Կինոմեխանիկը, սերեր բազմացնող վավերագրողն ու Տերյանին մտովի նկարողը. Հարություն Խաչատրյան-70
«Ուշքս գնում է հյուրասիրելու համար»,- ասաց ու շոկոլադների տուփը մեկնեց լրագրողներին ու օպերատորներին։ «Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը նախորդող ասուլիսն էր՝ Փարաջանովի թանգարանում։ Ու իսկապես ուշքը գնում է հյուրասիրելու համար ու թե այդ պահին հյուրասիրելու բան չի ունենում, գոնե համբուրում է։
Հարություն Խաչատրյանը 70 տարեկան է։
Աշակերտել է մեր կինոյի երևելիներին, նրանց մոտ օգնական, աստիստենտ աշխատել, կուլիսների փոշին շնչել, ժապավեններ կտրել-կպցրել, հազար անգամ մերժվել, մինչև որ սկսել է ֆիլմեր նկարել, փառատոն հիմնադրել… շարունակության համար պետք է գալ ամենասկզբից՝ Վարպետի հետ Kinoashkharh.am-ի հարցազրույցի առաջին րոպեներից։
Վեց տարի բուհ չէին ընդունում․․․
-Վեց տարի դիմում էի Թատերական ինստիտուտ, նաև Մանկավարժականի Կուլտուրայի ֆակուլտետ, բայց չէի ընդունվում։ Ինձ ասում էին՝ դու չես կարող ընդունվել, որովհետև վատ ես խոսում։ Իսկ ես արագ էի խոսում, կակազելով։ Հիմնականում մեծ ռեժիսորների ու արվեստագետների երեխաներն էին ընդունվում, իսկ ես Ախալքալակից էի եկել ու համառորեն ուզում էի ռեժիսոր դառնալ։ Չընդունվելուս վեց տարիներին շատ լավ ուսումնասիրել էի կինոն։ Վերջապես յոթերորդ տարին ընդունվեցի։
Առաջին տարին էր, որ Մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետում Կինոյի բաժին էր բացվել։ Առաջին կինոկուրսը հավաքել էր Յուրի Երզնկյանը՝ Ալբերտ Յավուրյանի և Միքայել Ստամբոլցյանի հետ։ Տեսախցիկներ էինք ստացել՝ 8, 16 մմ-ոց։ Նոյեմբերին գնացինք նկարելու իմ առաջին ֆիլմը Նորավանքի մասին։
4-5 հոգով հավաքվեցինք, գնացինք, առաջին գիշերը Արենիում մնացինք, պիտի բեռնատարով կամ «Վիլիսով» բարձրանայինք Նորավանք, ճանապարհները դժվարանցանելի էին։ Այդ օրը Արենիում մեզ հարսանիքի հրավիրեցին։ Հետաքրքիր օր էր՝ հետաքրքիր մարդկանցով։ Մինչև առավոտ քեֆ արեցինք, հետո բեռնատարով բարձրացանք Նորավանք։ Մինչ այդ, նկարներով էինք տեսել Նորավանքը. զարմանալի տեսարան էր, կախարդական վայր։ 8 մմ-ոց ծիծաղելի տեսախցիկով նկարեցինք ֆիլմս։ Մի քանի շաբաթ էլ մոնտաժեցի։
Ախալքալակում կինոմեխանիկի աշակերտ «կինոմոնտաժողը»
-Ախալքալակում 13 տարեկանից կինոմեխանիկի աշակերտ եմ եղել։ Կինոժապավենի հետ աշխատանքը շատ լավ յուրացրել էի։ Նույն ֆիլմը 10-12 գյուղում անընդմեջ ցուցադրում էինք։ Կինոմեխանիկ ուստա Հրաչը գնում էր խմելու, պրոյեկտորն ինձ էր տալիս ու ասում՝ այսպես կանես, այնպես կանես… ֆիլմը ցույց կտաս։
