Դերասանուհի Սոֆի Մարսոյի կյանքի թնջուկները կարող են դառնալ սյուժե՝ միանգամից մի քանի կինոնկարի համար։ 14 տարեկանում նա արդեն կինոաստղ է, 16-ում լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկու սիրուհին ու մուսան, 29-ում հանդես է եկել «Խիզախ սրտում»՝ Մել Գիբսոնի հետ, 49-ում հանդիպում է նոր սիրուն և ամեն բան սկսում նորից …

Նկարահանման հրապարակում Սոֆի Մարսոն հայտնվել է պատահական կերպով։ Նրա ընկերուհին իմացել էր այն մասին, որ Կլոդ Պինոտոն դեռահաս դերասաններ է փնտրում իր նոր կինոնկարի համար և որոշում է մասնակցել փորձնական նկարահանումներին։ Սոֆին գնում է նրա հետ՝ զուտ ընկերակցության համար և անակնկալ կերպով ստանում «Բում» կինոնկարում գլխավոր դեր։ Կինոնկարը անհավանական հաջողություն է ունենում և 1982 թվականին նկարահանվում է «Բում 2»-ը, որի համար Սոֆին պարգևատրվում է «Սեզար» մրցանակով՝ «Լավագույն դեբյուտ և ամենից բազմախոստում դերասանուհի» անվանակարգում։

16 տարեկանում Մարսոն նկարահանվում է «Ֆորտ Սագանում»՝ Քաթրին Դենյովի և Ժերար Դեպարդյեի հետ։ Նրա կեղծանունը ընտրվել է ի պատիվ այն մայրուղու, որն էլ նրան բերել էր նկարահանման հրապարակ։ 16 տարեկանում խզում է պայմանագիրը ֆրանսիական խոշորագույն կինոընկերություններից մեկի հետ։

Նրան տուգանքի վճարման հարցում օգնում է 42-ամյա լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկին։ Այդ ժամանակ էլ Մարսոյի և Ժուլավսկու միջեւ սկսվում են ռոմանտիկ հարաբերություններ։ Շուտով նա հեռանում է Ֆրանսիայից և տեղափոխվում Ժուլավսկու հետ՝ Լեհաստան։ Այդ անշրջահայաց արարքը Ֆրանսիայում ընդունվում է զայրույթով։ Ֆրանսիացիները նույնիսկ պահանջում են լեհ ռեժիսորի դեմ քրեական գործ հարուցել՝ անչափահասների այլասերման հոդվածով։ Իսկ Սոֆի Մարսոյին խորհուրդ են տալիս դիմել հոգեբույժի օգնությանը։

Սոֆին դառնում է ռեժիսորի քաղաքացիական կինն ու մուսան, որին վերջինս նկարահանում է իր բոլոր կինոնկարներում։ Այդ աշխատանքներն ինչ որ լուրջ հաջողությունների չեն հասնում, ինչպես նախորդները, սակայն դերասանուհին ոչնչի համար չի ափսոսում։ Միակ հարցը, որ խամրեցնում էր Մարսոյի երջանկությունն այն է, որ Ժուլավսկին երեխաներ ունենալ չէր ուզում։ Երբ Մարսոն գնում է Հոլիվուդ՝ Բոնդիանայի նկարահանումների համար, ռեժիսորը մեկնում է նրա հետեւից, մտավախություն ունենալով, որ Սոֆին էլ չի վերադառնա։ Շուտով նրանք որդի են ունենում, սակայն դա էլ չի փրկում նրանց բաժանումից։ Միասին ապրում են 17 տարի։

Մարսոյի կարիերան Հոլիվուդում սկսվում է Մել Գիբսոնի «Խիզախ սիրտը» կինոնկարից, որտեղ նա գլխավոր դեր է ստանում։ Նկարահանումների ժամանակ էլ գրում է իր առաջին կարճամետրաժ կինոնկարի՝ «Լուսաբաց հակառակ կողմից» ֆիլմի սցենարը, որը ցուցադրվում է Կաննում  1995 թվականին։ 1997-ին Սոֆին մարմնավորում է Աննա Կարենինային՝ Լև Տոլստոյի հայտնի վեպի ամերիկյան էկրանավորումում։ 2002 թվականին Սոֆի Մարսոն ամուսնանում է ամերիկացի պրոդյուսեր Ջիմ Լեմլիի հետ։ Ծնվում է նրանց դուստրը։ Հարաբերությունները երկար չեն տեւում։ Արդեն երեք տարի անց դրանք ավարտվում են։ 2002-ին Մարսոն նկարահանում է իր գլխավոր լիամետրաժ կինոնկարը՝ «Պատմիր ինձ սիրո մասին» ֆիլմը։

Այդ շրջանում դերասանուհին նաեւ իր ուժերն է փորձում գեղանկարչության մեջ։ Նկարում է իր սիրելի գրողների յուղաներկ դիմանկարները։ «Դովիլում կորսվածը» կինոնկարի նկարահանումների ժամանակ ծանոթանում է Քրիստոֆեր Լամբերտի հետ։ Նրա մասին հետո ասում է հետեւյալը․ «Ես հույս  ունեի գտնել լավ դերասանի, սակայն գտա Քրիստոֆերին՝  լավագույն ընկերոջս ու սիրելի ամուսնուս»։ Նրանց ամուսնությունը տեւում է յոթ տարի, որից հետո ինչ որ ժամանակ նա մնում է իր համար անսովոր միայնության մեջ։

«Ես սովորել եմ, որ կողքիս տղամարդ չկա։ Ես ինչ-որ մեկին սիրել եմ ողջ գիտակցական կյանքս, սկսած 17 տարեկանից, և փոխադարձության առումով մշտապես հիանալի կերպով բախտս բերել է»։ 49 տարեկանում Սոֆի Մարսոն անակնկալ կերպով հանդիպում է իր նոր սիրուն՝ խոհանոցում։ Նրա ընտրյալն է դառնում 38-ամյա շեֆ-խոհարար Սիրիլ Լինյակը՝ ֆրանսիական խոհանոցային շոուների աստղը։ Դերասանուհին չի հանրայնացնում ու չի մեկնաբանում իր և Լինյակի հարաբերությունները, սակայն և չի վախենում ամեն ինչ նորից սկսելուց։ Սիրիլը նույնպես շատախոս չէ։ «Կյանքը հետաքրքիր շրջադարձ է կատարել։ Վերջին շրջանում ինձ միայն Սոֆիի մասին են հարցնում։ Սակայն ես նախընտրում եմ խոսել տորթերի մասին…»։

Սոֆին հիանալի տեսք ունի և շարունակում է նկարահանվել կինոյում։

Աղբյուր

Պատրաստեց Արամ Յանինը