էր դեռևս 2001 թվականին «Ժողովրդական արվեստ» (2001թ.) ցուցահանդեսով։ Բայց ինչպես հաճախակի նշում էր Cartier հիմնադրամի տնօրեն Էրվե Շանդեսը, այս հարաբերությունների կարևորագույն սկզբնակետը 2002 թվականին Փոլ Վիրիլիոյի նախագծած «Այն, ինչ պատահում է» ցուցահանդեսն էր, որին մասնակցեց Փելեշյանի «Մեր դարը» ֆիլմը:

Վերջինս, իր տիեզերքի նվաճման շուրջ գոյացած խելահեղ տեխնոլոգիական մրցավազքի պատկերներով, կարողացավ ստեղծել տպավորիչ երկխոսություն փիլիսոփա Փոլ Վիրիլիոյի՝ ժամանակակից աշխարհի արագացման և վերջնական վթարի հնարավորության մասին թեզերի հետ: Այս ցուցահանդեսից քսաներկու տարի անց Միլանի ցուցահանդեսի համադրող Կիարա Ագրադին կրկին որոշում է հարգանքի տուրք մատուցել Փելեշյանի հետ ունեցած  երկարամյա ընկերությանը՝ ցուցադրելով «Մեր դարը» ֆիլմը, ինչպես նաև «Կյանքը» ՝ որպես «Մեր ժամանակի» բոլոր սարսափելի իրողությունների փրկարար փարոս, նոր կյանքի լույս։

Առհասարակ, կարելի է ասել, որ «Մեր ժամանակը» ցուցահանդեսի մասնակից բոլոր տասներկու արվեստագետների ֆիլմերի ուղղությունը մեկն է։ Նրանք իրենց հայացքն ուղղում են ժամանակակից աշխարհի հակասություններին՝ ընդգծելով հակամարտությամբ բաժանված համակարգերի փխրունությունը, որոնցում, այնուամենայնիվ, գեղեցկությունն ու հույսը գտնում են դրսևորվելու և դիմադրելու ճանապարհը:

Այս ցուցահանդեսը ճանապարհորդություն է ռեժիսորների ստեղծած անձնական և համամարդկային պատկերների միջոցով․ տիեզերագնացներ և գիտնականներ, նորածիններ և բռնապետներ, արդյունաբերական քաղաքներ և ամազոնյան անտառներ, վայրի լողափեր և անեզր գործարաններ: Հազարավոր պատկերների այս յուրօրինակ օրկեստրում ներկայացված արվեստագետներից յուրաքանչյուրն՝ իր անձնական փորձի շնորհիվ, ստանձնել է կինոյի հավաքական պատմության ստեղծման գործում յուր կարևոր դերը։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ,2024