Ռուսական նույն ֆիլմը՝ հեղափոխության, պատերազմի մասին, 7-8 շաբաթ ցուցադրում էի։ Ձանձրանում էի ու ստիպված ձանձրալի հատվածները կտրում-հանում էի ու կպցնում։ 1,40 րոպեանոց ֆիլմից 1 ժամ կամ 50 րոպեն էի թողնում։ Կինոմոնտաժողի իմ առաջին փորձերը սկսվեցին այդտեղից։ Ինչ խոսք, վայրենություն էր արածս, ֆիլմերը փչացնում էի՝ իմ կարծքով «դրանք ավելի հետաքրքիր դարձնելով»։ Մինչև դպրոցս ավարտելը, այդպես կինո էի ցույց տալիս ու ժապավանները մոնտաժում։
Սկսեցի վավերագրական կինոյից
-1971 թվականին դպրոցն ավարտեցի, եկա Երևան։ Քույրս այստեղ արդեն սովորում էր։ Միասին Չարբախում վարձով էինք ապրում։ Քանի որ բուհ չէին ընդունում, ուսումնարանում սովորեցի. էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մոնտաժողի և կարգավորողի մասնագիտություն ստացա, հետո երկու տարի բանակում ծառայեցի։ Շատ լրջորեն ինքնակրթությամբ էի զբաղվում՝ կարդալով կինոյի, թատրոնի, առհասարակ արվեստի մասին։ Երևանում բոլոր ներկայացումները նայում էի։Մի խոսքով, 7-րդ տարին ընդունվեցի Մանկավարժականի Կինոյի բաժին, ինչպես ասացի, ու առաջին ֆիլմս հենց առաջին կուրսում նկարեցի ու Նորավանքի մասին… մինչև հիմա Նորավանքն ինձ համար շատ թանկ վայր է։
Ճիշտ տեղից սկսեցի նկարել ու վավերագրական կինոյից։ Խաղարկային կինոն ինձ չգրավեց։ Ինձ թվում էր՝ այնտեղ արհեստական, սարքած բաներ կան։ Ես վավերագրական կինոյում տեսնում էի ձայներ, աղմուկ, պատկեր, պատկերի պատկեր. Ի՞նչն է ասելիք դառնում, ո՞ր աղմուկն է, որ երաժշտություն է դառնում։ Իմ ֆիլմերը կոչվում են վավերագրական, բայց աշխարհի բազմաթիվ երկրներում դրանք ցուցադրվել են որպես գեղարվեստական ֆիլմեր։ Իսկական կինոն ինձ համար ոչ վավերագրական է, ոչ խաղարկային՝ երկուսն էլ ներառում է։
Լենինյան թոշակառու
-Ուսանողական ամառները օպերատորի ասիստենտ էի աշխատում կամ Ալբերտ Յավուրյանի, կամ էլ Յուրի Երզնկյանի մոտ։ Հրաշալի պրակտիկա էի ձեռք բերում. իսկական սովորելը դա էր։ Իմ վարպետները՝ Ալբերտ Յավուրյանը, Յուրի Երզնկյանը, Միքայել Ստամբոլցյանը, շատ լավն էին, ես էլ անընդհատ աշխատում էի որպես օպարտորի ասիստենտ… մինչև հասա երկրորդ օպերատոր։ Ռեժիսորների մոտ աշխատելիս նաև մոնտաժին էի նստում, ձայնագրությանը մասնակցում, օպերատորներին օգնում։ Կինոյում չկար մի մասնագիտություն, որով չհետաքրքրվեի, չփորձեի սովորել, վերցնել, ինչ հնարավոր է, քաղել։
