Փարիզում անցկացվող ամենամյա «Week-end à l’Est» փառատոնն այս տարվա նոյեմբերի 20-30-ը ֆրանսիացիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է բացահայտելու Հայաստանը։ 2016 թվականին Վերա Միշալսկու և Բրիջիտ Բուշարի ջանքերով ստեղծված այս փառատոնը նպատակ է հետապնդում ամեն տարի ներկայացնել Կենտրոնական կամ Արևելյան Եվրոպայի որևէ քաղաքի մշակութային դաշտի վառ ներկայացուցիչներին։ Նախորդ տարիներին փառատոնի հյուր քաղաքներն էին Վարշավան, Կիևը, Բուդապեշտը, Բելգրադը, Սոֆիան, Օդեսան, Թիֆլիսը,  իսկ այս տարի՝ Երևանը։

Այսպիսով, «Week-end à l’Est» փառատոնի 2024 թվականի ազդագիրը՝  կրելով մեր հին ու բարի Կասկադի հպարտություն ներշնչող պատկերը, փակցված է Փարիզի բազմաթիվ մշակութային վայրերում, մասնավորապես Լատինական թաղամասի խորհրդանշական վայրերում, որտեղ անց են կացվելու շուրջ քառասուն միջոցառումներ, հանդիպումներ, քննարկումներ։

Փառատոնն առանձնահատուկ ուշադրություն է արժանացրել հայ կինոյին՝ բացելով իր դռները Համո Բեկնազարյանին նվիրված կինո-համերգով.1926 թվականին նկարահանված «Շոր և Շորշոր» համր ժապավենը զուգորդվելու է միջազգային ճանաչում ունեցող թավջութակահար Արտյոմ Մանուկյանի համերգով, նոր շունչ տալով գրեթե հարյուրամյա այս պատկերներին։ Հաջորդող օրերին հանդիսատեսին առաջարկվելու է ծանոթանալ հայ կինոյի նոր սերնդի մի շարք ներկայացուցիչների վավերագրական և գեղարվեստական աշխատանքներին. Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 երազողները և ձին» ֆիլմի ցուցադրությանը հաջորդելու է հանդիպում-քննարկում ռեժիսորների հետ, մոդերատոր՝ լրագրող և գրող Անտուան ​​Պերոն։ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությանը հաջորդելու է հանդիպում ռեժիսորի հետ, զրույցը վարելու է Libération թերթի լրագրող Կլեման Կոլիոն։ Վերջինս վարելու է նաև Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» ֆիլմի ցուցադրությանը հաջորդող հանդիպումը։  Շողակաթ Վարդանյանի « 1489 » ֆիլմի դիտմանը հաջորդելու է քննարկում ռեժիսորի հետ, որը վարելու է Le Monde ամսագրի լրագրող, գրող Արիան Շեմանը։

Կասկադ-Երևան, Փարիզ, Մայրաքաղաքային փառատոն

Բնականաբար, երիտասարդ արվեստագետներին զուգահեռ, փառատոնը չէր կարող շրջանցել «հայ կինոյի երկու պոետներին» ՝ Սերգեյ Փարաջանովին և Արտավազդ Փելեշյանին։ Շուրջ տաս ցուցադրությունների ժամանակ Christine Cinéma Club կինոթատրոնը թույլ կտա հանդիսատեսին բացահայտել կամ վերանայել Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», Փելեշյանի «Տարվա եղանակները», «Մեր դարը», «Կյանքը»։ Գեղարվեստի Ակադեմիայում կկազմակերպվի հատուկ հանդիպում՝ նվիրված Արտավազդ Փելեշյանին, որի հյուրերն են լինելու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան և արվեստագետ Մելիք Օհանյանը։

Եվ այս է ամենը, եթե խոսենք միայն կինոյին նվիրված միջոցառումներից մի քանիսի մասին, ամբողջական ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ։

Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «Կարմիր, սև, սպիտակ» անհատական ցուցահանդեսը կբացվի «Espace des femmes – Antoinette Fouque» ցուցասրահում, իսկ նկարիչ Խաչատուր Մարտիրոսյանի «Հաղորդակցության մասը» անհատական ցուցահանդեսը՝ «22VISCONTI» ցուցասրահում։ Հայ արվեստագետների խմբակային ցուցահանդեսները կանցկացվեն փարիզյան մի շարք վայրերում, մասնակիցների թվում են Արևիկ Արևշատյանը, Ռուբեն Գրիգորյանը, Թենի Վարդանյանը, Արեգ Բալայանը, Նարեկ Բարսեղյանը, Սասուն Մարգարյանը, Արման Վահանյանը, Տիգրան Սահակյանը, Սևակ Գրիգորյանը, Կարեն Խաչատուրովը, Էդիկ Բողոսյանը, Գարուշ Մելքոնյանը, Արաքս Սահակյանը, Դավիթ Քոչունցը և շատ ուրիշներ։

Եվ այս բոլոր միջոցառումներին զուգահեռ Փարիզի գեղեցկագույն Սան Ժերմեն դե Պրե եկեղեցում կլսվեն «Հովեր» երգչախմբի հարազատ ձայները, Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների ջութակի և դաշնամուրի հուզող ելևէջները, «La Gaîté Lyrique» համերգասրահի պատմական պատերը մի լավ կսթափվեն Հայկ Կարոյի վարակիչ ռիթմերի տակ, և վերջապես փառատոնի այս տարվա հայկական դռները կփակի եզակի և անկրկնելի Տիգրան Համասյանը՝ Օդեոնյան իր յուրահատուկ համերգային ծրագրով։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ,2024