Աշնանը հայկական երկու ֆիլմի փառատոնային ճանապարհն ընդհատվել է Ադրբեջանի ճնշումների ներքո։ Մեկը Տատյանա  Սպիվակովա-Սահակյանցի «Այն ինչ ինձ պետք է» All I Need խաղարկային ֆիլմն է, որը պետք է մասնակցել Մարոկկոյի FINIFA կինոփառատոնին։

Տատյանան այդ առիթով գրել է. «2024թ սեպտեմբերին մեր ֆիլմի ցուցադրությունը  FINIFA կինոփառատոնում չեղարկվեց. Ադրբեջանի դեսպանությունը, ըստ երևույթին, սպառնացել էր փառատոնին և վախեցրել, որ  Մարոկկոյի հետ հարաբերությունները կխաթարվեն, եթե ֆիլմը ցուցադրվի։ Մենք արդեն լավագույն միջազգային կարաճամետրաժ ֆիլմերի անվանակարգի եզրափակիչում էինք, բայց վերջին րոպեին ծրագրից հանեցին՝  առանց որևէ բացատրության։

Ադրբեջանական մամուլից իմացանք, թե ինչ է եղել, որտեղ նրանց արարքը նշվում էր որպես մեծ հաղթանակ, և մեր 11 րոպեանոց խաղարկային ֆիլմն անվանում էին «սադրանք»,  «հայկական պրոպագանդա», այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղին ֆիլմում անվանում էինք Արցախ և օգտագործում Հայոց ցեղասպանություն տերմինը։ Ադրբեջանական մամուլը դրա մասին գրել էր՝ «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն»։ Նրանք այլ փառատոների էլ են սպառնացել, օրինակ՝ Բարսելոնայի «Հույս և սեր» փառատոնին: Մինչև ցուցադրության օրը հետպանդում էին տնօրենին, բայց նա չվախեցավ և կռիվ տվեց ֆիլմի ու մեզ համար։ Մենք 2 մրցանակ ստացանք»։

Հայկական Արցախի ֆիլմերը ադրբեջանի ճնշումների պատճառով հանվում են փառատոներից

Տատյանան պատմել է, որ «Այն ամենն ինչ ինձ պետք է» ֆիլմն իր մեծ պապի հոր մասին է, որն Արցախից էր։ Նրան մի  թուրք կին փրկել է Հայոց ցեղասպանության ժամանակ՝ թաքցնելով  արկղի մեջ։ Տատյանան ֆիլմի  սցենարը սկսել է գրել 2023թ. սեպտեմբերին, երբ հայերն Արցախում էթնիկ զտման էին ենթարկվում, երբ Արցախը բռնազավթվում էր։

«Քաղաքները վերացնելուց և քարտեզները ձևախեղելուց հետո այս պատմությունը միակ բանն էր, որը մեզ կապում էր մեր նախնիների և հողի հետ։ Ապրելով արտասահմանում և տեսնելով, թե ինչպես են անցյալի դաժանություններն այսօր  կրկնվում   աշխարհում, մենք զգացինք, որ անհրաժեշտ է այս պատմությունը պատմել հենց հիմա»,- ֆիլմի ստեղծման մասին ասել է Կատյան։

Հաջորդ ֆիլմը, որի դեմ Ադրբեջանը պետական մակարդակով է պայքարել ու ճնշումներ գործադրել, Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմն է, որը Հորդանանը ներկայացրել է «Օսկարի», բայց հետո հետ կանչել այն։«Տունս քաղցր ա» ֆիլմի թիմը ցնցված էր, երբ Հորդանանը հետ կանչեց ֆիլմը 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության Լավագույն միջազգային ֆիլմի անվանակարգից։

Սա պատմություն է  Հայրենիք կորցրած երեխայի մասին։

«Որպես կինոգործիչներ՝ մեր պատասխանատվությունն է ոչ միայն արձանագրել, այլև պահպանել նման պատմությունները, հատկապես նրանք, որոնք ոչնչացմման  վտանգի տակ են։ Կինոն ունի դիմադրելու և այս պատմությունները կենդանի պահելու ուժ, և ես շարունակում եմ հավատարիմ մնալ հակամարտությունների մարդկային դեմքերը ցույց տալու գործին։ Այս պատմությունները փաստագրելով՝ մենք ոչ միայն հարգում ենք անցյալը, այլև ձևավորում ենք այն ապագան, որը հույս ունենք կառուցել»,- իր ֆիլմի մասին պատմել է Սարինը։