Ինստիտուտում էլ էի դասերով հետաքրքրվող։ Վեց տարի չընդունվող մարդը հանկարծ դարձավ Լենինյան թոշակառու, գերազանցիկ։ Ինձնից տարիքով փոքր համակուրսեցիներիս օգնում էի ոտքի կանգնել։ Չընդունվելով բուհ, ճիշտ է, շատ տարիներ կորցրի, բայց օպերատորների, ռեժիսորների, հնչյունային օպերատորների, մոնտաժողների մոտ անցած դասերս ինձ շատ օգնեցին, որ կինոյի բոլոր մասնագիտություններում հմտանամ։
Իմ ֆիլմերը Հայաստանում քիչ են ցուցադրվել, դրսում՝ շատ
-Կարող է շատ լավ սվորես, լավ կինոկրթություն ստանաս, բայց ֆիլմ նկարել չստացվի։ Կինոն պետք է զգաս, պետք է չերևացողը նկատես, ապրես դրանով։
Ես հնչյունը լավ եմ զգում ու լսում։ Իմ ֆիլմերում հաճախ կոմպոզիտոր չէի ունենում, որովհետև ինձ միայն երաժշտությունը չէր հերիքում. և՛ ձայն էր պետք, և՛ աղմուկ, և՛ կրակոց, և՛ էլեկտրական լարերի գվվոցն էր պետք, որ ամբողջը երաժշտության հետ խառնեի ու ստանայի այն, ինչ ինձ պետք էր տվյալ տեսարանի համար։ Կինոյում դա կոչվում է шумамузика։ Մաքուր երաժշտություն շատ քիչ եմ օգտագործել։ Ֆիլմեր կան, որ ընդհանրապես երաժշտություն չկա, կան, որ շատ քիչ, բայց բավական աղմուկ կա։
Ռետրոսպեկտիվ ծրագրերում իմ ֆիլմերը հաճախ են ցուցադրվել՝ նաև որպես կինոդպրոց։ Աշակերտների, ուսանողների համար են ցուցադրվել։ Արդեն 25 ռետրոսպեկտիվ եմ ունեցել։ 70-ս է լրանում ու շուտով նորից ֆիլմերս ուղարկելու եմ ռետրոսպեկտիվների՝ ԱՄՆ-ի Թելուրայդի փառատոն։ Բոլոր ռեժիսորների երազանքի փառատոնն է, որ գոնե մի ֆիլմ այնտեղ ներկայացնեն։ Նաև Գոդֆրի Ռեջիոն է մասնակցել, վարպետության դաս տվել։ Մի անգամ եկան Հայաստան, ֆիլմերիցս 4-5-ն ընտրեցին, տարան ցուցադրեցին։ Հիմա էլ մյուս ֆիլմերս են ցուցադրվելու 2025-ի օգոստոսին։ Հրավեր եմ ստացել նաև Մոսկվայի A դասի փառատոնից։ Որոշել եմ 70-ամյակիս ինքս ինձ նվեր անել ու մի քանի երկրներով անցնել, 4-5 փառատոներում ցուցադրվել։
Կիսատ ֆիլմեր
-Արմեն Ջիգարխանյանն ուզում էր, որ իր մասին ֆիլմ նկարեմ։ Բավականին նկարել եմ, բայց նա հիվանդացավ, հետո մահացավ։ Կիսատ մնաց։ Համերկրացուս՝ Վահան Տերյանի մասին եմ երազել նկարել։ Գաղափարը կա։ Բայց այս ֆիլմերը չֆինանսավորվեցին։ Հանձնաժաղովը Վահան Տերյանի մասին ֆիլմս չընդունեց։
Նոր ձևաչափ կա՝ պետք է միջազգային ներդրող գտնես, որ պետությունն էլ իր կողմից աջակցի։ Ես երբեք դրանով չեմ զբաղվել, ինչո՞ւ պետք է դեսուդեն ընկնեմ, ներդրող գտնեմ։ Կարծում էի՝ այդքան իրավունք վաստակել եմ, որ պետպատվերով ֆիլմ նկարեմ, բայց եթե օրենքը բոլորի համարա հավասար է, ուրեմն իմ դեպքում էլ այն չի կարելի խախտել։ Այդպես Արմեն Ջիգարխանյանի ու Վահան Տերյանի մասին ֆիլմերս մնացին։ Տեսնենք, գուցե ապագայում հնարավորություն լինի նկարելու։ Նաև ուզում եմ մյուս ֆիլմերիս ցուցադրությամբ զբաղվել։
Կասկածներ կան մեջս՝ արդյո՞ք 70 տարիների համար 15-16 ֆիլմ նկարելը բավական է։ Պատահել է, որ 15-20 տարի մի ֆիլմ եմ նկարել։
«Հայկ» կինոստուդիայում 100 ֆիլմ նկարած կոլեգա ունեմ։ Մարդ կա՝ 80 ֆիլմ է նկարել, ես՝ 15-16։ Բայց գոհ եմ, ֆիլմերս ամբողջ աշխարհով անցել են, բազմաթիվ մրցանակներ ստացել։ Գոհ եմ, որ ձեռագիր ունեմ, որը բազմաթիվ փառատոների, կինոդպրոցների համար հետաքրքիր է։ Հիմա Կինոյի տունն եմ շարունակում վերականգնել, ուզում եմ այստեղ Հայկական կինոյի դպրոց ստեղծել։ Պետք է ֆինանսավորում գտնեմ և համապատասխան տարածքը վերակառուցեմ։
Հայկական կինոյի դպրոց
-Չեմ ուզում, որ լինի իմ դպրոցը, ուզում եմ, որ լավագույն մասնագետները դասավանդեն։ Ժամանակին «Ոսկե ծիրանի» հյուրերին ուղարկում է Թատրոնի և կինոյի ինստիտուտ՝ դասավանդելու։ Այսօր կինո նկարող աղջիկներից ու տղաներից շատերը այդ դասերին մասնակցել են։ Ի դեպ, շատ ուրախալի է ինձ համար, որ հետաքրքիր աղջիկ դոկումենտալիստներ կան։ Լավ աչք ունեն։ Հիմա կանայք հրաշալի ֆիլմեր են նկարում, փառատոներից մրցանակներ բերում։
Մի անգամ փորձեցի դպրոց բացել «Ոսկե ծիրանի» շրջանակում։ 2 տարի աշխատեց, հետո ֆինանսավորման բացակայության պատճառով չշարունակվեց։ Միքայել Ստամբոլցյանը, Սուսաննա Հարությունյանը, Անելկա Գրիգորյանը, Վահրամ Մարտիրոսյանն էին դասավանդում։ Հրավիրեցի նաև իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոսթամիին։ Նույնիսկ մի անգամ նա իրանցի աշակերտների հետ եկավ Երևան։ Հայկական ու պարսկական կուրսերը միասին բավականին լուրջ բաներ նկարեցին։ Ես ինքս չէի ուզում իմ կինոյի տեսակը մատուցել, ուզում էի իրենք իրենց կինոն, ձեռագիրն ունենան։
Մինչև չես մեռնում, հետաքրքիր չես դառնում
-Մենք ստվերում մնացած բավականին տաղանդավոր ռեժիսորներ ունենք, օրինակ՝ Դմիտրի Կեսայանցի մեկ-երկու ֆիլմերն էլ բավական են, որ նա աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերի։ Կարեն Գևորգյանն էլ շատ հետաքրքիր ռեժիսոր է, լուրջ ֆիլմեր է նկարել։ Մինչդեռ բոլորը գիտեն միայն երկու ռեժիսորի՝ Փարաջանով և Փելեշյան։ Այդ երկուսին առանձնացնելով՝ հայ կինոն խեղճացրել են, որովհետև մենք աշխարհին անհայտ շատ հետաքրքիր ու համաշխարհային որակի ռեժիսորներ ունենք։
Բեկնազարյանին էլ քչերն են ճանաչում, իսկ դրսում երբ իմանում են նրա մասին, զարմանում են, հիանում։