«Հայաստանի արտաքին գործերի և ԿԳՄՍ նախարարությունը երկու ֆիլմերի դեմ ադրբեջանական քարոզչամեքենայի ճնշումներին չեն պատասխանել, անգամ հայտարարությամբ հանդես չեն եկել՝ պատճառաբանելով, թե իրենք հեղինակներից նամակ չեն ստացել։ Եթե ադրբեջանցիներն Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնեն, Հայաստանի պետական կառույցները պետք է սպասեն, որ կոթողի հեղինակ  երջանկահիշատակ Սարգիս Բաղդասարյանն իրենց նամա՞կ գրի, նոր արձագանքե՞ն։ Ադրբեջանն իր արտգործնախարարության, դեսպանների մակարդակով փառատոների տնօրենների վրա ճնշում է գործադրում, սպառնում, իսկ Հայաստանի պատկան մարմինները, դիվանագետները ոչ միայն չեն հակադարձում, այլև նույնիսկ չեն պաշտպանվում»,- արձանագրում է վավերագրող, «Ակն ընդ ական» կազմակերպության ղեկավար Հովհաննես Իշխանյանը։

«Ակն ընդ ական» համայնքը, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը, «Հայաքվե» նախաձեռնությունը, «Պլատֆորմ Դոկ» վավերագրական ֆիլմերի հարթակը համատեղ ուժերով կանգնել են՝ ի պաշտպանություն Արցախի ու Հայոց ցեղասպանության թեմաներն արծարծած այս ֆիլմերի։

Այս կազմակերպությունները դիմում են բոլոր այն ռեժիսորներին,որոնց ֆիլմերն ազգային թեմաների պատճառով հանվում են փառատոներից, որոնք ենթարկվում են թուրք-ադրբեջանական սպառնալիքների ու ճնշումների։ Նրանք պատրաստ են իրենց պաշտպանության տակ առնել այդ ստեղծագործողներին, որոնք կինոյի լեզվով ու կինոյի միջոցով վեր են հանում մեր ազգային խնդիրները և դեմ առնում  ատելություն քարոզող, արվեստը մերժող, ազատ խոսքը ոչնչացնող քաղաքականության։

«Արգելված» ֆիլմերի հեղինակները, նրանց կողքին կանգնած քաղաքացիական նախաձեռնությունները կոչ են անում բոլոր կինոգործիչներին, մտավորականներին, արվեստագետներին ոտքի կանգնել, պայքարել, պատկան մարմիններից պետական արժանապատիվ դիրքորոշում պահանջել՝ ի պաշտպանություն հայ ռեժիսորների, որոնք մեն-մենակ են մնում ադրբեջանական պետական քարոզչամեքենայի ու ճնշումների դեմ։

Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա»

Տատյանա Սպիվակովան ասում է.  «Եթե իմ ֆիլմը մերժողները, փառատոնից հանողները տեսած լինեին այն,  կիմանային, որ   խաղաղության կոչ է պարունակում։Եվ, այո, մենք խոսում ենք նաև Արցախի մասին՝ անուն, որը նրանք ուզում են ջնջել։ Բայց այս ֆիլմը նաև կանանց ուժի  ու պատերազմի ժամանակ նրանց դերի մասին է։ Կանայք, ովքեր կյանք են տալիս,  ովքեր սպասում են, ովքեր կորցնում են,  ովքեր օգնում են,  ովքեր պատմում են… Մենք ուզում էինք կանանց առաջին պլան բերել և ուսումնասիրել կանացի ուժով ստեղծվող միջավայրի անհրաժեշտությունը՝ աշխարհը բուժելու համար (ով գիտե, գուցե հենց դա է ամենապայթյունավտանգ գաղափարը նրանց համար)։

Ազատ արտահայտվելու իրավունքի հարձակմանն ընդդեմ՝ մենք պետք է պահպանենք մեր պատմությունները՝ նորերը երևակայելու համար։ Եվ մենք պետք է տարածք ունենանք այդ պատմությունների համար, որպեսզի նրանք ապրեն»։

Նաիրա Փայտյան