-Մի անգամ Հռոմում ու Բոլոնիայում հատուկ ծրագրով ցուցադրեցի Հենրիկ Մալյանի և Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմերը։ Հիացած էին։ Չկա մշակութային քաղաքականություն, որ հայ ռեժիսորների ֆիլմերը ներկայացնեն աշխարհին։ Անգամ նրանց ֆիլմերը չեն թվայնացնում։ Դովլաթյանի, Փելեշյանի, Փարաջանովի մեկ-երկու ֆիլմ է միայն թվայնացվել, իսկ մնացա՞ծը…
Տարօրինակ է, աշխարհում իմ ֆիլմերն ավելի լավ գիտեն, քան Հայաստանում։ Դաժան վերաբերմունք կա, որ հատուկ է բոլոր ժամանակներին։ Նույն վերաբերմունքն է եղել ժամանակին Փելեշյանի ու Փարաջանովի նկատմամբ։ Փելեշյանը հազիվ պրծավ, փախավ այստեղից, գնաց Մոսկվա։
Այնքան ռետրոսպեկտիվ, որքան ես ունեմ, Հայաստանում ոչ մի ռեժիսոր չունի, բայց այստեղ ոչ ոք չի հետաքրքրվում դրանով, չգիտեն։ Կինոն լրջորեն չի գնահատվում մեր երկրում։ Ինչ-որ տարօրինակ բան կա՝ մինչև չմեռնես, քեզ ոչ ոք բանի տեղ չի դնի։
Ինչ-որ վտանգավոր, դաժան բան կա, որի պատճառն ուսումնասիրված չէ
-Ինձ վրա օրինակը բերեմ՝ 10 տարի ընդհանրապես չեմ նկարել։ Ոչ ոք չհարցրեց՝ ի՞նչն է պատճառը։ Ուրիշ տեղ էի աշխատում, որ ընտանիքս պահեմ։ Նկարեցի «Վերջին կայարանը» (1994 թ.) ու համարյա 10 տարի հետո նկարեցի «Վավերագրողը» (2003 թ.)։ Միգուցե ես էլ եմ ուրիշների նկատմամբ անտարբեր. ազգային տեսա՞կ է, ինչ է։ Սրա մասին չենք խոսում, մե՞նք ենք վատը, չա՞ր ենք… լուրջ ուսումնասիրության կարիք կա։ Սա միայն կինոյի, ռեժիսորների շրջանում չէ, բոլոր ոլորտներում է։ Վտանգավոր, դաժան, անհասկանալի ինչ-որ բան կա։
Իմ ավագ գործընկերներն, օրինակ, իմ «Կոնդ» ֆիլմը չընդունեցին։ 12 հոգանոց գեղարվեստական խորհուրդը համարաց, որ այդ ֆիլմը չստացված է, հիմարություն է, ոչ պրոֆեսիոնալ է ու պետք է այն փակել։ Փակեցին, գցեցին պահեստ։ Եթե չգողանայի, չտանեի Կիևի, Մոսկվայի փառատոներին, գլխավոր մրցանակներ չբերեի, հետո Թբիլիսիից, Սվերդլովսկից մրցանակներով չվերադառնայի, ֆիլմը Երևանում չէր ցուցադրվի։ «Կոնդն» արգելել էին այստեղ ցուցադրել։
Այն ժամանակ հայ արվեստը «խայտառակ անող» «Կոնդը» հանկարծ սկսեց համարվել ամենապոետիկ ֆիլմը։
Յուրայինների մերժմումը՝ օտարների գնահատանքը
-Մարդուն պետք է ստեղծագործելու հնարավորություն տալ, դա նրա իրավունքն է։ Մարդիկ ինձ ասում են՝ ինչի՞ց ես դժգոհ, քո չափ ոչ ոք ռետրոսպեկտիվներ չի ունեցել։ Բայց չգիտեն, թե ինչքան եմ տանջվել, խանգարվելու աստիճանի եմ հասել, ինսուլտներ եմ ստացել, քանի՜ տարի ֆիլմ չեմ նկարել։ Հիմա էլ նկարելու հնարավորություն չունեմ։ Թվում է, թե ի՜նչ կա որ՝ կինոմիության նախագահն եմ… Գուցե մեծամիտ եմ, գուցե սխալվում եմ, բայց կարծում եմ՝ իմ կյանքով ու իմ ֆիլմերով ամեն ինչ ապացուցել եմ։ Սակայն փաստն այն է, որ այսօր ֆիլմ չեմ կարողանում նկարել։
Ժամանակին Ֆրունզե Դովլաթյանն ինձ ասում էր, եթե կես էջ սցենար էլ գրես, քեզ այնքան եմ հավանում, որ ամեն ինչ կանեմ,որ ֆիլմ նկարես։ Մյուսներն ասում էին՝ ի՞նչ է, վերին արտի ցորե՞նն է, մեկը 40 էջ սցենար պիտի գրի, իսկ ինքը՝ 4 է՞ջ։
Իմ ֆիլմերի մասին օտարազգիները՝ Գոդֆրի Ռեջիոն, մյուսները ինչե՜ր են գրում։ Հայաստանում ոչինչ չեն գրում։ Կինոյի հանճարեղ երևույթներից մեկը՝ Աբաս Քիառոսթամին իմ «Սահման» ֆիլմով այնքան էր ոգևորվել, որ Լուվրում երբ նրան առաջարկել են երեք ֆիլմ ցուցադրել, երկուսը՝ իր ֆիլմերից, մեկը՝ այլ ռեժիսորի, նա ընտրել է իմ «Սահմանը»։ Հայ կինոգետներից մեկը Լուվրում ներկա է եղել, բայց նույնիսկ կես էջանոց հոդված չի գրել, թե, օրինակ, «Սահման» ֆիլմի մասին Քիառոսթամին ինչ է ասել, ինչպես է ընտրել հենց այդ ֆիլմը։ Մինչև հիմա էլ ոչ մի հոդված չկա այդ ֆիլմի մասին։ Կան կինոգետներ, որ իմ մասին մինչև հիմա մի տող գրած չկան, որովհետև մի ռեժիսոր կար, որ միշտ պաշտոններ էր զբաղեցնում, վախենում էին նրանից, եթե իմ մասին լավ բաներ գրեին, նրանց կկործաներ։ Վատ բան գրում էին, բայց լավը չէին գրում։
Հայ ռեժիսորները անպաշտպան են
-Իտալիայի փառատոնի տնօրենը պատմեց՝ ադրբեջանցիները մտել ասել են՝ այսքան փող ենք տալիս, հայկական ֆիլմը հանեք։ Չի համաձայնել, չի հանել, բայց ասել է՝ իմացեք, որ ադրբեջանցի դեսպանները գալիս փողը տալիս են, որ հայկական ֆիլմերը հանեն։ Փառատոների ղեկավարներն էլ չեն ուզում գլխացավանքի տակ մտնել, հանում են։ 90 տոկոսն այդպես է անում։ Այս երևույթը նոր չէ, միշտ է եղել։
Իմ «Սահման» ֆիմը մեկ էլ հանկարծ Թուրքիայում՝ Ստամբուլում, «Գրան պրի» ստացավ, բայց թուրք քաղաքապետը, մյուս պաշտոնյաները դահլիճից դուրս եկան։ Ոչ ոք չզբաղվեց դրանով, դեպքը չուսումնասիրեց, չգրեց։ Հիմա որ ադրբեջանցիների ճնշումների ներքո հայկական ֆիլմերը փառատոներից հանվում են, դրանով զբաղվող կա՞։
Իմ ֆիլմերը միայն Հայաստանում է հնարավոր նկարել
-Մի անգամ փորձեցի ուրիշ տեղ ապրել ու աշխատել՝ ԱՄՆ։ Այնտեղ անգամ կիոյի կուրս բացեցի։ Ֆիլմերի պատվերներ էի ստանում, ստուդիա էլ բացեցեի։ Բայց այն ֆիլմերը, որոնք ես էի ուզում, միայն Հայաստանում էր հնարավոր նկարել։ Թողեցի եկա։ Ճիշտ է, 10 տարի չեմ նկարել, բայց հետո մեկը մյուսի հետևից սկսեցի նկարել՝ «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահմանը»։ Այս ֆիլմերն ամբողջ աշխարհը ցուցադրել է։ Եթե մնայի ԱՄՆ-ում, այս ֆիլմերը չէի նկարի։
Առհասարակ ես նոր միջավայրում արագ եմ ադապտացվում, ծրագրեր իրականացնում։ ԱՄՆ-ում կինո նկարեցի, բայց հայերի մասին՝ «Փակուղին»։ Այսօր հեռուստաընկերություններին խնդրում եմ, որ այդ ֆիլմերը ցուցադրեն։ Հայերի՝ Հայաստանը լքելու մասին 3-4 ֆիլմ ունեմ, որ պետք է ցուցադրվեն, մարդիկ տեսնեն, մտածեն… չեմ կարողանում համոզել, որ Հանրային հեռուստատեսությունը ռետրոսպեկտիվ ցուցադրություն անի։ Ոչ թե ինձ համար եմ ուզում, այլ ժողովրդի. կարևոր է, որ հենց հիմա մարդիկ տեսնեն այդ ֆիլմերը։ Ես շատ ուժեղ մարդ եմ, բայց իմ նպատակները տեղ հասցնելու ձևը ո՞նց գտնեմ, չգիտեմ։
Պարզվում է, ֆիլմ նկարելն ամենահեշտն է, դրանք իրացնելն է դժվար։
Ես իմ մասին ֆիլմ եմ նկարել՝ «Պոետի վերադարձը»։ «Սպիտակ քաղաքն» էլ է իմ մասին, «Ավետյաց երկիրն» էլ։ Բայց չես կարող մարդկանց համոզել, որ դրանք քո մասին են։ Դժբախտաբար իմ ամենասիրելի կինոգետը՝ Միքայել Ստամբոլցյանը, որ կարող էր գրել դրա մասին ու վերլուծեր, ամբողջ ժամանակ ինձ հետ էր աշխատում, չէր կարող թույլ տալ իրեն գրել իմ մասին։ Բայց Անելկա Գրիգորյանը իմ 2-3 ֆիլմերի մասին գրել է։
Սերերս բազմացրել եմ. կանանց շատ եմ սիրում, նրանք էլ՝ ինձ
-70 տարի ապրել եմ, մինչդեռ այնպիսի իրավիճակներ են եղել, որ ես վաղո՜ւց պետք է էն աշխարհ գնացած լինեի։ Բայց չեմ գնացել, կամ, ապրում եմ, փառք Աստծո։ Ու իմ երազանքները կատարել եմ, ոչինչ, որ ընդամենը 16 ֆիլմ եմ նկարել։ Շատ ռեժիսորների դա էլ չի հաջողվել… ափսոս։ Կարող էի մի 10 ֆիլմ էլ ավել նկարել, բայց ոչինչ, ինչ ցանկացել եմ, նկարել եմ։ Կարգն էսպես է՝ կմեռնես, կանցնի 10 տարի, հետո ֆիլմերդ կգնահատեն՝ որպես երևույթ։
Հրաշալի ընտանիք ունեմ, հրաշալի կին։ Սերերս բազմացրել եմ. կանանց շատ եմ սիրում, նրանք էլ՝ ինձ։ Կինս ցնդելու լավ մարդ է։ Մի օր մեկի մասին նրան ասացի՝ էս կինն ինձ չի սիրում։ Ասաց՝ էդ էր պակաս, նա ո՞ւմ շունն է, որ քեզ չսիրի, բոլոր կանայք են քեզ սիրահարված։ Կնոջս հետ նաև շատ լավ ընկերներ ենք։ Նա լավ երեխաներ է մեծացրել։ Գոհ եմ իմ կյանքից, նկարել եմ,աշխատել եմ, տունուտեղ ունեմ, ընտանիք, թոռներ… 4 թոռ ունեմ։ Իսկ ես ոչինչ չունեի, երբ Ախալքալաքից Երևան եկա։
Բայց կուզեի դպրոց բացել, դա ավելի շատ եմ ուզում, քան ֆիլմ նկարելը։
…Տերյանի մասին ֆիլմը կնկարեի։
4-5 տերյանասերներով՝ ես էլ հետները, գնում ենք Օրենբուրգ՝ Տերյանի գերեզմանը գտնելու։ Ու այդտեղից ֆիլմն սկսվում է…Գտնո՞ւմ ենք, թե չենք գտնում։ Եթե գտնենք, ի՞նչ պիտի անենք, նրան կբերե՞նք Ախալքալակ։ Իսկ Տերյանը Մոսկվայում ի՞նչ է արել, ի՞նչը չի հաղոջվել նրան։
Իր պես խորհրդավոր ֆիլմ կլիներ։
Նաիրա ՓԱՅՏՅԱՆ







